Ազգային ուխտը, թուրքերենով՝ Misak-ı Millî, 6 կետերից կազմված ծրագիր է, որը հիմք է հանդիսացել, որ Մուստաֆա Քեմալի [Աթաթուրք] Թուրքիայի Ազգային մեծ ժողովը տարածքային պահանջներով հանդես գա հետագայում, այդ թվում՝ Կարսի և Արդահանի հանդեպ, 1921թ. Կարսի և 1923թ. Լոզանի խորհրդաժողովներում:
Օսմանյան ներքգործնախարար Դամադ Ֆերիդ փաշան, Մեհմեդ 6-րդի հիվանդության և բացակայության պայմաններում, հանդես եկավ բացման ճառով 1920 թվականի հունվարի 28-ին:
28 հունվար, 1920թ.
Հոդված 1. Օսմանյան կայսրության այն տարածքների ճակատագիրը, որոնք բնակեցված են բացառապես արաբական մեծամասնությամբ և որոնք 1918թ. հոկտեմբերի 30-ի զինադադարի կնքման պահին գտնվում էին թշնամական բանակների զավթման տակ, պետք է որոշվի համաձայն տեղի բնակչության ազատ կամարտահայտության: Զինադադարի այս և այն կողմերի վրա գտնվող կայսրության մասերը, որոնք բնակեցված են օսմանյան-մուսուլմանական մեծամասնությամբ, որոնք միավորված են կրոնական ու մշակութային կապերով և տոգորված միևնույն իդեալներով, ոգեշնչված են իրենց ազգային իրավունքների և իրենց սոցիալական դրության նկատմամբ փոխադարձ հարգանքով, կազմում են մեկ ամբողջություն, որը չի հանդուրժում ոչ փաստացի, ոչ իրավական անջատում:
Հոդված 2. Ինչ վերաբերում է Կարսի, Արդահանի և Բաթումի սանջակներին, որոնց բնակչությունը ազատագրվելուց հետո հանդիսավոր քվեարկությամբ հաստատել է մայր-հայրենիքի գիրկը վերադառնալու իր կամքը, ապա սույն ուխտն ստորագրած (խորհրդարանի) անդամները հնարավոր են համարում անհրաժեշտության դեպքում երկրորդ ազատ հանրաքվեի անցկացումը:
Հոդված 3. Արևմտյան Թրակիայի իրավական կարգավիճակը, որի սահմանումը գտնում էին, որ կախված էր Թուրքիայի հետ հաշտություն կնքելուց, պետք է հիմնված լինի բնակչության ազատ կամարտահայտությամբ:
Հոդված 4. Կ. Պոլսի` կայսրության մայրաքաղաքի և խալիֆայության ու օսմանյան կառավարության նստավայրի, ինչպես նաև Մարմարա ծովի անվտանգությունը պետք է պաշտպանված լինի ամեն չարամիտ նկրտումներից:
Այս սկզբունքը հաստատելուց և կենսագործելուց հետո, (սույնը) ստորագրողները պատրաստ են հարել մեկ կողմից օսմանյան կառավարության և մյուս կողմից շահագրգռված տերությունների միջև փոխադարձ համաձայնությամբ ընդունված այս կամ այն որոշմանը, որպեսզի ապահովվի նեղուցների բացումը համաշխարհային առևտրի և միջազգային հաղորդակցությունների համար:
Հոդված 5. Փոքրամասնությունների իրավունքները կվավերացվեն ճիշտ այն սկզբունքներով, ինչպես դրանք մյուս երկրներում հօգուտ փոքրամասնությունների սահմանված են Անտանտի տերությունների, նրանց հակառակորդների ու նրանց միացած մի քանի տերությունների միջև հատուկ այդ նպատակով (ad hoc) կնքված կոնվենցիաներով:
Մյուս կողմից, մենք հաստատ համոզված ենք, որ դրացի երկրներում մուսուլմանական փոքրամասնությունները իրենց իրավունքների առումով կօգտվեն նույնպիսի երաշխիքներից:
Հոդված 6. Մեր ազգային և տնտեսական զարգացումը հնարավոր դարձնելու և երկիրն ավելի այժմեական, ճիշտ որոշումներ կայացնող վարչակարոգով ապահովելու նպատակներով, (ստորև) ստորագրողները անսահմանափակ անկախությամբ և գործողությունների լիակատար ազատությամբ օգտվելու հնարավորությունը դիտում են որպես մեր ազգային գոյության անհրաժեշտ (sine gua non) պայմանը: Ուստի մենք ընդդիմանում ենք ամեն տեսակ իրավական կամ ֆինանսական սահմանափակումներին, որոնք կարող են խանգարել մեր ազգային զարգացմանը:
Այս սկզբունքներին չպետք է հակասեն այն պարտավորությունների կատարման պայմանները, որոնք կարող են դրվել մեզ վրա:
* “Հայաստանը միջազգային դիվանագիտության և սովետական արտաքին քաղաքականության փաստաթղթերում (1828-1923”, “Հայաստան” հրատարակչություն, Երևան, 1972, էջ 606-607:
Լուսանկարում – Դամադ Ֆերիդ փաշան՝ ֆեսով, Սևրի պայմանագիրը ստորագրած երեք թուրք գործիչների հետ՝ նրանից աջ՝ Ռըզա Թեվֆիկ, նրանից ձախ՝ կրթության նախարար Բաղդաթլը Հադի փաշա, և դեսպան Ռեշադ Հալիս: Դաշնակիցների նավով նրանք ուղևորվում են Փարիզի Խաղաղության խորհրդաժողովին մասնակցելու