Այսօր լրանում իմ 55-ամյակը: Հիսունհինգ տարի ապրելը, բովանդակությունից անկախ, հրաշքի պես մի բան է այս աշխարհում:
Վաղուց արդեն ծննդյան օրը չեմ նշում, շնորհավորանքներ չեմ սիրում, բայց տարեվերջը լավ առիթ է հիշելու, թե ինչ օգտակար գործ ես արել անցնող տարում:
Առաջին. նկարել եմ երեք մասից կազմված վավերագրական ֆիլմաշար՝ «Հայերը և թուրքերը. 1918-1921», որի առաջին մասն արդեն պատրաստ է և շուտով կարող եք դիտել: Նկարահանումներն արվել են Երևանում, Մայր Աթոռում, Սարդարապատում, Գյումրիում, Թբիլիսիում, Բաթումում, Անիում, Կարսում, Ստամբուլում և Մոսկվայում:
Երկրորդ. ԱՆԻ կենտրոնով հրատարակել եմ վեց արժեքավոր հատոր:
Երրորդ. հայրենի գյուղում կառուցել եմ ԱՆԻ կենտրոնի երկու մասնաշենք:
Չորրորդ. շարունակել եմ ներգրավված մնալ մանկապատանեկան ֆուտբոլում՝ հնարավորություն ստեղծելով, որ սահմանային գյուղերի երեխաները Հայաստանի առաջնությունում ֆուտբոլ խաղան:
Հինգերորդ. գյուղմթերքի արտադրությամբ եմ զբաղվել, ճիշտ է՝ սահմանափակ քանակով:
Վեցերորդ. ԱԼԻՔ-ում և ԱՆԻ կենտրոնում գրել եմ տասնյակ հոդվածներ, արել բազմաթիվ հարցազրույցներ, հյուրընկալվել բազմաթիվ լրատվամիջոցներում:
Հավանաբար էլի բաներ եմ արել, որ հիմա չեմ հիշում:
Ցավոք, նաև կորուստներ ունեցա: Մայրս մահացավ: Երկրորդ անգամ հասկացա, որ ծնողները տարիք չունեն: Առաջին անգամ դա հասկացել էի 22 տարի առաջ, երբ անբուժելի հիվանդությունը տարավ հորս:
2025-ի համար բազմաթիվ նախագծեր ունեմ:
Պետք է հրատարակեմ առնվազն երեք-չորս կարևոր գիրք:
Պետք է առաջիկա ամիսներին ավարտեմ «Հայերը և թուրքերը. 1918-1921» ֆիլմաշարի երկրորդ և երրորդ հատորները:
Մի քանի ճամփորդություններ ունեմ, այդ թվում՝ Ամերիկա, Եվրոպա, Ռուսաստան, ԱՊՀ-ի ու էլի երկրներ: Այս տարի լինելու եմ Հայաստանի այն գյուղերում, որ չեմ եղել: Հայաստանի հազար գյուղերից մի հիսունում դեռ չեմ եղել:
Այդ ճամփորդությունների ընթացքում հանդիպել եմ հարյուրավոր մարդկանց, նրանց հետ ընկերացել ու պահել կապը: Այդ մարդիկ ինձ շատ են օգնել: Ես ուրախ եմ, որ աշխարհի տասնյակ երկրների հարյուրավոր քաղաքներում ունեմ ընկերներ, ովքեր պատրաստ են ինձ դիմավորել օդակայանում, իրենց հարկի տակ գիշերելու տեղ տալ և օգնել անշահախնդիր կերպով: Բոլոր ճամփորդությունների ժամանակ նրանք ինձ աջակցել են ու հեշտ ճանապարհներ ցույց տվել:
Ծնվել եմ 1969 թվականի դեկտեմբերի 29-ին Խորհրդային Հայաստանի Նոյեմբերյանի շրջանի Դովեղ գյուղում:
Մանկական ու դպրոցական հիշողությունները դեռ ապրում են: Առավոտից երեկո ֆուտբոլ եմ խաղացել, ֆուտբոլ դիտել, դաս սովորել ու գիրք կարդացել:
Այն ժամանակ մեր գյուղի դպրոցը 8-ամյա էր: Միջնակարգն ավարտել եմ Նոյեմբերյանում:
Ծառայել եմ Խորհրդային բանակում՝ Բաքվում և Ադրբեջանի մի շարք այլ վայրերում՝ 1987-1989 թվականներին: Մի քանի շաբաթվա ծառայող էի, երբ տեղի ունեցավ Սումգայիթը:
Այդ մասին հայրս պատմեց՝ ջարդերից մի քանի օր հետո:
– Շարքային Հակոբյան,- առավոտյան ռուսերենով կանչեց հերթապահը,- հայրդ է այստեղ:
Մեր հարևան Բագրատի հետ էր եկել: Լյուբով Ալեքսանդրովնան Բագրատի կինն էր՝ բաքվեցի: Բաքուն թողել, եկել էր մեր հարևան Բագրատի հետ ամուսնացել: Մեր դպրոցում դաս էր տալիս, նա ինձ սովորեցրեց ռուսերեն: Հայրս մտածել էր, որ Բագրատը Բաքուն լավ կիմանա:
Նրանք ինձ պատմեցին, որ Բաքվից մի քանի տասնյակ կիլոմետր հեռու՝ Սումգայիթում, թուրքերը հայերին ջարդել են: Անհանգստացել, եկել էին ինձ տեսնելու:
Սումգայիթից հետո ևս մեկուկես տարի մնացի Բաքվում. 1989 թվականի ամռանը Խորհրդային Ադրբեջանում ծառայող բոլոր հայերին տեղափոխեցին Խորհրդային Միության տարբեր վայրեր: Ինձ բաժին հասավ Ստավրոպոլը, որտեղից ամիսներ անց զորացրվեցի, նստեցի գնացք և հասա Թբիլիսի, այնտեղից մինչև Դովեղ 90 կիլոմետր է:
Բանակից վերադառնալուց հետո փորձեցի շարունակել ֆուտբոլը: Ղրիմում՝ Ուկրաինայում ուսումնամարզական հավաքից և տեղի թիմերի հետ մի քանի ընկերական խաղերից հետո համոզվեցի, որ լավ ֆուտբոլիստ դժվար թե դառնամ:
Հեշտ համակերպվեցի որոշման հետ, թեև մանկության երազանքս ֆուտբոլիստն էր:
Որոշեցի ֆուտբոլային մեկնաբան դառնալ: Ընդունվեցի ԵՊՀ Ժուռնալիստիկայի բաժին: Լրագրող, թվում է՝ դարձա, սակայն ոչ մարզական:
Լրագրողական գործունեության երեք տասնամյակների ընթացքում գրել եմ հազարավոր հոդվածներ, վարել հարյուրավոր հարցազրույցներ, գրել երեք գիրք, հրատարակել ու վերահրատարակել շուրջ 25 հատոր՝ հինգ լեզուներով: Իմ և ԱՆԻ կենտրոնի հատորները սպառվել են տասնյակ հազար օրինակներով:
Եղել եմ աշխարհի հիսունից ավելի երկրներում, հարյուրավոր քաղաքներում՝ Սան Ֆրանցիսկո, Սինգապուր, Չիկագո, Հանոյ, Օդեսա, Նյու Յորք, Պեկին, Լաս Վեգաս, Փարիզ, Մոսկվա, Բեյրութ, Բեռլին, Օտտավա և բազմաթիվ այլ մայրաքաղաքներում ու քաղաքներում:
Հիմա ԱԼԻՔ ՄԵԴԻԱ-ի գլխավոր խմբագիրն եմ և ԱՆԻ կենտրոնի համակարգողը:
Մինչ այդ, ավելի քան 10 տարի աշխատում եմ Սիվիլիթասում և ՍիվիլՆեթում, ինչպես նաև՝ The Armenian Reporter անգլիատառ շաբաթաթերթում, Հանրային ռադիոյում, Ազգ և Երկիր օրաթերթերում, Անկախություն շաբաթաթերթում: Շուրջ 10 տարի գրել եմ Բեյրութի Ազդակ օրաթերթում:
2018-ին արժանացել եմ «Մեդիա գերազանցություն» մրցանակին:
Մամուլի ազատության համաշխարհային օրվան նվիրված՝ ստացել եմ 2016 թվականի «Մամուլի ազատության ժամանակը» մրցանակը՝ Ղարաբաղյան հակամարտության հետևողական և համակողմանի լուսաբանման համար:
2014-ին իմ «Հայացք Արարատից. Հայերը և թուրքերը» հատորը արժանացել է «Հայկաշեն Ուզունեան» մրցանակի և դրամական պարգևի:
2009-ին Երևանի մամուլի ակումբը ինձ մրցանակ է շնորհել «Կանաչ ու սև. արցախյան օրագիր» գրքի համար:
2005-ին Երևանի մամուլի ակումբը ինձ ճանաչել է տարածաշրջանային խնդիրները լուսաբանող տարվա լրագրող:
2014 թվականի նոյեմբերին հիմնադրել եմ Հայկական ուսումնասիրությունների ԱՆԻ կենտրոնը, 2018-ի մարտին՝ Դովեղ ֆուտբոլային ակումբ ՀԿ-ն, 2020-ին՝ Դովեղ. սահմանի ուժը ընկերությունը:
Երեք երեխաների հայր եմ:
Սիրում եմ կարդալ, ֆուտբոլ դիտել, ճամփորդել:
Լուսանկարում՝ Սոնայի հետ, Նոյեմբերյան, 2017 թ