Բաքվի Հայոց Ազգային Խորհուրդը [1920թ] ապրիլի 19-ին դիմել է Ադրբեջանի ներքին գործերի նախարարին հետևյալ առաջադրութեամբ:
Մեր ստացած տեղեկությունների համաձայն, ապրիլի 11-ի լույս գիշերով հարձակում է կատարվել Շամախի գավառի Ինզար, Գյուրջևան, Կոզլուջ գյուղերի վրա (պետք է լինի Ինղար (Հնղար, Շամախիի գյուղերից մեկն էր, որտեղ խոսում էին Շամախիի բարբառով), Կոզլուջի փոխարեն՝ Կովլուջ (Քյովլուջ, Քովլուջ)): Այդ գյուղացիներին բարեկամ մի քանի մահմեդականներ պատրաստվող հարձակման մասին նախօրոք տեղեկացնում են, որի շնորհիվ այդ գյուղերի ազգաբնակչության մի մասը փախել ու ապաստանել է Փիրասանելու մահմեդական գյուղում և Էյքենդ գյուղում (Շամախու գաւառ)՝ Մաշադի Բեկի մոտ: Ինզարում, Կոզլուջում մնացողները կոտորվել են մի ավազակախմբի կողմից, գլխավորությամբ, ինչպես ասվում է, ոմն Ֆայթալիի, Շամախի գավառի Տիրիջան գյուղից:
Այդ դեպքերից հետո, որոնք տեղի են ունեցել լույս ապրիլ 11-ի գիշերը, Փիրասանելու գյուղն է հասել Քյուրդամիրի պրիստավը և պահանջել թաքնված հայերին, որպեսզի նրանց Շամախի ուղարկի։ Նա կազմել է նրանց ցուցակը:
Բաքվիի Հայոց Ազգային Խորհուրդը խնդրում է Ձերդ գերազանցությանը՝ շտապ կարգադրություն անել, որ միջոցներ ձեռք առնվեն Ինզար, Կոզլուջ և Գյուրջևան գյուղերի ազատված բնակիչների անվտանգությունը պաշտպանելու և նրանց մնացած ինչքը պահպանելու համար: Խորհուրդը միաժամանակ խնդրում է, այլ գավառների օրինակով, այստեղ էլ քննությունները կատարել այդ դեպքերի շուրջը և պատժել հանցավորներին:
Ժողովուրդ, թիվ 69, հինգշաբթի, 29 ապրիլի, 1920թ
http://tert.nla.am/archive/NLA%20TERT/JoxovurdYerevan/1920/69.pdf
Լուսանկարում՝ Շամախեցի հայուհի, 1883 թ.