Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023թ սեպտեմբերի 19-ի հարձակման մասին

1644

Արցախում տեղակայվածի ռուսական խաղաղապահ առաքելության ղեկավարությունը և ոչ էլ Մոսկվայից որևէ պաշտոնյա Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023թ սեպտեմբերի 19-ի հարձակման մասին:

Ճիշտ է, Արցախի իշխանությունները տեղեկություններ ստանում էին շփման գշի երկայնքով ադրբեջանական մեծածավալ կուտակումների մասին, սակայն տեղյակ չէին, թե երբ է լինելու հարձակումը, որպեսզի խաղաղ բնակչությանը տեղեկացնեին սպասվող հարձակման մասին և որպեսզի այդ օրը երեխաներին դպրոց և մանկապարտեզ չտանեին:

Սեպտեմբերի 19-ի առավոտյան Գյումրիի 102-րդ ռուսական ռազմակայանում ծառայող մի արցախահայ սպա, որի ընտանիքը բնակվում էր Ստեփանակերտում, վաղ առավոտյան զանգահարում է Արցախի նախագահական և տեղեկացնում, որ Ադրբեջանը ժամեր անց սկսելու է հարձակումը շփման գծի ողջ երկայնքով և այդ մասին ինքը տեղեկացել ռուսական ռազմակայանի ղեկավարությունից:

Ահա այդ տագնապալի լուրը ստանալուց հետո նախագահ Սամվել Շահրամանյանը բարձրանում է Շուշիի ուղղություն, զրուցում այնտեղ տեղակայված ռուսական խաղաղապահ առաքելության ղեկավարության հետ, որոնք հաստատում են, որ կարճ ժամանակ անց Ադրբեջանի հրետանին աշխատելու է Ստեփանակերտի ուղղությամբ:

Ահա դրանից հետո է միայն Արցախի ղեկավարությունը տագնապի շչակը միացնում և պատրաստվում պատերազմին, որը տևում է մեկ օր:

Թաթուլ Հակոբյան

Շարունակելի

Այս շարքի մեր նախորդ երեք հրապարակումներն են՝ «Արցախի վերջին ժամերը, վերջին շաբաթները, վերջին ամիսները», «Հինգ հայեր, որոնց պահանջել է Բաքուն. Ռուբեն Վարդանյան, Արկադի Ղուկասյան, Բակո Սահակյան, Դավիթ Բաբայան, Կամո Վարդանյան», «Ռուբեն Վարդանյանի եւ Դավիթ Բաբայանի ձերբակալության պահանջը դրել է անձամբ Իլհամ Ալիեւը», «Ռուբեն Վարդանյանի, Դավիթ Մանուկյանի եւ Լեւոն Մնացականյանի ձերբակալությունը Հակարիում», «Արկադի Ղուկասյանին, Բակո Սահակյանին և Դավիթ Իշխանյանին ռուս խաղաղապահները Ադրբեջանին հանձնել են Կարեն Սարգսյանի առանձնատանը», «Արայիկ Հարությունյանի ձերբակալությունը և տեղափոխումը Բաքու. մանրամասներ Եվլախի հանդիպումից»: