Ինչու Ադրբեջանը չի ստորագրում Հայաստանի հետ պայմանագիր

1188

Ադրբեջանը Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր չի ստորագրում բազմաթիվ պատճառներով:

Նախիջեւանի հետ անխոչընդոտ հաղորդակցության հարցը ինչպես Բաքվի, այնպես էլ Մոսկվայի օրակարգում են: Հայաստանի ռուսամետ շրջանակները՝ քաղաքական կուսակցություններ, գործիչներ, անուղղակի կամ բացահայտ առաջ են տանում միջանցքի հարցը, այն ներկայացնելով Լաչինի միջանցքը բացելու եւ արցախցիների հավաքական վերադարձի միակ ճանապարհ: Ակնհայտ է, որ այսօր եւ ադրբեջանական պայմաններով ո՛չ Բաքուն է կողմ եւ ո՛չ էլ Արցախի տեղահանված բնակչությունն է պատրաստ դրան:

Խաղաղության պայմանագրի ստորագրումը կնշանակի, որ Ադրբեջանը ռազմական ճանապարհով միջանց բացելու հնարավորությունը պետք է դնի մի կողմ: Սա առաջին եւ հիմնական խնդիրն է, թեւ Բաքուն միջանցքի հարցը չի դնում որպես նախապայման եւ հրապարակավ ներկայացնում է այլ պահանջներ:

Երկրորդ, Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրելուց հետո գրեթե ակնհայտ է, որ Թուրքիան կբացի սահմանը, վերջ կտա 1993 թվականից ի վեր շարունակվող շրջափակմանը, ինչին կտրականապես դեմ են ե՛ւ Ադրբեջանը, ե՛ւ Ռուսաստանը: Թուրքիա-Հայաստան սահմանի բացումը բոլորովին նոր իրավիճակ է ստեղծելու տարածաշրջանում: Կարող է առաջ գալ հայ-թուրքական սահմանից ռուս սահմանապահների, ինչպես նաեւ՝ Գյումրիի 102-րդ ռազմակայանի դուրս բերման անհրաժեշտությունը: Անկարա-Երեւան դիվանագիտական կապերը նվազեցնելու են Ադրբեջանի ունեցած ազդեցությունը Թուրքիայի վրա, այդ թվում՝ թուրքական ներքաղաքական կյանքում:

Երրորդ, Իլհամ Ալիեւին եւ իշխող ընտանիքին անհրաժեշտ է արտաքին թշնամին՝ ներքին կոնսոլիդացիա ունենալու համար: Հայաստանից եւ հայից հարմար թշնամին այս պահին չկա:

Նախօրեին Գերմանիայի նախագահի հետ հանդիպմանը Իլհամ Ալիեւը նշել էր երկու նախապայման՝ Հայաստանի Սահմանադրության փոփոխություն եւ Մինսկի խմբի լուծարում: Եթե հաշվի առնենք, որ պայմանագրի 17 կետերից 15-ի շուրջ կողմերն ունեն համաձայնություն եւ միայն երկու չհստակեցված կետ կա՝ Հայաստանից եվրոպական դիտորդների դուրսբերում եւ միջազգային ատյաններ ներկայացրած հայցերի հետկանչ, ապա կարող ենք ասել, որ հայտարարված ադրբեջանական նախապայմանների թիվը առնվազն չորսն է:

Հայաստանի վարչապետը տարբեր առիթներով հայտարարել է, որ Հայաստանը առաջիկա տարիներին փոխելու է Սահմանադրությունը, նախաձեռնելու է Մինսկի խմբի լուծարում, ԵՄ դիտորդների հետքաշում սահմանից եւ Ադրբեջանի դեմ հայցերի հետկանչ: Բայց սա չի բավարարում Ալիեւին, որովհետեւ Ադրբեջանը ուղղակի չի ուզում ստորագրել խաղաղության պայմանագիր եւ ձգտում է թույլ եւ կամազուրկ իշխանություններից կորզել հնարավոր ամեն ինչ եւ զրո վերջնարդյունքով խաղին տալ իրավաբանական ձեւակերպում:

Հասկանալի են Հայաստանի վախերը եւ ամեն կերպ նոր պատերազմի առիթ չտալու եւ Բաքվի սադրանքնրին չտրվելու իշխանությունների մտահոգություններն ու քայլերը: Իրավամբ, Հայաստանին անհրաժեշտ է խաղաղություն, քանի որ ո՛չ պետությունը, ո՛չ հասարակությունը պատրաստ չեն եւ ունակ չեն այսօր նոր պատերազմի մեջ մտնելու:

Իլհամ Ալիեւը պատրաստ կլինի խաղաղության պայմանագիր կնքել միայն այն ժամանակ, երբ զգա, որ ժամանակն արդեն այլեւս չի աշխատում Ադրբեջանի օգտին, իսկ Հայաստանը կարողանում է ռազմական հավասարակշռությունը վերականգնելու քայլեր անել եւ տեղավորվել անվտանգային մի համակարգում, որի վրա ռազմական հարձակումը շատ թանկ կարժենա Բաքվի համար:

Թաթուլ Հակոբյան