Դաշնակցականները և բոլշևիկները. «Հ. Յ. Դաշնակցության անելիքը»

1314

Հայկական ուսումնասիրությունների ԱՆԻ կենտրոնը մաս-մաս ներկայացնում է ՀՅԴ երևելի դեմքերից մեկի՝ Վահան Նավասարդյանի «Հ. Յ. Դաշնակցության անելիքը» գիրքը, որը պատասխան է Հայաստանի Առաջին Հանրապետության առաջին վարչապետ Հովհաննես Քաջազնունու «Հ. Յ. Դաշնակցութիւնն Անելիք Չունի Այլեւս» զեկուցագիր-գրքի: 

«Քաղաքական առողջապահություն»

XV

«Հ. Յ. Դաշնակցությունը մի սոսկ գործիք էր վարպետ-պատմության ձեռքին: Երբ գործիքը կատարել է իր գործը, մաշվել է ու հնացել կամ երբ գործի շարունակությունը պահանջում է նոր ձևի գործիք, հինը դեն է գցվում ու պետք է գցվի»:

«Հայ քաղաքական դատը վարելու համար Դաշնակցությունը (կարդա՝ կազմակերպությունը. Վ. Ն. ) անպետք է այլևս, ուրեմն պիտի հեռանա ասպարեզից»:

Իր նոր դավանանքի այս երրորդ թեզը Քաջազնունին հիմնավորում է երկշարք պատճառաբանությամբ:

Նա գտնում է, որ, այսօրվա տիրող պայմանների շնորհիվ, դաշնակցական կազմակերպությունն այլևս անելիք չունի:

Նա գտնում է միաժամանակ, որ նաև վաղը, երբ այդ պայմանները փոխվեն, վերստին այդ կազմակերպությունն անելիք չպիտի ունենա: Այլ խոսքով՝ բոլոր ժամանակների համար, տեսանելի և անտեսանելի բոլոր դրություններում, հեռավոր և մոտավոր ապագան նկատի ունենալով, Քաջազնունին զրկում է Հ. Յ. Դաշնակցությունը որևէ անելիքից:

Առաջին իսկ հայացքից պարզ է մտքի այն անպատասխանատու խաղը, որ իրեն թույլ է տալիս մեր վաղեմի կուսակիցը:

Սակայն որքան հատկանշական է Քաջազնունիների համար:

Այսպես են… գրեթե բոլոր ռենեգատները:

Դավանափոխին միանգամայն հատուկ գիծ է սա, որ ինքնին ծնունդ է առնում դավանափոխության ակտի հետ միաժամանակ:

Գրեթե յուրաքանչյուր նոր հավատափոխ, թերևս միանգամայն անկախ իր կամքից, չափ չունի՝ իր դատողությունների մեջ, կուրորեն հավատացող է՝ նոր դավանանքի հանդեպ, կրքոտ է ու անվերապահ՝ հնի նկատմամբ, մտքերի մեջ անհավասարակշիռ է և խոսքերի մեջ՝ անզուսպ ու անսանձ:

Դեռ անցյալ դարի իննսունական թվականներին Էնգելսն այս գիծը նշմարել էր նորակնունք մարքսիստների մոտ և, ընդհանրացնելով իր դիտողությունը, տվել բոլոր նորակնունքներին հատուկ մի քանի չափազանց բնորոշ և յուրահատուկ գծեր:

Ահա անգամ զգույշ ու չափավոր Քաջազնունին Սուրբ Հոգու երկրորդ այցից հետո զերծ չէ մնացել այս հիմնական արատից:

Նա գիտի ամեն ինչ, գիտի այն, ինչ կա այսօր, գիտի նաև վաղվան ու հեռավոր օրերի գալիքը, ինչպես գիտի և այն, որ որևէ տեղ, երբևէ ու որևէ պայմաններում Հ. Յ. Դաշնակցությունն այլևս պետք չէ հայ ժողովրդին:

Սակայն «ոչ լանք և ոչ էլ խնդանք» այս զառանցանքների վրա, այլ փորձենք, եթե հնարավոր է, հասկանալ այս խոսքերի ներքին իմաստը:

Այսօրվա համար Հ. Յ. Դաշնակցությունը, ըստ Քաջազնունու, պետք չէ հայ ժողովրդին, որովհետև.

Ա. Երկրում չենք կարող գործակցել բոլշևիկների հետ, ոչ էլ օրինական օպոզիցիա կազմել՝ որքան էլ ցանկանաք. բոլշևիկները դեմ կլինեն թե՛ մեկին և թե՛ մյուսին:

Բ. Խորհրդային իշխանությունը դավադրորեն պայթեցնելու փորձեր չպիտի անենք, եթե նույնիսկ կարողանանք, որովհետև դրանից տուժողը առավելապես հայ ժողովուրդը պիտի լինի:

Գ. Գաղութներում հակաբոլշևիկյան քարոզչություն չպիտի անենք, երբ ներսից պայթեցնելու մտադրություն չունենք, որովհետև սա անիմաստ աշխատանք է ու անվայել է Դաշնակցությանը:

Դ. Եւ, վերջապես, չպիտի աշխատենք դրսից Հայաստանի տնտեսական վերաշինության համար, առևտրական ու արդյունաբերական ընկերություններ չպիտի կազմենք, որովհետև դա քաղաքական կազմակերպության գործ չէ:

Ահա այս չորս հիմունքերով Քաջազնունին գտնում է, որ Հ. Յ. Դաշնակցությունն այսօր բնավ անելիք չունի. ուստի «մի քաղաքական կուսակցություն չի կարող արդարացնել իր գոյությունը ներկայում, ենթադրյալ ապագայում գործելու համար», և, հետևաբար, նա պետք է ընդմիշտ վերանա ասպարեզից:

Սակայն ե՞րբ կարելի էր մեկ որևէ միջավայրի քաղաքական վիճակը այսքան գռեհիկ պարզության հասցնել:

Անշուշտ այն ժամանակ, երբ տվյալ աշխարահագրական վայրում, օրինակ, ներկա դեպքում Ռուսասատանում և Հայաստանում, կան, մեկ կողմից՝ բոլշևիկյան հզոր Ռուսաստանը, իսկ, մյուս կողմից՝ նրա ու միայն նրա տիրապետության տակ հեծող խեղճ ու տկար դաշնակցային Հայաստանը:

Եթե այդ Հայաստանը պարզ անհատ լիներ և ոչ թե մեկ ամբողջ ստվար հավաքականություն, թերևս մենք դեմ լինեինք Քաջազնունու դեղատոմսին և խորհուրդ տայինք այդ անհատին չհաշտվել բռնության հետ, արհամարել երկրային բարիքները, ստույգ մահը նախատեսելով հանդերձ՝ ըմբոստանալ բիրտ օտարի դեմ և մեռնել, սակայն, հերոսի մահով:

Սակայն մենք գիտենք, որ Հայաստանն իր հովանիի տակ պատսպարում է ոչ թե մեկ կամ մի քանի անհատներ «Հայկյան հին ցեղից», այլ մի ամբողջ ժողովուրդ, մեկ ստվար հավաքականություն, որը, հավատարիմ զանգվածները ղեկավարող բիոլոգիական բնազդին, նախադասում է խելոք մահը ազնիվ մահից, չի խանդավառվում հերոսի մահով, ուզում է ապրել կիսազատ, անգամ անազատ կյանքով, օտարի ու բռնավորի իշխանության տակ, միայն թե՝ ապրել:

Եվ ահա, քանի որ այս է կացությունը, ճիշտ այս պատճառով մենք անկարող ենք Քաջազնունու հետ լինել:

Ու ճիշտ այս պատճառով նաև հայ ժողովուրդն անկարող է բաժանվել Դաշնակցությունից, հանգիստ ձգել նրան ու անելիքից զրկել այն կազմակերպությունը, որի «անելիքը» ինքն է ստեղծում, իրենից է բխում և իրենով վերջանում:

Հայ ժողովուրդն առատորեն ճաշակեց պաշտպանության այն բարիքները, որ մեկ դար առաջ իր հետ բերեց մեր երկիրը հին ու հզոր Ռուսաստանը:

Նա սիրեց այդ Հյուսիսն ավելի, քան ինքը՝ ռուսը: Նա մինչև մրուրը քամեց խոհեմության այն բաժակը, որ այսօր աշխարհի բոլոր անկյուններից «սրտացավորեն» մոտեցնում են նրան բոլոր կարգի ու տեսակի Քաջազնունիները: Նա նմանվեց այն ապօրինի մանուկին, որին մայրը, դժգոհ իր սիրուց, պատուհանից փողոց է նետում և սակայն մանուկը, նետվելով փողոց, շարունակում է իր ճիչը՝ նետող մայր փնտրելով:

Այո, Ռուսաստանն իր անաջող սիրո ապօրինի ծնունդը համարեց հայ ժողովուրդը, նրան միշտ պատուհանից փողոց նետեց, բայց և միշտ հայությունը հավաքականորեն իր աչքերը հառեց դեպի Հյուսիս, շարունակ Ռուսաստանը որոնեց:

Եվ նա իր այս հավատարմության համար վարձատրվեց լիուլի…

Իր կյանքի ամենից դաժան ու ամենից ճակատագրական վարկյանին նա վայելեց հզոր Հյուսիսի «լիակատար պաշտպանությունը», զանգվածորեն բնաջնջելով իր ամբողջության գրեթե երկու երրորդով:

Հայ ժողովրդի ո՞ր քաղաքականությունը կարող էր ավելի՛ դաժան, ավելի՛ սարսափելի, ավելի՛ մահացու հարվածներ տալ, քան ռուսասիրության այս կույր հավատը տվեց:

Մտածողության որպիսզի՞ ընթացքը մեզ կարող էր բերել ավելի՛ արյունոտ ու ավելի՛ դժբախտ վախճանի, քան մենք իրոք եկանք:

Ա՛յն, որ մենք կբնաջնջեինք մեր ամբողջությա՞մբ, որ ավերակ կդարձնեի՞նք մեր բովանդակ հայրենիքը, որ «ազգային թանգարանի առարկա» կդարձնեի՞նք ոչ միայն Դաշնակցությունը, այլ և հայ ժողովուրդն ու Հայաստա՞նը:

Սակայն ինչո՞ւ շտապել: Չէ՞ որ հանրահայտ իրողություն է, որ «պատմությունը կրկնվում է»,  իսկ առավել ևս կրկնվում են նրա արյունոտ, եղերական էջերը:

Նորից կարող է գալ մեկ նոր ու ճակատագրական վայրկյան (ու գալ ավելի շուտ, քան մենք իրոք կարծում ենք) և ահա հայ ժողովուրդը, ղեկավարվելով Քաջազնունիների կուսական ռուսամոլության անարգ ախտով, վերջնականապես կբնաջնջի նաև իր թշվառ մնացորդով և ընդմիշտ կազատի Քաջազնունիների մատները դերասանական շարժումներ անելու «վտանգավոր» և անպտուղ դերից:

Բայց, բարեբախտաբար, Մեծ Համրը՝ հավաքականությունը, շատ ավելի խելոք է, քան մենք իրոք կարծում ենք:

Հայ ժողովուրդը շատ ավելի լավ գիտի ու գիտակ է իր կացությանը և շատ ավելի հմուտ իր կյանքի ճամփաները գծելիս, քան նրա մասին մտածում են իր խորհրդատուները:

Արարատի մեկ փեշին վրա ծվարած երկրի հայությունը տեղյակ է ու գիտի, որ նաև իր հայրենիքը չորս կողմ ունի՝ հյուսիս, հարավ, արևելք և արևմուտք: Նա գիտի ու տեղյակ է, որ սրանցից յուրաքանչյուրը մեկ-մեկ գործող հրաբուխ է՝ իր բերանով ուղղված դեպի Ռուսաստան:

Նա հիշում է ու գիտի, որ այս հրաբուխները մեկ անգամ արդեն նետեցին Ռուսաստանը հեռու, շատ հեռու, մինչև Ռուսիո խորքերը, թողնելով իրեն անհոգ ու շվար վիճակի մեջ, բարեկամ՝ ոչ ոքի հետ և թշնամի՝ ամեքին:

Եվ նա զգում է ու գիտի, որ նաև վաղը կարող են պոռթկալ այդ հրաբուխները, մի կողմ նետել Ռուսաստանը և թողնել իրեն մեն-մենակ՝ ռուսամոլության կուսական ձիթենին իր գոսցած ձեռքերի մեջ պինդ բռնած:

Այս ամենը գիտի հա՛յ ժողովուրդը ու չգիտեն միա՛յն Քաջազնունիները:

Եվ այդ պատճառով զառանցանքներ են դառնում այն բոլոր եզրակացությունները, որոնք բխում են այսքան խախուտ հիմքերից:

Եվ այդ պատճառով, նայած տեղին ու պայմաններին, ժամանակին ու հանգամանքներին, իրերի ու դեպքերի դասավորության, կարող է նվիրական ու հրահանգիչ, բնական ու անհրաժեշտ, կենսական ու արդարացի աշխատանք դառնալ այն, ինչ հիշատակված է մեր հակառակորդի այնքա՜ն խնամքով կազմված Նոր Լեռան չորս քարոզներից յուրաքանչյուրի մեջ:

Միջանկյալ հիշեցում. մի անգամ կոշկակար Միքելի հետ իր աքաղաղը սկսում է մարդկային լեզվով խոսել: Տիրոջ այն զարմանքին, թե այդ ինչպե՞ս, տնային թռչուն լինելով, նա կարող է մարդկային լեզու ունենալ, աքաղաղն անխռով պատասխանում է, որ ինքը, մինչև աքաղաղ դառնալը, Պիֆագորն է եղել:

Ու տիրոջ նոր հարցումին, թե նա Պիֆագորը լինել չէր կարող, որովհետև մեծ գիտնականը բակլա բոլորովին չէր սիրում, այն ինչ ինքը մեծ ախորժակով ուտում է այն, աքաղաղը նաև այս անգամ նույնպիսի հանգստությամբ պատասխանում է, որ, այո՛, ճիշտ է այդ, սակայն «ինչ օգտավետ է առողջապահական մեկ պայմաններում, մեկ այլ դեպքում, երբ այդ պայմանները փոխված են, կարող է վնասակար լինել»:

Ահա «քաղաքական առողջապահության» այս հիմնական օրենքն է, որ գիտեր Միքելի հետ զրուցող «աքաղաղը» և որ սակայն չգիտի կամ մոռացել է Քաջազնունին:

Հայ ժողովուրդը և իր հարևանները

XVI

Դաշնակցական կազմակերպության դեմ ունեցած պատճառաբանությունների մյուս շարքը բխում է այն վերաբերմունքից, որ, ըստ Քաջազնունու, մեր հայրենիքն օղակող ժողովուրդներն ունեն դեպի Դաշնակցությունը:

Այդ ժողովուրդներն են՝ ռուսները, թուրքերը և Անդրկովկասի թաթարներն ու վրացիները;

Նա գտնում է, որ այս ժողովուրդներից յուրաքանչյուրը հավելյալ ատելություններ պետք է ունենա դեպի հայ ժողովուրդը, եթե մեր կյանքի ղեկը, դեպքերի բերումով, նորից փոխանցվի Հ. Յ. Դաշնակցությանը:

Եվ այսպես՝ մարդկային կանխատեսության սահմանների մեջ եղած բոլոր ժամանակների համար:

«Հայ բոլշևիկներն են, որ պիտի դաշնակցեն Ռուսաստանի հետ, իսկ Հ. Յ. Դաշնակցությունը պետք չէ այլևս Հայաստանին»:

Սա՝ Ռուսաստանի մասին:

«Եթե մենք ուրիշ ոչ մի մտահոգություն չունենայինք, բացի թուրքերի հետ հասկացողության գալու անհրաժեշտությունը, այդ մեկը բավական էր արդեն, որ ասեինք թե Դաշնակցությունը պիտի վերանա ասպարեզից»:

Սա էլ՝ թուրքերի մասին:

«Կենակցություն մյուս հարևանների, վրացիների ու ադրբեջանցիների հետ…

«Բայց… Դաշնակցությունը անկարող պիտի լինի ներկայացնել Հայաստանն ու փրկել դրությունը (երբ Ռուսաստանն ինչ-ինչ պատճառներով լքի Անդրկովկասը. Վ. Ն. ): Հարկավոր կլինի ուրիշ մարդիկ, ուրիշ անունով, ուրիշ հոգեբանությամբ, ուրիշ անցյալով (կամ առանց անցյալի)»:

Սա էլ, վերջապես, Անդրկովկասի ազգության մասին:

Առաջին իսկ հայացքից պարզորեն երևում է, որ նաև այս դեպքում մեր հակառակորդը չափազանցել է սեփական հասկացողությունները երևույթների մասին:

Քաջազնունին գիտի անշուշտ, որ քաղաքականությունը մեր կյանքի այն ասպարեզն է, ուր մարդկային առաքինությունները շատ էլ հարգի չեն:

Այս մարզի մեջ գրեթե միայն իրական շահերն են, որ կամ սեր են ծնում և կամ ատելություններ սերմանում:

Եվ այս սահմանների մեջ եղած երևույթներից յուրաքանչյուր մեկի բացատրությունը, երբ շատ է շեղում ուժերի ռեալ փոխհարաբերությունների ընդհանրական սկզբունքից, ապա նախապես կարելի է ասել, որ այդ բացատրությունը պիտի լինի թերի և սխալ:

Ու եթե Քաջազնունին այնչափ միամիտ է, որ մինչև այսօր չի կարողացել գիտակցել այսքան բացահայտ ճշմարտությունները, ապա այդ թերության դեմ անզոր է, կրկնենք Գյոթեի խոսքերը (ասված, սակայն, հիմարության մասին), մինչև իսկ ինքն Աստված:

Եվ իսկապես. ինչպես կարող է պատահել, որ մեր հայրենիքի շուրջը ոստայն նետած բոլոր ուժերը միաժամանակ թշնամաբար տրամադրված լինեն դեպի դրկից ժողովրդի մեծ քաղաքական հոսանքը:

Այսպես կարող էր լինել, եթե ռուսները, թուրքերը, վրացիներն ու թաթարները, լինելով հանդերձ տարբեր ժողովուրդներ, ունենային միևնույն շահերը, միևնույն ձգտումներն ու միևնույն բաղձանքները:

Այդ ժամանակ, գեթ տեսականորեն, ընդունելի կլինեին համերաշխության տենդով «տառապող» Քաջազնունու տված բացատրություններն ու ունեցած վախերը:

Բայց մենք գիտենք, որ իրակնությունը բնավ այդպես չէ: Մենք գիտենք, որ Քաջազնունու հիշատակած խմբավորման մեջ ուժերը դասավորված են ո՛չ բարեկամաբար, որ նրանց վերաբերմունքը դեպի հայ ժողովուրդն ու նրա ծոցում գործող քաղաքական հոսանքը պայմանավորված է նաև նրանով, թե ի՞նչ վերաբերում ունի, օրինակ, հայությունը (որ ասել է՝ նաև Դաշնակցությունը) դեպի Ռուսաստանը: Եթե հայ ժողովուրդը բարեկամ է Ռուսաստանին և բաղձացող, որ նա անպայման մնա Անդրկովկասում, այդ դեպքում կողմերից մեկը, օրինակ, հենց Թուրքիան, որ գիտի թե «իր թշնամիների բարեկամները, ըստ ֆրանսիական ասացվածքի, իր թշնամիներն են», ո՛չ բարեկամաբար պիտի վերաբերվի դեպի հայ ժողովուրդը (ու նաև Հ. Յ. Դաշնակցությունը), որովհետև Ռուսաստանը Թուրքիայի թշնամին է:

Եվ, ընդհակառակը, եթե հայությունը քաղաքական որոշ հարցերում համերաշխ չէ իր հարևանների հակառակորդների հետ, ինչո՞ւ նրանք չպետք է մտածեն, որ նաև «իրենց հակառակորդների հակառակորդն իրենց բարեկամն է»:

Սրանք այնքան բացահայտ ճշմարտություններ են, որոնց մասին վիճելն այլևս անհարմար է, մանավանդ մեծ պատերազմից հետո:

Հ. Յ. Դաշնակցության դեմ եղած ատելության ու թշնամությունների պատճառը պետք է որոնել Դաշնակցության «եկեղեցո՛ւ», նրա «գաղափարի ու գործի» և ոչ թե Դաշնակցության «ժամկոչ»-ի՝ նրա «կազմակերպության» մեջ:

Ուզո՞ւմ է Քաջազնունին համերաշխ լինել իր բոլոր հարևանների հետ: Դրան հասնելու միակ ճանապարհն այն է, որ հայ ժողովուրդը հրաժարվի իր պատմական «գործից», իր «եկեղեցուց», մի խորհուրդ, որ Քաջազնունին նրան չի ուզում տալ:

Իսկ քանի որ «եկեղեցին» մնում է, ապա «քահանան» (միանգամայն անկախ անունից) միշտ էլ պետք է մնա իբրև ատելության աղբյուր, միշտ էլ իր չորս կողմը թշնամություններ պիտի սերմանի, մինչև որ, վերջապես, մի օր բազուկ կունենա իր շրջապատի հետ լեզու գտնելու համար:

Հեռուները չգնանք: Բոլշևիկների տիրապետության շրջանում թուրքերը երկու անգամ այնպես կարծեցին, թե Հայաստանի վարիչները նպատակ ունեն լրջորեն հայ ժողովրդի շահերը պաշտպանելու:

Առաջին դեպքը վերաբերում է 1920-ի դեկտեմբեր-հունվար ամիսների շրջանին, երբ առաջին Հեղկոմի արտաքին գործերի կոմիսար «ընկ. Բեկզադյան» իր ծանուցագիրն էր ուղարկել Անկարա, բողոքելով այն կոտորածի դեմ, որին զոհ գնաց Շիրակի շրջանում մոտ վաթսուն հազար ժողովուրդ:

Իսկ երկրորդ դեպքը կապ ունի այն միջադեպի հետ, որ սույն (1923) թվի հոկտեմբեր 22-ին տեղի ունեցավ Երևանում:

Ի՞նչ պատասխանեց այս երկու դեպքում էլ Անկարան: Ի՞նչ դիրք բռնեց արդյոք այս երկու հարցում էլ թրքական մամուլը:

Պարզ է: Թուրքիայի վարիչները Երևանի «բողոքող» հայերին «դաշնակցական» հայտարարեցին, կասկածի տակ դնելով նրանց կոմունիզմը:

Որովհետև նրանց աչքերում, իրենց էության մեջ «դաշնակցականներ» են բոլոր նրանք, որոնք պաշտպանում են հայության շահերը: Այս դեպքում կոչումներն անարժեք են միանգամայն: Թուրքը, վրացին, թաթարը կամ ռուսը հիմարներ չեն չհասկանալու համար, թե պիտակից և անունից ոչինչ չի կախված և ամեն ինչ թաքնված է միայն ու միայն էության մեջ: Ինչո՞ւ պարսիկը թշնամություն չունի դեպի Դաշնակցությունը: Ինչո՞ւ եզդին ու ասորին այնքան սերտ կապերով կապված են Հ. Յ. Դաշնակցության հետ: Ինչո՞ւ աննախապաշար քրդին խորթ չէ հայ մեծ քաղաքական կազմակերպությունը: Մի՞թէ դժվար է այս հարցերի պատասխանները տալ:

Քաջազնունու այսքան շատ ու ողբալիորեն այքան ծանր սխալների ու սայթաքումների պատճառն առավելապես Դաշնակցության մեջ պետք է որոնել: Նա որոշել է թաղել իր կուսակցությունը, սակայն հետագայում բնազդորեն զգացել է, որ Դաշնակցությունը շատ է մեծ ու կենդանի դյուրությամբ գոլորշիանալու համար: Եվ ահա, որպեսզի իր հարվածները կարողանան տեղ հասնել, նա սկսել է ասել նաև մի շարք չափազանց «խելոք» բաներ, որ, իսկապես, չպիտի ասեր:

Այստեղ արդեն «մտքի diète», գոնե նվազագույն սահմանների մեջ, նա պետք է պահեր:

Մենք և բոլշևիկները

XVII

Ամենից ուշագրավը թերևս Քաջազնունու չորրորդ թեզն է, ուր նա հայտնում է, որ հայ քաղաքական դատի միակ վստահելի սպասարկուները հայ բոլշևիկներն են:

«…Այսօր մենք գործ ունենք Խորհրդային Ռուսաստանի հետ: Սա ամենամեծ ու վճռական ուժն է՝ մեր հանդեպ կամ մեր կողքին»: Այս ասել է, հայտարարում է նա, որ «Հայաստանը պիտի դաշնակցի խորհրդային Ռուսաստանի հետ, ուրիշ ելք չունի», ուրեմն, եզրափակում է անմիջապես մեր հակառակորդը, «հայ բոլշևիկներն են որ պիտի դաշնակցեն Ռուսաստանի հետ»:

Ու մեր վաղեմի կուսակիցն անմիջապես թվում է այն արժանիքները, որ ունեն բոլշևիկները և որոնցից զուրկ է Դաշնակցությունը:

«Երկու տարի ու կես կառավարեցինք մենք երկիրը. մոտ երկուս ու կես տարի է, որ կառավարում են բոլշևիկները»:

Ա. Մենք ունեցանք պատերազմներ Վրաստանի, Ադրբեջանի ու Թուրքիայի դեմ: Բոլշևիկները պատերազմ չունեցան»:

Բ. «Մեր ժամանակ ժողովուրդը կոտորվում էր կամ հյուծվում սովից… Իսկ այսօր լսում եմ, թե Հայաստանը կշտացել է, համարյա կարիք չունի հացի»:

Գ. «Մենք շատ աշխատեցինք, բայց չկարողացանք վերահաստատել քիչ շատ կանոնավոր հաղորդակցություն դրսի աշխարհի հետ… բոլշևիկները բացեցին ճամբաները»:

Դ. «Մեր ժամանակ Հայաստանը կուրացել էր մթության մեջ…բոլշևիկները առատ կերոսին բերեցին Բաքվից և ազատեցին երկիրը խավարի գերությունից»:

Ահա ամէնը:

Ուշիմ ընթերցողը նկատեց անշուշտ, որ Քաջազնունին մոռացության է տվել Պրուտկովի նաև մեկ այլ, չափազանց իմաստուն խորհուրդը:

«Նայիր իրերի խորքը»,- ասել է Կոզման:

Խո՛րքը նայիր, որովհետև հիմնականն ու էականը, կարևոր ու արժեքավորը, գաղտնիքն ու նրա բանալին, այնտեղ է թաքնված:

Սակայ փորձենք ինքներս հետևել Կոզմայի խորհրդին:

Քաջազնունու գլխավոր միտքը պարզ հասկանալու համար մի կողմ պետք է նետել մի շարք ավելորդություններ, որոնք միանգամայն անհարկիորեն մթագնում են իր հիմնական գաղափարը:

Ամենից առաջ «դաշնակցել» խոսքը գործածված է անտեղի, որովհետև Ռուսաստանն արյունով ու կռիվներով եկել է ու տիրել իր հին սահմաններին, իսկ մենք էլ, պարտվելով այդ կռիվների մեջ, թողել ու Քաջազնունու հետ մեկտեղ փախել ենք մեր երկրից:

Երկրորդ. անարժեք ու անիմաստ խոսքեր են «բոլշևիկ» և «խորհրդային» դարձվածքները, որովհետև, ըստ երևույթին, նրանք չէ, որ հիմնավորում են իր գլխավոր մտքերը, այլ այն, որ մեր ժողովրդին անհրաժեշտ է Ռուսաստանը՝ միանգամայն անկախ նրա մեջ իշխող կարգերից, անկախ ռուս իշխանավորի անունից ու գույնից:

Նա այսօր բոլշևիկների կողմնակից է, որովհետև Ռուսաստանը բոլշևիկյան է, իսկ վաղը նա պիտի դառնա կողմնակից մեկ այլ ուժի (անպայման ռուսական), որ կգա բոլշևիկներին փոխարինելու:

Սակայն այսպիսի հստակությամբ Քաջազնունին չի արտահայտում: Նրա գրչի տակ «դաշնակցել», «բոլշևիկ» ու «խորհրդային» խոսքերը հատուկ արժեք են ստանում, որոնցից զուրկ են այդ խոսքերը և որոնք մի չափով միայն հատուկ են ընդհանրապես Ռուսաստանին, լինի նա միապետական, թե՝ բոլշևիկ:

Ահա ճիշտ այս շփոթության հետևանքով է, որ Քաջազնունին իր մտքերը զգեստավորել է այնքան անհամապատասխան խոսքերով:

Ինչո՞ւ բոլշևիկները պատերազմներ չունեցան:

Պարզ է միանգամայն:

Չունեցան ճիշտ այն պատճառով (եթե մեծահոգ կերպով ներելու լինենք նրանց՝ շարունակական ըմբոստությունների արյունալի ճնշումները), ինչ պատճառով պատերազմներ չէին ունենում նաև ռուս ցարիստներն ու միապետականները՝ ցարական Անդրկովկասում:

Այսօր բոլշևիկը չի կռվում բոլշևիկի դեմ, ինչպես երեկ, ցարերի օրով, միապետականը չէր կռվում միապետականի դեմ:

Այսօր միայն թղթի վրա ու միայն Քաջազնունիների դյուրահավատ ուղեղներում գոյություն ունեն «դաշնակցային» Հայաստանը, Վրաստանն ու Ադրբեջանը, որոնք անվանապես ազատ են ամեն ինչ անելու, իսկ փաստորեն զրկված են անկախաբար որևէ քայլ ձեռնարկելու և մանավանդ…պատերազմելու:

Ինչո՞ւ բոլշևիկները դյուրությամբ բացեցին ճամփաները:

Նորից ավելորդ հարց:

Բացեցին ոչ թե բոլշևիկները և բացեցին ոչ թե Հայաստանի, Վրաստանի ու Ադրբեջանի ճամփաները (եթե միայն բացեցին), այլ բացվեցին ռուսական նահանգների ճամփաները և բացվեցին Ռուսաստանի միջոցով, ինչպես բացվում էին այդ ճանապարհները նաև ցարերի շրջանում:

Ինչո՞ւ բոլշևիկները առատ կերոսին բերեցին Բագվից:

Պարապ հարց. բերեցին ոչ թե բոլշևիկները (եթե միայն բերեցին), այլ բերեցին ռուսները, բերեցին իրենց մեկ նահանգից մյուսը, ինչպես բերում էին նաև «օրհնե՜ալ» ցարերի օրոք:

Չերկարենք: Պարզ է միանգամայն, որ Քաջազնունին, չհետևելով Պրուտկովի իմաստուն խորհրդին ու չնայելով «իրերի խորքը», գիտակցաբար թե անգիտակցաբար բոլշևիկներին է վերագրել այն, ինչ անմիջականորեն բխում է ռուսական տիրապետությունից և հատուկ է այս վերջինին:

Իսկ այսպես վարվելով՝ նա երկու աններելի հանցանք է գործել:

Նախ՝ ոչինչ չի ասել այն չարիքների մասին, որոնք անմիջականորեն բխում են բոլշևիզմից, հատուկ են այս վերջինին և պայմանավորված են խորհրդային իշխանության ներկայությամբ: Երկրորդ՝ հավելյալ թերություններ է վերագրել Հայաստանի հարազատ կառավարության, որոնցից այս վերջինն իսկապես որ զուրկ էր:

Ճիշտ չէ, օրինակ, թե «մեր ժամանակ ժողովուրդը կոտորվում էր կամ հյուծվում սովից», իսկ այսօր «Հայաստանը կշտացել է, համարյա կարիք չունի հացի»:

Սա բացարձակ զրպարտություն է հանրապետական կառավարության դեմ և անտեղի շոյանք՝ բոլշևիկների հասցեին:

Հայաստանը սովահար երկիր էր ռուսական պետության վերջնական քայքայումի նախորեին:

1917-1918-ի շրջանում, երբ ռուս զորքերը պիտի դառնային դեպի «տուն», երբ Թուրքիայի հաղթական զորքերը պիտի արշավեին դեպի Անդրկովկասի խորքերը, երբ Սեյմը պիտի կազմվեր ու լուծարեր և երբ ցավագին երկունքով ծնունդ պիտի առներ նաև մեր ազատությունը, ահա այդ շրջանում իսկապես որ Սով Արքան սկսել էր իր առատ հունձքը մեր ավերակ հայրենիքում:

Սակայն այս աղետի պատասխանատվության ամենամեծ բաժինը ընկնում է խորհրդային իշխանության վրա, որը ջանք չխնայեց մեր և Ռուսաստանի զինական ուժերի կորովը քայքայելու վրա: Ինչո՞վ է մեղավոր հայկական կառավարությունը: Ւնչո՞ւ անտեղի զրպարտել: Կա ավելին: Մի՞թե 1917-1918 և 1919-1920 թվականներն իրարից ոչնչով չեն տարբերվում և նրանք այնքան են նման իրար, որ այդ մասին Դաշնակցության գերեզմանափորը ոչինչ չի ուզում ասել: Եվ մի՞թե Քաջազնունին չգիտի, որ հատկապես 1919-1920-ի շրջանում Հայաստանն ավելի քան կուշտ էր, որ այդ թվին ցանված էին նրա ամբողջ դաշտերը, իսկ երկիրն ուներ ավելի անասուն, քան եղել է մինչև իսկ նախապատերազմյան շրջանը:

Այս առավելությունները չուրացան մինչև իսկ բոլշևիկները, սակայն ուրացավ ու մոռացության տվեց բոլշևիկյան Կանոսսայի նոր ուխտավորը:

Կա նաև ականջների լսողության խնդիր: Անհարմար է, վերջապես, բոլշևիկյան Ռուսիան զարդարել մեկ ծիրանով, որ նրան երբեք սազ չի գալիս: Մի երկիր, ուր մարդակերությունը սովորական երևույթ է դարձել, ուր սովամահության մանգաղին միլիոններով զոհեր են տրվել, ուր անհատի ստեղծագործության թափը ճզմված է բոլշևիկյան սիստեմի ամբողջ ահավորությամբ, ուր իշխանավորն ընտելացել է կողոպուտի ու միայն սպառումի, իսկ քաղաքացին կորցրել է իր արտադրական կարողությունների մի խոշոր մասը, այնտեղ անհարմար է բոլշևիկների մասին խոսել՝ իբրև սովից փրկողների:

Նույնը նաև Բագվի «առատ կերոսինի» ու «խավարի գերության» մասին: Ինչո՞ւ այս այլանդակ չափազանցությունները: Ինչո՞ւ և ո՞ւմ են պետք այս ամենը: Այսպիսի զենքերի օգնությանը դիմում են՝ հուսահատորեն կորցրած դիրքերը պաշտպանելու համար, մի հանգամանք, որ իսպառ բացասում է Քաջազնունին:

Պակաս ուշագրավ չէ անշուշտ նաև այն, որ մեր հակառակորդը ոչինչ չի խոսում այն չարիքների մասին, որ ինքնին ծնունդ են առնում բոլշևիկյան կարգերից: Այստեղ ամենից հիմնականն այն  ատելությունն է, որ իրենց հետ բերեցին խորհրդային վարիչները և առատորեն սերմանեցին Անդրկովկասի ժողովուրդների մեջ: Այս մի խոց է, որ թերևս այնքան ժահր երբեք իր մեջ չուներ կուտակած, որքան այսօր ունի: Այսօր նա չի արտահայտում արնահոտ հետևանքներով, որովհետև Անդրկովկասում դեռ կա ու դեռ մնում է ռուսական բռնակալությունը, որի սարսափի տակ խեղդված է ամեն մի ազատ խոսք: Սակայն վաղը, երբ պատմական անցքերի անակնկալ բերումով այդ տիրապետությունը վերանա մեր երկրից, անշուշտ դյուրին գործ չպիտի լինի ատելավառ կրքերի մարումը: Ահա այսքան մեկ ծանրակշիռ պարագան, խոսելով բոլշևիկների մասին, միանգամայն մոռացության է տվել Քաջազնունին: Նա մոռացության է տվել նաև այն, թէ խորհրդային վարիչներն ինչպես ջանք չխնայեցին հայ ժողովրդի մարտական կարողությունները հարվածելու և զրկելու նրան մինչև իսկ ինքնապաշտպանության ամենահամեստ միջոցներից:

Այս ու նման երևույթների մասին խոսելը Քաջազնունին ավելորդ է համարել:

Ամփոփենք սակայն մեր ասելիքը Քաջազնունու մտածողության կառուցվածքի մասին, նախքան նրա կոնկրետ մեղադրանքներին անցնելը:

Ի՞նչ է արել մեր հակառակորդն իր Կանոսսայի ուղին գծելու համար:

Նա, ինչպես տեսանք.

Ա. Նահատակել է Դաշնակցության վարդապետությունը, այնտեղ տեսնելով «միայն անկախ պետության» գաղափարը,

Բ. Նահատակելուց հետո՝ քմահաճորեն փոխանցվել է այդ գաղափարը բոլշևիզմին, համարելով այս վերջինը նաև ազգային դատերի ուսմունք,

Գ. Ապա գտել է, որ, հետևաբար, ամենալավ վարպետները հայ քաղաքական դատի բոլշևիկներն են, ուստի նա այդ դատի հետապնդումն ու պաշտպանությունը վերապահել է բոլշևիկներին, նախապես նրանց դաշնակցական դարձնելով, իսկ իրեն՝ կոմունիստ:

Դ. Եվ, վերջապես, նա այս ամենից հետո եկել է այն բնական եզրակացության, որ Դաշնակցությունն անելիք չունի այլևս, ուստի պետք է ընդմիշտ վերանա հայ իրականությունից:

Սակայն սա մի գործողություն է, որի մասին բժշկության մեջ ընդունված է ասել.-«Վիրաբուժությունը կատարվեց հաջող: Հիվանդը մեռավ»:

Այո՛, «հաջող» է կատարել իր վիրաբուժությունը Դաշնակցության գերեզմանափորը, «հմտորեն» անդամահատել է նա հայ մեծ քաղաքական կազմակերպությունը, սակայն այս գործողությունից ծնունդ է առել մի դավանանք, որ ինքնին մեռած է արդեն:

Ճշմարտություն չունի իր մեջ Քաջազնունու խոսքը և այդ պատճառով նա՝ նաև կյանք չի կարող ունենալ:

Կաղմկի մեր վաղեմի կուսակիցը մի քիչ իր շուրջ, վաղանցուկ հրճվանքի մի քանի խաբուսիկ վայրկյաններ կպարգևի Դաշնակցության բազմաթիվ հակառակորդներին, կոգևորի նաև երիտասարդ բոլշևիկներից ոմանց, սակայն, վերջ ի վերջո, անաղմուկ ու անշշուկ կմարի ի՛նքն էլ, ի՛ր խոսքն էլ:

Ավելին մտքի այս խաղը չարժե:

Շարունակելի, նախորդ մասը՝ https://www.aniarc.am/2015/12/17/vahan-navasardian-part-9/