Գորբաչովը կարդում է հրաժարականի տեքստը. 25 դեկտեմբեր, 1991

4764

1991 թվականի դեկտեմբերի 25-ի երեկոյան բազմազգ Խորհրդային Միության քաղաքացիները հեռուստաէկրանների առաջ հետևում էին պատմական իրադարձության. Միխայիլ Գորբաչովը հեռուստալուրերի «Ժամանակ» ծրագրի եթերում նախագահի պաշտոնից իր հրաժարականի ելույթն էր կարդում:

«Դեռ չէի վերջացրել, երբ Բորիսը [Ելցին] կարգադրեց [Կրեմլից] իջեցնել [ԽՍՀՄ կարմիր] դրոշը, բարձրացնել ռուսականը»,- ասել է ԽՍՀՄ առաջին և վերջին նախագահ Գորբաչովը:

Արևմտյան աշխարհը տասնամյակներ սպասում էր Խորհրդային Միության՝ «չարի կայսրության» կործանմանը: Մինչդեռ Խորհրդային Միությունում շատերը չէին հավատում տարածքով մեծագույն տերության փլուզումն ու անհետացումը աշխարհի քաղաքական քարտեզից: Խորհրդային Միությունում և նրա սահմաններից դուրս որոշները ափսոսում էին կայսրության վախճանի համար:

«Երբ հեռուստատեսությամբ ցուցադրում էին [այդ պահերը], իմ աչքերը թրջվեցին: Դադարեց գոյություն ունենալ մեծ տերություն»,- տարիներ անց ասել է Մոսկվայում Չինաստանի դեսպան (1985-1988) Լի Ֆենլինը:

Որոշները մտածում էին, որ այն ինչ կատարվում է, ժամանակավոր է և ԽՍՀՄ-ը վերականգնվելու է: Շատերի մոտ այդ վերականգնաման սպասումն ու հույսը վերածվեց կարոտախտի: Դեկտեմբերի 25-ի երեկոյան, երբ Գորբաչովը կարդում էր իր հրաժարականի տեքստը, այն լուրջ և խորը չազդեց զանգվածների վրա:

«Որևէ մեկը ոտքի չելավ, որևէ մեկը դուրս չեկավ հրապարակ, որպեսզի պաշտպանի Խորհրդային Միությունը»,- հիշել է Գորբաչովի օգնական Անատոլի Չերնյաևը:

Նախագահի պաշտոնում իր վերջին ելույթում Գորբաչովը հայտարարեց, որ «1985-ի գարնանը սկսած ժողովրդավարական բարեփոխումները պատմականորեն արդարացված են»՝ թվարկելով «պատմական նշանակության» գործերը. տոտալիտար համակարգը վերացված է, անց են կացվում ազատ ընտրություններ, ազատ է մամուլը, մարդու իրավունքները ճանաչվել է բարձրագույն սկզբունք, կա խղճի ազատություն, հաստատվում է շուկայական տնտեսություն, հողային բարեփոխումների շնորհիվ վերածնվում է գյուղացիությունը:

«Մենք ապրում ենք նոր աշխարհում: «Սառը պատերազմին» վերջ է տրվել, դադարեցվել է սպառազինությունների մրցավազքը և երկրի խելահեղ ռազմականացումը, որը այլանդակել է մեր տնտեսությունը, հասարակական գիտակցությունն ու բարոյականությունը: Համաշխարհային պատերազմի սպառնալիքը վերացել է»,- շարունակեց Գորբաչովը: «Ես տագնապով եմ թողնում իմ պաշտոնը: Բայց նաև` հույսով, հավատով դեպի ձեզ ու ձեր իմաստությանը և ոգու ուժին»:

Վեց օր անց՝ 1991-ի դեկտեմբերի 31-ից, Խորհրդային Միությունը դադարեց գոյություն ունենալ:

Բելովեժյան թավուտ. Խորհրդային Միության վերջին օրերը

1991 թվականի դեկտեմբերի 8-ին, Խորհրդային Միության սլավոնական երեք հանրապետությունների՝ Ռուսաստանի, Ուկրաինայի և Բելառուսի առաջնորդներ Բորիս Ելցինը, Լեոնիդ Կրավչուկն ու Ստանիսլավ Շուշկևիչը Բելովեժյան թավուտում ստորագրել էին համաձայնագիր, որով սկսվել էր Անկախ պետությունների համագործակցության (ԱՊՀ) կազմավորումը:

Խորհրդային Միությունը, որպես «միջազգային իրավունքի սուբյեկտ և աշխարհաքաղաքական իրողություն, դադարեցնում էր իր գոյությունը»:

Այսպիսով, այն պետությունները, որոնք 1922-ին հիմնադրել էին Խորհրդային Միությունը, մոտ յոթ տասնամյակ անց ստորագրեցին մոլորակի վերջին կայսրության մահվան դատավճիռը:

Ստորագման արարողությունից հետո Բորիս Ելցինը զանգահարում է Խորհրդային Միության Պաշտպանության նախարար Եվգենի Շապոշնիկովին և Մ. Նահանագների Նախագահ Ջորջ Բուշ Ավագին: Ապա Շուշկևիչը զանգահարում է Կրեմլ՝ Միխայիլ Գորբաչովին:

«Շուշկևիչն է ինձ տեղյակ պահում, իսկ Բորիս Նիկոլաևիչը զանգահարում է Բուշին: Դա արդեն խայտառակություն է: Դուք հեռախոսազրույց եք ունենում ԱՄՆ նախագահի հետ, իսկ երկրի նախագահի հետ չեք խոսում: Դա ամոթ է: Ուղղակի ամոթ»,- արձագանքել է Գորբաչովը:

Իրականության մեջ, սակայն, դա ոչ ամոթ էր, ոչ էլ՝ խայտառակություն: Նախ, 91-ի օգոստոսյան հեղաշրջման անհաջող փորձից հետո, Գորբաչովը թեև մնացել էր իշխանության, սակայն փաստացի այլևս չկար այն պետությունը, որի առաջին և վերջին նախագահն էր նա: Միութենական հանրապետությունները արդեն հռչակել էին իրենց անկախությունը:

Այդուհանդերձ, Գորբաչովը բելովեժյան համաձայնագիրը ստորագրած երեք նախագահներին հրավիրեց Մոսկվա հանդիպման, սակայն Կրավչուկն ու Շուշկևիչը հրաժարվեցին ժամանել Կրեմլ:

Դեկտեմբերի 21-ին Ալմաաթիում Անկախ պետությունների համագործակցությանը միացան միութենական ևս ութ հանրապետություններ, այդ թվում Հայաստանը: Բալթյան երեք երկրները և Վրաստանը մերժեցին:

Իսկ կործանված կայսրության առաջին և վերջին նախագահ Միխայլ Գորբաչովը 91-ի դեկտեմբերի 25-ի երեկոյան կարդում իր հրաժարականի տեքստը:

Հատված Թաթուլ Հակոբյանի ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՆԿԱԽՈՒԹՅՈՒՆԸ, ՎԵՐԵԼՔԸ և ԱՆԿՈՒՄԸ պայմանական վերնագիրը կրող անտիպ գրքից