Այս լուսանկարը, որտեղ միաժամանակ երեւում են Արարատի երկու եւ Արագածի չորս գագաթները, ինձ տարավ մեր պատմության կարեւորագույն եւ ողբերգական մի ժամանակահատված, երբ Հայաստանի հիմնադիր հայրերը 1918 թվականին խելահեղ ջանքեր էին գործադրում՝ ազգը փրկելու վերջնական կործանումից:
Նորանկախ Հայաստանի Հանրապետության տարածքը անգամ չէր ներառում Արագած սարը: Բաթումի բանակցությունների ընթացքում հայկական պատվիրակությունը խնդրեց Օսմանյան պատվիրակներ Վեհիբին եւ Խալիլին, որպեսզի թուրքերը գոնե զիջեն Արագած սարը: Սա, փաստացի, միակ զիջումն էր, որ արեցին թուրքերը: Այսպես ՀՀ-Օսմանյան կայսրություն սահմանանագիծը անցավ Արագածի գագաթներով:
Ընդամենը մեկ տարի անց, երբ Օսմանյան կայսրությունը իրեն պարտված ճանաչեց Առաջին աշխարհամարտում եւ իր զորքերը հետ կանչեց նաեւ հայկական գրավյալ հողերից, Հայաստանն ընդարձակվեց: Իսկ երբ բրիտանացիների զինական օգնությամբ Նախիջեւանն ու Կարսը եւս միացվեցին Հայաստանի Հանրապետությանը, արդեն Արարատի գագաթը դարձավ ՀՀ-Օսմանյան կայսրություն սահմանը:
Ճիշտ է, դա կարճ տեւեց: 1920 թվականի աշնանն արդեն մենք կորցրինք Արարատը, Սուրմալուն, Կարսն ու Անին, իսկ Նախիջեւանը կորցրել էինք ավելի շուտ:
1921 թվականի սեպտեմբեր-հոկտեմբերին՝ Կարսի բանակցությունների ընթացքում, Խորհրդային Հայաստանի պատվիրակները խնդրեցին քեմալականներից, որ Անիի ավերակներն ու Արարատ սարը, որպես հայ ժողովրդի խորհրդանիշեր, վերադարձվեն Հայաստանին: Թուրքերը կտրականապես մերժեցին առաջարկը եւ որոշ ժամանակով անգամ դադարեցրին բանակցությունները:
Այս գրությանը կցում եմ նաեւ իմ պատրաստած փաստագրական ֆիլմաշարի առաջին մասը, որը պատմում է նաեւ այն մասին, թե ինչպես Արագածը մնաց Հայաստանի Հանրապետության կազմում:
Լուսանկարը՝ Վարդան Պետրոսյանի
Լրագրող, հրապարակախոս, պատմություն հետազոտող, որն առօրյա փաստերը, դրանց վրա հիմնված դատողություններն ու պատմական փորձառությունը հաջողությամբ միահյուսելով ստանում է ուրույն բովանդակություն։