Երևանը առաջին անգամ պատմության մեջ հիշատակվում է Սեբեոս պատմիչի մոտ՝ 661-667 թվականներին, նրա մոտերքում տեղի ունեցած պատերազմի առթիվ: Սեբեոսը նրան անվանում է քաղաքագյուղ և Բերդ Երևանա: Սակայն ենթադրվում է, որ Երևանը գոյություն է ունեցել նաև նախաքրիստոնեական շրջանում:
Երևանը սկսում է նշանավոր դառնալ միայն արաբների ժամանակ: Դվինի էմիրները Երևանն ամրացնում էին, իրենց կենտրոնը՝ Դվինը, հյուսիսային կողմից պաշտպանելու համար: Հետագայում Երևանը կռվախնձոր է դառնում Օսմանյան կայսրության և Պարսկաստանի միջև: Երևանը դառնում է կռվախնձոր պարսիկների և վրացիների, ապա պարսիկների և ռուսների միջև: 1827թ. հոկտեմբերի 1-ին ռուսները գրավում են այն:
Հայկական մարզի ժամանակ մարզի և նահանգի կենտրոնն էր: 1840թ. ապրիլի 10-ին Երևանի գավառը Երևան կենտրոնով մաս է կազմում Թիֆլիսի նահանգի: 1849թ. կազմվում է Երևանի նահանգը, Երևանը դառնում է նահանգային քաղաք:
1831 թվականին Երևանն ունեցել է 11.920 բնակիչ, որից՝
հայ – 4.484
իսլամ – 7.331
այլ – 105
1873 թվականին Երևանն ունեցել է 11.938 բնակիչ, որից՝
հայ – 5.959
թաթար – 5.805
այլ – 174
1886 թվականին Երևանն ունեցել է 14.738 բնակիչ, որից՝
հայ – 7.142
թաթար – 7.228
այլ – 368
1897 թվականի ցարական Ռուսաստանի առաջին և վերջին մարդահամարի համաձայն Երևանն ունեցել է՝
12.523 հոգի կամ 43.2 տոկոս՝ հայեր,
12.359 հոգի կամ 42.6 տոկոս՝ իսլամ,
2.765 հոգի կամ 9.5 տոկոս՝ պրավոսլավ,
1.359 հոգի կամ 4.7 տոկոս՝ այլ:
1908 թվականին Երևանն ունեցել է 30.670 բնակիչ,
սակայն ազգությունները չեն նշվում
1914 թվականին Երևանն ունեցել է
29. 766 բնակիչ՝ ըստ Կովկասյան օրացույցի (Кавказский календарь),
32.000 բնակիչ՝ ըստ արխիվային տվյալների,
մեծամասնությունը եղել են հայեր:
1916 թվականին Երևանն ունեցել է 43.813 բնակիչ,
սակայն ազգությունները չեն նշվում
1919 թվականին Երևանը Հայաստանի Հանրապետության մայրաքաղաքն էր և ուներ 48.000 բնակիչ, մեծամասնությունը հայեր էին:
1922 թվականին Երևանն ունեցել է 46.642 բնակիչ, որից՝
հայ – 40.959
թրքո-թաթար – 5.124
այլ – 1.122
1926 թվականի ԽՍՀՄ առաջին մարդահամարի տվյալներով՝ Երևանն ունեցել է 64.613 բնակչություն, որից՝
հայ – 57.579,
թյուրք – 5.069,
ռուս – 1.127,
պարսիկ – 319,
վրացի – 91,
ասորի – 78,
մյուս ազգությունները, թվով՝ 22, ունեցել են ավելի պակաս թվաքանակ
1931 թվականին Երևանն ունեցել է 88.904 բնակիչ, որից՝
հայ – 80.327,
թուրքական խումբ- 5.620,
այլ, հիմնականում՝ ռուս – 2.957
Աղբյուրը՝ Զավեն Կորկոտյան, “Երևան քաղաքի ժողովրդագրությունը, Հարյուրամյա աճման պատկերը (1830-1930)՝ համադրված Անդրկովկասի մեծ քաղաքների հետ”, Երևան, էջ 166-167
Լուսանկարում՝ Երևանը մոտ 100 տարի առաջ