Թիֆլիսի Հայոց ազգային խորհրդի նախագահը և առաջին կազմը. 1917թ աշուն

1155

Թիֆլիսի Հայոց ազգային խորհուրդը, որին բախտ էր վիճակվելու հռչակել Հայաստանի Հանրապետությունը 1918թ մայիսի 30-ին, ճիշտ է՝ առանց անկախություն և հանրապետություն բառերի, ձևավորվել է 1917թ աշնանը Վրաստանի ապագա մայրաքաղաքում տեղի ունեցած հայ բազմակուսակցական համագումարում:

Թիֆլիսի Հայոց ազգային խորհուրդը Անդրկովկասի հայության կենտրոնական մարմինն էր, ճիշտ է գործում էին նաև Երևանի և Բաքվի Հայոց ազգային խորհուրդները: Թեև օրվա հիմնական ուժը Դաշնակցությունն էր, սակայն վերջիններս Թիֆլիսի Հայոց ազգային խորհուրդը դարձրեցին ներկայացուցչական մարմին՝ ներգրավելով այլ ուժերի ներկայացուցիչների:

Թիֆլիսի Հայոց Ազգային խորհրդի 15 անդամներից միայն 6-ն էին ներկայացում ՀՅԴ-ն, թեև նախագահը ՀՅԴ-ից էր, ինչը տրամաբանական էր, հաշվի առնելով այս կուսակցության տարածվածությունն ու համբավը Անդրկովկասում և նրա սահմաններից դուրս: Երկուական ներկայացուցիչներ ունեին Հայ ժողովրդական կուսակցությունը կամ հայ կադետները, սոցիալ դեմոկրատները և սոցիալիստ հեղափոխականները: Եվս 3 հոգի անկուսակցականներ էին:

Թիֆլիսի Հայոց ազգային խորհրդի առաջին կազմը ուներ հետևյալ 15 անդամներին.

Ավետիս Ահարոնյան –  նախագահ – ՀՅԴ,

Արամ Մանուկյան – ՀՅԴ,

Նիկոլ Աղբալյան – ՀՅԴ,

Ռուբեն Տեր-Մինասյան – ՀՅԴ,

Խաչատուր Կարճիկյան – ՀՅԴ,

Արտաշես Բաբալյան – ՀՅԴ,

Սամսոն Հարությունյան – Հայ ժողովրդական կուսակցություն,

Միքայել Պապաջանյան – Հայ ժողովրդական կուսակցություն,

Միշա (Միքայել) Ղարաբեկյան – սոցիալ դեմոկրատ,

Ղազար Տեր-Ղազարյան – սոցիալ դեմոկրատ,

Հայկ Տեր-Օհանյան – սոցիալիստ հեղափոխական, էսէռ,

Անուշավան Ստամբոլցյան – սոցիալիստ հեղափոխական, էսէռ,

Ստեփան Մամիկոնյան – անկուսակցական,

Տիգրան Բեկզադյան – անկուսակցական,

Պետրոս Զաքարյան –  անկուսակցական:

Պատրաստեց՝ Թաթուլ Հակոբյանը

Լուսանկարում՝ Ավետիս Ահարոնյանը