Թուրքիայում կախաղան հանված ԱՍԱԼԱ-ի մարտիկ Լևոն Էքմեքչյանի աճյունը հանձնվել է Փարիզում ապրող նրա հարազատներին

5305

Թուրքիայի Մարդու իրավունքների միության ցեղապաշտության և խտրականության դեմ հանձնաժողովը հունվարի 5-ին տարածել է հաղորդագրություն, համաձայն որի 33 տարի առաջ Թուրքիայում կախաղան հանված ԱՍԱԼԱ-ի (Հայաստանի Ազատագրության Հայ Գաղտնի Բանակ) մարտիկ Լևոն Էքմեքչյանի աճյունը հանձնվել է Փարիզում ապրող նրա հարազատներին, գրում է «Արևելք»-ը՝ վկայակոչելով պոլսահայ լրագրող-իրավապաշտպան Հրանտ Գասպարյանին:

Մարդու իրավունքների միության ցեղապաշտության և խտրականության դեմ հանձնաժողովը Էքմեքչյանի աճյունը Անկարայի Ջեբեջի Ասրի գերեզմանոցից հանելու և իր հարազատներին հանձնելու հարցում եղել է միջնորդ:

Թուրքիայում 1983 թվականի հունվարին կախաղան հանված Էքմեքչյանի աճյունը ստանալու հարցով երկու տարի առաջ Թուրքիայի իշխանություններին էր դիմել նրա փարիզաբնակ եղբայրը՝ Համբարձում  Էքմեքչյանը: Հավանություն ստանալուց և երկու տարվա աշխատանքներից հետո, օրերս վերջապես իրականացավ հարազատների ցանկությունը, ինչը Հրանտ Գասպարյանը մարդու իրավունքների առումով համարում է շատ կարևոր քայլ:

«Նրա մայրն ու եղբայրը  ցանկացան  ունենալ  իրենց որդու և եղբոր աճյունը, ինչը մարդկային իրավունքների իրականացման  պարզ քայլ է, և ինչը հաջողությամբ տեղի ունեցավ»,- «Արևելք»-ին ասել է Գասպարյանը, ավելացնելով, որ Թուրքիայի Մարդու իրավունքների միության ցեղապաշտության և խտրականության դեմ հանձնաժողովը  հունվարի 7-ին Ստամբուլում հրավիրելու է ասուլիս՝ թուրքական և Թուրքիայում գործող միջազգային լրատվամիջոցների ուշադրությունը հրավիրելու 33 տարի առաջ տեղի ունեցած Էքմեքչյանի դատավարությանը:

Ըստ նրա, տեղի է ունեցել անարդար մի դատավարություն, որի ժամանակ հայ հեղափոխականը նույնիսկ փաստաբան չի ունեցել, իսկ  Թուրքիայի զինվորական դատարանը խոստացել է Էքմեքչյանին  կախաղան չհանել, եթե նա որոշ խոստովանություններ կատարի, և չնայած հայ դատապարտյալը կատարել է խոստովանությունները, դատարանը մեկ նիստի ընթացքում որոշում է կայացրել և նրան կախաղան բարձրացրել:

ԱՆԻ-ի տեղեկանքը

1982թ. օգոստոսի 7-ին ԱՍԱԼԱ-ի անդամներից Զոհրապ Սարգիսյանն ու Լևոն Էքմեքչյանը գրոհեցին Անկարայի ՙԷսենբողա՚ միջազգային օդանավակայանը` կրակ բացելով և սպանելով ինը մարդու, շուրջ ութ տասնյակը վիրավորվեց: ՙԿարին՚ անունը կրած անձնասպան գործողության ընթացքում, երբ զինամթերքը սպառվեց, Սարգիսյանը ինքնասպան եղավ, իսկ Էքմեքչյանը ծանր վիրավորվելով` գերվեց: Թուրքական դատարանը մահապատժի վճիռ կայացրեց: Նա Անկարայի ՙՄամաք՚ բանտում կախաղան հանվեց 1983թ. հունվարի 29-ին: Հայ բանաստեղծուհի Սիլվա Կապուտիկյանը, ի հիշատակ Էքմեքչյանի` նրան ձոնեց ՙԳիշերային Ռեքվիեմ՚ բանաստեղծությունը:

ՙԿարին՚ գործողությունից հետո Թուրքիայի նախագահ, զորավար Քենան Էվրենը որոշեց շարքից հանել ԱՍԱԼԱ-ն: Առաջադրանքը հանձնարարվեց երկրի հատուկ ծառայություններին` ՄԻԹ-ին (Milli Istihbarat Teşkilati – MIT): Հայ մարտիկներին ծնկի բերելու գործը վստահվեց Էվրենի դստերը և ՄԻԹ-ի երկու բարձրաստիճան պաշտոնյաների` Մեթին Գյունյոլին և Նուրի Գյունդեշին: Դժվար է ասել, թե ինչ արդյունքներ տվեցին այդ միջոցառումները: Թուրքական աղբյուրները պնդում են, թե հենց ՄԻԹ-ի գործողությունների արդյունքում է Աթենքում 1988թ. ապրիլի 28-ին սպանվել ԱՍԱԼԱ-ի հիմնադիրներից կազմակերպության փաստացի ղեկավար Հակոբ Հակոբյանը (բուն անունով` Հարություն Թագուշյան): Գուցե դա ճիշտ է, սակայն իրականություն է նաև, որ նախագահ Էվրենի կարգադրությունը չէր կարող ԱՍԱԼԱ-ին ու հայկական մյուս կազմակերպություններին հետ պահել թուրքական թիրախներին հարվածելու գործողություններից:

Լուսանկարում՝ Լևոն Էքմեքջյան