1965 թվականի Ապրիլի 24-ի առավոտյան, Թուրքիայի խորհրդարանի նախկին հայ պատգամավոր Պերճ Թուրանի գլխավորությամբ 25-30 պոլսահայեր Թաքսիմի հրապարակում ծաղկեպսակ դրեցին Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի հուշարձանին:
Ըստ պոլսահայ մամուլի, Պերճ Թուրանը Աթաթուրքի հուշարձանի մոտ ասել է. “Հույները ջանում են մեր ազգակիցներին գրգռել Թուրքիայի դեմ: Չեմ կարծում, որ նրանց այս ընթացքը կարողանա խռովել Թուրքիայում ապրող 70 հազար հայերի հանգիստը”: Ծաղկեպսակի զետեղման արարողությանը ներկա դոկտոր Կարապետ Արմանը ասել է. “Ցավով տեղեկացանք, որ օսմանյան օրերին պատահած անախորժ դեպքերի 50-ամյակը պիտի նշվի [Բեյրութում և այլ գաղութներում]”:
Թուրքական մամուլը լայնորեն անդրադարձավ 1965թ. հայկական միջոցառումներին: “Հուրիյեթը” ապրիլի 8-ի համարում գրել է. “Ապրիլի 24-ին, ամբողջ աշխարհի հանրային կարծիքի առջև, Թուրքիայի դեմ պիտի միջազգային նոր պայքար մղվի: Բեյրութի եկեղեցու [Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսություն] առաջնորդությամբ, Փարիզի, Նյու Յորքի, Աթենքի, Լոնդոնի և Հարավային Ամերիկայի զանազան քաղաքներում “ջարդված հայերի” հիշատակին պիտի տեղի ունենան սգահանդեսներ` զոհերի հիշատակը ոգեկոչելու և “Թուրքիայի վայրագությունները ծանուցելու” համար: Այս արարողությունները, ճառերը և հրապարակված գրքույկները պետք է սփռվեն ռադիոկայաններով ու հեռուստատեսությամբ”:
Թուրքական մամուլը լուրջ կարևորություն էր տալիս այս միջոցառումներին և անընդհատ հոդվածներ գրում ապրիլ 24-ի մասին` Բեյրութ ուղարկելով իր թղթակիցներին: “Հուրիյեթը” կարճ հարցազրույցներ էր տպագրում Ստամբուլի երևելի հայերի հետ, դրանք դնելով “Մեր հայրենիքը Թուրքիան է, մեր դրոշը թուրքական դրոշն է, ամեն թուրքի պես կապված ենք այս երկրի հետ” վերնագրի տակ: Հայ կաթոլիկների կրոնապետը իբր ասել է. “Մենք բնավ չենք ուզում, որ հիշատակները վերակենդանան… Բեյրութում ծրագրված միտինգները որևէ օգուտ չպիտի ունենան”: Թուրքիայի Հայոց պատրիարք Շնորհք արք. Գալուստյանի խոսքը չափավոր էր. “Մեռելները հիշելը բոլոր մարդկանց իրավունքն է ու բարոյական պարտականությունը: Միայն թե հարգանքի արտահայտությունները պետք չէ, որ ազգերի սրտերում թշնամություն սերմանեն”:
Թուրքական մամուլը լայնորեն անդրադարձավ աշխարհի տարբեր վայրերում կազմակերպված հայկական ցույցերին: Այդ առիթով խորհրդարանում ելույթ ունեցավ վարչապետ Սուաթ Հայրը Յուրգյուփլյուն` հայտարարելով, որ մի շարք երկրներում հայկական ծայրահեղական կազմակերպություններ ցույցեր ու հանրահավաքներ են կազմակերպել, սակայն կազմակերպիչներն իրենց ակնկալած մասնակցությունը չեն ապահովել: Վարչապետը մեղադրեց հույներին, իբր այդ ցույցերի հետևում նրանք են կանգնած: “Գրգռիչների նպատակն է հիսուն տարի անց պատմական իրողությունները նենգափոխել և Թուրքիայի դեմ հակաքարոզչություն տանել: Մենք շահագրգիռ պետություններին բացատրել ենք, որ Հայկական հարցը որևէ կապ չունի Թուրքիայի հետ և չի կարելի պատմությունը նենգափոխել: Մեր ողջամիտ հայ հայրենակիցները չմասնացեցին այդ միջոցառումներին և նույնիսկ ապրիլի 24-ին, այսինքն` հանրահավաքի օրը, Աթաթուրքի հուշարձանին ծաղկեպսակ դնելով` դատապարտեցին արտասահմանի մեջ տեղի ունեցող ցույցերը”:
2010 թվականից սկսած Ապրիլ 24-ը ամեն տարի հիշատակվում է Պոլսում, բայց ոչ ժխտական մոտեցումով: Հինգ տարի առաջ այդ օրը մի քանի տասնյակ իրավապաշտպաններ բողոքի ակցիա էին անցկացնում Ստամբուլի “Հայդար Փաշա” կայարանում, որտեղից 95 տարի առաջ` 1915-ին, մահվան ճամփորդության էին ուղարկել հայ մտավորականների առաջին խմբին: Նրանք պարզել էին աքսորված և դաժանաբար սպանված հայ գրողների նկարները: Թուրք և քուրդ իրավապաշտպանները, մտավորականները սգո միջոցառում անցկացրին նաև Ստամբուլի կենտրոնական հրապարակներից Թաքսիմում` ի հիշատակ 1915թ. զոհերի:
Թուրքիայի համար անսովոր այս միջոցառումները թուրք ազգայնականների հարձակումներից պաշտպանում էին շուրջ հազար ոստիկաններ: Թուրք ազգայնականները հայտարարում էին, որ հայերն են կոտորել թուրքերին: Մեկ օր անց ծայրահեղ ազգայնական “Մեծ միություն” կուսակցության ներկայացուցիչները այրեցին հայկական եռագույնը:
Մեկ տարի անց նույն օրը՝ 2011-ի Ապրիլ 24-ին, հիշատակի միջոցառումներ անցկացվեցին Ստամբուլում, Անկարայում, Դիարբեքիրում, Բոդրումում: Մասնակիցները դատապարտում էին 1915-ին և հետագա տարիներին տեղի ունեցածը, այն համարում “մարդկության դեմ ուղղված հանցագործություն”, “մեծ ոճիր”, զորակցություն հայտնում հայերին, նրանցից ներողություն խնդրում, սակայն հիմնականում խուսափում էին “ցեղասպանություն” բառից: Թաքսիմ հրապարակում այս անգամ հավաքվել էր ավելի քան 400 մարդ: Հնչում էր հայկական երաժշտություն, որի ներքո ակցիայի բոլոր մասնակիցները ծնկի էին իջել և լռությամբ հարգում էին 1915թ. զոհերի հիշատակը: Հնչեցին ելույթներ, որոնց ընթացքում անուն առ անուն հիշատակվում էին շուրջ 250 մտավորականները, ովքեր Եղեռնի զոհ են դարձել:
Հիշատակի միջոցառում տեղի ունեցավ նաև Ստամբուլի “Սուլթան Ահմեդ” պատմական վայրում: Թուրք մտավորականները պահել էին պաստառներ, որտեղ գրված էր, որ թանգարանը 1915թ. բանտ էր, որտեղ` մահվան ճամփորդությունից առաջ, պահվում էին հայ մտավորականները: Թուրք ազգայնականները պատասխանեցին երկու գործողություններով: Թաքսիմի հարևանությամբ հավաքված մի քանի տասնյակ թուրքեր կրում էին պաստառ, որի վրա գրված էր. “Կեցցե մեր նոր ազատագրական պատերազմն ընդդեմ երկրորդ Սևրի դաշնագրի”: Ապա ծայրահեղ ազգայնական “Գորշ գայլեր” կազմակերպության անդամները, ձեռքներին ադրբեջանական դրոշներ, անցան Իստիկլալ պողոտայով` ցեղասպանության պնդումները որակելով “իմպերիալիստական ստեր”:
Թուրքիայում 1915 թվականի հիշատակումը, անկախ մասնակիցների թվից ու հնչած ելույթների բովանդակությունից, աննախադեպ է: Այն հիշատակվելու է նաև այս տարի Ապրիլի 24-ին՝ ի հիշատակ Հայոց ցեղասպանության 100-ամյակի:
Թաթուլ Հակոբյան
ԱՆԻ կենտրոն, 17 ապրիլի, 2017թ