1987 թվականի դեկտեմբերի 29-ին, երբ մեկնում էի խորհրդային բանակ, Նոյեմբերյանի մեր շրջանում կար ադրբեջանցիներով բնակեցված մեկ գյուղ՝ Վերին Փյորփլու, եւ մեկ խորհրդային տնտեսություն՝ Լալվար: Նոյեմբերյանի շրջանը, բացի այդ, սահմանակից էր Խորհրդային Ադրբեջանի Ղազախի եւ Խորհրդային Վրաստանի Մառնեուլի շրջանների հետ, որտեղ բնակչությունը գերազանցապես ադրբեջանցի էր:
1989 թվականի աշնանը, երբ վերադարձա բանակից, Նոյեմբերյանի շրջանի բոլոր ադրբեջանցիները հեռացել էին՝ տները փոխանակելով Ադրբեջանի Շամխորի շրջանի հայկական Չարդախլու գյուղի մեր հայրենակիցների հետ: Լալվար խորհրդային տնտեսության ավանում, այսօրվա Դեբեդավանում, հաստատվել էին Վարդաշենի շրջանից հայեր եւ որոշ ուդի ընտանիքներ:
Քանի որ ծառայում էի Խորհրդային Ադրբեջանում, թեւ ոչ ամբողջական, բայց պատկերացում ունի, թե ինչ է կատարվում նախկին «եղբայրական» հանրապետություններում: Մենք բարեկամներ ունեինք Բաքվում եւ Ապշերոնի Մարդակյան բնակավայրում, որոնց պարբերաբար այցելում էի, երբեմն հայերի հանդիպում էի Մինգեչաուրում, Բաքվում եւ այն վայրերում, որտեղ անցնում էր իմ ծառայությունը:
Տունդարձի ճանապարհին՝ Թբիլիսիից Նոյեմբերյան, տեսա, որ Վերին Քյորփլու ցուցանակի փոխարեն դրված է Չարդախլու անունը: Տարիներ անց Չարդախլուն դարձավ եւ մնում է Զորական, որտեղ ապրում են նախկին չարդախլվեցիները:
Գրեթե մինչեւ 90-ականների վերջերը մեր շրջանի ժողովուրդը Ադրբեջանից բռնի տեղահանված կամ տների փոխանակումներով Հայաստանում հաստատված հայերի համար օգտագործում էր երկու անուն՝ «էկովի», այսինքն՝ եկածներ, եւ թուրքի «մատոռով» հայեր: Շատ տարածված էր նաեւ այսպիսի տեսակետ՝ «մեր մոտից գնացած թուրքերն ավելի լավն էին, քան էս էկովի, թուրքի մատոռով հայերը»:
Երբ որպես լրագրող աշխարհի տարբեր քաղաքներում, առիթների դեպքում հանդիպում էի ադրբեջանցի իմ գործընկերների հետ, նրանք էլ բողոքում էին «հայաստանցի ադրբեջանցիներից, որոնք լցվել են Բաքվում» եւ լավ հիշողություններ ունեին Բաքվի հայերի մասին, որոնց անվանում էին ուղղակի бакинец, այսինքն՝ բաքվեցի:
2023 թվականի սեպտեմբերյան աղետից հետո Նոյեմբերյանի շրջանում հաստատվել են հարյուրից ավելի արցախցի ընտանիքներ: Այսօր չգիտեմ, քանիսն են մնացել, բայց մեծ մասը մնացել են եւ արդեն աշխատանք ունեն: Ամենից շատ արցախահայեր՝ 33 ընտանիք, հաստատվել են Զորականում, որ նախկին Չարդախլուն ու Վերին Քյորփլուն է:
Մեզ մոտ արցախցիների հանդեպ չկա ատելության խոսք, չկա թշնամանքի կամ արհամարհանքի խոսք, ինչպես կար ադրբեջանահայության հանդեպ նրանց գալուց հետո անգամ տարիներ անց:
Ավելին, տեղացիների եւ «էկովի»-ների միջեւ շփումները քիչ էին: Տարիներ անցան, եւ չարդախլվեցիներն ու վարդաշենցիները ամբողջովին ինտեգրվեցին: Նոր սերունդը անգամ չգիտի, թե ինչ վիրավորական բառապաշար են օգտագործել նրանց հայերն ու պապերը ադրբեջանահայության հասցեին:
Ցավալի է, երբ այսօրվա քաղաքական ղեկավարությունը եւ նրանց տեսակետներն արտահայտող լրատվամիջոցներն ու փորձագիտական հանրությունը արցախահայության հասցեին օգտագործում է ատելության բառապաշար: Նույնքան անթույլատրելի է ոչ պարկեշտ, «մուննաթ» խոսքը Հայաստանի եւ հայաստանցիների հասցեին: Երբեմն նկատում եմ՝ արցախցի նախկին պաշտոնյաները եւ ֆեյսբուքյան օգտատերերը ի պատասխան՝ գիտակցաբար կամ ոչ, նույնպես օգտագործում են վիրավորական բառապաշար՝ յուղ լցնելով «հայաստանցի-ղարաբաղցի» տարանջատման վրա:
Այս ամենը նոր երեւույթ չէ մեր պատմության համար:
Հայոց ցեղասպանությունից հետո Արեւելյան Հայաստանում ապաստան գտած արեւմտահայերը արժանացել են վիրավորական ու արհամարհական վերաբերմունքի տեղացիների կողմից: Հայրենադարձության տարիների «ախպար» անունը, որ ուղղակի նշանակում է եղբայր, նույնպես արհամարհական բովանդակություն էր ստացել:
«Հայաստանցի-ղարաբաղցի» եզրույթին (որ տասնամյակների անցյալ ունի, իսկ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի առաջին կեղծված ընտրություններով ավելի է խորացել եւ ինստիտուցիոնալ դարձե) մենք շատ ուշադրություն չենք դարձրել, քանի որ հաղթնակած էինք եւ պարտության համար մեղավորների կարիք չկար: Այսօր դրա կարիքը ունեն ե՛ւ գործող իշխանությունները, ե՛ւ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը:
Ատելության այս խոսույթը, սակայն, պետք է դադարեցվի օրվա քաղաքական ղեկավարության եւ նրանց տեսակետներն արտահայտող լրատվական ու ցանցային մակարդակում առաջին հերթին:
Թաթուլ Հակոբյան