Կարսի դաշնագրով ապացուցեցինք՝ հարևանների հետ կարող ենք ապրել. Մյասնիկյան, 30 հունվար, 1922

3738

Ընկեր Մեասնիկեանի ճառը Հայաստանի խորհրդների առաջին համագումարի նիստում, որպէս զեկուցում Խորհրդային իշխանության կողմից

(Յունւար 30-ին, 1922 թ), հատւածաբար

(Բուռն ու երկարատև ծափեր, ովացիաներ, բացականչություններ՝ «կեցցէ հայկական Լենինը»)

Ընկերներ, ես այստեղ պիտի տամ մեր կառավարության կողմից հաշիւ, որ ընդգրկի մօտաւորապէս մի տարւա ժամանակամիջոց: Այս մի տարւա ընթացքում Խորհրդային կառավարությունը Հայաստանում աշխատել է մի կողմից վերացնել հինը, անպէտքը, միւս կողմից կամաց-կամաց ամրապնդել իր հիմքերը, անել այն գործը, որ դրւած է հայ բանվորների և գիւղացիների ուսերի վրա:

Խորհրդ. կառավարութիւնն իր յաղթանակից յետո ի՞նչ ստացաւ հին կառավարությունից որպես ժանգառութիւն… Հին կառավարութիւնից մենք ստացանք քանդւած երկիր, քայքայւած ժողովուրդ. պետք է նախ կարգի ձգել նրան և ապա անցնել շինարար աշխատանքի…

Խորհրդային կառավարութիւնը Հայաստանում պիտի մոռցնել տար հին կառավարութեան, դաշնակցութեան հիմունքները թէ արտաքին և թէ ներքին քաղաքական կյանքում: Ի՞նչ էր դաշնակցութեան օրով հին միջազգային քաղաքականութիւնը. դա բնորոշել կարող ենք մի խօսքով.- հայի վաղեմի դիւանագիտական քաղաքականութիւն, որը ելակէտ ուներ եւրոպական երկրների այս կամ այն քաղաքական փոխյարաբերութիւնը՝ որպէս բուրժուական դասակարգերի շահերից բխած քաղաքականութիւն, այս կամ այն մոմենտին: Դա միջազգային դիպլոմատիայի խաղերից ու քմահաճույքից կախւած քաղաքականութիւնն էր: Մեր աշխատաւորական քաղաքականութիւնը ուրիշ է: Մենք հիմնւում ենք աշխատաւոր դասակարգերի փոխ-յարաբերության վրա: Հայկական նախկին բուրժուական կառավարութիւնները միշտ մտածել են, որ մեր բաղդը կախւած է եւրոպական դիպլոմատիայի քմահաճույքից, որ անգլիական բուրժւազիան կամ Ֆրանսան կարող են Հայաստանն ազատագրել, որ Ամերիկան կվերցնի Հայաստանի մանդատը… Հարցեր են դնում, թէ մի՞թէ երկու Հայաստան պիտի լինի: Մարդիկ իրանք չունենալով դեռ մի Հայաստան, խօսում են երկու Հայաստանի մասին (ծափեր):

Այլ է սակայն մեր տեսակէտը. մենք հիմնվում ենք աշխատաւորութեան վրա և նրա տեսակէտով առաջնորդւում. այն է, կապ պահպանել աշխատաւոր տարրերի, Խորհրդային երկրների հետ և այդ ուղիով ապահովել մեր երկիրը: Մեր օրիէնտացիան աշխատաւորական է: Մենք մեր նավը բռնում ենք Խորհրդային երկրների կողմը, կապ պահպանելով նաև Եւրոպայի, Արևմուտքի, նրա պրոլետարիատի հետ անխտիր…

Ներկա Խորհրդային Հայաստանը եղել է միակ երկիրը, որ կարողացել է մի տարվա ընթացքում խաղաղութիւն հաստատել իր երկրում՝ դաշն կապելով հարևանների հետ և պահպանելով Հայաստանի ժողովրդի ֆիզիքական գոյութիւնը: Այս տեսակէտն ունենալով, մենք գնացինք Ղարս, դաշն կապեցինք թուրքերի հետ, որոնք համարւում էին Հայաստանի դարաւոր թշնամիները:

Արտասահմանեան թերթերը շարունակ գրում էին, որ Հայաստանի համար այս դաշն խայտառակ դաշինք էր. բայց հայ աշխատաւորութիւնը լաւ հասկանում է, որ այդ դաշինքը երաշխաւորեց իր խաղաղ կեանքը:

Մինչդեռ Դաշնակցութիւնը մտածում էր մի անկախ Հայաստանի մասին, որ տարածւում էր ծովից ծով և բռնելու էր ներկայ Ֆրանսիայի երեք-քարորդ տարածութիւնը, մենք հրաժարւեցինք այդ յիմարութիւնից, իմանալով, որ այդ երազները առաջ կբերեն միայն ազգակործան կռիւներ՝ ինչպէս եղել է անցեալում:

Ղարսի դաշնագրով, մենք ապացուցեցինք, որ մեր հարևանների հետ կարող ենք ապրել: Մենք կարծում ենք, որ թէ՛ հայ, թէ՛ թուրք, ժողովուրդները աշխատաւորներ են, որոնք երբևէ մեղաւոր չեն այդ իրարաջնջման գործում, այլ մեղաւոր են եղել նրանց կառավարութիւնները: Ժողովուրդը պիտի կրթել, դաստիրակել և Խորհրդային Հայաստանը գործնականապէս ցոյց տւեց այդ՝ հրաւիրելով այդ ժողովուրդներին մասնակցելու երկրի շինարարությանը:

Նոյն միջազգային քաղաքականութիւնը մենք տարանք Անդրկովկասում, Վրաստանի և Ազրբեջանի հանդէպ: Նախկին կառավարութիւնը նրանց հետ էլ շարունակ կռւի մեջ էր: Մեր օրով վերջացան այդ վէճերը և այժմ բոլոր Կովկասեան Խորհրդային Հանրապետութիւնները ապրում են եղբայրաբար: Նորերս մենք ցանկութիւն յայտնեցինք, որ Կովկասեան հանրապետութիւնները իրար հետ դաշն կապեն՝ ստեղծելով Խորհրդային ֆեդերացիա: Այն ընկերը, որ այստեղ պիտի զեկուցի այդ մասին, կապացուցանէ, որ այդ ֆեդերացիան աւելի ևս կամրապնդի աշխատաւորության շահերը և Կովկասը, մանաւանդ մեր երկիրը, կարող է տնտեսական նեղ դրութիւնից ազատել: Ահա այն քաղաքականութիւնը, որ մենք առաջ ենք տանում: Թող մեր թշնամիները խօսեն, որ մենք դաւաճանում ենք ժողովրդին: Այդ ժողովուրդն այսօր տեսնում է, թէ ինչ գործ է կատարում մեր կառաւարութիւնը:

Այժմ թոյլ տւէք անցնել մեր ներքին քաղաքականութեանը:

Մեր ներքին քաղաքականութիւնը մենք տանում ենք մի որոշ գծով, որ կարմիր թելով անցնում է մեր գործերի միջով: Դա կայանում է նրանում, որ մենք ունենալով ղեկը մեր ձեռքին, յենւելով բանւորների և գիւղացիների վրա, հրաւիրում ենք և հնարաւորութիւն ենք տալիս բոլոր կարող ուժերին՝ աշխատանք թափել մեր երկրի վերաշինութեան համար:

Այսօր Խորհրդային կառավարութեան օրով, ականատես չե՞նք այն բանին, որ հէնց առաջին րոպէից վերցւել են բոլոր ազգամիջեան գժտութիւնները, որոնք դաշնակների օրով սովորական էին: Բայց մեր թշնամիները միշտ էլ աշխատել են մեր դէմ փոթորիկներ բարձրացրել, այս քաղաքականութեան ընթացքին: Դաշնակները չէին կարող  հաշտվել այն բանի հետ, որ այս երկրում լինի Խորհրդային իշխանութիւն: Նրանք զենք վերցրին մեր դէմ անցեալ յունիս յուլիսին՝ Զանգեզուրում: Սակայն մենք եղանք համեբերատար, գնացինք նախ նրանց մօտ, վերացնելու կռւի հնարաւորութիւնները, բայց թշնամին եղաւ առաջինը, որ թէ՛ փետրվարին, թէ, Զանգեզուրում նախայարձակ եղաւ, նմանւելով առակի այն գայլին, որ միշտ դէպի անտառ է նայում: Մենք պիտի զսպէինք այդ գայլին և մենք զսպեցինք՝ Կարմիր Բանակի շնորհիւ (ծափեր):

Արտասահմանում, շատ յաճախ, թերթերը գրում են, որ Հայաստանում մենք հալածում ենք ոչ-կոմունիստ տարրերին, որ բանդարկութիւններ, բռնադատութիւններ են լինում, և այլն, և այլն… Հայաստանի ներսումը թող ժողովուրդը խօսի ու գնահատի մեր քաղաքականութեան մասին: Մենք զանազան  կուսակցութիւններին, խմբակներին տւել ենք ազատութիւն: Օրինակ, թոյլ տւինք հրապարակել այստեղ «Մշակ» անկուսակցական թերթը, սակայն նա չկարողանալով մրցել մեր իդէաների հետ, քօչեց այս տեղից Թիֆլիս: Դաշնակները ինչքան կը մնան հլու սպասաւոր Եւրոպական բուրժուազիային, մենք նրանց չենք կարող տալ ազատութիւն, որովհետև նրանք քարուքանդ կանեն մեր երկիրը, իսկ այդ բանը չի ուզում հայ աշխատաւորութիւնը: Աշխատաւորական դաշնակցականները մեզ դիմում են արել, որ թոյլ տանք իրանց ազատ գործելու այստեղ: Մենք պատասխանել ենք նրանց. «Քանի ձեր ճակատին կը կրէք «դաշնակցական» կործանարար բառը մենք չենք կարող թոյլ տալ. դուք եղէք միայն աշխատաւորականներ և այն ժամանակ տեղ կը գտնէք մեր երկրում» (ծափեր):

Մենք այստեղ լուծեցինք նոյնիսկ հոգևորականության հարցը: Հոգևորականները երբեք չպիտի ասեն, որ իրենք հալածւում են: Խիղճը և կրօնը այստեղ ազատ է, միայն թէ հոգևորականներ չպիտի զբաղւեն քաղաքականությամբ: Հոգևորական քաղաքագէտները մեզ պէտք չեն: Վերջերս, սակայն, Պօլսահայ թերթերում կարդացինք, թէ Հայոց կաթուղիկոսը մի կոնդակով Լուսաւորչի շքանշանն է տւել Պօղոս Նուբար փաշային և Նորատունկեան էֆենդիին… Փաշան և Էֆենդին ինքնակոչ կերպով Հայաստան են պաշտպանում և ծեծում են Եւրոպական մինիստրների դռները: Պօղոս Նուբարի արածը մի լաքէյութիւն է, իսկ շքանշան տրւում է հերոսութեան և գործի հմար և ոչ թե սպասաւորութեան, լաքէյութեան, (ծափեր):

Այստեղ, ահա, մենք կարող ենք ասել մեր սուրբ հայերին. «Մի քիչ սպասեցէք, մի քիչ սպասէցէք, գուցէ շատ էր շտապում և զբաղւեցէք միայն ձեր կրօնական գործերով»: (ծափեր)

Մենք մեր վերաբերմունքը ցույց տւինք նոյնպէս ինտելիգենցիայի հանդէպ: Մենք հրաւիրեցինք նրան գործի: Նրա լաւագույն մասը  եկաւ, անկախ իր դաւանանքից: Եթէ նա յանուն աշխատաւորութեան կաշխատի, թող աշխատի: Մենք մեր սահմանները բացինք խաբված դաշնակների առաջ: Արտասահմանեան ինտիլիգենցիան ևս ազատ կարող է գալ: Խորհրդային Հայաստանը ներկայացնում են որպէս վիշապ, որը եկողին կկլանի, մինչդեռ շատ Եւրոպայի բուրժուաներ գալիս են այստեղ և Եւրոպայի ու Պոլսի պոռնիկ փողոցներից աւելի գնահատում Երևանի փողոցները:

Մեր քաղաքականութիւնը մանր սեփականատերների, գիւղացիների հանդէպ

Մեր հոգսերից ամենախոշորն է կազմում քաղաքի բանւորութիւնը կապել գիւղացիների հետ, որովհետև առանց իրար ուժի՝ չենք կարող մենք տէր դառնալ այս երկրին: Խորհրդային կառավարութիւնը գիւղացու համար ամենալաւ կառավարութիւնն է: Գիւղացու և բանւորի ընկերակցութիւնը պիտի ամրացնել…

Հայաստանը մի երկիր է, ուր սոցիալական ապահուութիւնը նոյն դերն է խաղում, ինչ գիւղատնտեսութիւնը: 50 հազար որբ ունենք, որոնք պահւում են մեր, ամերիկացիների և այլոց միացեալ ոյժերով: Նրանց մի մասը դեռ չի տեղաւորւած: 200,000 գաղթականութիւն կա Հայաստանում: Մի երկիր, որը մէկ և կէս միլիոն ժողովուրդ ունի, որը կապւած չէ հողին և անարդիւնաբերութեան, նրան պիտի կերակրել և այդ մասին մենք մտածում ենք: Մենք հիւրընկալել ենք ամերիկացիներին, որոնք գործունեա մարդիկ են, նրանք իսկապէս որ մի գործ անում են այստեղ, չեն զբաղւում քաղաքական հարցերով և արժանի են մեր քաջալերութեան…

Անկախութիւնը նպատակ չէ աշխատաւորութեան համար, այլ միջոց. նպատակը բարեկեցիկ կեանքը և լուսաւոր ապագան է, յանուն որի երկիրը կռւում է: Նրանց քաղաքական նպատակները իբր թէ անկախութիւնն է եղել, այն ինչ երկիրը նրանք սպանդանոց էին դարձրել: Նրանք սկզբունքի և գործի մարդիկ չէին և այդ պատճառով փրփուրի նման գնացին ու չքացան: Յանուն այն բանի, որ բանվորը մուրճ ունենա իւր ձեռքին, իսկ գիւղացին հող, մենք կազմակերպել ենք Կ. Բանակը, յաղթահարել ենք բոլոր դժւարութիւնները ու ձեռք բերել իսկական անկախութիւնը:

Խօսւում է լեզւի մասին, թէ հայ լեզուն կորաւ տիրապետողը լինելուց, իսկ ես ասում եմ երջանիկ են Հայաստանի բոլոր ազգութիւնները, որ հնարաւոութիւն ունեն իւրաքանչիւրն իր մայրենի լեզւով խօսելու (ծափեր): Ասում են թե նա ինչ կառավարութիւն է, որի գլխին Ռուսաստանի Կ. Բանակն է կանգնած, բայց ով կուրանա, որ նրան մենք ենք կանչել, որովհետև միմիայն մեր սեփական ոյժերով իսկոյն ազատագրւել չէինք կարող: Իսկ ազատւել պետք էր: Այո, մենք ասում ենք, որ այս երկիրը մերն է և չնայած, որ գտնւում է դժնդակ պայմաններում, բայց և այպէս նա դուրս կը գա այդ դրութիւնից ոչ թէ կարեկցութիւն հասցնելով, այլ աշխատաւորութեան հուժկու բազուկներով:

«Խորհրդային Հայաստան», թիւ 26, հինգշաբթի, 2 փետրւարի, 1922թ.

Դիտել նաև՝