Պքերքէ. Խաչքար, Յիշողութիւն Եւ Երախտիք

1287

Քոյր խմբավար Մարանա Սաատին շրջուեց դէպի լսարանը, խոնարհուեց ծափերի տարափի տակ, ապա մօտենալով առաջին շարքում նստած հոգեւոր առաջնորդներին` Մարոնի համայնքի Պշարա Ռայի պատրիարքին ու Մեծի Տանն Կիլիկիոյ Արամ Ա. կաթողիկոսին, կրկին խոնարհուեց ու սեղմեց նրանց աջը: Կիսով չափ ժայռափոր եկեղեցու պատերը արձագանգում էին ծափահարութիւններն ու տարբեր տեղերից լսուող «Պրաւոները». հաւաքուածները ոտքի էին կանգնել եւ իրենց հիացմունքն էին  յայտնում «Սրբուհի Ռաֆքա» երգչախմբի ու նուագախմբի «Կիլիկիա» երգի կատարմանը:

Նոյեմբերի աշնանային զով երեկոյեան Պքերքէում` Անտիոքի Ասորական Մարոնի եկեղեցու պատրիարքութեան շրջափակից ներս հաւաքուել էին Լիբանանի քրիստոնեայ համայնքների պետեր ու ներկայացուցիչներ` կարտինալ Պշարա Ռայի, Արամ Ա. կաթողիկոս, պապական նուիրակ, պետական եւ զինուորական մարմիններ, հոգեւոր պետեր, կուսակցութիւնների ներկայացուցիչներ, լիբանանցի եւ սփիւռքահայ մտաւորականութիւն եւ հոծ բազմութիւն: Մերձաւոր Արեւելքի Վատիկանում` Կաթոլիկ եկեղեցու տարածաշրջանային կենտրոնում, նրանց մէկտեղել էր գործարար, բարերար Սարգիս Պուտագեանի նախաձեռնութիւնը` Հայոց ցեղասպանութեան 100-ամեակին նուիրուած խաչքարի բացման արարողութիւնը եւ համաքրիստոնէական հաւաքը:

Առաջինը ելոյթի համար խօսք տրուեց Ժիւլի Խէյրալլա Պուտագեանին` բարերարի կնոջը: Արաբերէնով իր խօսքում նա ասաց, որ 1915-ի ջարդերից փրկուած հայերը հիւրընկալուեցին Լիբանանում, ապա տքնաջան աշխատանքով մեծ դեր ունեցան Լիբանանի բարգաւաճման ու զարգացման մէջ: Նա ընդգծեց, որ ամուսնու փափաքն էր խաչքար զետեղել պատրիարքութեան շրջափակից ներս` իբրեւ շնորհակալութեան երախտիք լիբանանցի ժողովրդին: «Այս սուրբ երեկոյթը Լիբանանի ժողովրդի խաղաղ եւ սիրոյ համակեցութեան լաւագոյն վկան է. խաչքարը վկայութիւնն է հաւատքի տոկունութեան եւ ինքնին ականատես վկան է յարութեան», ասաց նա:

Ապա ֆրանսերէնով խօսք առաւ Արամ Ա. կաթողիկոսը: Նա ասաց, որ խաչքարը խորհրդանշում է հայութիւնը, արտացոլում հայի կամքը եւ յաղթանակը: Վեհափառը բարձր գնահատեց խաչքարի զետեղումը այս պատմական վայրում եւ շնորհակալութիւն յայտնեց Մարոնի եկեղեցու պատրիարքութեանը այս աննախընթաց իրադարձութեան համար:

Անտիոքի Մարոնի եկեղեցու պետ Պշարա Ռայի պատրիարքը արաբերէնով իր ելոյթում ասաց, որ խաչքարը խորհրդանշում է երեք ուղղութիւններ` հաւատքի, եկեղեցական ու հայրենասիրական: Նա շնորհակալութիւն յայտնեց բարերար Սարգիս Պուտագեանին եւ նրա ընտանիքին` խաչքարի զետեղումն իրագործելու համար: Պատրիարքը գովեստի խօսքեր ուղղեց լիբանանահայութեանը եւ հայերին ընդհանրապէս, ովքեր իրենց աշխատանքով եւ խիզախութեամբ կարողացան վերականգնել իրենց պետութիւնը` Հայաստանի Հանրապետութիւնը:

BKKH15-(538)-copyԵլոյթներն ընդմիջւում էին «Սրբուհի Ռաֆքա» երգչախմբի ու նուագախմբի հոգեւոր եւ հայրենասիրական կատարումներով: Արաբ գործիչ Ապտօ Լապաքին իր խօսքում շեշտեց, որ խաչքարը խորհրդանշում է հայի տոկունութիւնը եւ անխախտելի հաւատը: Խաչքարը գալիս է հաստատելու, որ կեանքը միշտ յաղթում է մահուան: Նա անդրադարձաւ նաեւ Նախիջեւանում իրականացուած մշակութային ցեղասպանութեանը, հայկական խաչքարերի արուեստին, դրանց պատրաստման բծախնդիր աշխատանքին, նախշերին ու գծերին: Նա ընդգծեց, որ խաչքարը հայ ժողովրդի պայքարի, յաղթանակների, մշակոյթի եւ պատմութեան վկան է:

Մոհամետ Ալի Շամսէտտինը նշեց, որ Պքերքէ է հասել Լիբանանի հարաւից` իրեն հետ շալակած բերելով խաչը: Իր ելոյթի վերջում նա արտասանեց Պարոյր Սեւակի ստեղծագործութիւններից մէկը` արաբերէնով: Մէկ այլ արաբ մտաւորական` Ղալեպ Ապտալլա Ղանեմը նշեց, որ խաչքարը հայ նահատակների արդարութեան կանչն է, իսկ պատրիարքութեան շրջափակից ներս զետեղուած խաչքարը նոր արժէք է աւելացնում Պքերքէի ժառանգութեանն ու հարստութեանը:

Ելոյթ ունեցաւ նաեւ Լիբանանի հայոց թեմի նախկին առաջնորդ Գեղամ արք. Խաչերեանը: Ապա հաւաքի մասնակիցները, առաջնորդութեամբ Արամ Ա. կաթողիկոսի ու Ռայի պատրիարքի, ուղղուեցին դէպի խաչքարը: Լիբանանի հայոց թեմի առաջնորդ Շահէ եպս. Փանոսեանը կատարեց յատուկ աղօթք` հայերէնով, հայր Գէորգ ծ. վրդ. Եղիայեանը` արաբերէնով:

Նախաձեռնութեան հովանաւոր Սարգիս Պուտագեանը այս տարուայ մարտին մէկ այլ խաչքար էր զետեղել Լիբանանի «Էն. Տի. Եու.» համալսարանում: Հայոց ցեղասպանութեան 100-ամեայ տարելիցի առիթով խաչքարեր զետեղելու քայլը գալիս է Պուտագեանի գաղափարական եւ քրիստոնէական դաստիարակութիւնից: Բարերարի համար խաչքար զետեղելը հայ ազգի կողմից երախտագիտութեան հաւաստիք է Լիբանանի ժողովրդի հանդէպ, որ 1915-ից յետոյ  գրկաբաց ընդունեց, գուրգուրաց ու ձեռք երկարեց գաղթական հայորդիներին:

ԹԱԹՈՒԼ ՅԱԿՈԲԵԱՆ

ԱԶԴԱԿ, 7 Դեկտեմբեր, 2015թ.