Դեկտեմբերի 11-14-ը Թիֆլիսում կայացաւ փակ հանդիպում, որին մասնակցում էին ռազմագերիների, պատանդների եւ անհետ կորածների հարցերով զբաղուող շուրջ մէկ տասնեակ փորձագէտներ` Հայաստանից, Լեռնային Ղարաբաղից եւ Ազրպէյճանից: Վերջին անգամ նման հանդիպում կայացել էր տասը տարի առաջ: Թէեւ ես երբեք չեմ զբաղուել ռազմագերիների, պատանդների եւ անհետ կորածների հարցերով, կազմակերպիչները` Եւրոպական Միութեան հովանու ներքոյ գործող «Լեռնային Ղարաբաղի կոնտակտային խումբ»-ը (Karabakh Contact Group) եւ բրիտանական «Հաշտեցման պաշարներէ (Conciliation Resources) կազմակերպութիւնը, ինձ եւս հրաւիրել էին այդ քննարկմանը:
Երեք օր տեւած հանդիպմանը մասնակցեցին նաեւ Աբխազիայի պատերազմում անհետ կորածների հարցերով զբաղուող մարդիկ, ինչպէս նաեւ` Թիֆլիսում հաւատարմագրուած մի շարք երկրների դեսպաններ ու միջազգային կազմակերպութիւնների ներկայացուցիչներ: Դեկտեմբերի 15-ին Կարմիր խաչի միջազգային կոմիտէն (ԿԽՄԿ) արցախեան հակամարտութեան կողմերին յանձնեց անհետ կորածների համալրուած ցուցակը` 4496 անուն, որոնք գրանցուել են Երեւանում եւ Պաքւում գործող ԿԽՄԿ պատուիրակութիւնների եւ Լեռնային Ղարաբաղում` ԿԽՄԿ առաքելութեան կողմից: Ցուցակի նախորդ տարբերակը յանձնուել էր 2004-ին, որից յետոյ ԿԽՄԿ-ն շարունակել է սերտօրէն աշխատել գերիների, պատանդների եւ անհետ կորածների յանձնաժողովների եւ անհետ կորածների ընտանիքների հետ` գրանցելով եւ յստակեցնելով զինուած հակամարտութեան ընթացքում անհետ կորած անձանց գործերը:
Ըստ ԿԽՄԿ-ի տուեալների, Ազրպէյճանից անհետ կորածների թիւը 3719 է, Հայաստանից` 405, Լեռնային Ղարաբաղից` 372: Արցախեան պատերազմի տարիներին եւ դրանից յետոյ տարբեր հանգամանքներում եւ վայրերում գերուել, պատանդ են վերցուել կամ անհետ կորել հազարաւոր հայեր ու ազրպէյճանցիներ, ինչպէս նաեւ` հակամարտութեան մէջ ուղղակի կամ անուղղակի ներգրաւուած այլ ազգերի ներկայացուցիչներ:
Ինչպէս պատերազմի տարիներին, այնպէս էլ հետագայում, տեղի են ունեցել փոխանակումների բազմաթիւ դէպքեր: Դրանցից ամենաընդգրկունը գրանցուեց 1996-ի մայիսին, երբ Ռուսաստանի այն ժամանակուայ արտաքին գործերի նախարար Եւգենի Փրիմաքովն այցելեց Պաքու, այնտեղից իր օդանաւով Երեւան հասցրեց շուրջ չորս տասնեակ հայ գերիների, պատանդների ու ազրպէյճանական բանտերում յայտնուած եւ պատերազմի հետ կապ չունեցող, մայրական կամ հայրական կողմից հայ բանտարկեալների: Երեւանից Փրիմաքովը իր հետ Պաքու հասցրեց շուրջ ութ տասնեակ ազրպէյճանցի ռազմագերիների, որոնց մեծ մասը պահւում էին Լեռնային Ղարաբաղում եւ գերուել էին արցախեան հակամարտութեան գօտում:
Դրանից յետոյ եւս տեղի են ունեցել մի քանի փոխանակումներ: Սակայն որքան հեռանում է ժամանակը, այնքան նուազում է հաւանականութիւնը, որ ԿԽՄԿ-ի արձանագրած 4496 անհետ կորած անձանցից ոեւէ մէկը ողջ կը լինի:
Գերիների, պատանդների եւ անհետ կորածների հարցը մարդասիրական է, վերաբերում է մարդկային ճակատագրերի, որդեկորոյս մայրերի, սակայն այն քաղաքականացուած է եւ շարունակում է քաղաքականացուել ու օգտագործուել նաեւ քարոզչական նպատակներով:
Այսպէս, Ազրպէյճանից անհետ կորած համարուող 3719-ի մեծագոյն մասը զոհուել է ղարաբաղեան պատերազմում: 1994-ի ձմրանը, երբ Ազրպէյճանի նախագահ Հայտար Ալիեւը ձեռնարկեց Քարվաճառը գրաւելու ձախողուած գործողութիւնը, ազրպէյճանական կողմը տուեց հարիւրաւոր զոհեր, որոնք անգամ չմասնակցեցին ռազմական գործողութեան եւ սառցահար եղան Մռաւ լերան ձիւների մէջ: Անուն առ անուն յայտնի են ազրպէյճանցի երիտասարդ զինեալների անունները, սակայն քանի որ նրանց դիակները մնացել են լեռներում, նրանք համարւում են անհետ կորածներ:
Մէկ այլ օրինակ. 1994-ին Ազրպէյճանի Մինկեչաուր քաղաքում կազմաւորուած 100 հոգանոց ներթափանցման խումբը Մարտունու հատուածում ջախջախուեց: Փրկուեց միայն մէկ մարդ, որը հետագայում յանձնուեց ազրպէյճանական կողմին: Միւսները համարւում են անհետ կորած, թէեւ փրկուած ազրպէյճանցին մանրամասնօրէն պատմել է, թէ ինչպէս են փորձել յարձակուել հայկական զօրամասի վրայ եւ ինչպէս են ծուղակն ընկել:
Միւս կողմից, սակայն, քանի դեռ մարդը չունի գերեզման եւ քանի դեռ նրա մայրը սպասում է, նա պէտք է համարուի անհետ կորած: Հոգեբանները նշում են, որ անհետ կորածների ծնողները երկակի վիճակով են գոյատեւում: Մի կողմից նրանց կեանքը վերածուել է մղձաւանջի, միւս կողմից` յոյսը, թէ մի օր որդին վերադառնալու է տուն, նրանց կեանքին տուել է նոր իմաստ:
Անցեալ տարուանից Հայաստանում, Լեռնային Ղարաբաղում եւ Ազրպէյճանում ԿԽՄԿ-ի նախաձեռնութեամբ սկսուել է անհետ կորածների հարազատների Տի. Էն. Էյ.-ի հաւաքագրում, որպէսզի հնարաւոր լինի ճանաչել անհետ կորածներին, երբ սկսուի նրանց արտաշիրիմումը:
Ազրպէյճանը մերժում է որեւէ մակարդակում գործ ունենալ Լեռնային Ղարաբաղի հետ, անգամ` մարդասիրական հարցերում: Առանց Ստեփանակերտի իշխանութիւնների, մասնաւորապէս Լեռնային Ղարաբաղի պաշտպանութեան բանակի դրական ներգրաւուածութեան, արտաշիրիմումների գործընթացը չի կարող արդիւնաւէտ լինել:
Ազրպէյճանը չի շտապում եւ շահագրգռուած չէ փոխանակել արդէն քսան տարուց աւելի մահացած եւ անուանական գերեզման չունեցող ու անհետ կորած համարուող հայերի աճիւնները ազրպէյճանցիների աճիւնների հետ: Պաքուի համար սա հոգեբանութեան եւ քարոզչութեան խնդիր է նաեւ: Ազրպէյճանը համարում է, որ այն գերեզմանները, որտեղ թաղուած են ազրպէյճանցիները, ազրպէյճանական հող է:
Միջազգային կառոյցները եւ ԵԱՀԿ Մինսքի խումբը շահագրգռուած են վստահութեան կառուցման միջոցառումներով: Աճիւնների արտաշիրիմումն ու արժանապատուօրէն միմեանց փոխանցելը վստահութեան կարեւոր գործընթաց է դիտւում հայերի եւ ազրպէյճանցիների միջեւ: Հետեւաբար միջազգային հանրութիւնը հետեւողական է լինելու այս հարցում:
Հայաստանը պէտք է ամենաբարձր մակարդակով իր պատրաստակամութիւնը յայտնի լուծում տալու հակամարտութեան հետ կապուած, բայց կարգավիճակի հետ չառնչուող մարդասիրական հարցերին, այդ թւում` անհետ կորածների ճակատագրի խնդրին: Հայաստանը եւ Լեռնային Ղարաբաղը պէտք է յայտարարեն, որ պատրաստ են միակողմանի կերպով սկսել արտաշիրիմումների գործընթացը` անկախ նրանից, թէ ինչպիսին կը լինի Ազրպէյճանի արձագանգը:
Արիւնալի հակամարտութեան մէջ ներքաշուած երկրները սովորաբար ունենում են Անհետ կորածների մասին օրէնք: Հայաստանն ու Լեռնային Ղարաբաղը չունեն նման օրէնք: Թէեւ ուշացումով, բայց արդարացուած կը լինի նման օրէնքի ընդունումը: Անհետ կորած մարդկանց ընտանիքներն ուշադրութեան առանձնակի կարիք ունեն: Նախքան օրէնքի ընդունումը` պետութիւնը պէտք է ապահովի այդ ընտանիքների արժանապատիւ ապագան, նրանց տրամադրի հոգեբանական եւ բարոյական աջակցութիւն:
ԹԱԹՈՒԼ ՅԱԿՈԲԵԱՆ
ԱԶԴԱԿ, 21 Դեկտեմբեր, 2015թ.