Խորհրդարանական ընտրությունների մոտենալու հետ Հայաստանում նոր թափ է հավաքում ատելության արշավն ու ընտրողական հակաքարոզչությունը:
Իշխանական և ընդդիմադիր շրջանակների տեսակետներն արտահայտող քարոզիչները վերցնում են նաև ԱՆԻ կենտրոնի և իմ հրապարակումները, ավելի ճիշտ՝ այդ հրապարակումների իրենց հաճելի հատվածներն և դրանցով հարվածում միմյանց:
Ես որևէ բան չեմ կարող անել, բացի խնդրանքն ու հորդորը՝ իմ և ԱՆԻ կենտրոնի նյութերը չօգտագործել մասնակի և ընտրողաբար:
Հիմնականում օգտագործվում է երկու պատում՝ Հոկտեմբերի 27-ի ոճիր ու Մեղրիի տարբերակ և Արցախի պարտություն ու հայաթափում:
Եթե Ձեզ, երկու կողմերիդ, հետաքրքրում է իմ կարծիքը (վստահ եմ՝ հետաքրքրում է միայն իմ ուսումնասիրությունները մասնակի և ընտրողաբար Ձեր հակառակորդի դեմ օգտագործելը), ապա այն վաղուց հայտնի: Կրկնեմ այն մեկ անգամ ևս՝
ա/ Հոկտեմբերի 27-ի ոճիրի հիմնական պատասխանատվությունն ու մեղքը կրում են Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը, քանի որ նրանց իշխանության ժամանակ է դա տեղի ունեցել, նրանք են կրում նաև 1998 թվականի հանցավոր ռազմապետական հեղաշրջման պատասխանատվությունը,
բ/ Արցախի աղետի ու արհավիրքի հիմնական պատասխանատվությունն ու մեղքը կրում են Նիկոլ Փաշինյանն ու Արցախի ռազմաքաղաքական ղեկավարները, քանի որ նրանց ժամանակ է դա տեղի ունեցել:
Այսքանը:
Եւ վերջում, պետք է հիշեցնել Վանո Սիրադեղյանի մարգարեական խոսքերը՝ հնչեցված 1999 թվականի մայիսի 27-ին՝ «Պարտություն չկա, բայց ես պատկերացնում եմ ինչ մղձավանջ է սկսելու մեղավորներ որոնելու, երբ, Աստված չտա, բուն պարտությունը լինի»:
Թաթուլ Հակոբյան
5 հունվարի, 2025թ