Վահան Նավասարդյան. «Հ. Յ. Դաշնակցության անելիքը», մաս 5

1017

Հայկական ուսումնասիրությունների ԱՆԻ կենտրոնը մաս-մաս ներկայացնում է ՀՅԴ երևելի դեմքերից մեկի՝ Վահան Նավասարդյանի «Հ. Յ. Դաշնակցության անելիքը» գիրքը, որը պատասխան է Հայաստանի Առաջին Հանրապետության առաջին վարչապետ Հովհաննես Քաջազնունու «Հ. Յ. Դաշնակցութիւնն Անելիք Չունի Այլեւս» զեկուցագիր-գրքի: 

Հետադարձ ակնարկ

VI

«Մեր կուսակցության էությունը, գոյության իմաստը, պատմական կոչումը, ուժն ու արժեքը այդ է եղել ու միայն այդ (այսինքն՝ հայ[կական] անկախ պետությունը)»:

Վերջին խոսքերը մե՛նք ընդգծեցինք, որպեսզի Քաջազնունու տեսակետների ծանրությունը մնա այնտեղ, որտեղ նա պետք է լինի:

Արժե մի քիչ կանգ առնել այս հարցի վրա, որովհետև այստե՛ղ է թաքնված Հ. Յ. Դաշնակցության ո՛չ միայն ուժը, այլև նրա թուլությունը:

Մոտ մեկ երրորդ դար առաջ Արևելահայ իրականության ծոցում ծնունդ առավ Հ. Յ. Դաշնակցությունը:

Անփորձության ու խարխափումների մեջ, քաղաքական աննպաստ պայմաններում և համազգային շաղկապի մեկ թուլության շրջանում՝ ասպարեզ իջավ հայ մեծ քաղաքական կազմակերպությունը:

Անդրանիկ հայ գործիչները գերագույն իմաստությամբ պետք է ըմբռնեին, թե որտեղ է խփում մեր հասարակական կյանքի զարկերակը, որտեղ պետք է դնել սալը և ինչպես զարկել մուրճը: Նրանք տեղյակ պետք է լինեին ժամանակի օգուն, օտար քաղաքական ազդակների արժեքին ու հարազատ ժողովրդի թաքնված տրամադրություններին ու երազանքներին, որպեսզի ըստ այնմ գծեին այն ուղիները, որոնցով պետք է ընթանա հայ հասարակական կյանքը:

Գեթ հարևանցիորեն արձանագրենք այն հիմնական, կարևոր ու նշանակալից փաստ, որ մինչև Դաշնակցության ծնունդը հայ հասարակական միտքը որոշ փուլերից, թող թե խարխափումներով, անցել էր արդեն:

Ազգային հավաքականությունը պահելու մտահոգությամբ անցյալ դարի դեռ հիսունական թվականներից սկսած՝ Ռուսահայ հասարակական միտքն արդեն անցել էր որոշ ճանապարհ, ճշտել իր նշանատախտակները, պարզել այն հիմնական գաղափարները, որոնք ի վիճակի էին հայության գոյությունը, իբրև առաջադիմության ձգտող ու կենսունակությամբ տոգորված մեկ ազգային միության, պահելու և բեղմնավորելու:

Միքայել Նալբանդյան, Գրիգոր Արծրունի և Րաֆֆի,- ահա այն երեք գլխավոր անունները, որոնց գաղափարական հզոր շնչի տակ արևելահայության զարթոնքը սկսվեց, նրա հասարակական միտքը դուրս եկավ իր կուսական վիճակից, կաղապարվեց ու շերտավորվեց և ապա իր հերթին դյուրացրեց նաև, այն չափով, անշուշտ, որ չափով դա իրենից էր կախված, Դաշնակցության ծնունդը:

Նալբանդյանի օրերին ազգությունների ու մանավանդ մեզ նման քաղաքականապես ստորադաս, տնտեսապես թույլ ու կուլտուրապես անփարթամ ժողովուրդների համար ամենիչ դյուրամատչելի ու միաժամանակ ամենից ապահով խարիսխը ազգային ուրույն ու ապահով գոյության, այդ ազգի սեփական մշակույթն էր, նրա ինքնատիպ կուլտուրան:

Հոգեկան, կուլտուրական «անոթ»-ի գաղափարախոսն ու պաշտպանը եղավ Նալբանդյանը, որովհետև նրա օրերին առավելապես ա՛յս «անոթ»-ի միջոցով և ա՛յս «անոթ»-ի մեջ կարելի էր համախմբել ու պահպանել ազգայնորեն փոշիացող հայ զանգվածը:

Արծրունու շրջանում, երբ մեր կյանքն ու մեզ շրջապատող օտար ա՛յս «անոթ»-ի իրականությունն ավելի փարթամացած, ավելի բարդացած ու շերտավորված էր, անկարելի էր ազգային ուրույն գոյության ապավեն ընտրել միմիայն հոգեկան «անոթ»-ը:

Եվ ահա ծնունդ է առնում հայկական լիբերալիզմը, հայ դրամատիրությանգաղափարական հոսանքը, որը Գրիգոր Արծրունու գլխավորությամբ, հավատարիմ պատմության ձայնին, առաջադրում է առավելապես ազգային տնտեսական հզորության, «տնտեսական անոթ»-ի կերտման պահանջը:

Ու միանգամայն բնականորեն, որոշ ժամանակ հետո, ծնունդ է առնում Րաֆֆին, որը գալիս է հայկական «քաղաքական անոթ»-ի, քաղաքական ազատագրության առաքյալը դառնալու:

Այսպիսով, մինչև Դաշնակցության ծնունդը արևելահայության հասարակական միտքը որոշ փուլերից աննցել էր արդեն:

Հայ անդրանիկ քաղաքական կազմակերպությունը, անշուշտ, չէր գալիս միայն կրկնողություններ անելու:

Սա հակառակ կլիներ պատմության զարգացման օրենքներին, այդ օրենքների ներքին իմաստին:

Հարաճուն կերպով զարգացող, անընդհատ փոփոխվող հանրային կյանքը, ներքնապես ու արտաքնապես աճող ու փարթամացող սոցիալական կառուցվածքն այսօր պետք է որ ունենա ավելի գունեղ կերպարանք, քան ունեցել է երեկ: Գուներանգ պետք է լինի նաև նրա, այսպես ասած, վերնաշենքը, նրա կուլտուր-հոգեկան արտադրության աշխարհն իր գլխավոր ու հատկանշող ճյուղավորություններով:

Դաշնակցության ծնունդը իմաստ կունենար, եթե նա գար ներդաշնակելու հայության անցած փուլերի ներքին իմաստը, զուգորդելու և զոդելու միմյանց հետ դեռ ապրող «երեկ»-ը, կենդանի «այսօրվա» ու ծնվող «վաղվա» հետ, ձուլելու մեկ ձուլարանում բոլոր հիմնական «անոթ»-ները՝ պահելով նրանցից այն, ինչ պետք է պահել, ինչ դեռ թարմ է ու կենսունակ և մեկդի նետելով այն ամենը, ինչ հնացել է, կորցրել իր նշանակությունը ու դարձել անարժեք:

Անշուշտ, չափազանց դժվարին, ծանր ու պատասխանատու աշխատանք էր վիճակված կատարելու անդրանիկ հեղափոխականներին:

Սովորական դժվարություններից դուրս, որոնք կապված են ամեն մեկ նոր գաղափարի երկունքի հետ, կար նաև այն գլխավոր մտահոգիչ հանգամանքը, որ հայ ժողովուրդը, որի ծոցում և որի համար ծնունդ էին առնում այդ գաղափարները, այդ ժողովուրդը իր մասով տարագրված էր դեպի հեռավոր գաղութները, մի մասով ցրված էր Ռուսաստանի և Թուրքիայի զանազան մասերում, իսկ իր գլխավոր զանգվածով բաժանված էր (գրեթե հավասարաչափ) երկու հատվածների և տեղավորված պետական երկու տարբեր երկնակամարների տակ՝ Հայաստանի ռուսական և թուրքական բաժիններում:

Անուրանալի են այն տարբերությունները, բարեբախտաբար, ոչ մեծ, որ կային այս երկու երկրների մեջ: Չմոռանանք, որ Ռուսաստանն իր դրոշմն էր դրել արևելահայ հատվածի վրա, իսկ Թուրքիան՝ արևմտահայության վրա:

Տնտեսական առաջադիմության, քաղաքացիական հասունության և կուլտուրական զարգացման մակարդակները տարբեր էին այս երկու հատվածների միջև, ինչպես տարբեր էր նաև նրանց սոցիալական կառուցվածքի ընթհանուր բնույթը:

Սա մի հանգամանք էր, որ չէր կարող իր հետ հավելյալ դժվարություններ չբերել մի քաղաքական կազմակերպության համար, որ պիտի շնչեր տարբեր միջավայրերում և գործեր, սակայն, նույն ծրագրով:

Մեղմացնող պարագան այնտեղ պետք է որոնել, որ արևմտահայությունն իրեն շրջապատող ժողովուրդների հանդեպ նույն գերակշիռ դիրքն ուներ գրաված սոցիալական զարգացման սանդուխքի վրա, ինչ դիրք գրաված ուներ արևելահայությունը՝ սահմանի այս կողմը: Սա պիտի ունենար (և ունեցավ անշուշտ) իր կարևոր դերը Դաշնակցության գաղափարների տարածման ու խորացման տեսակետից՝ միաժամանակ սահմանի թե՛ այս ու թե՛ այն կողմը:

Այս գաղափարներն այն չէին սակայն, ինչ իրեն պատկերացնում է Քաջազնունին: Նալբանդյանի, Արծրունու և Րաֆֆիի կառուցած հասարակական անավարտ շենքում Հ. Յ. Դաշնակցությունը բերում էր դնելու իր ուրույն, իր սեփական քարը:

Ահա այստեղ է թաքնված Դաշնակցության «եկեղեցու» ամբողջ գաղտնիքը: հասկանալ և բացատրել այս վերջինը, նշանակում է հարազատորեն ըմբռնել մեր կուսակցության «էությունը»:

Շարունակելի, նախորդ մասը՝ https://www.aniarc.am/2015/11/24/vahan-navasardian-part-4/