Արցախի եւ արցախցիների հանդեպ գործող իշխանությունների ատելության պատճառները եւ մոտիվացիաները մի քանիսն են:
Նիկոլ Փաշինյանը եւ հատկապես ու առաջին հերթին Նիկոլ Փաշինյանը գիտակցում է, որ 2020 թվականի աղետալի պարտության եւ 2023 թվականի Արցախի հայաթափման պատմական պատասխանատվությունը մեր ժողովրդի հիշողության մեջ մնալու է երկար, շատ երկար: Այստեղ ես չեմ քննարկի, թե ինչքանով է գործող վարչապետը կրում մեղքի ու պատասխանատվության բաժին, որչափ է Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության եւ Հայաստանի ու Արցախի նախկին իշխանությունների պատասխանատվության չափը:
Փաշինյանը գիտի պարզ ճշմարտություն. պատերազմում հաղթում է պետությունը, պատերազմում պարտվում է պետությունը: 2020-ին եւ 2023-ին ինքն էր Հայաստանի ղեկավարը: Արցախում մեր պարտությունն ու հայաթափումը Փաշինյանի եւ գործող իշխանությունների համար պատմական խարան է, եւ ժողովուրդը երբեք դա չի մոռանալու:
Ելնելով այս պարզ գիտակցությունից՝ Փաշինյանի ու թիմի համար կարեւոր է հնարավոր բոլոր ձեւերով ու եղանակներով արժեզրկել Արցախը, Ղարաբաղյան շարժումը եւ այն ամենը, ինչ կապված է 80-90-ականների հաջողության ու հաղթանակների հետ: Նրանք անում են հնարավոր ամեն բան, որպեսզի շրջանառության ու ժողովրդի գիտակցության մեջ դնեն, թե ինչքան վատ տեղ էր Արցախը, թե հանուն ինչի էին հայ տղաները զոհվում այնտեղ, թե ինչպես են Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը «տեղահանվել» եւ հարստահարել Հայաստանի ժողովրդին:
Փաշինյանը նաեւ անձնական եւ ընտանեկան դաշտում ունի խնդիր Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության հետ:
2023 թվականի մարտին Երեւանում կայացավ Հայաստանի եւ Արցախի Անվտանգության խորհուրդների համատեղ նիստը, որն իր տեսակի մեջ վերջինն էր: Ստեփանակերտից դեպի Երեւան ճանապարհը փակ էր, Արցախը՝ երեք ամիս պաշարման մեջ: Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը, Անվտանգության խորհրդի քարտուղար Սամվել Շահրամանյանը Երեւան էին հասել շրջանցիկ ճանապարհով, որտեղ այդ օրերին ադրբեջանցիները սպանել էին արցախցի երեք ոստիկանների:
Այդ նիստի ընթացքում Նիկոլ Փաշինյանը, ինչպես պատմեց մասնակիցներից մեկը՝ անանուն մնալու պայմանով, իրեն բնորոշ ոճով (ինչպես վարչապետին տեսավ հայ ժողովուրդը Ազգային ժողովի ամբիոնից մի քանի օր առաջ) գոռգոռացել ու քննադատել է Արցախի ղեկավարությանը՝ նրանց մեղադրելով իր ընտանիքին հետեւողականերեն եւ սիստեմատիկ կերպով վարկաբեկելու համար: Փաշինյանն ասել է, որ իր տիկնոջ՝ Աննա Հակոբյանին տրվում են նողկալի պիտակավորումներ:
Այդ նիստից հետո Արայիկ Հարությունյանը Արցախի ղեկավարությանն առաջին անգամ ասել է, որ ինքը հրաժարական է տալու՝ մատնանշելով Անվտանգության խորհրդի նիստը եւ Փաշինյանի քննադատությունը:
Փաշինյանի եւ թիմի՝ Արցախի հանդեպ ատելության ու անվստահության մեկ պատճառ եւս կա, որին անձամբ ականատես եղա 2018 թվականի հեղափոխության օրերին եւ դրան հաջորդած ժամանակահատվածում՝ նախքան աղետը:
Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության, բայց նաեւ շարքային արցախցիների մեջ կար մտահոգություն, որ Նիկոլը եկել է Արցախը տալու, որ Նիկոլը Լեւոն Տեր-Պետրոսյանի հոգեզավակն է: Մի կողմ եմ թողնում, թե ինչպիսի անբարո մեղադրանք է սա Հայաստանի առաջին նախագահի եւ Հայաստանի քաղաքացիների հասցեին: Տեր-Պետրոսյանի նախագահության տարիներին է եղել Արցախի հաղթանակը: Սա նաեւ ուրացում ու երախտամոռություն է Հայաստանի եւ այդ օրվա իշխանությունների հասցեին:
Հեղափոխությունից անմիջապես հետո հերթական անգամ մեկնեցի Արցախ, զրույցներ ունեցա տարբեր պաշտոնյաների հետ, որոնք մտահոգություն ունեին, որ Փաշինյանը եկել է իշխանության, որ ծախի Արցախը: Դա հավանաբար գալիս էր Սերժ Սարգսյանից ու նրա թիմից, Ռոբերտ Քոչարյանից ու նրա շրջապատից, ովքեր այդ խոսույթը ագրեսիվ կերպով տարածում էին Հայաստանում եւ Արցախում՝ Փաշինյանին կապելով Տեր-Պետրոսյանի հետ:
Արցախի եւ արցախցիների հանդեպ գործող իշխանությունների ատելությունն ու թշնամանքը տարածում չէին գտնի, եթե դրա համար գոնե որոշ չափով չլիներ նպաստավոր հող:
1997-1998 թվականների պետական, հանցավոր հեղաշրջումը եւ Հայաստանում իշխանության զավթումը կապվում են Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի հետ նաեւ: Ժողովրդի մեջ նրանց անվան հետ է կապվում նաեւ 1999-ի հոկտեմբերի 27-ի ոճրագործությունը, քանի որ ահաբեկչության օրը Հայաստանի նախագահը Քոչարյանն էր, իսկ Ազգային Անվտանգության ղեկավարը՝ Սերժ Սարգսյանը:
Թեւ այդ մասին շատ քիչ է գրվել եւ խոսվել, սակայն Քոչարյանի ու Սարգսյանի նախագահության տարիներին Հայաստանի հասարակության մի մասն ունեցել է ներքին համոզում, որ իրենց ծանր սոցիալ-տնտեսական վիճակի եւ երկրում տիրող անարդարությունների պատճառը հենց ղարաբաղյան կլանն է՝ Քոչարյանի ու Սերժի գլխավորությամբ:

Լրագրող, հրապարակախոս, պատմություն հետազոտող, որն առօրյա փաստերը, դրանց վրա հիմնված դատողություններն ու պատմական փորձառությունը հաջողությամբ միահյուսելով ստանում է ուրույն բովանդակություն։