Հատված ԿԱՆԱՉ ու ՍԵՒ. ԱՐՑԱԽՅԱՆ ՕՐԱԳԻՐ գրքից
Արկադի Վոլսկու կոմիտեի թուլացումը ԼՂ-ում երկիշխանության հող նախապատրաստեց: 1989թ. հուլիսին Ստեփանակերտում հիմնադրվում է ՙՄիացում՚ շարժումը, որը գլխավորում է Ռոբերտ Քոչարյանը: ՙՄիացումը՚ դիմում է Հայոց համազգային շարժման բաղկացուցիչ մաս ճանաչվելու խնդրանքով: Օգոստոսի 16-ին ԼՂ-ում ստեղծվում է նոր մարմին. Ստեփանակերտի հայկական թատրոնի դահլիճում տեղի է ունենում Արցախի բնակչության լիազոր ներկայացուցիչների համագումար, որն ընտրում է 79 հոգանոց Ազգային խորհուրդ: Այն իր առջեւ խնդիր էր դրել իրագործել 1988թ. փետրվարի 20-ի որոշումը, ինչպես նաև մարզի ղեկավարումը` մինչև կվերականգնվեին մարզխորհուրդն ու մարզկոմը: Փետրվարի 20-ի որոշումը ՙոչ մի կերպ չի ոտնահարում ադրբեջանական ժողովրդի շահերը՚,- ասվում էր ադրբեջանցիներին ուղղված դիմումում:
Արցախում փաստացի ստեղծվող երկիշխանության մասին Ռոբերտ Քոչարյանը ռուսական ՙՍմենա՚ թերթում ասում էր. ՙԳոյություն ունի ՀԿԿ-ն, որին իշխանությունը տրված է վերեւից` ԽՍՀՄ Գերագույն խորհրդի կողմից, և որին անմիջականորեն ենթարկվում են զորքերը, և Ազգային խորհուրդը, որին իշխանությունը պատգամվել է ներքեւից` ժողովրդից, սակայն որը չունի ամուր իրավական կարգավիճակ: ՀԿԿ-ն ներկա պահին իշխանություն չունի մարդկանց վրա, բնակչությունը ճանաչում է Ազգային խորհրդի իշխանությունը: Բայց ՀԿԿ-ն ճանաչում են Քաղբյուրոն ու Գերագույն խորհուրդը: ՀԿԿ-ին ու Ազգային խորհրդին այլ բան չի մնում, քան համագործակցությունը: Այն ամենը, ինչ կատարվում է ԼՂԻՄ տարածքում, պետք է որոշի Ազգային խորհուրդը: Այն ամենը, ինչը վերաբերում է կենտրոնական մարմինների հետ կապերին, պետք է իրականացվի ՀԿԿ-ի միջոցով՚: Ազգային խորհրդի ներսում գոյություն ունեին տարբեր մոտեցումներ, թե ինչպիսին պետք է լինեն հարաբերությունները Մոսկվայի և ՀԿԿ-ի հետ: Մոտեցումներից մեկն այն էր, որ պետք էր վերացնել ՀԿԿ-ն և վերականգնել մարզխորհուրդը, երկրորդ` ուժեղացնել ՀԿԿ-ի լիազորությունները և նրան ինքնուրույն քաղաքականություն վարելու հնարավորություն տալ` առանց Բաքվի իշխանությունների հետ համաձայնեցնելու, երրորդ` միջանկյալ, որին կողմնակից էր Քոչարյանը. ՀԿԿ-ն պահպանվեր որպես միջանկյալ մակարդակ ԼՂԻՄ-ի եւ Կրեմլի միջեւ:
Օգոստոսի 27-ին Ադրբեջանը Ազգային խորհուրդը ճանաչեց անօրինական: Ազգային խորհուրդը ղարաբաղյան հարցի լուծման մեջ առաջվա նման այնքան էլ հակված չէր դեպի Մոսկվան: Նրանք սկսեցին ավելի շատ դիմել միջազգային կազմակերպություններին, ինչպես նաև Միացյալ Նահանգներին, ինչն ակնհայտորեն առաջ բերեց Կրեմլի դժգոհությունը:
Միացյալ Նահանգների Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը 1989թ. հուլիսի 19-ին ընդունել էր Լեռնային Ղարաբաղի հարցի խաղաղ կարգավորման օժանդակության բանաձև` Գորբաչովին հորդորելով ԼՂ ներկայացուցիչների հետ քննարկել Հայաստանի հետ վերամիավորման պահանջը: Նոյեմբերի 19-ին Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը ԼՂ հարցով ընդունում է նոր բանաձև, որում ԽՍՀՄ ղեկավարությանը կոչ էր արվում հակամարտությանը տալ արդարացի լուծում, որն իրականում կարտահայտեր մարզի 80 տոկոս հայ բնակչության կամքը:
Հաջորդ օրն իսկ ԽՍՀՄ արտգործնախարարությունը և Գերագույն խորհրդի միջազգային հարցերի հանձնաժողովը խստիվ քննադատում են Սենատի` ԼՂ հարցով ընդունած բանաձևը: Արտգործնախարարի տեղակալ Բեսսմերտնիխի խոսքերով` դա ՙկոպիտ և ինքնակոչ միջամտություն՚ է, եւ ՙՍենատի հանձնաժողովի այդպիսի որոշումը հարուցել է խորհրդային քաղաքացիների սուր հակազդեցությունը, և չի կարելի չհասկանալ այդ վրդովմունքը՚:
Մոսկվայի դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հանդեպ փոխվում էր: Նոյեմբերի 28-ին ԽՍՀՄ Գերագույն խորհուրդը Գորբաչովի ստորագրությամբ ընդունում է ՙԼՂԻՄ-ում իրադրությունը բնականոն դարձնելու միջոցառումների՚ որոշում, որով ՀԿԿ-ն լուծարվում է, թեև Վոլսկին ԼՂ-ում մնաց ևս մոտ երկու ամիս` փաստացի շարունակելով ԼՂ ղեկավարումը:
Կրեմլը նպատակ ուներ ԼՂ-ում վերականգնել Բաքվի լիազորությունները: Ստեղծվում է Կազմկոմիտե, որի ղեկավար է նշանակվում Ադրբեջանի կոմկուսի երկրորդ քարտուղար, Աֆղանստանով անցած Վիկտոր Պոլյանիչկոն: Դեռ սեպտեմբերի Ադրբեջանի խորհրդարանն ընդունել էր ՀԿԿ-ն լուծարելու որոշում: Մոսկվան, ըստ էության, տեղի է տալիս Բաքվի կոմունիստական ղեկավարության ու իշխանության ձգտող Ժողճակատի ճնշումներին: ՀԿԿ-ի լուծարումը և Ղարաբաղը կրկին Ադրբեջանի ուղղակի վերահսկողության տակ դնելու Գորբաչովի որոշումը նոր վիճակ են ստեղծում:
Դեկտեմբերի 1-ին Հայկ. ԽՍՀ Գերագույն խորհուրդը և Արցախի Ազգային խորհուրդը համատեղ նիստում Հայաստանի եւ ԼՂԻՄ-ի վերամիավորման որոշում են ընդունում: Գերագույն խորհուրդը ճանաչում է ԼՂԻՄ-ի ինքնորոշման փաստը` հիմք ընդունելով 1988թ. փետրվարի 20-ի և հուլիսի 12-ի որոշումները:
Լևոն Տեր-Պետրոսյանը նախքան դեկտեմբերի 1-ի որոշման ընդունումը խոցելի էր որակում տեսակետը, որով առաջարկվում էր Գերագույն խորհրդի ՙառաջիկա նիստերից մեկում Արցախը հայտարարել Հայաստանի անբաժան մասը՚: Տեր-Պետրոսյանն ասում էր, որ ՙդա կարող է ներկայացվել իբրև միջազգային իրավունքի կոպիտ խախտում և հաստատել Հայաստանի տարածքային նկրտումներն Ադրբեջանի նկատմամբ՚, իսկ ՙքաղաքական տեսակետից նման որոշման կայացումը կլիներ անուղղելի սխալ, քանի որ դրանով կասկածի տակ կդրվեր նաև արցախահայության ինքնորոշման փաստի իրավացիությունը՚:
Արկադի Մանուչարովը պնդում էր, որ դեկտեմբերի 1-ի որոշումը խաղաթուղթ է Բաքվի ձեռքում` իբր Հայաստանը տարածքային պահանջներ ունի Ադրբեջանից. ՙԱյդ որոշումը պատմական տեսակետից նշանակալի է, մինչդեռ մենք գործնական քայլեր չենք կատարել դրա իրականացման համար: Այդ պատճառով էլ տվյալ որոշումը ոչ մի ուժ չունի, նույնիսկ վնասում է Արցախի ժողովրդին: Մեր առջև դիլեմա է` կամ շտապ կերպով միացնել երկու վարչատարածքային միավորները, կամ գրագետ ձևով ՙսառեցնել՚ դեկտեմբերյան որոշումը` աշխարհին ապացուցելու, որ կա ինքնորոշման հարց և ոչ թե տարածքային պահանջատիրության՚:
Բաքուն դեկտեմբերի 1-ի որոշումը որակեց Ադրբեջանը ներքին գործերին միջամտելու անթույլատրելի փորձ: Երկու հանրապետությունների միջև լարվածությունն անշեղորեն մեծանում էր, նրանք պատրաստվում էին պատերազմի, սակայն դեռևս կային Խորհրդային Միությունը և նրա ներքին զորքերն ու բանակը, որոնք, անկախ նրանից, թե ո՞ւմ էին պաշտպանում, Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի միջև անխուսափելի առճակատումը զսպող միակ և վերջին ուժն էին:
Երբ Տեր-Պետրոսյանը 1997թ. մարտին Քոչարյանին նշանակեց Հայաստանի վարչապետ, իրավական հարց առաջ չեկավ` չճանաչված, բայց անկախություն հռչակած ԼՂՀ քաղաքացին կարո՞ղ է դառնալ Հայաստանի կառավարության ղեկավար: 1995թ. ընդունված Սահմանադրությունը վարչապետի քաղաքացիության հետ կապված ոչ մի պահանջ չէր դնում: Նախագահի դեպքում այլ էր: Մայր օրենքի 50-րդ հոդվածի համաձայն, նախագահ կարող էր դառնալ վերջին 10 տարում Հայաստանի քաղաքացի եւ Հայաստանում մշտապես բնակվող, 35 տարին լրացած, ընտրելու իրավունք ունեցող յուրաքանչյուր ոք:
1998թ. փետրվարի 17-ին Հայաստանի սոցիալիստական կուսակցության համագումարում նախագահի թեկնածու առաջադրվեց Կարեն Դեմիրճյանը: Սոցիալիստների առաջնորդ Մովսես Շահվերդյանը կուսակցության անունից դեմ արտահայտվեց Քոչարյանի առաջադրմանը, քանի որ եթե նրան թույլատրվում է գրանցվել և մասնակցել ընտրություններին, ապա ԼՂ մյուս բնակիչներն էլ պետք է իրավունք ունենան մասնակցելու, մինչդեռ հայտնի է, որ 1995թ. խորհրդարանական ընտրություններին ու սահմանադրական հանրաքվեին, 1996թ. նախագահական ընտրություններին Արցախի բնակչությունը չէր մասնակցել:
Հայաստանի արդարադատությունը, սակայն, այլ որոշում ընդունեց: Հայտարարվեց, որ Քոչարյանի` նախագահության թեկնածու առաջադրվելու համոզիչ իրավական դաշտ կա. Հայկ. ԽՍՀ Գերագույն խորհրդի եւ Լեռնային Ղարաբաղի Ազգային խորհրդի 1989թ. դեկտեմբերի 1-ին ընդունված համատեղ որոշման երրորդ հոդվածով հռչակվել է ՙՀայկ. ԽՍՀ-ի և Լեռնային Ղարաբաղի վերամիավորումը՚: Որոշման նույն կետով սահմանվել էր, որ ԼՂ բնակչության վրա տարածվում են Հայկ. ԽՍՀ քաղաքացու իրավունքները: Այս որոշումը վերացված չէր, ավելին` Հայաստանի անկախության հռչակագիրն ընդունվել էր` հիմնվելով 1989թ. դեկտեմբերի 1-ի որոշման վրա:
Պնդումը, որ Լեռնային Ղարաբաղը հռչակել է իր անկախությունը տակավին 1991թ., իսկ Քոչարյանը ԼՂ քաղաքացի է, չեզոքացվում էր հակափաստարկով` ոչ մի պետություն, այդ թվում և Հայաստանը, չեն ճանաչել այդ անկախությունը: