«Օրվա հրամայականը` դեկտեմբերի 6-ին ընդառաջ». Սիվիլիթասի ամփոփագիրը

856

Դեկտեմբերի 6-ի սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին ընդառաջ Սիվիլիթաս հիմնադրամը պատրաստել է իրավիճակային ամփոփագիր, որը կրում է «Օրվա հրամայականը` դեկտեմբերի 6-ին ընդառաջ» վերնագիրը:

Դեպքը

Դեկտեմբերի 6-ին Հայաստանում տեղի է ունենալու սահմանադրական փոփոխությունների հանրաքվե: Եթե հանրաքվեի դրված Սահմանադրությունը հավանության արժանանա ընտրողների կողմից, Հայաստանը կառավարման կիսանախագահական համակարգից անցում կկատարի խորհրդարանական համակարգի: Դեկտեմբերի 3-ին հրապարակվեց Սերժ Սարգսյանի հարցազրույցը հայաստանյան հեռուստատեսությունների ներկայացուցիչների հետ: Հարցազրույցում նախագահը կենտրոնացավ սահմանադրական փոփոխությունների վրա՝ փորձելով հիմնավորել դրանց կարևորությունը:

Խորապատկերը

Հայաստանի առաջին Սահմանադրությունն ընդունվել է 1995թ.: 1991թ. անկախության հռչակումից հետո երկիրը կառավարվումէր առանց Սահմանադրության՝ 1990թ. ընդունված Անկախության հռչակագրով և օրենսդրական ակտերով: Սահմանադրության ընդունումն այդ ժամանակ պահի հրամայականն էր: Օրվա ընդդիմությունը քննադատում էր հանրաքվեի դրված Սահմանադրության նախագիծը՝ հավաստիացնելով, որ այն «կարված է առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հագով»:

2005թ. Սահմանադրությունը ենթարկվեց փոփոխության, ինչը հիմնականում պայմանավորված էր 2001թ. Եվրախորհրդի անդամգարձած Հայաստանի ստանձնած պարտավորություններով: Այդ ժամանակ ևս ընդդիմությունը պնդում էր՝ Ռոբերտ Քոչարյանը սահմանադրական փոփոխությունները նախաձեռնել է իշխանության վերարտադրության նպատակով, որպեսզի 2008թ.նախագահական ժամկետի ավարտից հետո կարողանա մնալ իշխանության մեջ:

Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հրաժարական տվեց 1998թ., երբ դեռ գործում էր «իր հագով կարված» Սահմանադրությունը, իսկ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն իշխանությունից հեռացավ իր նախագահության երկրորդ ժամկետի ավարտից հետո: Այժմ նախկին երկու նախագահները կոշտ քննադատության են ենթարկում Սերժ Սարգսյանի առաջարկած սահմանադրական փոփոխությունների նախագիծը:

Վերլուծություն

2015թ. Սերժ Սարգսյանի նախաձեռնած սահմանադրական փոփոխությունների, իսկ ըստ էության՝ նոր Սահմանադրության ընդունման հիմնական նպատակը ոչ այնքան իր ամբողջական իշխանության վերարտադրությունն է, որքան նախագահի՝ առաջնային լեգիտիմությամբ օժտված ինստիտուտի վերացումը: Գործող Սահմանադրությամբ Սերժ Սարգսյանն այլևս չի կարող հավակնել նախագահի աթոռին և անձնապես կանգնած է քաղաքական լուսանցքում հայտնվելու վտանգի առջև՝ դրանից բխող հետևանքներով, ինչը տեղի էր ունեցել իր նախորդների՝ Լևոն Տեր-Պետրոսյանի և Ռոբերտ Քոչարյանի հետ՝ իշխանությունից հեռանալուց անմիջապես հետո:

Կարելի է նշել չորս պատճառ, որոնք ստիպում են Սերժ Սարգսյանին վերացնել նախագահի ինստիտուտն այն տեսքով, ինչ տեսքով այն կա այժմ.

  1. Գործող Սահմանադրությամբ Սարգսյանն անձամբ չի կարող այլևս երրորդ ժամկետում առաջադրվել նախագահի թեկնածու: Եթե Սահմանադրությունը չփոխվի, Սարգսյանը կհայտնվի «կաղ բադի» կարգավիճակում։
  2. Իշխանական համակարգում չկա այն ֆիգուրը, որին Սարգսյանը լիրաժեք վստահում է, և որը կարող է լինել իր իրավահաջորդը։
  3. Նույնիսկ լիարժեք վստահելի նախագահի թեկնածու ունենալու դեպքում՝ նա հստակ գիտակցում է, որ շատ դժվար է լինելու իր առաջադրած թեկնածուին նախագահ դարձնել 2018թ․:
  4. Եվ, ամենավտանգավոր հեռանկարը Սերժ Սարգսյանի համար՝ 2018թ. նախագահի աթոռին կարող է հայտնվել իր համար խիստ անցանկալի անձ՝ դրանից բխող հետևանքներով:

Սահմանադրական փոփոխություններին դեմ հանդես եկող քաղաքացիների գերակշիռ մասը գիտակցում է ստեղծված իրավիճակը: Նրանք «Ոչ» են ասում Սերժ Սարգսյանի՝  քաղաքականության մեջ մնալու հավակնություններին: Զուգահեռ կա փոքր զանգված, որի «Այո»-ն կամ «Ոչ»-ը պայմանավորված է գաղափարական մոտեցումներով:

Սակայն ներկայում սեղանին դրված է ոչ թե խորհրդարանական հանրապետություն կառուցելուն միտված նախագիծ, այլ անորոշություններով լի մի փաստաթուղթ:

Դեկտեմբերի 6-ին ժողովուրդն իրականում ընտրություն չի կատարելու խորհրդարանական և կիսանախագահական համակարգերի միջև, ընտրությունը լինելու է՝ կիսանախագահական և անորոշ համակարգերի միջև: Անորոշ, քանի որ սեղանին դրված խորհրդարանական կառավարման համակարգին բովանդակություն տրվելու է նոր ընտրական օրենսգրքով, որն ընդունվելու է խորհրդարանում իշխող մեծամասնություն ներկայացնող ՀՀԿ-ի կողմից:

Հիմնական խնդիրն առաջարկված նախագծի 89-րդ հոդվածն է, մասնավորապես՝ դրա 3-րդ կետը, որով սահմանվում է.

«Ազգային ժողովն ընտրվում է համամասնական ընտրակարգով: Ազգային ժողովի ընտրակարգը պետք է երաշխավորի Ազգային ժողովում կայուն խորհրդարանական մեծամասնության ձևավորումը»:

Ստացվում է, որ նոր ընտրական օրենսգիրքն առաջին հերթին պետք է լուծի խորհրդարանում կայուն մեծամասնության ապահովման խնդիրը, ինչն էլ դառնալու է հայկական պառլամենտարիզմին ձև և բովանդակություն տվող հիմնական գործոնը: Կայուն խորհրդարանական մեծամասնության երաշխավորումը հիմնավորվում է կայուն քաղաքական ու պետական համակարգ ունենալու մղումով, սակայն ըստ էության հիմք է դրվում սահմանադրորեն ամրագրված միակուսակցական համակարգի: Բացարձակ ու անհակակշիռ իշխանություն՝ ցրված ու անորոշ պատասխանատվությամբ:

Հեռանկարներ

Սերժ Սարգսյանն իր հարցազրույցում ևս մեկ անգամ հավաստիացրեց, որ իշխանությունն ամբողջովին պաշտպանում է սահմանադրական փոփոխությունների նախագիծը: Ուստի պետք է համոզված ենթադրել, որ իշխանությունն օգտագործելու է իր բոլոր ռեսուրսները՝ օրինական և ոչ օրինական մեթոդներով «Այո»-ի հաղթանակն ապահովելու համար:

Դատելով հանրային տրամադրություններից՝ «Այո»-ն հանրային խիստ ցածր վստահություն ունի, և ամենայն հավանականությամբ՝ «Ոչ»-ը գերակա է լինելու: Միաժամանակ, հանրաքվեի ընթացքում կարող է գրանցվել ոչ բարձր մասնակցության ցուցանիշ: «Ոչ»-ի ճակատում ընդգրկված քաղաքական  և քաղաքացիական ընդդիմադիր ուժերը նշանակալի ջանքեր են գործադրելու դեկտեմբերի 6-ի սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն վերահսկելու ուղղությամբ:

Լուծումներ

Անկախ այն հանգամանքից՝ ինչ փաստաթուղթ է դրված սեղանին, իշխանությունը պարտավոր է հանրաքվեն անցկացնել օրենքի տառին համապատասխան, այն պետք է ցույց տա ժողովրդի իրական կամարտահայտությունը: Պետության համար կենսական նշանակություն ունի երկրի մայր օրենքի լեգիտիմության բարձր աստիճանը:

Ընդդիմությունը պետք է ձգտի արդյունավետ օգտագործել մարդկային ու ֆինանսական սուղ ռեսուրսները հանրաքվեի վերահսկողության համար: Երևանի կենտրոնում ընդդիմության հանրահավաքներն իշխանության վրա հանրաքվեի օրը քաղաքական ճնշում բանեցնելու համար կարևոր են, սակայն ավելի կարևոր է ընտրատեղամասերում ընտրակեղծիքների կանխարգելումն ու արձանագրումը: Հնարավոր ընտրակեղծիքների փաստացի արձանագրումը միայն կուժեղացնի ընդդիմության դիրքերը հանրաքվեից հետո ենթադրվող հանրահավաքային պայքարում:

Իրենց հերթին միջազգային դիտորդական կազմակերպությունները պետք է աչալուրջ լինեն և պատշաճ կերպով արձանագրեն թերացումները: Կեղծիքներով անցկացված հանրաքվեն չպետք է լեգիտիմացվի, ինչպես եղել է 1995թ․ և 2005թ.: