Հատված ԿԱՆԱՉ ու ՍԵՒ. ԱՐՑԱԽՅԱՆ ՕՐԱԳԻՐ հատորից
1992թ. ապրիլի 24-ին Հայաստանի հարավային Կապան քաղաքը ռմբահարվում էր: Պատմության ուսուցիչ Ալբերտ Թումանյանը հիշում է. ՙԱննախադեպ հրետակոծություն էր, զոհեր եղան բնակիչների շրջանում: Այդ ժամանակ արդեն խոսակցություններ կային, որ մերձակա Զանգելանի շրջանի գյուղերը պետք է չեզոքացնել: Վիճակը շարունակում էր վատթարանալ, մղձավանջային ամիսներ էին: Պետք էր միայն պատկերացնել վիճակը, երբ ռադիոյով հայտարարվում էր օդային տագնապ: Դեկտեմբերի 10-ին սկսեցին հակառակորդի կրակակետերը վերացնելու գործողությունները՚:
Հայաստանի ղեկավարության հարաբերությունները միջազգային ասպարեզում էապես նպաստում էին, որ պատերազմում Երևանը հաղթանակների հույս ունենա: Վազգեն Մանուկյանը պնդում է, որ սկզբնական շրջանում Տեր-Պետրոսյանը կողմնակից չէր տարածքներ վերցնելուն և դժկամությամբ է ընդունել Կապանի մերձակա ադրբեջանական գյուղերի օպերացիան: Մյուս կողմից, սակայն, Մանուկյանը նշում է. ՙՏեր-Պետրոսյանի հարաբերությունները Ելցինի, արեւմտյան պետությունների ղեկավարների հետ էապես նպաստում էին, որ մենք առանց հարվածներ ստանալու կարողանանք առաջ գնալ՚:
Հայաստանի առաջին նախագահին մոտ կանգնած մի նախկին պաշտոնյա ասաց. ՙԿապանի օպերացիան դիվանագիտական իմաստով Հայաստանին դրեց շատ ծանր վիճակի մեջ: Այդ օրերին Ստոկհոլմում տեղի էին ունենում բանակցություններ: Այն պետք է իրականացվեր, թույլտվությունը կար, բայց ժամանակացույցը ճիշտ չէր ընտրված՚:
Դեկտեմբերի 7-9-ը Ժնեւում տեղի էին ունենում ղարաբաղյան ոչ պաշտոնական բանակցություններ Հայաստանի, Ադրբեջանի, Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Թուրքիայի ներկայացուցիչների մասնակցությամբ, իսկ մի քանի օր անց` դեկտեմբերի 11-15-ը, Ստոկհոլմում` Մինսկի խմբի հանդիպում եւ ԵԱՀԽ արտգործնախարարների նիստ: Այս իրադարձությունները համընկան եւ անմիջապես հաջորդեցին Կապանի ռազմական օպերացիային:
Վազգեն Մանուկյանը հիշում է. ՙԿապանի օպերացիայի ժամանակ 10-11 գյուղ վերցրինք, մտանք հակառակորդի տարածք, ինչն ադրբեջանցիների համար անսպասելի էր: Մենք հաշվարկել էինք. երբ սկսում ենք Կապանի օպերացիան, հակառակորդն ինչ գործողություններ է սկսում: Մեր հաշվարկներով` նրանք հարձակվելու էին Սևանի ուղղությամբ, և այնտեղ ծուղակներ էինք պատրաստել: Էլչիբեյը հայտարարել էր, որ պետք է լողանա Սևանում: Մենք Կապանի ուղղությամբ գրոհեցինք, ադրբեջանցիները հարձակվեցին դեպի Սեւանի: Եթե նրանք հասնում էին Սևան, դա հոգեբանական մեծ նշանակություն էր ունենալու պատերազմի հետագա ընթացքում: Մենք մտանք Զանգելան, ադրբեջանցիները հարձակվեցին Վարդենիսի ուղղությամբ, բայց պարտվեցին՚:
Զանգելանի շրջանի գյուղերի գրավմանն ադրբեջանցիները պատասխանում են Կապանի ուժգին հրետակոծությամբ: Դեկտեմբերի 12-ին հացի հերթում սպանվում է 19 խաղաղ բնակիչ: Վարդան և Տիգրան Մնացականյաններն այդ օրը կորցրել են իրենց մորը: Ընտանիքի հայրը` Ժուդեքս Մնացականյանը, պատմում է, որ երբ սկսվում էին ռմբահարումները, մոտակա շենքերի բնակիչները հավաքվում էին ապաստարանում: ՙԵրբ եկավ մեքենան, մարդիկ դուրս եկան հաց գնելու: Նրանց մեջ էր կինս` Արինեն: Մարդիկ հերթում էին, երբ ռումբն ընկավ մոտակայքում: Ես դուրս եկա ապաստարանից, տեսա, որ Արինեն ընկած է շենքի բակում: Նա չէր կարողանում շարժվել, բեկորը կտրել էր ողնուղեղը: Ուղղաթիռով մի քանի շատ ծանր վիրավորների հետ կնոջս էլ տեղափոխեցին Երևան, վիրահատեցին: Նա ինձ հույս էր տալիս, որ լավ կլինի: Բայց ընդամենը 17 օր ապրեց: Նա 43 տարեկան էր՚,- ափսոսանքով հիշում է Մնացականյանը:
Նախագահ Էլչիբեյի մամուլի քարտուղար Արիֆ Ալիևն ասում է, որ 1992թ. դեկտեմբերը շատ ծանր շրջան էր նաև Ադրբեջանի համար: Զանգելանում հայկական ուժերը գրավել էին մի քանի գյուղեր: Այդ օրերին նախագահի հետ հարցազրույցի համար գրանցվել էին երկու լրագրողներ ՙՆյու Յորք թայմսից՚. ՙԵս ներս մտա ասելու, որ լրագրողները եկել են: Էլչիբեյը սարսափելի տխուր էր, նստած էր հոգնած տեսքով: Առաջարկեցի զրույցի ժամկետը փոխել: Ասաց. ՙՈ’չ, թող ներս գան՚: Հարցերը հիմնականում նավթի և Ղարաբաղի մասին էին: Վերջում լրագրողները հարցրին. ՙԻնչ-որ ուղերձ ունե՞ք ամերիկացի ժողովրդին՚: Էլչիբեյն ասաց. ՙԻնչ ուզում էի ասել, ասացի: Ես ուզում եմ ձեզ ասել այլ բան: Մեր լրագրողները, ի տարբերություն ձեզ, չունեն հնարավորություն շրջել աշխարհում: Գնացե’ք Երևան, Թբիլիսի, Քիշնև, Մոսկվա, գրե’ք հոդվածներ Տեր-Պետրոսյանի, Շևարդնաձեի, Սնեգուրի, Ելցինի, ի’մ մասին և նյութերի այդ շարքը վերնագրեք այսպես՝ ՙԴժբախտ նախագահներ՚:
—-
Կանաչ ու սև փաստավավերագրական իրապատումը լրացրեց և հարստացրեց արցախյան գոյամարտի պատմության գանձարանը: Հեղինակին հաջողվել է հակամարտության հենքին ուրվագծել պատերազմի բերած արհավիրքների, զինված առճակատման հանգուցալուծման ուղու որոնումների, դրա հետ կապված միջազգային ջանքերի, մարդկանց հույսերի ու հուսախաբությունների ողջ համայնապատկերը: Հեղինակին հաջողվել է արդար և անկողմնակալ ներկայացնել այս կարեւորագույն խնդիրը, որը հասարակական քննարկումներում հաճախ շահարկումների է ենթարկվել: Գրքի հերոսները միայն հայտնի քաղաքական գործիչներ չեն: Հակամարտությունն անողոք է եղել նաև հազարավոր սովորական մարդկանց ճակատագրերի հանդեպ և նրանց կրած փորձություններն ընդգծում են այն անձանց պատասխանատվությունը, որոնցից կախված է ղարաբաղյան հակամարտության կարգավորումը: Դրա մասին է մեզ կրկին հիշեցնում հեղինակը, և հենց այդ պատճառով գրքին կարելի է տալ ևս մեկ բնորոշում` փաստավավերագրություն, որն անցել է սրտի միջով:
Լուսանկարում՝ տեսարան Կապանից