Հայաստանի վարչապետը հայտարարել է, որ Արաքս գետից այն կողմ չի կարող լինել Արեւմտյան Հայաստան:
Երբ 2020 թվականի օգոստոսին Նիկոլ Փաշինյանը ողջույնի ուղերձ հղեց Երեւանում կազմակերպված Սեւրի դաշնագրի 100-ամյակին, այդ քայլը համարեցի արկածախնդրություն, մարտահրավեր Թուրքիային, որը կարող է ժամերի ընթացքում զավթել Հայաստանը կամ նրա մի մասը, ինչպես եղել է 1918-ի մայիս-նոյեմբեր ու 1920-ի հոկտեմբեր -1921-ի ապրիլ ամիսներին:
«Արաքս գետից այն կողմ չի կարող լինել Արեւմտյան Հայաստան» ձեւակերպումը նախ եւ առաջ ակադեմիական անգրագիտություն է: Անշուշտ, կարելի է ձեւակերպումը տանել էմոցիոնալ, հայրենասիրական դաշտ եւ պարոն Փաշինյանի խոսքերին ավելի ծանր մեղադրանքներ տալ, ինչպես անում են շատերը, բայց իմ խնդիրը կրթել-կրթվելն է՝ լինի երկրի ղեկավարը, տողերիս հեղինակը կամ Հայաստանի այլ քաղաքացի:
Այսպիսով` «Արեւելյան Հայաստան»-«Արեւմտյան Հայաստան» տերմինները աշխարհագրական ու քաղաքական ձեւակերպումներ են:
Գուցե վարչապետ Փաշինյանը «Արեւմտյան Հայաստան» ձեւակերպման մեջ տեսնում է տարածքային պահանջներ Թուրքիայից, այդ պատճառով ուղերձ է հղում Անկարա: Հնարավոր է, ամենայն հավանականությամբ՝ այո՛:
Մի շատ էական հանգամանք կա: Արեւելյան Հայաստան-Արեւմտյան Հայաստան սահմանագիծը Արաքս գետը չէ: Կարսի մարզն ու Սուրմալուի, այսօր՝ Իգդիր շրջանը, որոնք եղել են Հայաստանի առաջին հանրապետության կազմում, գրավվել են քեմալականների կողմից: Կարսի մարզն ու Սուրմալուի շրջանը Արեւելյան Հայաստան են գիտական, ակադեմիական իմաստով:
Ավելին՝ Սուրմալուի շրջանը՝ մինչեւ Արարատի գագաթ, եղել է Երեւանի նահանգի մասերից մեկը, երբ 1828 թվականին ձեւավորվեց Հայկական մարզը՝ Армянская область: Արաքսի աջափնյակը՝ մինչեւ Արարատ, այնքան հայաստանապատկան էր, որ անգամ թուրքերը, երբ 1920 թվականի հունվարի 28-ին ընդունում էին Ազգային ուխտը, թուրքերենով՝ Misak-ı Millî, նրանք թուրքական պետության մեջ չներառեցին Սուրմալուն:
Ճիշտ է նաեւ, որ կես տարի անց, երբ նույն տարվա սեպտեմբերին սկսվեց թուրք-հայկական պատերազմը, քեմալականները զավթեցին Սուրմալուն՝ Արարատով, Կարսն ու Անին եւ անգամ Ալեքսանդրապոլն ու Շիրակի դաշտը:
Ինձ համար շատ հասկանալի է, թե, օրինակ, ինչու էր 1918 թվականի ամռանը Պոլսում գտնվող Հայաստանի Հանրապետության պատվիրակության ղեկավար Ավետիս Ահարոնյանը մզկիթում Օսմանյան կայսրության սուլթանին շնորհակալություն հայտնում, որ նա բարեհաճ վերաբերմունք է ունեցել Հայաստանի հիմնադրության հարցում:
Ինձ համար շատ հասկանալի է, թե ինչու է վարչապետ Փաշինյանը մոլորվել Արագածի ու Արարատի արանքում, բայց չպետք է քաղաքականությունն ու դիվանագիտությունը խառնել ակադեմիական պատմագրությանը եւ արտահայտել, մեղմ ասած, անտեղյակ ու անգրագետ ձեւակերպումներ:
Այո՛, պետք է զգույշ լինել եւ զգուշանալ Թուրքիայից: Որովհետեւ, եթե ձեւակերպենք նախկին վարչապետ Սիմոն Վրացյանի խոսքերով, Թուրքիան Հայաստանի համար ճակատագրական ուժ է: Բայց հավանաբար պատվաբեր չէ անել անգրագետ ձեւակերպումներ, մանավանդ, երբ թուրքերի ուզածը դա չէ:
Լրագրող, հրապարակախոս, պատմություն հետազոտող, որն առօրյա փաստերը, դրանց վրա հիմնված դատողություններն ու պատմական փորձառությունը հաջողությամբ միահյուսելով ստանում է ուրույն բովանդակություն։
Լուսանկարը՝ Անդրանիկ Քեշիշյան