«Անհետ կորածներ. անվերջ սպասումի տարիներ». Սիվիլիթասի ամփոփագիրը

2274

Դեկտեմբերի 15-ին Կարմիր խաչի միջազգային կոմիտեն (ԿԽՄԿ) ղարաբաղյան հակամարտության կողմերին հանձնեց անհետ կորածների համալրված ցուցակը: Սիվիլիթաս հիմնադրամը պատրաստել է իրավիճակային ամփոփագիր, որը կրում է «Անհետ կորածներ. անվերջ սպասումի տարիներ» խորագիրը:

Դեպքը

ԿԽՄԿ-ն դեկտեմբերի 15-ին ղարաբաղյան հակամարտության կողմերին հանձնեց անհետ կորածների համալրված ցուցակը՝ 4496 անուն, որոնք գրանցվել են Երևանում և Բաքվում գործող ԿԽՄԿ պատվիրակությունների և Լեռնային Ղարաբաղում՝ ԿԽՄԿ առաքելության կողմից: Ցուցակի նախորդ տարբերակը հանձնվել էր 2004-ին, որից հետո ԿԽՄԿ-ն շարունակել է սերտորեն աշխատել Գերիների, պատանդների և անհետ կորածների հանձնաժողովների և անհետ կորածների ընտանիքների հետ՝ գրանցելով և հստակեցնելով զինված հակամարտության ընթացքում անհետ կորած անձանց գործերը:

Ըստ ԿԽՄԿ-ի տվյալների՝ Ադրբեջանից անհետ կորածների թիվը 3719 է, Հայաստանից՝ 405, Լեռնային Ղարաբաղից՝ 372:

Դեկտեմբերի 11-ից 14-ը՝ ԿԽՄԿ-ի կողմից նոր ցուցակի հրապարակմանը նախորդող օրերին, Թբիլիսիում «Չեթըմ Հաուս»-ի ձևաչափով կայացավ հանդիպում, որին մասնակցում էին ռազմագերիների, պատանդների և անհետ կորածների հարցերով զբաղվող շուրջ մեկ տասնյակ փորձագետներ Հայաստանից, Լեռնային Ղարաբաղից և Ադրբեջանից: Վերջին անգամ նման հանդիպում կայացել էր տասը տարի առաջ:

Խորապատկերը

Ղարաբաղյան պատերազմի տարիներին և դրանից հետո տարբեր հանգամանքներում և վայրերում գերվել, պատանդ են վերցվել կամ անհետ կորել հազարավոր հայեր ու ադրբեջանցիներ, ինչպես նաև՝ հակամարտության մեջ ուղղակի կամ անուղղակի ներգրավված այլ ազգերի ներկայացուցիչներ:

Ինչպես պատերազմի տարիներին, այնպես էլ հետագայում, տեղի են ունեցել փոխանակումների բազմաթիվ դեպքեր: Դրանցից ամենաընդգրկունը գրանցվեց 1996-ի մայիսին, երբ Ռուսաստանի այն ժամանակվա արտգործնախարար Եվգենի Պրիմակովն այցելեց Բաքու, այնտեղից իր օդանավով Երևան հասցրեց շուրջ չորս տասնյակ հայ գերիների, պատանդների ու ադրբեջանական բանտերում հայտնված և պատերազմի հետ կապ չունեցող, մայրական կամ հայրական կողմից հայ բանտարկյալների: Երևանից Պրիմակովը իր հետ Բաքու հասցրեց շուրջ ութ տասնյակ ադրբեջանցի ռազմագերիների, որոնց մեծ մասը պահվում էին Լեռնային Ղարաբաղում և գերվել էին ղարաբաղյան հակամարտության գոտում:

Դրանից հետո ևս տեղի են ունեցել մի քանի փոխանակումներ: Սակայն որքան հեռանում է ժամանակը, այնքան նվազում է հավանականությունը, որ ԿԽՄԿ-ի արձանագրած 4496 անհետ կորած անձանցից որևէ մեկը ողջ կլինի:

Վերլուծություն

Գերիների, պատանդների և անհետ կորածների հարցը մարդասիրական է, վերաբերում է մարդկային ճակատագրերի, որդեկորույս մայրերի, սակայն այն քաղաքականացված է և շարունակում է քաղաքականացվել ու օգտագործվել նաև քարոզչական նպատակներով:

Այսպես, Ադրբեջանից անհետ կորած համարվող 3719-ի մեծագույն մասը զոհվել է ղարաբաղյան պատերազմում: 1994-ի ձմռանը, երբ Ադրբեջանի նախագահ Հեյդար Ալիևը ձեռնարկեց Քելբաջարը գրավելու ձախողված գործողությունը, ադրբեջանական կողմը տվեց հարյուրավոր զոհեր, որոնք անգամ չմասնակցեցին ռազմական գործողության և սառցահար եղան Մռավ լեռան ձյուների մեջ: Անուն առ անուն հայտնի են ադրբեջանցի երիտասարդ զինյալների անունները, սակայն քանի որ նրանց դիակները մնացել են լեռներում, նրանք համարվում են անհետ կորածներ:

Մեկ այլ օրինակ. 1994-ին Մինգեչաուրում կազմավորված 100 հոգանոց դիվերսիոն խումբը Մարտունու հատվածում ջախջախվեց: Փրկվեց միայն մեկ մարդ, որը հետագայում հանձնվեց ադրբեջանական կողմին: Մյուսները համարվում են անհետ կորած, թեև փրկված ադրբեջանցին մանրամասնորեն պատմել է, թե ինչպես են փորձել հարձակվել հայկական զորամասի վրա և ինչպես են ծուղակն ընկել:

Մյուս կողմից, սակայն, քանի դեռ մարդը չունի գերեզման և քանի դեռ նրա մայրը սպասում է, նա պետք է համարվի անհետ կորած: Հոգեբանները նշում են, որ անհետ կորածների ծնողները երկակի վիճակով են գոյատևում: Մի կողմից, նրանց կյանքը վերածվել է մղձավանջի, մյուս կողմից հույսը, թե մի օր որդին վերադառնալու է տուն, նրանց կյանքին տվել է նոր իմաստ:

Անցյալ տարվանից Հայաստանում, Լեռնային Ղարաբաղում և Ադրբեջանում ԿԽՄԿ-ի նախաձեռնությամբ սկսվել է անհետ կորածների հարազատների ԴՆԹ-ի հավաքագրում, որպեսզի հնարավոր լինի ճանաչել անհետ կորածներին, երբ սկսվի նրանց արտաշիրիմումը:

Հեռանկարներ

Ադրբեջանը մերժում է որևէ մակարդակում գործ ունենալ Լեռնային Ղարաբաղի հետ, անգամ՝ մարդասիրական  հարցերում: Առանց Ստեփանակերտի իշխանությունների, մասնավորապես Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի դրական ներգրավվածության, արտաշիրիմումների գործընթացը չի կարող արդյունավետ լինել:

Ադրբեջանը չի շտապում և շահագրգռված չէ փոխանակել արդեն քսան տարուց ավելի մահացած և անվանական գերեզման չունեցող ու անհետ կորած համարվող հայերի աճյունները ադրբեջանցիների աճյունների հետ: Բաքվի համար սա հոգեբանության և քարոզչության խնդիր է նաև: Ադրբեջանը համարում է, որ այն գերեզմանները, որտեղ թաղված են ադրբեջանցիները, ադրբեջանական հող է:

Միջազգային կառույցները և ԵԱՀԿ Մինսկի խումբը շահագրգռված են վստահության կառուցման միջոցառումներով: Աճյունների արտաշիրիմումն ու արժանապատվորեն միմյանց փոխանցելը վստահության կարևոր գործընթաց է դիտվում հայերի և ադրբեջանցիների միջև: Հետևաբար, միջազգային հանրությունը հետևողական է լինելու այս հարցում:

Լուծումներ

Դեկտեմբերի 19-ին Բեռնում կայանալու է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների այս տարվա ընթացքում առաջին հանդիպումը: Ղարաբաղյան կարգավորման գործընթացում առաջընթացի համար կարևոր են նաև վստահության միջոցառումները: Հայաստանը պետք է ամենաբարձր մակարդակով իր պատրաստակամությունը հայտնի լուծում տալու հակամարտության հետ կապված, բայց կարգավիճակի հետ չառնչվող մարդասիրական հարցերին, այդ թվում՝ անհետ կորածների ճակատագրի խնդրին:

Հայաստանը և Լեռնային Ղարաբաղը պետք է հայտարարեն, որ պատրաստ են միակողմանի կերպով սկսել արտաշիրիմումների գործընթացը՝ անկախ նրանից, թե ինչպիսին կլինի Ադրբեջանի արձագանքը:

Արյունալի հակամարտության մեջ ներքաշված երկրները սովորաբար ունենում են Անհետ կորածների մասին օրենք: Հայաստանն ու Լեռնային Ղարաբաղը չունեն նման օրենք: Թեև ուշացումով, բայց արդարացված կլինի նման օրենքի ընդունումը:

Անհետ կորած մարդկանց ընտանիքներն ուշադրության առանձնակի կարիք ունեն: Նախքան օրենքի ընդունումը, պետությունը պետք է ապահովի այդ ընտանիքների արժանապատիվ ապագան, նրանց տրամադրի հոգեբանական և բարոյական աջակցություն: