Քաղաքականության մեջ մտնելու գինը, եթե անգամ սուրբ ես

1470

Քաղաքականությունը դաժան եւ անաստված միջավայր է, եւ եթե որոշում ես մտնել այնտեղ, պետք է պատրաստ լինես ընդունել հարվածներ, դառնալ քննադատության թիրախ, հետապնդվել, բանտ գնալ:

Քաղաքականությունը եկեղեցի չէ, ժամ ու պատարագ չէ, աղոթք չէ:

Ես առայժմ մի կողմ եմ թողնում պետություն-եկեղեցի սահմանադրական տարանջատումը, այն է՝ հոգեւորականները չեն կարող զբաղվել քաղաքականությամբ, ինչպես քաղաքական գործիչը չի կարող հավակնել թեմակալ առաջնորդի դերին կամ վարչապետն ու նախագահը չեն կարող դառնալ Ամանայն Հայոց Կաթողիկոս:

Եթե ուզում ես զբաղվել քաղաքականությամբ, ապա հանում ես փիլոնը, մաս կազմում որեւէ կուսակցության կամ ինքդ ես հիմնում քաղաքական ուժ, քշտում թեւքերդ:

Անձնապես ինձ համար շատ տհաճ էր տեսնել ու լսել, թե ինչպես են իշխանությունները թիրախավորում, քննդատում, ապա ծաղրում Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանին: Ոչ միայն նրա համար, որ եկեղեցին ազգային արժեք է, իսկ Մայր Աթոռը՝ կարեւր ինստիտուտ, այլ որովհետեւ Բագրատ սրբազանի հետ ունեմ մարդկային լավ, բարեկամական հարաբերություններ:

Սրա հետ մեկտեղ ընդունում էի, որ եկեղեցականի տեղը եկեղեցին է՝ խաչը ձեռքին, պատարագն է, աղոթքն է, հիվանդներին ու անհույսներին հույս տվողն է, անտառներում կորած մեր վանքերի ճանապարհը ցույց տվողն է:

Ավելին, երբ մտնում ես ներքաղաքական պայքարի մեջ, հավակնում վարչապետի աթոռին, ապա չպետք է տրտնջաս, որ քեզ քննդատում են, ավելին՝ իրավունք չունես հոգեւորականիդ անունը դարձնել գլխարկ ու պաշտպանության վահան:

Այդպես չի լինում ու չի կարող լինել:

Այս օրերին քննդատության թիրախում է մեկ այլ՝ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը: Եթե նախկինում Միքայել սրբազանին թիրախավորում էին իշխանությունները, ապա այսօր դա անում է ընդդիմության մի հատվածը:

Աջապահյան սրբազանի գործունեության հետեւել եմ երկար տարիներ եւ միշտ նկատել եմ, որ բոլոր ժամանակներում, պատարագներից հետո եւ հրապարակային ելույթներում, նա քաղաքական տեքստ է ասել եւ հիմնականում քննդատել օրվա իշխանություններին:

Սրբազանը, որ խանդավառված էր 2018-ի Թավշա հեղափոխությամբ (ես չեմ ուզում այլ մանրամասներ ներկայացնել, որպեսզի սրբազանի դեմ ատելության ու թիրախավորման նոր արշավ չսկսվի), կարճ ժամանակ անց դարձավ գործող իշխանությունների ամենահետեւողական քննադատը:

Բայց այստեղ եւս մենք պետք է հասկանանք, որ դա է քաղաքականության գինը: Մտնում ես քաղաքականության մեջ, պատրաստ եղիր ընդունել հարվածներ եւ մի տրնտջա ու հիշեցրու, որ հոգեւորական ես ու սրբազան:

Նույնը վերաբերում է Մայր Աթոռին ու Ամենայն Հայոց Հայրապետին: Ես, անձամբ, դատապարտելի եմ համարում ատելության, թշնամանքի խոսքը, բայց երբ մտնում ես քաղաքական պայքարի մեջ եւ ավելին՝ ակնհայտ կանգնում որեւէ քաղաքական ուժի կողքին ու թիկունքին, պետք է պատրաստ լինես քննադատություններին:

Եւ վերջում. երբ ընդդիմությունը վարչապետ Նիկոլ Փաշինյանին ու իշխող ուժին պիտակավորում է որպես հակաեկեղեցական, ինքը եւս պետք է զերծ մնա եկեղեցու կամ նրա թեմակալ առաջնորդների դեմ թիրախավորման արատավոր գործելաոճից, ինչը այս օրերին տեսնում ենք Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի հանդեպ:

Թաթուլ Հակոբյան