Իշխանությունից ՀՅԴ-ի հեռացումը դեռ չէր նշանակում Հայաստանի Հանրապետության անկախության կորուստ: Երկու տարի` 1920թ. դեկտեմբերից մինչև 1922թ. դեկտեմբեր, Խորհրդային Հայաստանը թեև ձևականորեն, բայց անկախ էր: 1920թ. մայիսին իշխանությունը դաշնակցական կառավարությունից զենքի ուժով գրավելու անհաջող փորձ արել էին հայ բոլշևիկները: 1921թ. փետրվարին նրանց դեմ ապստամբեցին իշխանությունը մի քանի ամիս առաջ առանց կրակոցի հանձնած դաշնակցականները:
Պատճառը բոլշևիկների իրականացրած հալածանքներն ու բռնություններն էին զինվորականության, մտավորականության, հատկապես` դաշնակցական գործիչների նկատմամբ: Հայաստանի նախարարներից Աբրահամ Գյուլխանդանյանի վկայությամբ, բոլշևիկյան կառավարության առաջին գործը եղավ բանտերը նետել դաշնակցական նախարարներին, խորհրդարանի կարևոր անդամներին և այլ աչքի ընկնող գործիչներին, կազմալուծել հայկական բանակը:
ՙՀրավիրելով բոլոր հայ սպաներին իբր թե ցուցակագրության համար` ամբողջ շենքը շրջապատեցին կարմիր զինվորներով, բանտարկեցին ավելի քան 1500 սպաներ, որոնց մեջ զորավարներ Նազարբեկյանին, Սիլիկյանին, Հախվերդյանին: Ապա ոտքով, ձյան վրա, ցուրտ ձմռանը առանց տաք հագուստի, բոլորին քշեցին Ռուսաստան: Նրանցից շատերը ցրտից մեռան: Եղան և ինքնասպանության դեպքեր: Հայությանն այսպես զինաթափ անելուց հետո բոլշևիկները սկսեցին թալանել քաղաքացիների ունեցվածքը` հագուստը, ուտելիքը, կահկարասին, դրամը: Այս բոլորից հետո սկսեցին գնդակահարությունները: Փետրվար ամսին ամեն գիշեր դահիճները մտնում էին բանտը և դուրս կանչելով մեկին կամ մյուսին, տանում էին գնդակահարում կամ կացնահարում: Բանտարկվածները, որոնք Հայաստանի մեծ մասամբ կարևոր գործիչներն էին, գիշեր ժամանակ սարսափով սպասում էին, թե ահա կգան ու կտանեն գնդակահարելու: Այս բոլոր սարսափները տեսնելով` Հայաստանի ամբողջ բնակչությունը, առանց սեռի ու տարիքի խտրության, ծառացավ բոլշևիկ ոճրագործների դեմ՚:
Մյուս կողմից քեմալականներն էին թալանում Շիրակի սովահար գյուղերը, և հիասթափությունն ու զզվանքը թուրք-բոլշևիկներից կատարյալ էր:
ՙՀայաստանի կոմիտեի հանձնարարությամբ ես մի քանի տեսակցություն ունեցա Հեղկոմի նախագահ Կասյանի և Արտակարգ հանձնաժողովի` Չեկայի (հայտնի է ռուսերեն անվան հապավումով` Չեկա) վարիչ Աթարբեկյանի հետ, որոնց ամեն կերպ աշխատում էի համոզել վերջ տալ այս կույր քաղաքականությանը՚,- գրում է Վրացյանը, ով դեմ էր հեղափոխությանը, սակայն հակառակ այդ իրողությանը, գլխավորեց Հայրենիքի փրկության կոմիտեն:
Կարո Սասունին հավելում է. ՙՎրացյանը և մի քանի ուրիշ ընկերներ նախապես համաձայն չէին ապստամբության: Փետրվարի սկզբներին սկսած խելագար հալածանքները և գաղտնի գնդակահարությունները ստիպեցին նրանց կողմնակից դառնալ հեղափոխություն առաջացնելուն՚:
1921թ. փետրվարի լույս 10-ի գիշերը Երևանում ձերբակալվում են 200-ից ավելի դաշնակցականներ, և այս դեպքը եղավ վերջին կաթիլը, որից հետո պայթում է ժողովրդական զայրույթը: Կոտայքի Զար գյուղում տեղի է ունենում խորհրդակցություն, որոշվում է հեղաշրջում իրականացնել: Ապստամբ ուժերի պետ է նշանակվում անկուսակցական սպա Կուռո Թարխանյանը, ով մի քանի ամիս առաջ Իգդիր-Մարգարա հատվածում մարտնչել էր թուրքական ուժերի դեմ:
Փետրվարի 18-ին ապստամբները գրավեցին Երևանը, Վրացյանի ղեկավարությամբ ստեղծվեց Հայրենիքի փրկության կոմիտե, Հեղկոմը հեռացավ Ղամարլու-Վեդիի շրջան: Վրացյանի խոսքերով` ՙՓետրվարի 18-ին Երևանն այլևս զարդարված էր եռագույն դրոշներով: Հուզիչ էր ու ցնցիչ այն վայրկյանը, երբ ժողովրդական ցասման տակ խորտակվեցին բոլշևիկյան արյունոտ բանտի ու Չեկայի դռները և հազարավոր բանտարկյալներ դուրս եկան եռագույն դրոշներով պճնված փողոցը, ուր նրանց ողջունեց ՙՄեր հայրենիքը՚: Ավաղ, նրանց մեջ չկային Համազասպը, Բանվոր Սերգոն, հերոս գնդապետ Ղորղանյանը և ուրիշներ, որոնք մահացել էին բոլշևիկյան կացինների տակ՚:
ՙՃառերը շարունակվեցին, իսկ մենք անցանք կառավարության տուն: Նոր էինք ներս մտել, երբ իրար հետևից սկսեցին գալ շնորհավորելու օտար պետությունների ներկայացուցիչները և քաղաքական կուսակցությունների ու հասարակական կազմակերպությունների պատգամավորությունները: Մասնավորապես, բուռն ուրախություն էր արտահայտում Անկարայի ներկայացուցիչ Բեհաէդդինը, որը շտապել էր առաջինը շնորհավորել և շատ վշտացած էր երևում, որ իրենից առաջ արդեն պարսից ներկայացուցիչն ու ամերիկացիները շնորհավորել էին՚,- գրում է Վրացյանը:
Գյուլխանդանյանի խոսքերով, նոր կառավարությունը անհրաժեշտ համարեց հեռագրել արտասահման` Մոսկվա, Թեհրան, Անկարա և Թիֆլիս` հաղորդելով Հայաստանում հեղաշրջման մասին: ՙԱյն ժամանակ, երբ Հայաստանում խորտակվեց բոլշևիկյան լուծը, Վրաստանի սահմանագլուխների վրա կռիվներ էին սկսվել, և բոլշևիկները սպառնում էին Թիֆլիսին: Փետրվարի 21-ին Վրաստանի արտգործնախարարը շնորհավորեց հեղաշրջումը և առաջարկեց զինվորական դաշինք կնքել բոլշևիկների դեմ: Սակայն դա ուշացած առաջարկ էր, որովհետև ընդամենը երեք օր անց Թիֆլիսն ընկավ բոլշևիկների ձեռքը: Վրաստանի բոլշևիկյան հեղկոմը մտնելով Վրաստան, երբեք չդիմեց այնպիսի բռնությունների, ինչպիսիք հայ բոլշևիկները գործադրեցին Հայաստանում: Վրաստանում իշխանության փոփոխությունը բուն ժողովրդի համար համարյա աննկատ անցավ: Ճիշտ է, տարիներ հետո, 1924-ին, բոլշևիկները Վրաստանում ևս բռնությունների դիմեցին, բայց դա արեցին, քանի որ վրաց ժողովուրդը ապստամբեց բոլշևիկյան լծի դեմ՚:
Ղամարլուի ճակատի հրամանատար խմբապետ Սմբատն առաջիններից էր, որ ապստամբության ընթացքում առաջարկեց օգնություն խնդրել թուրքերից: Վրացյանի խոսքերով` ՙԱյդ հարցը զբաղեցնում էր և ուրիշների մտքերը, նույնիսկ Քաջազնունու նման զգաստ մարդկանց` այնքան ատելություն կար դեպի Հեղկոմի իշխանությունն ու բոլշևիզմն առհասարակ՚:
Փետրվարի 18-ից Քաջազնունին մասնակցեց Հայրենիքի փրկության կոմիտեի բոլոր աշխատանքներին: Այնպիսի պատասխանատու քայլեր, որպիսին էին բանակցությունները թուրքերի հետ կամ Չիչերինին տրված հեռագիրը, որով Ալեքսանդր Բեկզադյանը հայտարարվում էր լիազորությունից զուրկ Հայաստանի կողմից թուրք-բոլշևիկյան խորհրդաժողովին մասնակցելու, եղել են Քաջազնունու անմիջական մասնակցությամբ: Վերջին հեռագիրը ամբողջապես նրա գաղափարն է և կազմված է նրա ձեռքով: Նա ստանձնել էր և Անկարա գնալիք հանձնաժողովի նախագահի պաշտոնը:
1921թ. փետրվարին Քաջազնունին այսպես էր մտածում. ՙԲոլշևիզմի դեմ կռվելու և ընդհանրապես մեր երկրում խաղաղ կյանք վերսկսելու համար մենք մեծապես պետք ունենք հարևան Թուրքիայի բարեկամությանը, նույնիսկ աջակցությանը: Ամեն մի քայլ, որ հակառակ է մեր և թուրքերի միջև բարյացակամ կապեր հաստատելուն, կարող է ճակատագրական լինել մեզ համար: Մեր իրական դրությունը պահանջում է հաշտ և բարեկամական կացություն մեր հարևան Թուրքիայի հետ՚:
Վրացյանի խոսքերով` Հայրենիքի փրկության կոմիտեն ձգտում էր ՙնոր հիմքերի վրա դնել հայ-թուրքական հարաբերությունները և փոխադարձ համաձայնությամբ, թեկուզ զիջումներով, լուծել սահմանային վեճը՚, քանի որ կյանքի փորձը ցույց էր տալիս, որ Հայաստանի անկախ գոյության համար ՙամենից առաջ անհրաժեշտ է թուրքական բարյացակամությունը՚: ՙԱպստամբությունից առաջ Երևանի թուրք հյուպատոսը վստահեցրել էր, որ Թուրքիան խիստ չեզոքություն կպահպանի: Նույնիսկ թուրքական հրամանատարությունը Նախիջևանի թուրքերին հրահանգել էր մնալ չեզոք և չկռվել հայերի դեմ: Երևանի թուրքերը բարեկամական տրամադրություն էին ցույց տալիս: Մենք վախենում էինք, որ թուրքերը կարող են որևէ պատրվակով մտնել Երևան: Մենք աշխատում էինք ամեն կերպ ցույց տալ մեր բարեկամությունը թուրքերին և նրանց ներշնչել հավատ դեպի մեզ: Նույնիսկ դիմեցինք թուրքերին` խնդրելով զինվորական օգնություն բոլշևիկների դեմ: Այդ նպատակով հատուկ սպա ուղարկեցինք Իգդիր` թուրքական հրամանատարության մոտ: Մենք գիտեինք, որ թուրքերը չեն օգնի, բայց դիմումով կամենում էինք շեշտել մեր բարեկամական վերաբերմունքը և ներշնչել վստահություն դեպի մեզ: Պետք է մեկ անգամ ընդմիշտ հասկանալ, որ անկախ Հայաստանի համար Թուրքիան ճակատագրական ուժ է՚:
Խորհրդահայ պատմաբանները այլ կերպ են ներկայացնում: Երևանում քեմալականների ներկայացուցիչ Բեհաէդդինին հասցեագրած նամակում Վրացյանը Թուրքիայի Ազգային մեծ ժողովի կառավարությունից խնդրում է. ՙԱռաջին` ռազմաճակատում գտնվող հայ գերիներին վերադարձնել Երևան, երկրորդ` որոշակի պայմանով հայկական բանակի համար տալ ռազմամթերք, երրորդ` հաղորդել, թե Ազգային մեծ ժողովի կառավարությունը հնարավո±ր է համարում Հայաստանին զինվորական օժանդակություն հասցնել, եթե կարող է` ինչ չափով և եղանակով՚:
Արտգործժողկոմ Ասքանազ Մռավյանը Արևելյան ճակատի հրամանատար Կարաբեքիրին հղած նոտայում գրում է. ՙԿապիտան Բեհաէդդինը մի քանի անգամ մեկնել է ռազմաճակատ, քաջալերել Հայրենիքի փրկության կոմիտեի զորքերին, իսկ Երևանում ողջունել կոմիտեի իշխանությունը և նրանց խոստացել օգնություն՚:
Կարո Սասունին գրում է, որ Հայրենիքի փրկության կոմիտեն ռադիոյով աշխարհին հայտնել է Հայաստանում տեղի ունեցող հեղափոխության մասին. ՙՄասնավոր մի ռադիո-հեռագիր ուղղվեց Լենինին, (որում) հույս էր հայտնվում, որ Ռուսաստանը պիտի դադարեցնի թշնամական գործողությունները և բարեկամական ձեռք մեկնի Հայաստանի աշխատավորությանը: Հայաստանի նոր կառավարությունը բարեկամական հարաբերության մեջ մնաց Թուրքիայի հետ: Մենք գիտակցում էինք թուրքական վտանգը և հնարավոր խոհեմությունը գործադրում` գոնե ժամանակավորապես Թուրքիան հանդարտ պահելու: Կոմիտեն իր մտքով անց չի կացրել Հայաստան կանչել թուրքական զորքեր, բացի նրանից ռազմամթերք խնդրելուց: Եթե ստանար, շատ լավ կլիներ: Թուրքիան, առանց խառնվելու մեր ներքին խնդիրներին, սպասում էր կռիվների ելքին՚:
1921թ. ապրիլի 2-ին ռուսական բանակի օգնությամբ Հեղկոմը վերադարձավ Երևան, ապստամբությունը ճնշվեց: Հայրենիքի փրկության կոմիտեն բոլոր կռվող ուժերի և գրեթե ողջ մտավորականության հետ` շուրջ 10 հազար մարդ ոտքով, ուժասպառ և հյուծված հասավ Զանգեզուր, այնտեղից` մի քանի ամիս անց Արաքսի վրայով անցան Պարսկաստանի տարածք:
Հատված ՀԱՅԵՐԸ և ԹՈՒՐՔԵՐԸ գրքից