Հայերը և թուրքերը՝ 1918-1921. Հայաստանի Հանրապետության հիմնադրումը (փաստագրական սցենար)

3702

Հայերը և թուրքերը՝ 1918-1921. Հայաստանի Հանրապետության հիմնադրումը

Հայկական ուսումնասիրությունների ԱՆԻ հիմնադրամը՝

Ալտեռայի հետ համագործակցությամբ,

Ժողովրդավարության զարգացման հիմնադրամի և

Եւրասիա համագործակցություն հիմնադրամի աջակցությամբ

Ներկայացնում է

Թաթուլ Հակոբյանի ֆիլմաշարը

ՀԱՅԵՐԸ և ԹՈՒՐՔԵՐԸ 1918-1921

ՖԻԼՄ ԱՌԱՋԻՆ

ԹԻՖԼԻՍ, ՍԱՐԴԱՐԱՊԱՏ և ԲԱԹՈՒՄ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԴՐՈՒՄԸ

Մաս առաջին

ՌՈՒՍՆԵՐԸ ՀԵՌԱՆՈՒՄ ԵՆ ԱՆԴՐԿՈՎԿԱՍԻՑ

Տեքստ

1917 թվականի ռուսական երկու հեղափոխությունները հիմնովին փոխեցին հայերի կյանքը հետագա տարիներին ու տասնամյակներին: Հայ ժողովուրդը 20-րդ դար էր մտել՝ բաժանված հիմնականում Ռոմանովների Ռուսաստանի և Օսմանյան կայսրության միջև: Փետրվարին Պետրոգրադում գահընկեց էր արվել Նիկոլայ Երկրորդ ցարը, որով և վերջ էր դրվել Ռոմանովների երեքհարյուրամյա ժամանակաշրջանին: Անդրկովկասի ժողովուրդները հույսեր ու ապագա էին տեսնում՝ նոր Ռուսաստանի հովանու ներքո: Չկար որևէ քաղաքական ուժ կամ ազգություն, որ դներ Ռուսաստանից անջատման պահանջ:

Սթենդ ափ – Թիֆլիս

1917-ի աշնանն այստեղ՝Արտիստական թատրոնի շենքի ընդարձակ սրահում, տեղի ունեցավ հայ քաղաքական ու հասարակական կազմակերպությունների հավաք: Թիֆլիսը շարունակում էր մնալ Անդրկովկասի ամենահայաշատ քաղաքը: Այդ հավաքի արդյունքում ձևավորվեց Թիֆլիսի Հայոց Ազգային խորհուրդը՝ բազմակուսակցական մարմին Հայ Յեղափոխական Դաշնակցություն կուսակցության ղեկավորությամբ: 1918-ի մայիս-հունիսին այս խորհուրդն էր հռչակելու Հայաստանը՝ առանց հանրապետություն և անկախություն բառերի:

Թիֆլիսում շաբաթներ տևած ազգային խորհրդաժողովում Ռուսաստանից անկախանալու հարց չէր դրվում: Հակառակը՝ հայ քաղաքական ուժերն ու երևելի դեմքերը հենց Ռուսաստանի հովանու տակ էին տեսնում արևելահայ ժողովրդի կյանքը: Բոլշևիկների հոկտեմբերյան հեղաշրջումը, սակայն, որ հաջորդեց ազգային խորհրդաժողովին, գլխիվայր շրջեց ակնկալիքներն ու հույսերը:

Անդրկովկասի երեք հիմնական ազգությունները՝ հայերը, վրացիները և մուսուլմանները՝ ադրբեջանցիները, ձևավորեցին տեղական կառավարություն ու խորհրդարան՝ Կոմիսարիատ և Սեյմ: Նպատակը Ռուսաստանից անջատվելը չէր, թեև բոլշևիկյան հեղաշրջումը խիստ մտահոգել էր նրանց: Հայերի տագնապները խորացան, երբ բոլշևիկները որոշեցին դատարկել Կովկասյան ճակատը ռուսական զորքերից, որոնք կանգնած էին Սև ծովից՝ Տրապիզոնից մինչև Վան ձգվող շուրջ 500 կիլոմեր երկարությամբ տարածքներում: Ռուս զինվորները զանգվածաբար լքում էին ճակատը:

Սթենդ ափ – Մոսկվա

Ռուսաստանը լուծարել էր հայկական կամավորական ջոկատները: Հայերը, որ Առաջին աշխարհամարտում ցարական զորքերի կողքին կռվել էին Օսմանյան կայսրության դեմ, կանգնեցին դժոխային ընտրության առաջ: Թուրքական առաջխաղացման դիմաց մեն մենակ մնացած, նրանք բոլշևիկներին մեղադրեցին հայությանը լքելու և ստոր դավաճանության մեջ:

Օսմանյան կայսրությունը պարտվում էր շարունակվող աշխարհամարտում, մինչդեռ Կովկասյան ճակատում, ռուսական զորքերի անկանոն նահանջից հետո, նրանց առջև բացվել էր ճանապարհը դեպի Անդրկովկաս և նավթով առատ Բաքու: Թուրքական զորքերն առաջ էին շարժվում դեպի արևելք:

Երզնկայի անկումը ցնցեց ամենքին: Այդքան ճիգով ու արյուն-քրտինքով բնակեցված ԹուրքաՀայաստանը նորից դատարկվում էր: Երզնկայից մինչև Վան տեղահան եղած ժողովուրդը գաղթում էր: Փախստականների շարանը սկսել էր հասնել Երևան ու Թիֆլիս: Նորից ավեր ու թշվառություն ամեն կողմ, Թուրքահայաստանը մահացու վտանգի առաջ:

Դատարկվող ռազմաճակատը զբաղեցնում էին նոր կազմավորվող Հայկական կորպուսի ստորաբաժանումները: Կորպուսի հրամանատարը ցարական բանակի զորավոր Թովմաս Նազարբեկյանն էր: Դեպի Անդրկովկաս թուրքական արշավանքը շարունակվում էր, երբ Բրեստ-Լիտովսկում Վլադիմիր Լենինի բոլշևիկյան կառավարությունը ճանաչեց Օսմանյան կայսրության գերիշխանությունը հայկական գավառներում՝ թուրքերին զիջելով Կարսը, Արդահանը, ինչպես նաև՝ Բաթումը: Զորավար Մեհմեդ Վեհիբ փաշան, հիմք ընդունելով Բրեստ-Լիտովսկը, պահանջեց ամենակարճ ժամկետներում դատարկել երեք շրջանները:

Սթենդ ափ – Անի

Թուրքական զորքերը արդեն հասել էին Էրզրում: Քաղաքը և բերդը հայկական զորքերի ձեռքում էր, ռազմական պատասխանատուն զո րավար Անդրանիկն էր: Հայկական ուժերը Երզնկայից մինչև Էրզրում, Կարս ու Անի և Արարատյան դաշտ՝ Սարդարապատ, որևէ լուրջ դիմադրություն ի վիճակի չէին ցույց տալու:

Անդրկովկասի ժողովուրդները խաղաղություն էին ուզում, սակայն պատրաստ չէին գին վճարել: Վրացիները մերժում էին Բաթումը թուրքերին հանձնելու ակնարկն իսկ, հայերը դեմ էին, որ Կարսն ու Արդահանը վերադարձվի, մինչդեռ մուսուլմանները՝ ադրբեջանցիները, սպասում էին օսմանյան զորքերին, հույսով նրանց օգնությամբ հաստատվել Բաքվում, որտեղ իշխանության էր Ստեփան Շահումյանի բոլշևիկյան խորհուրդը: Անդրկովկասյան Սեյմն ու Կոմիսարիատը մերժեցին ճանաչել Բրեստ-Լիտովսկի դաշնագիրը և պատվիրակություն ուղարկեցին Տրապիզոն՝ բանակցելու Օսմանյան կայսրության հետ:

Սթենդ ափ – ստուդիա, Երևան

Տրապիզոն մեկնելու ճանապարհին, պատվիրակության անդամներից Ալեքսանդր Խատիսյանը կովկասյան զինվորական շտաբից իր հետ վերցրել էր քարտեզ։ Այդ քարտեզը Հայաստանի երկրորդ վարչապետը իր մոտ պահեց մինչև կյանքի մայրամուտ։ Այդ քարտեզը նա բոլոր խորհրդաժողովներում դնում էր բանակցությունների սեղանին։ Խատիսյանը հետագայում դառը հեգնանքով ու ցավով պիտի գրեր այդ քարտեզի վրա Վեհիբ փաշան, Ռաուֆ բեյը Էնվեր փաշան և Բեքիր Սամի բեյը հաջորդաբար գծել էին Հայաստանի սահմանները:

Այն քարտեզը, որ իր մոտ պահում էր Խատիսյանը և այն սահմանները, որ գծում էին թուրքերը, շա՜տ տարբեր էին: Տրապիզոնի բանակցությունների ընթացքը Թիֆլիսում՝ Անդրկովկասյան սեյմում տիրող մթնոլորտի ու ակնկալիքների հակապատկերն էր: Թուրքերը երկու պահանջ դրեցին՝ առաջին՝ Անդրկովկասի անջատում Ռուսաստանից և երկրորդ՝ Բրեստ-Լիտովսկի պայմաններով գծված քարտեզը պետք է լինի սահմանը Օսմանյան կայսրության և Անդրկովկասի միջև: Թուրքերը հայերին և վրացիներին անգամ մտածելու ժամանակ չէին թողնում: Ինչ անել:

Սթենդ-ափ, ստուդիա, Գյումրի

Գիշերը պատվիրակության հայազագի անդամներից Ալեքսանդր Խատիսյանը հանդիպում է վրացի Ակակի Չխենկելիի հետ, երկուսն էլ այն կարծիքին էին, որ պետք է զիջումների գնալ: Խատիսյանն ու հայ մեկ այլ պատվիրակ՝ Հովհաննես Քաջազնունին, հեռագրում են Կոմիսարիատի ֆինանսների նախարար Կարճիկյանին. «Անհրաժեշտ ենք նկատում Դաշնակցության ուշադրությունը հրավիրել այն բանի վրա, որ ստեղծված պայմաններում Բրեստ-Լիտովսկի դաշնագիրն ընդունելը փոքրագույնն է»:

Տրապիզոնում Անդրկովկասյան պատվիրակությունը հակված էր ամենածանր պայմաններով անգամ հաշտություն կնքել: Ռազմադաշտում թուրքական ուժերը՝ առանց լուրջ դիմադրության ու կորուստների, մոտենում էին հայկական և վրացական նահանգներին: Մինչդեռ Թիֆլիսում՝ Սեյմում, շարունակում էին հնչել հայրենասիրական ճառեր ու պատերազմով թուրքերին կանգնեցնելու կոչեր: Օսմանյան պատվիրակությունն առաջարկեց առանց դիմադրության, 48 ժամում դատարկել Կարսը, Արդահանը և Բաթումը:

Սթենդ-ափ, ստուդիա, Երևան

Վրացիները չէին ուզում լսել Բաթումը հանձնելու մասին: Մարտիրոս Հարությունյանը Դաշնակցության անունից հայտարարեց՝ «մեր ժողովրդի միակ փրկությունը զենքի մեջ է… Մենք կշարունակենք պայքարը Թուրքիայի դեմ, որովհետև մեզ համար զենքից բացի ուրիշ փրկություն գոյություն չունի»… Սեյմի գրեթե բոլոր ուժերը մերժեցին ընդունել թուրքերի վերջնագիրը և հետ կանչեցին պատվիրակությունը: Այսպիսով, գրում է Խատիսյանը, հաշտության փոխարեն մենք Տրապիզոնից պատերազմ էինք տանում տուն:

Հայերը գիտակցում էին, որ չունեն բավարար ռազմական ներուժ՝ կանխելու թուրքական բանակների առաջխաղացումը, բայց փորձում էին վրացիներին համոզել, որ Անդրկովկասը ապագա չունի առանց Կարսի: Վրացիների համար Կարսը արժեք չուներ, նրանք սևեռված էին Բաթումը պահելու վրա՝ անգամ Կարսը զոհաբերելու գնով:

Մաս երկրորդ

ԹՈՒՐՔԱԿԱՆ ԶՈՐՔԵՐԸ ՇԱՐԺՎՈՒՄ ԵՆ ԴԵՊԻ ԱՆԴՐԿՈՎԿԱՍ

Էրզրումը կորցնելուց հետո հայկական զորքը նահանջեց դեպի Սարիղամիշ: Թուրքերի առաջ բացվում էր ճանապարհը դեպի Կարս, դեպի Արևելահայաստան: Ու թեև օգնական ուժեր եկան, Սարիղամիշը հնարավոր եղավ պահել միայն տասը օր: Տրապիզոնից վերադարձող պատվիրակությունը պետք է միայն Բաթումում պարզեր, որ թուրքական զորքերն արդեն գրավել են նաև Անդրկովկասի կարևոր նավահանգիստը:

Սթենդ-ափ, Բաթում

Ապրիլի 2-ի կեսօրին չափազանց անհանգիստ սրտով մոտեցանք Բաթումին, հիշում է Խատիսյանը: Պայծառ, արևոտ օր էր: Օդը այնքան թափանցիկ էր, որ դյուրությամբ տեսնում էինք հեռուները: Հանկարծ մեր նավապետը հուզված մոտեցավ ինձ և Չխենկելուն և կես ձայնով ասաց. «Ամրոցի վրա թուրքական դրոշակ եմ տեսնում, քաղաքը թուրքերի ձեռքում է, և մենք չենք կարող մտնել նավահանգիստ»: Եվ իրոք, Բաթումի ամրությունների վրա ծածանվում էր թուրքական դրոշը:

Պատվիրակությունը նավն ուղղում է դեպի Փոթի: Այստեղ տեղեկանում են, որ Բաթումն ընկել է գրեթե առանց կռվի: Հրամանատարը և զորքի մի մասը գերվել էին: Վրացիները տագնապած էին, բայց ունեին Գերմանիայի հովանավորության խոստում: Շարունակվող Առաջին աշխարհամարտում Գերմանիան և Օսմանյան կայսրությունը, ինչպես նաև Ավստրո-Հունգարիան ու Բուլղարիան, դաշնակիցներ էին Քառյակ Միություն անունով: Հակառակ ճամբարը կազմում էին Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան, Ռուսաստանը և մի շարք այլ երկրներ:

Սթենդ-ափ, Գյումրի

Սարիղամիշի անկումից և թուրքական վերջնագիրը ստացվելուց հետո, Դաշնակցության Արևելյան բյուրոյի նախաձեռնությամբ Ալեքսանդրապոլում գումարվեց համազգային հավաք: Պատերազմ, թե՞ խաղաղություն. սա էր հավաքի միակ հարցը: Հավաքի ընթացքում գրավոր զեկուցում կարդաց Քաջազնունին: Իրեն հատուկ տրամաբանական կուռ ձևով նա աշխատում էր համոզել՝ թուրքական պայմաններին համակերպվելու անհրաժեշտությունը:

Զեկուցումը առաջ բերեց հուզումնալից ու երակարատև վիճաբանություններ: Հաշտության կողմնակիցների թիվը մեծ չէր: Թիֆլիսից ստացվող լուրերը, սակայն, համահունչ չէին Ալեքսանդրապոլի տրամադրություններին: Վրացի առաջնորդներից Ակակի Չխենկելին իր ընկերներին համոզել էր ընդունել թուրքերի պայմանները՝ համակերպվել վերջնագրի հետ, վերջ տալ պատերազմին և հայտարարել Անդրկովկասի անկախությունն ու անջատումը Ռուսաստանից: Վրացի մենշևիկները Սեյմի մուսուլմանների աջակցությամբ ապրիլի 22-ին առաջարկեցին հիմնադրել Անդրկովկասյան Դաշնակցային Հանրապետություն: Ներկաներից Սիմոն Վրացյանը այսպես է նկարագրում.

Սթենդ-ափ, Թբիլիսի

Մեռելատան էր նմանվում այդ օրը Սեյմի դահլիճը: Մենակ հայերը չէին սգավոր. վրացիներն էլ լավ չէին զգում իրենց: Տոնական տրամադրություն ունեին միայն վրացի ազգայնականները, բայց, մանավանդ, թուրքերը: Ռասուլ-Զադեն ցնծում էր: Մուսավաթական ֆրակցիան իրեն զգում էր նոր փեսայի դերում: Իսկական սգի մեջ էին հայերը: Սիրտ չկար խոսելու: Եվ ի՞նչ խոսել. բոլոր խոսքերն արդեն ասված էին: Նրանց ապրումները արտահայտեց Քաջազնունին: Հուզված, մազերը ցրիվ՝ բարձրացավ ամբիոն ու կարդաց. «Պարոնայք, Սեյմի անդամներ: Դաշնակցության խմբակցությունը՝ գիտակցելով շատ պարզ այն մեծ պատասխանատվությունը, որ առնում է իր վրա այս պատմական վայրկյանին, միանում է ինքնուրույն Անդրկովկասյան պետության հայտարարությանը»:

Ընդամենը մեկ ամսվա կյանք ունեցած այդ հանրապետության ղեկավար դարձավ Չխենկելին: Հայերից ընդգրկվեցին Ալեքսանդր Խատիսյանը, Հովհաննես Քաջազնունին, Ավետիք Սահակյանը՝ Դաշնակցությունից, և սոցիալ-դեմոկրատ, մենշևիկ Արամայիս Երզնկյանը: Օսմանյան կայսրության պահանջով Չխենկելին, դեռ չհաստատված պաշտոնում, Հայկական կորպուսին հրամայեց հանձնել Կարսը: Նոր ձևավորված կառավարության հայ անդամները դատապարտեցին Չխենկելու որոշումը և հրաժարվեցին նրա կառավարության մաս կազմել: Մի քանի օր անց, սակայն, 4 հայերը վերցրեցին պորտֆելները: Ապրիլի 23-ին Չխենկելին հեռագրել էր Վեհիբ փաշային և հավաստիացրել, որ Անդրկովկասը հայտարարել է իր անկախությունը, որով և կատարվել է օսմանյան պահանջը:

Սթենդ-ափ, Կարս

Կարսը շարունակում էր մնալ հայկական ուժերի հսկողության տակ: Այստեղ Հայկական կորպուսն ուներ վիթխարի քանակությամբ զենք-զինամթերք, հայ բնակչությունը շարունակում էր ապրել քաղաքում և շրջակա գյուղերում: Ապրիլի 25-ին Օսմանյան երրորդ բանակի միավորումները մտան Կարսի ամրոց և գրավեցին ամբողջ պաշարը: Խուճապահար հայ ժողովուդրը կրկին բռնեց գաղթի ճամփան՝ դեպի Ալեքսանդրապոլ:

Այժմ, երբ Օսմանյան կայսրության բոլոր պահանջները կատարված էին,  Անդրկովկասի պատվիրակությունը պետք է մեկներ Բաթում՝ շարունակելու Տրապիզոնում ընդհատված բանակցությունները, բայց այս անգամ, որպես Ռուսաստանից անկախ միավոր: Նոր պատվիրակությունը գլխավորեց թուրքերի հետ ամեն գնով հաշտություն կնքելու ջատագով Չխենկելին: Քանի որ Տրապիզոնն արդեն թուրքերի ամբողջական վերահսկողության տակ էր, նոր բանակցությունների վայր ընտրվեց Բաթումը:

Սթենդ-ափ, Բաթում

Չխենկելու պատվիրակությունը Բաթում հասավ մայիսի 6-ին և տեղավորվեց Իմպերիալ հյուրանոցում: Նույն օրը երեկոյան Վեհիբ փաշան մեծ ընթրիք է տալիս: Անդրկովկասի պատվիրակության հայ անդամներն էին Հովհաննես Քաջազնունին և Ալեքսանդր Խատիսյանը, նրանց հետ որպես խորհրդական Բաթում էր մեկնել նաև Սիմոն Վրացյանը: Այս երեք գործիչները պետք է դառնային Հայաստանի առաջին, երկրորդ և չորրորդ վարչապետներ:

Թուրքերի կողմից բանակցում էին Խալիլ բեյը և Վեհիբ փաշան: Ներկա էր նաև Օսմանյան կայսրության դաշնակից Գերմանիայի պատվիրակությունը: Բեռլինում մտահոգ էին, որ թուրքերը չեն հարգում Բրեստ-Լիտովսկի պայմանագիրը, ինչը լարվածություն էր առաջ բերում ռուս-գերմանական հարաբերություններում: Գերմանացի զորավար Օտտո Ֆոն Լոսովի ջանքերը՝ ճնշումներ բանեցնել թուրքական պատվիրակության վրա, արդյունք չէին տալու: Բաթում մեկող հայկական և վրացական պատվիրակություններին թվում էր, թե մեկ հիմնական գործ ունեն անելու՝ համաձայնություն տալ Բրեստ-Լիտովսկի բոլոր կետերին, մի բան, որ մերժել էին Տրապիզոնում շաբաթներ առաջ: Մայիսի 11-ին թուրքերը ծրարով փոխանցեցին թուրք-անդրկովկասյան դաշնագրի նախագիծը, ինչը սարսափելի անակնկալ էր հայերի ու վրացիների համար։

Սթենդ-ափ, ստուդիա, Երևան

Խատիսյանը գրում է. Մենք տուն դարձանք չափազանց ծանր և մռայլ տպավորության տակ։ Երբ բացեցինք ծրարը, մեր առաջին հայացքն ընկավ սահմանների վրա, որոնց նկարագրությունից տեսանք, որ Հայաստանից խլվում են ոչ միայն Կարսի նահանգը, այլ նաև Ալեքսանդրապոլը, Սուրմալուի գավառը, երկաթուղին։ Հայաստանը դատապարտված էր խեղդվելու անտանելիորեն նեղ սահմանների մեջ։ Վրացիները ևս ուրախանալու բան չունեին, որովհետև իրենցից խլվում էր Ախալցխայի գավառի մի կարևոր մասը։ Մեր վրդովմունքին չափ ու սահման չկար։

Հաշտության նախագիծը  բաղկացած էր 12 հոդվածներից և 3 հավելվածներից: Հայերին թողնում էին 10 հազար քառակուսի կիլոմետր տարածքով լեռնային հողակտոր՝ ընկած Սևանի և Արագածի միջև: Բաթումի պայմանագրի սևագիր տեքստը դարձավ հիմք շաբաթներ անց՝ հունիսի սկզբին, Հայաստանի և Օսմանյան կայսրության միջև կնքված դաշնագրի համար: Օսմանյան պատվիրակները՝  արհամարհելով դաշնակից գերմանացիներին, նորանոր զիջումներ էին կորզում հայերից ու վրացիներից: Նույն ընթացքում, թուրքական զորքերն առաջ էին շարժվում դեպի Ալեքսանդրապոլ:

Սթենդ-ափ, Բաթում

Մինչև Թիֆլիսից պատասխան ստանալը Քաջազնունին և Խատիսյանը հանդիպում ունեցան թուրք պատվիրակներ Խալիլ բեյի և Վեհիբ փաշայի հետ: Տեսակցությունը տեղի ունեցավ բաթումցի մեծահարուստ Չիլինգարյանների ընդարձակ բնակարանում, որը Խալիլ բեյի կեցավայրն էր:

Թուրքերին անհրաժեշտ էր անդրկովկասյան երկաթուղին, որպեսզի զորքեր տեղափոխեն՝ ընդդեմ բրիտանացիների: Բաթումում նրանք վերջնագիր ներկայացրեցին՝ իրենց հանձնել երկաթուղին ու Ալեքսանդրապոլը: Սակայն չսպասելով պատասխանի, մայիսի 15-ին գրավեցին քաղաքը: Հայկական ուժերը մոտ 25 կիլոմետր նահանջեցին: Թուրքական զորքերը շարժվեցին երկու ուղղությամբ՝

դեպի հարավ՝ Երևան-Ջուլֆա երկաթգծի երկայնքով,

դեպի արևելք՝ Ղարաքիլիսա-Թիֆլիս-Բաքու գծով:

Սթենդ-ափ, ստուդիա, Երևան

Տրապիզոնում հայերը լսել անգամ չէին ուզում Բրեստ-Լիտովսկի պայմանների մասին, մինչդեռ շաբաթներ անց իրենք էին խնդրում, որ թուքրերը համաձայնվեն բանակցությունները շարունակել հենց Բրեստ-Լիտովսկի կետից: Թուրքերն առարկում էին, նրանք ասում էին, որ այս ընթացքում արյուն է թափվել: Ալեքսանդր Խատիսյան. ես և Քաջազնունին Տրապիզոնից հեռագրել էինք Թիֆլիս, գրելով, որ «ստեղծված պայմաններում Բրեստ-Լիտովսկի դաշնագիրը ընդունելը չարյաց փոքրագույնն է»։ Այս խոսքերը ասվել էին մարտի 28-ին։ Այդ օրվանից ավելորդ պայքարի ու հուսախաբությունների 44 օր էր անցել։ Մենք ուշացել էինք, ինչպես մի քանի անգամ ուշացանք մեր վերջին տարիների պատմության մեջ։ Պատճառը միշտ էլ այն էր, որ մենք գերագնահատեցինք սեփական և թերագնահատեցինք թշնամու ուժերը։

Բաթումում բանակցություններ էին, սակայն թուրքերը շարունակում էին ռազմական գործողությունները արդեն Երևանի նահանգում: Ալեքսանդրապոլի գրավումից հետո Երևանի և Թիֆլիսի ու Բաթումի միջև կապը խզվել էր: Բաթումում թուրքերի հետ բանակցող հայ պատվիրակները և Թիֆլիսի Հայոց Ազգային խորհուրդը հստակ տեղեկություններ չունեին, թե ինչ է կատարվում Սարդարապատի, Բաշ Ապարանի և Ղարաքիլիսայի ճակատներում: Ավետիս Ահարոնյանի՝ Երևանի Ազգային խորհրդին գրած նամակում ասվում էր. «Ձեր կռիվների մասին իմացանք Վեհիբ փաշայի հաղորդածներից: Չգիտենք՝ որքան ճշմարիտ են, համենայն դեպս, թեև փոքրիկ ու աղքատ, բայց անկախ Հայաստանի ստեղծումը պարտական ենք մեր զորքի անձնվիրությանը»:

Սթենդ-ափ, Բաթում

Մայիսի 22-ին «Գյուլ Ջեմալ» նավով Բաթում է ժամանում Օսմանյան կայսրության ծովային նախարար Ջեմալ փաշան։ Անդրկովկասյան պատվիրակությունը նրան ողջունում է երեք ճառերով՝ հայերից խոսք է ասում Խատիսյանը,  վրացիներից Չխենկելին, մուսուլմաններից՝ Ռասուլ Զադեն։

Մեր ճառերում մենք մատնանշեցինք այն միտքը, որ փոխանակ արյուն թափելու, պետք է ապրելու, շնչելու, աշխատելու հնարավորություն տալ բոլորին։ Փաշան շատ ջերմ տոնով ասաց, որ ադրբեջանցիները թուրքերի սիրելի եղբայրներն են։ Չխենկելու և վրացիների հանդեպ նա նույնպես սիրալիր տոնով խոսեց։ Վերջապես, դառնալով ինձ, նրա դեմքը մռայլվեց և տոնը չորացավ․«Հայերի հետ թուրքերի վեճը հին է, և նրանք ոչ մի քայլ չեն անում թուրքերի հետ հաշտվելու համար»։

Գերմանացի պատվիրակ Ֆոն Լոսովը, ավարտելով գաղտնի շփումները Նոյ Ժորդանիայի ու մյուս վրացիների հետ հեռացավ Փոթի:

Սթենդ-ափ, ստուդիա, Գյումրի

Ֆոն Լոսսովը՝ Խատիսյանի և Քաջազնունու խնդրանքներին ի պատասխան, խոստացավ միայն օժանդակել, որ երկու հայ գործիչներ՝ դաշնակցական Համո Օհանջանյանն ու սոցիալ դեմոկրատ Արշակ Զոհրաբյանը մեկնեն Բեռլին՝ գերմանական կառավարության հովանավորությունն ու աջակցությունը ստանալու ակնկալիքով:

Դա, ակնհայտորեն, քիչ էր հայերի համար: Նրանք հիասթափված էին, որ գերմանացիները միայն Վրաստանի հետ են կնքում համաձայնագիր և ստանձնում վրացիների պաշտպանությունը: Մայիսի 26-ին որոշվել էր հայտարարել Վրաստանի անկախությունը: Տեղեկանալով Ժորդանիայի գալու նպատակի մասին, Խատիսյանն անմիջապես գնում է նրա մոտ: Նրանք միմյանց ճանաչում էին ավելի քան 15 տարի: Ժորդանիան պատմում է Թիֆլիսում տիրող տրամադրությունների մասին, տեղեկացնում, որ հայերը կռիվների մեջ են, թուրքերը շարունակում են առաջխաղացումը և նման պայմաններում վրացիներին այլ բան չի մնում, քան հայտարարել Վրաստանի անկախությունը:

Սթենդ-ափ, ստուդիա, Երևան

– Ինչպե՞ս,- բացականչեցի ես,- չէ՞ որ մենք և դուք միասին պատերազմի մեջ ենք՝ ընդհանուր պատերազմի մեջ ընդհանուր թշնամու դեմ: Ինչպե՞ս եք կարող լքել մեզ, երբ մենք դեռ արյուն ենք թափում: Մի՞թե սա ազնիվ բան է:

– Ազնիվ բան է այն, ինչ որ օգտակար է ժողովրդին,- պատասխանեց Ժորդանիան:

– Այո,- ասացի ես,- իսկ մե՞նք:

– Մենք չենք կարող խեղդվել ձեզ հետ միասին,- պատասխանեց նա,- Մեր ժողովուրդը ուզում է փրկել այն, ինչ որ կարող է: Դուք էլ պարտավոր եք համաձայնության լեզու գտնել թուրքերի հետ: Այլ ելք չունենք: Սրանով վերջացավ մեր խոսակցությունը: Մի ժամ հետո Ժորդանիան վրաց պատվիրակների մի մասի հետ մեկնեց Թիֆլիս:

Մաս երրորդ

ՍԱՐԴԱՐԱՊԱՏ, ԲԱՇ-ԱՊԱՐԱՆ և ՂԱՐԱՔԻԼԻՍԱ

Հայ բանագնացները Բաթումում փորձեցին համաձայնության գալ ադրբեջանական պատվիրակության հետ, բայց հանդիպեցին խիստ անզիջում վերաբերմունքի: Նրանք պահանջում էին ոչ միայն ամբողջ Ղարաբաղը, Զանգեզուրն ու Շարուր-Նախիջևանը, այլև Երևանի ու Էջմիածնի գավառների մեծ մասը՝ Երևան քաղաքի հետ միասին:

Սթենդ-ափ, Երևան

Մայիսի վերջին շաբաթը ճակատագրական ու բախտորոշ հայ ժողովրդի համար: Երևանը պատրաստվում էր դիմադրության: Արարատյան դաշտի ժողովուրդը և այնտեղ ապաստանած արևմտահայությունը, ոտքի էր կանգնել: Նահանջի տեղ այլևս չկար, թիկունքում Երևանն էր, իսկ Թիֆլիս տանող ճանապարհը փակ էր:

Անդրկովկասյան պատվիրակության մաս կազմող մուսուլմանները համագործակցում էին թուրքերի հետ: Ադրբեջանի ապագա առաջնորդները՝ Ուսուպբեկովն ու Խան Խոյսկին հայտարարում էին, որ Հայաստանի գլխավոր բնակավայրը Էջմիածինն է, իսկ Երևանը թաթարական քաղաք է, մուսուլմանները իրենց չեն ների, եթե Երևանը զիջեն հայերին:

Մենակ ենք և պետք է ապավինենք միայն մեր ուժերին` թե ճակատը պաշտպանելու և թե երկրի ներսում կարգ հաստատելու համար:

Բաթումի հայ պատվիրակների՝ մի կողմից և Երևանի Ազգային խորհրդի, զինվորականության ու հոգևորականության միջև մյուս կողմից, այդ օրերին հուսալի կապ գոյություն չուներ: Երևանում տեղյակ չէին, թե Բաթումում թուրքերի հետ ինչ են բանակցում հայերը, իսկ վերջինները լուր չունեին Սարդարապատի, Բաշ Ապարանի և Ղարաքիլիսայի թուրք-հայկական կռիվների ընթացքի մասին: Հայ և թուրք պատմագրությունը չի կենտրոնացել այն հարցի վրա, թե որն էր դեպի Արարատյան դաշտ թուրքական զորքերի արշավանքի նպատակը՝ գրավել Երևա՞նը: Չլիներ Սարդարապատի հաղթանակն ու հաջողությունը, գուցե Երևանը չփրկվեր ու չդառնար Հայաստանի ապագա մայրաքաղաքը: Հայ ժողովրդին դիմադրության, չնահանջելու կոչ ուղղեց Ամենայն Հայոց Հայրապետը:

Սթենդ-ափ, Մայր Աթոռ

«Մեր զորապետներն էլ այլ ելք չեն գտնում աղետից, քան հայոց հայրապետին փախուստի մղել: Նրանք ինձ առաջարկում են ոսոխի բերանին թողնել Մայր Աթոռ Սրբ. Էջմիածինը, մեր սրբարանը, հայ ժողովրդի վերջին կտորը: Ո՛չ և ո՛չ: Հազար անգամ ո՛չ: Ես չեմ լքի մեր սուրբ նախնիներից ավանդ մնացած Մայր Աթոռը: Եթե հայ ժողովուրդը չի կարող թշնամու առաջխաղացումը կասեցնել, եթե ի զորու չէ փրկելու մեր սրբությունները, ապա ես ինքս սուր կվերցնեմ և կ՛ընկնեմ Մայր Տաճարի գավիթում, բայց չեմ հեռանա պապերից ավանդ մնացած Սուրբ աթոռից»:

Հայկական զորքի թիվը հասնում էր 10 հազարի: Գլխավոր հրամանատար, զորավար Մովսես Սիլիկյանն ու սպայակույտի պետ, գնդապետ Վեքիլյանը զորքը բաժանեցին երկու մասի: Դանիել բեկ Փիրումյանը ուղարկվեց Սարդարապատի, Դրաստամատ Կանայանը՝ Դրոն՝ Բաշ Ապարանի ճակատ: Սարդարապատի ուղղությամբ՝ Ալեքսանդրապոլից, առաջ էր շարժվում թուրքական հինգերորդ, Բաշ Ապարանի ուղղությամբ՝ երրորդ դիվիզիան:

Մայիսի 23-ին Սիլիկյանը տալիս է հարձակման հրաման, իսկ հաջորդ օրը տարածվում է նրա առաջին մարտակոչը:

Սթենդ-ափ, Սարդարապատ

«Հայե՛ր,

Շտապեցե՛ք հայրենիքն ազատելու։ … Մինչև հիսուն տարեկան բոլոր տղամարդիկ պարտավոր են զենքի տակ գալու. ես պահանջում եմ ամենքից ներկայանալ իրենց զենքերով ու փամփուշտներով հայրենիքի պաշտպանության համար:

Հանո՛ւն բազմաչարչար ժողովրդի ֆիզիկական գոյության,

Հանո՛ւն ոտնակոխ եղած ճշմարտության:

Մայիսի 24-ից 28-ը տեղի ունեցան համառ և արյունալի կռիվներ: Թուրքերի հիմնական նպատակներից էր դեպի Թիֆլիս և Բաքու դուրս գալը: Պանթուրքական երազանքներն ու Բաքվի նավթը հրապուրում էին Երիտթուրք ղեկավարներին: Օսմանյան զորքերը կարողացան հաղթահարել հայերի չորսօրյա դիմադրությունը Ղարաքիլիսայի ուղղությամբ: Զոհված և սպանված հայերի թիվը հասնում էր յոթ հազարի: Սարդարապառի և Բաշ Ապարանի ճակատներում հաջողությունը հայկական կողմինն էր: Զորավար Սիլիկյանի և Դրոյի հրամանատարությամբ հայկական ուժերը կարողացան կանգնեցնել թուրքական հարձակումը, ապա ծանր հարվածներով հետ մղել գրեթե մինչև Ալեքսանդրապոլ:

Սթենդ-ափ, Սարդարապատ

Սարդարապատի և Բաշ Ապարանի հաղթանակներով ոգևորված զորավար Սիլիկյանը մտադիր էր թուրքական նահանջող զորքերին հետապնդել և դուրս մղել Ալեքսանդրապոլից ու անգամ փորձել շարժվել դեպի Կարս: Մայիսի 29-ին նա հղեց երկրորդ կոչը:

Մեր բոլորիս մտքերը ամբողջովին պետք է սևեռված լինեն դեպի Ալեքսանդրապոլ և մենք պետք է հետ առնենք այն և ապա միայն թուրքերի հետ բանակցության մեջ մտնենք՝ հաշտություն կնքելու համար: Դեպի՛ զենք բոլորդ: Դեպի՛ Ալեքսանդրապոլ:

Հայկական զորքերը մոտենում էին քաղաքին, երբ զորավար Թովմաս Նազարբեկյանը կանգ առնելու հրաման տվեց: Արդեն տեղեկություններ էին հասել, որ Բաթումում հայ-թուրք հաշտության ստորագրումը օրերի հարց է: Օսմանյան կայսրությունը Անդրկովկասի առաջ դնում էր Ռուսաստանից անջատվելու և անկախություն հայտարարելու պահանջ: Նույն պահանջը թուրքերը դրեցին մայիսի վերջերին վրացական, հայկական և մուսուլմանական պատվիրակությունների առաջ:

Սթենդ-ափ, Մոսկվա

Հայերը չէին ուզում լսել անկախության մասին, քանի որ միայնակ էին մնացել թուրքական առաջխաղացման պայմաններում: Որքան էլ Ռոմանովների Ռուսաստանը այլևս գոյություն չունենար, իսկ բոլշևիկների նկատմամբ չլիներ վստահություն ու համակրանք, նրանք համոզված էին, որ պետք է ռուսական իրականության մաս մնալ, այլապես թուրքերը կոտորածները կշարունակեին Արևելյան՝ Ռուսական Հայաստանում:

Բաթումում հայկական պատվիրակությանը այլ բան չէր մնում, քան շտապել Թիֆլիս և տեղի Հայոց ազգային խորհրդին ներկայացնել թուրքական վերջնագիրը, որը տալիս էր մտածելու երկու օր ժամանակ միայն: Սեյմը իր վերջին նիստը գումարեց մայիսի 26-ի կեսօրին, որի ընթացքում ընդունվեց Անդրկովկասյան Դաշնակցային Հանրապետությունը լուծարելու մենշևիկյան առաջարկությունը: Նույն օրը երեկոյան Վրաց ազգային խորհուրդը հռչակեց Վրաստանի անկախությունը:

Սթենդ-ափ, Ստամբուլ

Օսմանյան կայսրության վերջնագիրը կազմված էր երկու հիմնական կետից` առաջին՝ Հայաստանը հռչակել անկախ հանրապետություն և պատվիրակություն ուղարկել Բաթում: Հայ քաղաքական ուժերն ու գործիչները մտահոգ էին, որ անկախության առաջարկը գալիս էր թուրքերից: Էնվերը, Թալեաթը և Երիտթուրք մյուս առաջնորդները Վրաստանի, Հայաստանի և Ադրբեջանի անկախության հռչակումով ձգտում էին Անդրկովկասը դուրս բերել ռուսական ազդեցության ոլորտից:

Ընդամենը մեկ ամիս առաջ՝ ապրիլի 22-ին, Թիֆլիսի հայ երևելիները և կուսակցությունները դատապարտել էին Անդրկովկասյան Դաշնակցային Հանրապետության հիմնադրումն ու Ռուսաստանից անջատումը, բայց ստիպված էին համակերպվել այդ իրականության հետ: Մայիսի 26-ին նրանք դապատարտում էին Անդրկովկասի լուծարումը և Վրաստանի անկախության հռչակումը: Մայիսի 27-ի առավոտյան հայկական պատվիրակությունը Բաթումից հասավ նորանկախ Վրաստանի մայրաքաղաք:

Սթենդ-ափ, Թբիլիսի

Խատիսյանը գրում է՝ Թիֆլիս հասնելով՝ Քաջազնունին և ես անմիջապես գնացինք Հայոց Ազգային խորհրդի շենք՝ մեծահարուստ Արամյանցի հսկա տուն, որ Գոլովինսկի պողոտայի և Բարյատինսկայա փողոցի անկյունում: Այստեղ մեզ անհամբեր սպասում էին նաև այն պատճառով, որ Սարդարապատում և Ղարաքիլիսայում արյունալի կռիվներ էին տեղի ունենում հայերի և թուրքերի միջև:

 

Մաս չորրորդ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՌՉԱԿՈՒՄԸ

Հայերը սարսափով զգում էին, որ մնացել են մենակ: Դաշնակցությունը 8 դեմ և 2 կողմ քվեարկությամբ մերժել էր Հայաստանն անկախ հռչակելու թուրքական վերջնագիրը: Կուսակցությունը նոր քվեարկություն կազմակերպեց, որտեղ 9 կողմ և 1 դեմ քվեով ընդունեց թուրքերի վերջնագիրը: Ապա հարցը դրվեց Թիֆլիսի Հայոց ազգային խորհրդում: Բազմակուսակցական այս կառույցը 8 կողմ և 6 դեմ քվեով ընդունվեց թուրքական վերջնագիրը: Նույն օրն իսկ՝ մայիսի 28-ի կեսգիշերին, հայ պատվիրակները կրկին ուղևորվեցին Բաթում՝ շարունակելու թուրքերի հետ բանակցությունները, բայց այս անգամ որպես նորաստեղծ Հայաստանի ներկայացուցիչներ:

Սթենդ-ափ, Բաթում

Քաջազնունին, Խատիսյանը և Պապաջանյանը Բաթում հասան մայիսի 29-ի երեկոյան: Հայկական պատվիրակությունը այստեղ պետք է մնար 8 օր և ամբողջ այս ընթացքում Օսմանյան կայսրեական կառավարության հետ քննարկեր Հաշտության և բարեկամության պայմանագրի տեքստը:

Հայաստանի անկախության օրը համարվում է մայիսի 28-ը, մինչդեռ 1918-ի այդ օրը հռչակագիր կամ հայտարարություն չի ընդունվել: Մայիսի 30-ին էր, երբ Թիֆլիսի Հայոց ազգային խորհուրդը իրեն հայտարարեց հայկական գավառների գերագույն և միակ իշխանություն՝ առանց «անկախություն և հանրապետություն» բառերի։

Սիմոն Վրացյանը գրում է. «Հայաստանի անկախության հայտարարության օրը իսկապես պետք է համարվեր մայիսի 30-ը: Հակառակ դրան, համարվում է մայիսի 28-ը, այսինքն այն օրը, երբ Ազգային խորհուրդը վճռեց հաշտության պատվիրակություն ուղարկել Բաթում: Ընդունելով թուրքերի այդ պայմանը՝ Ազգային խորհուրդը դրանով իսկ հաստատած էր լինում անկախության փաստը»:

Սթենդ-ափ, Բաթում

Մայիսի 29-ի երեկոյան հայկական պատվիրակությունը հասավ Բաթումի երկաթուղային կայարան: Խատիսյանի առաջին գործը եղավ Խալիլին տեղեկացնելու, որ Թիֆլիսի Հայոց Ազգային խորհուրդը ընդունում է թուրքական բոլոր նախապայմաններն ու վերջնագրերը և Հայաստանը հռչակում անկախ հանրապետություն: Երեկոյան ստացվեց Խալիլի պատասխանը և կողմերը հաջորդ օրը պայմանավորվեցին բանակցությունները շարունակել Բաթումի քաղաքային ակումբի շենքում:

Արևելահայ կյանքում մեծությամբ երկու քաղաքական ուժերը՝ Դաշնակցությունը և Հայ ժողովրդական կուսակցությունը արդեն միանշանակ կողմ էին Հայաստանի անկախությանը, ճիշտ է նաև, որ Դաշնակցության Բաքվի կոմիտեն, որ համագործակցում էր բոլշևիկ Ստեփան Շահումյանի հետ, դեմ արտահայտվեց Թիֆլիսի Հայոց ազգային խորհրդի որոշմանը և այն որակեց հայ ժողովրդի կամքի ոտնահարում։ Իսկ զորավար Անդրանիկը, ով 1918թ վաղ գարնանը իր մի քանի հազարանոց զորամասով Էրզրումից նահանջել էր մինչև Ալեքսանդրապոլ, քննադատեց Հայաստանի հռչակումը և Բաթումում ստորագրված պայմանագիրը՝ համարելով «թուրքի ձեռքով ստեղծված երկիր»:

Հունիսի 1-ին Բաթումում նախաստորագրվեց հայ-թուրքական դաշնագիրը: Թուրքերը բանակցություններ էին վարում նաև վրացիների և ադրբեջանցիների հետ: Վրացիները Հայաստանից պահանջում էին Լոռին՝ մինչև Ղարաքիլիսա, իսկ ադրբեջանցիները՝ մինչև Երևան: Հայաստանի անվիճելի տարածքներ էին համարվում Նոր Բայազետի գավառը և հատվածներ Ալեքսանդրապոլի, Էջմիածնի և Շարուր-Դարալագյազի գավառներից: Հայաստանին մնում էր ընդամենը 13 կիլոմետր երկաթուղի, Վրաստանին՝ 500 կիլոմետրից ավելի, իսկ թուրքերին ու ադրբեջանիցներին՝ ավելի քան 700 կիլոմետր:

Սթենդ-ափ, ստուդիա, Երևան

Բանակցությունները տեղի էին ունենում ֆրանսերենով: Առաջին նիստի ժամանակ Վեհիբ փաշան անձամբ գծեց Հայաստանի սահմանները այն պատմական քարտեզի վրա, որ ինձ մոտ էր թե՛ Տրապիզոնում և թե՛ հետագայում Պոլսում, Ալեքսանդրապոլում ու Եվրոպայում: Երբ մենք նայեցինք քարտեզին, երկու սուր զգացումներ համակեցին մեզ. առաջին՝ հպարտություն, որ մենք էլ դարավոր պայքարից հետո վերջապես գեթ մի փոքր անկյուն ունեցանք աշխարհի քարտեզի վրա և երկրորդ՝ դառնություն, որ մեզ տրված այդ անկյունը հազիվ 9.000 քառակուսի կիլոմետր էր՝ բացարձակապես անբավարար էր մեր ժողովրդին իր մեջ առնելու համար:

Վեհիբ փաշան և Խալիլ բեյը Հայաստանի պատվիրակությանը տեղեկացնում են, որ Օսմանյան կայսրությանը երկու անխոչընդոտ ճանապարհներ են պետք դեպի Բաքու՝ Կարս-Ախալքալակ-Բորչալու-Ղազախ, երկրորդը՝ Շարուր–Նախիջևան–Զանգեզուրով Քռի հովիտ: Դուք՝ հայերդ, կանգնած եք մեր ճանապարհին, ասում է Վեհիբը, դուք կարող եք մնալ դրանց մեջտեղը, այսինքն՝ Նոր Բայազետի և Էջմիածնի շուրջը: Պահանջելով Նախիջևանն ու Զանգեզուրը, դուք արգելք եք դառնում մեր ճանապարհին՝ իջնելու Քռի հովիտը և գնալու դեպի Բաքու: Կարսն ու Ախալքալակը փակում են մեր ճամբան դեպի Ղազախ: Դուք՝ հայերդ, կանգնած եք մեր ճանապարհին:

Սթենդ-ափ, Ստամբուլ

Հայկական պատվիրակության խնդրանքով՝ թուրքերը հեռագրում են Օսմանյան կայսրության մայրաքաղաք՝ առաջարկելով ընդլայնել Հայաստանի չափից դուրս նեղ սահմանները: Հունիսի 2-ին ստացվում է պատասխան հեռագիրը՝ թուրքերը զիջում են Երևան-Համամլու խճուղին, և սահմանը անցնում է Արագած սարի գագաթով:

Այս նոր սահմանագիծը Ջաջուռ կայարանից անցնում էր Արագածի գագաթով և իջնում դեպի Վաղարշապատ, որով Հայաստանի տարածքը ավելացավ 1000 քառակուսի կիլոմետրով: Դրանից ավելի զիջում թուրքերը չարեցին: Նրանք տարածքային զիջումների պիտի գնային հինգ ամիս անց, երբ իրենց պարտված ճանաչեցին Առաջին աշխարհամարտում, Մուդրոսում ստորագրելով փաստաթուղթ և սկսելով զորքերը դուրս բերել նաև հայկական գրավյալ հողերից:

Սթենդ-ափ, Սևան

Երբ հայ-թուրքական դաշնագրի՝ սահամանների վերաբերյալ մասը արդեն վճռված էր, Վեհիբ փաշան գրպանից հանում Է մի կտոր՝ սպիտակ ֆոնի վրա կարմիր խաչ, և ասում. «Դուք քրիստոնյաներ եք: Ես առաջարկում եմ, որ ձեր խորհրդանիշը լինի խաչը: Հայաստանի Հանրապետության դրոշը, սակայն, դարձավ Եռագույնը:

Հայաստանի Հանրապետության հիմնադիր հայրերն ու ժամանակի ազդեցիկ քաղաքական գործիչները իրենց հուշերում շեշտադրում են մի էական հանգամանք՝ թուրքերը ճանաչելով Հայաստանի Հանրապետությունը, նրա հետ ստորագրելով բարեկամության ու հաշտության դաշնագիր, իրենց ձևով էին լուծում տալիս հայկական հարցին:

Սթենդ-ափ, Ստամբուլ

Խատիսյանն իր Հայաստանի Հանրապետության ծագումն ու զարգացումը հատորում գրում է՝ Երբ մենք բանակցություններ էինք վարում Բաթումում օսմանյան պատվիրակների հետ, կայսրության մայրաքաղաքում՝ Երիտասարդ թուրքերի կոմիտեում բուռն քննարկվում էր այն հարցը, թե ինչքանով է նպատակահարմար Հայաստանի գոյությունն ընդհանրապես: Այս մասին ինձ Պոլսում պատմեց մեծ վեզիր Թալեաթ փաշան 1918թ աշնանը Պոլսում:

«Քանի որ հայերը եղել են և պետք է միշտ լինեն մեր թշնամիները և հանգիստ չպետք է թողնեն մեր Անատոլիայի նահանգները, ավելի լավ է, որ հիմնապես նրանք բնաջնջվեն նաև Կովկասում: Իսկ փոքրիկ Հայաստանը պատճառ պիտի դառնա, որ միշտ ձգտի ընդարձակել իր սահմանները և դառնա հավիտենական վտանգ Թուրքիայի համար:

Դա անհնար ծրագիր է թեկուզ այն պատճառով, որ, այսպես թե այնպես, երկու միլիոնի չափ ողջ մնացած հայեր կան այժմ և անհնար է նրանց բոլորին ոչնչացնել, ուստի ավելի լավ է, որ նրանց գոհացում տրվի, որովհետև եթե նույնիսկ հարյուր հազար հայեր մնան աշխարհի երեսին, երբեք մեզ հանգիստ չպիտի տան: Եվ վերջապես փոքրիկ Հայաստան ստեղծելով, մենք լուծած կլինենք հայկական հարցը և այդպես կներկայանանք միջազգային խորհրդաժողովին»:

Սթենդ-ափ, ստուդիա, Գյումրի

Հայաստանի Հանրապետութան ռազմական վերջին նախարար և ՀՅԴ Բյուրոյի ազդեցիկ անդամ Ռուբեն Տեր-Մինասյանը գրում է. Մինչև 1917 թվականը Դաշնակցությունն էր ամենածայրահեղ ազգային պահանջներ դնողը, բայց նրա պահանջների սահմանը չէր անցնում Անդրկովկասյան ֆեդերացիայից: Արարատյան Հայաստան ստեղծելու միտքը առաջին անգամ թուրքերն են թելադրել՝ Բեհաեդդին Շաքիրի, Օմար Նաճիի և Հիլմի բեյերի միջոցով, որոնք, իբրև բանակցող, Իթթիհատի կողմից եկել էին Էրզրում 1914-ին: Նրանք առաջարկում էին Դաշնակցությանը ստեղծել Հայաստան՝ կենտրոն ունենալով Էջմիածինը՝ նրան միացնելով Թուրքահայաստանի որոշ մասեր:

Բաթումում հայ-թուրքական բանակցությունների ընթացքում առանցքային էր Բաքվից հայկական ուժերի դուրս բերումը: Վեհիբ փաշային հունիսի 3-ին գրած նամակում Խատիսյանը խնդրում էր, որ նախքան Բաքու թուրքական զորքեր ուղարկելը բարեհաճի աջակցել և թույլ տալ Հայաստանի կառավարության հատուկ հանձնաժողովին մեկնելու Բաքու՝ արագորեն հաջողացնելու հայկական ջոկատների էվակուացումը, ինչպես նաև՝ Նախիջևանում մնացած հայկական զորքերը իրենց զենքերով և զինամթերքով թույլ տա անցնեն Երևան:

Հունիսի 3-ի երեկոյան փաստաթղթերը պատրաստ էին, դաշնագիրը նախատեսված էր ստորագրել հաջորդ օրը՝ կեսօրին: Բաթումից հայ պատվիրակները կապվում են Կարս, որպեսզի այնտեղից հաղորդվի Երևան՝ զորավար Սիլիկյանին, Դրոյին ու Հայկական կորպուսին: Հաջորդ օրը կեսօրին հայերն ու թուրքերը ներկայացան տոնական հագուստով և ամբողջական կազմով: Բաթումում հունիսի 4-ին կնքվեց երկու առանձին պայմանագիր կից հավելվածով:

Սթենդ-ափ, Բաթում

Օսմանյան կայսերական կառավարությունը հաշտության և բարեկամության առանձին պայմանագրեր կնքեց նորանկախ Հայաստանի և Ադրբեջանի հետ: Նույն օրը նախատեսված էր պայմանագրի ստորագրում Վրաստանի հետ, սակայն վրացիները, ի տարբերություն միայնակ մնացած հայերի, ունեին Գերմանիայի աջակցությունն ու հովանավորությունը: Մեկ օր անց, երբ թուրքերը որոշ զիջումներ արեցին, Վրաստանը նույնպես ստորագրեց հաշտության և բարեկամության պայմանագիր:

Օսմանյան կայսրության և Հայաստանի միջև հաստատվում է հաշտություն ու մշտական բարեկամություն:

Հայաստանի և Ադրբեջանի կառավարությունների միջև կնքված փոխադարձ սահմանների որոշմանը վերաբերող համաձայնագիրը կհաղորդվի Օսմանյան կառավարությանը:

Օսմանյան կառավարությունը պարտավորվում է զենքի ուժով օգնություն ցույց տալ Հայաստանին այն դեպքում, եթե վերջինն այդ օգնությունը խնդրի նրանից` երկրում կարգն ու հանգստությունն ապահովելու համար:

Հայաստանը պարտավորվում է գործուն կերպով հակազդել, որպեսզի ոչ մի հրոսակախումբ չկազմավորվի և չզինվի իր տարածքի սահմաններում:

Հայաստանում ապրող մուսուլմանների կրոնն ու սովորույթները կհարգվեն: Նրանք կարող են սովորել իրենց մայրենի լեզվով: Գլխավոր մուֆթին կնստի Երևանում` Հայաստանի մայրաքաղաքում, իսկ մյուս մուֆթիները կբնակվեն հանրապետության այն վայրերում, որտեղ նրանց գտնվելը կհամարվի անհրաժեշտ:

14 կետերից կազմված դաշնագիրն ուներ նաև լրացուցիչ մաս՝ կազմված 6 հոդվածներից, որը նույնպես ստորագրվեց Բաթումում:

Հայաստանի կառավարությունն անհապաղ ձեռնամուխ կլինի իր զորքերի զորացրմանը:

Հայաստանը պարտավորվում է իր տարածքից անհապաղ հեռացնել այն երկրների սպաներին և քաղաքացիական աստիճանավորներին, որոնք գտնվում են Թուրքիայի կամ նրա դաշնակիցների հետ պատերազմական վիճակում:

Հայաստանը համաձայնություն է հայտնում, որ օսմանյան բանակը կատարի ամեն տեսակի ռազմական փոխադրումներ:

Սթենդ-ափ, գնացք

Հայ-թուրքական դաշնագրի ստորագրումից հետո խոսք են ասում Հայաստանի և Օսմանյան կայսրության պատվիրակությունների ղեկավարները՝ Խատիսյանն ու Խալիլը: Հունիսի 5-ի երեկոյան թուրքերը հայերին, վրացիներին և ադրբեջանցիներին հրավիրում են հանդիսավոր ճաշկերույթի: Ներկա էին կովկասյան բոլոր պատվիրակությունները և Պոլսից եկած բազմաթիվ սպաներ, պաշտոնյաներ և օրագրողներ: Հաջորդ օրը բոլորը մեկնեցին Բաթումից: Հայերը գնացքով վերադարձան Թիֆլիս՝ իրենց հետ բերելով անկախ Հայաստանի դիվանագիտական առաջին փաստաթուղթը:

ՎԵՐՋ

Ֆիլմի հեղինակ՝ Թաթուլ Հակոբյան

Ռեժիսոր՝ Լևոն Քալանթար

Դիզայն և գրաֆիկա՝ Նատալի Հարությունյան

Օպերատորներ՝ Հակոբ Հովհաննիսյան, Ռոբերտ Խարազյան, Արտակ Ղևոնդյան

Երաժշտությունը՝ Աշոտ Մանսուրյան

Ֆիլմում օգտագործվել են մեջբերումներ հետևյալ հատորներից և արխիվներից՝

Ռիչարդ Հովհաննիսյան, «Հայաստանի Հանրապետություն»

Ալեքսանդր Խատիսյան, «Հայաստանի Հանրապետության ծագումն ու զարգացումը»

Սիմոն Վրացյան, «Հայաստանի Հանրապետություն»

Հովհաննես Քաջազնունի, «Երկեր»

Ռուբեն Տեր-Մինասյան, «Հայաստանի Հանրապետություն»

Մայքլ Բաբայան, «Հուշամատյան անկախության»

Վրաստանի Ազգային արխիվ

Հայաստանի Ազգային արխիվ

ԱՄՆ Կոնգրեսի արխիվ

Հայաստանի Ազգային գրադարան

Նկարահանումներին օժանդակելու համար շնորհակալություն

Հրանտ Դինք հիմնադրամի Երևանի և Ստամբուլի գրասենյակներին

Սևան Տէյրմենճեանին, Ստամբուլ

Մայր Աթոռին

Սարդարապատի թանգարանին

Իջևանի երկրագիտական թանգարանին

Գյումրիի Շիրակ կենտրոնին

Հայկական ուսումնասիրությունների ԱՆԻ հիմնադրամ, 2025