Անցնող տարին՝ 2024 թվականը, թեեւ ամենախաղաղ տարին էր 2020-ի 44-օրյա աղետից ու 2023-ի սեպտեմբերյան արհավիրքից՝ Արցախի բռնի տեղահանությունից ու հայաթափումից հետո, սակայն 2024-ին եւս մենք ունեցել ենք տարածքային կորուստներ:
Իշխանություն-ընդդիմություն կատաղի պայքարում կորչում է պարզ, փաստական ճշմարտությունը, ամեն ինչ կա՛մ սեւ է, կա՛մ սպիտակ: Մինչդեռ մեր ժողովուրդը պետք է իմանա ավելին, քան լսում է իշխանական եւ ընդդիմադիր խոսնակների շուրթերից, որոնց հիմնական նպատակը իշխանություն պահելն է կամ իշխանության գալը:
2018 թվականի թավշյա հեղափոխությունից հետո մինչեւ 44-օրյա պատերազմը Հայկական բանակն ունեցել է տարածքային կորուստներ Նախիջեւանի ուղղությամբ: Ճիշտ է, ադրբեջանական կողմը առաջխաղացում է գրանցել երկու բանակների միջեւ ընկած չեզոք տարածքների հաշվին, որոնք խորհրդային քարտեզներով պատկանել են Ադրբեջանին:
Իշխանական քարոզչամեքենան որպես լրջագույն ձեռքբերում է ներկայացնում այն, որ 2024-ը խաղաղ տարի էր: Պարտված երկրի ու բանակի համար, գուցե, արդարացված է այդ պնդումը, բայց արդար չէ ասել, թե մենք անցնող տարում չենք ունեցել տարածքային կորուստներ:
Ընդդիմադիր քարոզչամեքենան, հակառակը, շարունակեց իշխանություններին մեղադրել հողեր հանձնելու համար՝ չփորձելով քննարկել իրատեսական սցենարներ: Օրինակ՝ ի՞նչ էր լինելու, եթե Ադրբեջանը հարձակվեր Տավուշի ուղղությամբ: Որտե՞ղ էին լինելու հայկական եւ ադրբեջանական առաջապահ դիրքերը այդ ներխուժումից հետո: Սա հոռետեսական կամ պարտվողական խոսույթ չէ, մանավանդ հաշվի առնելով վերջին տարիների մեր անդադար կորուստների դառը իրողությունը:
2024-ին մենք Ադրբեջանին առանց կրակոցի, ավելին՝ Բաքվի ներկայացրած վերջնագրի արդյունքում զիջել ենք Խորհրդային Ադրբեջանի Ղազախի շրջանի Բաղանիս-Այրում, Ներքին Ոսկեպար գյուղերի մոտ կեսը, ինչպես նաեւ Խեյրիմլի եւ Կըզըլ Հաջիլի գյուղերը, ընդ որում՝ վերջինը կիսով չափ էր Հայկական բանակի վերահսկողության տակ:
Այսպիսով՝ մենք զիջել ենք 1990 թվականից ի վեր Հայկական բանակի վերահսկողության տակ գտնվող եւ յուրաքանչյուր քարտեզով Խորհրդային Ադրբեջանին պատկանող տարածքներ, բայց դիմացը չենք ստացել տարածքներ, որոնք Խորհրդային Հայաստանին են պատկանում կամ գրավվել են Ադրբեջանի կողմից 2020-ից հետո:
Բայց ասել, որ Բաղանիս-Այրումը, Ներքին Ոսկեպարը, Խեյրիմլին եւ Կըզըլ Հաջիլին հայկական էին, անլուրջ մոտեցում է: Ե՛վ մինչեւ 1990-ը, ե՛ւ դրանից հետո այդ գյուղերով անցել եմ հարյուրավոր անգամներ: Այդ գյուղերը պատկանում էին Ղազախի շրջանին եւ բնակեցված էին բացառապես ադրբեջանցիներով:
Ադրբեջանին 4 գյուղերի վերադարձից հետո քիչ գրվեց կամ գրեթե չգրվեց, որ Ղազախի Բաղանիս-Այրում եւ Ներքին Ոսկեպար գյուղերը, որոնք Նոյեմբերյան-Երեւան միջպետական ճանապարհի վրա են, կիսվել են: Այսինքն՝ ադրբեջանական գյուղերի մեծ հատվածներ սահմանազատումից հետո մնացել են Հայաստանի Հանրապետության տարածքում:
Այս իրականությունն ընդունելը բացարձակապես չի նշանակում մոռացության տալ մեկ այլ իրականություն, այն է՝ Ադրբեջանի կողմից նոր պատերազմի սպառնալիքի տակ Հայաստանը ստիպված եղավ առանց կրակոցի պաշտպանության մեր դիրքերը մի քանի հարյուր մետրով հետ բերել, որի հետեւանքով Ադրբեջանին անցան 1990-ից ի վեր մեր վերահսկողության տակ գտնվող ադրբեջանական Բաղանիս-Այրում եւ Ներքին Ոսկեպար գյուղերը մասամբ, Կիրանցի հարեւանությամբ գտնվող Խեյրիմլի գյուղն ամբողջությամբ եւ մի քանի տասնյակ հեկտար մշակելի հողատարածքներ ու Կիրանցի կամուրջը, ինչպես նաեւ չեզոք գոտում գտնվող, Բերքաբերին կից Կըզըլ Հաջիլի բնակավայրը:
Ուզում եմ նաեւ գրել, որ Հայաստան-Ադրբեջան սահմանի երկայնքով ահռելի աշխատանք է կատարվում, եւ դա տեսանելի է բոլորին:
4 հունվարի, 2025
Լրագրող, հրապարակախոս, պատմություն հետազոտող, որն առօրյա փաստերը, դրանց վրա հիմնված դատողություններն ու պատմական փորձառությունը հաջողությամբ միահյուսելով ստանում է ուրույն բովանդակություն։