Կարմիր խաչի միջազգային կոմիտեն (ԿԽՄԿ) ղարաբաղյան հակամարտության կողմերին է հանձնել անհայտ կորածների համալրված ցուցակը: Ինչպես ասված է ԿԽՄԿ երևանյան գրասենյակի հաղորդագրության մեջ, ցուցակը պարունակում է 4496 անհայտ կորած անձանց անուններ, որոնք գրանցվել են Երևանում և Բաքվում գործող ԿԽՄԿ պատվիրակությունների և Լեռնային Ղարաբաղում՝ առաքելության կողմից:
Ցուցակի նախորդ տարբերակը հանձնվել էր 2004-ին, որից հետո ԿԽՄԿ-ն շարունակել է սերտորեն աշխատել Գերիների, պատանդների և անհայտ կորածների հանձնաժողովների և անհայտ կորածների ընտանիքների հետ՝ գրանցելով և հստակեցնելով զինված հակամարտության ընթացքում անհայտ կորած անձանց գործերը:
«Համաձայն միջազգային մարդասիրական իրավունքի` հակամարտող կողմերը պետք է անեն ամեն հնարավորը անհայտ կորած անձանց ճակատագրերը պարզաբանելու ուղղությամբ։ ԿԽՄԿ-ն հավատացած է, որ ցուցակի նորացված տարբերակը կօգնի իշխանություններին համախմբել տեղեկատվությունը և ակտիվացնել իրենց ջանքերը այս նպատակի շուրջ։ Որպես չեզոք, անկողմնակալ և անկախ մարդասիրական կազմակերպություն և կատարելով չեզոք միջնորդի իր դերը՝ ԿԽՄԿ-ն շարունակելու է հակամարտության կողմերին տրամադրել իր փորձագիտական աջակցությունը»,- ասված է ԿԽՄԿ հաղորդագրության մեջ։