«Նիկոլ Փաշինյանը ճիշտ էր։ Ես սխալվեցի». Սերժ Սարգսյան՝ 2018-ի ապրիլ և 2021-ի փետրվար ու ապրիլ

5371

2018 թ. ապրիլի 23-ին վարչապետ Սերժ Սարգսյանը հետևյալ ուղերձն է հղել

Սիրելի՛ հայրենակիցներ,

Դիմում եմ Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիներին, մեծերին ու իմ սիրելի երիտասարդներին, կանանց ու տղամարդկանց, դիմում եմ փողոցներում «Մերժիր Սերժին» կոչով օր ու գիշեր կանգնածներին և փակ փողոցներով այս օրերին դժվարությամբ աշխատավայր հասնող և իրենց պարտքն անտրտում իրականացողներին,

դիմում եմ ուղիղ եթերի առաջ օրերով գամվածներին և օր ու գիշեր հասարակական անվտանգությունը տղամարդու պես ապահովողներին, դիմում եմ սահմանին կանգնած մեր քաջարի զինվորներին ու սպաներին, դիմում եմ իմ զինակից ընկերներին, դիմում եմ իմ կուսակից ընկերներին, քաղաքական բոլոր ուժերին և գործիչներին։

Որպես երկրի ղեկավար դիմում եմ վերջին անգամ։

Նիկոլ Փաշինյանը ճիշտ էր։ Ես սխալվեցի։ Ստեղծված իրավիճակն ունի մի քանի լուծում, բայց դրանցից ոչ մեկին ես չեմ գնա։ Դա իմը չէ։ Ես թողնում եմ երկրի ղեկավարի`Հայաստանի վարչապետի պաշտոնը։

Փողոցի շարժումն իմ պաշտոնավարման դեմ է։ Ես կատարում եմ ձեր պահանջը։

Խաղաղություն, ներդաշնակություն և տրամաբանություն մեր երկրին:

Շնորհակալ եմ։

2021 թվականի փետրվարին «Արմնյուզ» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում Սերժ Սարգսյանն ասել է, որ «Նիկոլ Փաշինյանը ճիշտ էր։ Ես սխալվեցի» արտահայտությունը չէր վերաբերում հետնորդի սխալ ընտրությանը։

«Ես այդ հայտարարությունը խմբագրել եմ երեք անգամ․ առաջին անգամ՝ ապրիլի 23-ի առավոտյան, ավելացրել եմ մի քանի նախադասություն, այնուհետև հայտարարության տեքստը դրել եմ մի կողմ, 30-40 րոպե մտածել եմ, այնուհետև այդ նախադասություններից՝ քերականության տեսակետից բարդ նախադասություններից կրճատել եմ որոշ բաներ, պարզեցրել՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ իմ կարծիքով՝ այդպիսի տեքստը կարող էր իրավիճակն էլ ավելի թեժացնել, և երբ որ որոշ ժամանակ հետո իմ պատկերացմամբ այդ տեքստն արդեն իր վերջնական տեսքն ուներ, հրավիրել եմ վարչապետ Կարեն Կարապետյանին և ուղիղ նրան հարցրել՝ ասելով հետևյալը. «Կարե՛ն ջան, պարո՛ն վարչապետ, ես կարծում եմ, որ հանգուցալուծումը կարող է լինել իմ հեռանալով, պատրա՞ստ ես արդյոք այս իրավիճակում ամբողջ պատասխանատվությունը վերցնել քեզ վրա»։ Նա անմիջապես ասաց՝ այո, ինչը ես գնահատում եմ։ Ասացի՝ ուրեմն պայմանավորվենք հետևյալ կերպ՝ մենք որոշ ժամանակ հետո պետք է գնանք նախագահական, այնտեղ խորհրդակցություն կար Վեհափառ Հայրապետի մասնակցությամբ, և այդ խորհրդակցությունից անմիջապես հետո կարող ես գնալ մեկուսարան և նրանց հայտնել, որ ես այսօր հրաժարական եմ տալու, թող նրանք իրավիճակը լիցքաթափեն։ Չմոռանանք, որ հաջորդ օրը ապրիլի 24-ն էր։ Պայմանավորվեցինք», – ասել է Սարգսյանը՝ ընդգծելով, որ խոսքը եղել է ոչ թե իշխանությունը Փաշինյանին փոխանցելու, այլ իր հրաժարականի մասին:

Սերժ Սարգյանը Կարեն Կարապետյանին ցույց է տվել հրաժարականի տեքստը և նրա խնդրանքով ևս մի պարբերություն հանել։ Դա եղել է երրորդ խմբագրումը։

—–

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը 2021թ ապրիլի 30-ին կինոռեժիսոր Մհեր Մկրտչյանի հետ զրույցում անդրադարձել է 2018թ. ապրիլյան իրադարձություններին և բացատրել` ինչ է ինքն ուզել ասել «Նիկոլը ճիշտ էր, ես սխալվեցի» հայտնի արտահայտությամբ:

«Ես կարող եմ բառացի մեջբերել` ինչ-որ ասել եմ հարցազրույցում, թե դա ինչպես պետք է հնչեր իմ նախավերջին խմբագրումից հետո՝ շատ պարզ: Տեքստը հասկանալի է, ես ընթերցում եմ այդ հատվածը. «Նիկոլ Փաշինյանը ճիշտ էր, երբ ասում էր, որ ամեն գնով, կրկնում եմ, ամեն գնով պետք է հասնի իշխանության: Ես սխալվեցի` կարծելով, որ նրա համար թանկ է Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացու կյանք»: Այս բարդ նախադասությունները ես պարզեցրել եմ՝ նկատի ունենալով հետևյալ հանգամանքը, որ թեև շատ պարզ չէր ասված, բայց կարող էր սա ավելորդ լարվածություն առաջացնել»,– ասել է Սերժ Սարգսյանը: