Հայկական ուսումնասիրությունների ԱՆԻ կենտրոնը մաս-մաս ներկայացնում է ՀՅԴ երևելի դեմքերից մեկի՝ Վահան Նավասարդյանի «Հ. Յ. Դաշնակցության անելիքը» գիրքը, որը պատասխան է Հայաստանի Առաջին Հանրապետության առաջին վարչապետ Հովհաննես Քաջազնունու «Հ. Յ. Դաշնակցութիւնն Անելիք Չունի Այլեւս» զեկուցագիր-գրքի:
XI
«Յուրաքանչյուր առաջին քայլի մեջ մարդն ազատ է, երկրորդի մեջ՝ նա արդեն ստրուկ է»,- այս արդար է նաև Քաջազնունու նկատմամբ:
Փորձենք հասկանալ մեր հեղինակի երկրորդ թեզը:
Մենք տեսանք, թե որքան ենթակայական է Քաջազնունին իր ըմբռնումների մեջ Դաշնակցության դավանաnքի նկատմամբ: Սակայն էլ ավելի քմահաճ և բռնազբոսիկ է նա, երբ խոսում է բոլշևիկների մասին:
«Սրանից մի տարի առաջ ես գրել եմ «ճակատամարտ»-ում,- վաղաժամորեն ինքնապաշտպանության է դիմում մեր հեղինակը,- թե Հ. Յ. Դաշնակցության մահով մեծապես վտանգված կլինի նաև հայ քաղաքական դատը»: Այսօր, այդ մահն առաջարկելով, նա արդեն գտնում է, որ «ոչ միայն կենդանի կմնան (գաղափարն ու գործը, այսինքն՝ դատը. Վ. Ն.), այլև մի նոր կենսունակություն կստանան»:
Քաջազնունին չի մոռացել անշուշտ, որ օրվա մեջ 24 ժամ կա, որպեսզի մարդիկ դյուրությամբ կարողանան 24 անգամ «տեսակետներ» փոփոխել:
«Այո՛, այդպես չենք մտածել (երեկ. Վ. Ն.): Բայց մի՞թե դա պատճառ է, որ այդպես չմտածենք նաև այսօր՝ Փարիզում և Բուխարեստում,- գրում է իր մի կուսակցական ընկերոջն ու բարեկամին Քաջազնունին: Մի ե՛տ նայիր ու տե՛ս, թե ինչ երկար ճամփա ենք անցել, մինչև Թիֆլիսից Երևան ենք եկել, Երևանից՝ Զանգեզուր, Զանգեզուրից՝ Թավրիզ ու Թավրիզից՝ չգիտեմ ուր հասել:
«Այդ երկար ճամփան մի բան պիտի սովորացնե՞ր մեզ, թե ոչ»,- վրդովված բացականչում է Քաջազնունին:
Անշո՛ւշտ այո, անշո՛ւշտ պիտի սովորեցներ: Եթե չսովորեցներ ապա «այդ երկար ճամբան» անցնելով, Թիֆլիսից Երևան գալով, Երևանից՝ Զանգեզուր, Զանգեզուրից Թավրիզ և Թավրիզից՝ Պոլիս, Քաջազնունին անցյալ տարի «ճակատամարտ»-ում այնքան խելոք բաներ հավանորեն չէր գրի: Սակայն, ըստ երևույթին, մեր հեղինակը իզուր չի անցել նաև ա՛յս ճանապարհը, որ ձգված է Պոլսից մինչև Բուխարեստ: Նա կտրել է այդ տարածությունն ու եկել մի եզրակացության, որ մեզ արդարորեն իրավունք է տալիս առաջարկելու իրեն՝ այլևս ճամփորդություններ ընդհանրապես չանել:
«Հասկանանք. հայ բոլշևիկները մեր ժառանգներն են, որ շարունակելու են ու արդեն շարունակում են մեր գործը: Նրանք անում են ու անելու են այդ՝ գիտակցեն, թե՝ չգիտակցեն, ցանկանան, թե՝ չցանկանան: Ինչպես և մենք, նրանք էլ ժամանակավոր մի գործիք են Մեծ Վարպետի՝ պատմության ձեռքում: Մենք մերը ար[եց]ինք, լրացր[եց]ինք մի որոշ շրջան: Շարունակությունը նրանց է պատկանում:
«Երախտապարտ պիտի լինենք բոլշևիկներին,- երախտագիտորեն հայտարարում է Քաջազնունին,- խորտակելով մեզ, նրանք, եթե չասեմ փրկեցին, գեթ ավելի ապահով վիճակի մէջ դր[եց]ին մեր կյանքի գործը»:
Իսկապես որ` պաշտպանության մի ձև է սա, որ հուսահատության կարող է մղել հակառակորդին:
Ուրեմն, եթե մենք կարողանանք համոզել Քաջազնունուն, որ բոլշևիկները գիտակցաբար թաղում են «մեր գաղափարն ու գործը», նա, այնուամենայնիվ, պիտի հայտարարի, թե՝ «Տե՛ր, թող սոցա, զի ոչ գիտեն զինչ գործեն», ներիր, որովհետև նրանք, գիտակցաբար թաղելով՝ անգիտակցաբար կենդանություն են տալիս, ցանկանալով չշարունակել մեր գործը՝ չցանկանալով, այնուամենայնիվ, շարունակվում են այն:
Սակայն մի՞թե այսքան հիմար են բոլշևիկները: Մի՞թե իրապես այսչափ միամիտ է Քաջազնունին: Մենք այս կարծիքը չունենք նրանցից և ո՛չ մեկի մասին:
Սակայն կարծես այդպես չի մտածում նաև մեր նախկին կուսակիցը, ավելի ճիշտը՝ նա և՛մտածում է, և՛ չի մտածում:
Լսենք, ուրեմն, նրա թե՛ մեկ և թե՛ մյուս կարծիքը:
«Հանրապետությունը անկախ չէ, նա կազմում է դաշն[ային] Անդրկովկասի ու, ապա, դաշն[ային] Ռուսաստանի մի մասը. Փաստորեն, մի ինքնավար նահանգ է Հայաստանը՝ Մոսկվայի հսկողության ու հրամանատարության տակ:
«Այս դրությունը կարո՞ղ է արդյոք բավարարել մեր կուսակցությանը, ա՞յս է, արդյոք, մեր քաղաքական իդեալը:
«Իհարկե, ոչ»:
Պատասխանում է Քաջազնունին:
«Հայաստանի Հանրապետությունը խորհրդային է: Խորհրդային իրավակարգը տեսականորեն ենթադրում է՝ մինչև դասակարգերի անդառնալի վերացումը՝ պրոլետարիատի դասակարգային դիկտատուրա, իսկ իրականապես՝ այսօրվա Հայաստանի իշխանությունը կոմունիստական կուսակցության դիկտատուրա է:
«Կարո՞ղ է բավարարել մեզ այդ բնույթի մի իշխանություն:
«Իհարկե, ոչ»:
Նորից բացասում է Քաջազնունին:
«Խորհրդային Դաշնությունում, ուրեմն և Հայաստանի Հանրապետությունում սոցիալ- տնտեսական կյանքը վերաշինվում է (կամ փորձ է արվում վերաշինելու) կոմունիստական սկզբունքներով:
«Համարո՞ւմ ենք մենք հարկավոր ու օգտակար այդպիսի մի քաղաքականություն Հայաստանի համար:
«Ո՛չ, չենք համարում»:
Կտրականապես ժխտում է մեր հեղինակը:
Այսպիսով, «Խորհրդային Հայաստանի ո՛չ քաղաքական վիճակը, ո՛չ վարչաձևը, ո՛չ էլ ներքին սոցիալ-տնտեսական քաղաքականությունը», ըստ Քաջազնունու իսկ վճռական հայտարարությունների, չեն համապատասխանում «մեր գործին ու գաղափարին», չեն համապատասխանում Հ. Յ. Դաշնակցության «եկեղեցու» «էությանը», «նրա պատմական կոչմանը», «գոյության իմաստին»:
Սակայն այսպես մտածում է հակաբոլշևիկ Քաջազնունին, որի հետ համաձայն չէ բոլշևիկյան տիրապետության պաշտպանությունը ստանձնած հակադաշնակցական Քաջազնունին:
Լսենք նաև այս վերջինին:
«Սրտիս խորքում մի համառ հավատ ունեմ, թե նրանք էլ (այսինքն՝ բոլշևիկները. Վ. Ն. ) ինձ պես ու իմ չափ հայ մարդիկ են… կոմունիզմը, ինքնըստինքյան, արգելք չէ հայերեն զգալու ու հայերեն մտածելու համար:
«Չէ՞ որ ես էլ հավատացյալ կոմունիստ եմ, դավանում եմ Կրապոտկինի ավետարանը, բայց այդ ավետարանը ոչ միայն չի արգելում ինձ հայ լինել, այլև նոր ու զորեղ հիմնավորումներ է տալիս իմ ազգային անհատականությունը հաստատելու համար…
«Պակա՞ս «ռուս» մարդիկ են ռուս բոլշևիկները: Ոչ միայն «պակաս» չեն, այլ իսկական ռուս մարդիկ են, ռուս[ական] ազգային հոգեբանությամբ լեցուն ու ռուս ազգային իդեալներով տարված:
«Բայց թող որ ես սխալված լինեմ հայ բոլշևիկների մտայնության մասին,- զգուշորեն ավելացնում է մեր հակառակորդը,- թո՛ղ որ նրանց հոգում միանգամայն խորթ լինի հայ ժողովրդի քաղաքական անկախությունը հայրենի հողի վրա,- նրանք, այնուամենայնիվ, շարունակելու են մեր գործը, կամա-ակամա ամրացնելու են մեր գրաված դիրքերը, նեցուկ են դառնալու հետագա նվաճումների համար:
«Դա նրանք անելու են (ու արդեն անում են) նույնիսկ հակառակ իրենց ցանկության (ենթադրելով, թե իրոք հակառակ ցանկություն ունեն)…
«Հայ բոլշևիկները դաշնակցականներ են, միակ դաշնակցականները այսօր, ավելի դաշնակցական, քան դու և ես»:
Այսպիսով, աջով ջնջելով այն, ինչ ձախով գրել է, Քաջազնունին խնամքով հարթում է բոլշևիկների «վերամկրտության» ճանապարհին ընկած բոլոր խոչընդոտները, այս նպատակով չհրաժարվելով մինչև իսկ կրապոտկինյան կոմունիզմի ավազանում անձնապես մի անգամ լոգանք ընդունելու վտանգավոր փորձից և դաժանորեն «ակամա դաշնակցական» դարձնելով բոլշևիկին, երբ այս վերջինը հրաժարվում է կամովին Դաշնակցության ծիրանին Քաջազնունու ուսերից վեհանձնորեն վար առնելու…
Երգի՛ր, իմ չփոթվա՛ծ ծերուկ, լսում եմ ես քեզ.
Մենք ի ծնե անմեղներ՝
Բոլորս մեր պատիվն ենք գնահատում,
Բայց չէ՞ որ լինում են բացառություններ՝
Երբ ուղղակի չցանկանալով ենք մեղանչում:
Փույթ չէ, թող այս առիթով վրդովենք հավիտենական հանգիստը նաև Գ. Պլեխանովի ու Ն. Միխայլովսկու:
Շարունակելի, նախորդ մասը՝ https://www.aniarc.am/2015/12/08/vahan-navasardian-part-7/