Բաքվում ձևավորված Հայհեղկոմը 1920թ. նոյեմբերի 29-ին Իջևանով մտնում է Հայաստան

14080

1920 թվականի նոյեմբերի 22-ին, Բաքվում Սարգիս Կասյանի նախագահությամբ ձևավորվեց Հայաստանի ռազմահեղափոխական կոմիտեն` Հայհեղկոմը: Մեկ շաբաթ անց կոմիտեն Ադրբեջանից՝ Աղստաֆայից, անցավ  Քարվանսարա (Իջևան) և Հայաստանում հռչակեց խորհրդային կարգեր: Այս նույն ժամանակահատվածում Հայաստանի օրինական իշխանությունները Ալեքսանդրապոլում՝ Գյումրի, բանակցություններ էր վարում հանրապետության մի մասը զավթած քեմալականների հրամանատարներից Քյազիմ Կարաբեքիրի հետ: Արևելքից՝ Տավուշի և Արցախի հատվածից, Հայաստանը ենթարկվել էր բոլշևիկյան Կարմիր բանակի ագրեսիային: Ահա այս պայմաններում, Բաքվում հաստատված հայ բոլշևիկները շարժվում են դեպի Երևան:

Հայհեղկոմն ունեցել է հետևյալ կազմը.

Սարգիս Կասյանը (Տեր-Կասպարյան)`Հայհեղկոմի նախագահ, ծնվել է 1876թ., Շուշիում, ավարտել է Լայպցիգի առևտրական ինստիտուտը և Բեռլինի համալսարանի փիլիսոփայության ֆակուլտետը: Հարել է Հնչակյան կուսակցության ձախ թևին: 1905-1906 թթ. մասնակցել է ՌՍԴԲԿ Բաքվի կոմունայի հայկական ենթաբաժնի ստեղծմանը: Գերմաներենից հայերենի է թարգմանել Մարքսի ու Էնգելսի ՙԿոմունիստական կուսակցության մանիֆեստը՚ և Էնգելսի ՙԿոմունիզմի սկզբունքները՚ գրությունները: Սպանվել է 1937-ին (Հայկական սովետական հանրագիտարան, հատոր 5, Երևան 1979, էջ 275-276):

Sarkis_Kasyan

Ասքանազ Մռավյանը ծնվել է 1885թ. Ելիզավետպոլում, այսօր՝ Գյանջա, 1905-ից կոմկուսի անդամ: Ավարտել է Երևանի թեմական դպրոցը, Պետերբուրգի հոգենեվրոլոգիական ինստիտուտը: 1921-1923 թթ.` Խորհրդային Հայաստանի արտգործժողկոմ: Մահացել է 1929թ. Երևանում (Հայկական սովետական հանրագիտարան, հատոր 8, Երևան, 1982, էջ 59-60):

Ասքանազ-Մռավեան

Ալեքսանդր Բեկզադյանը ծնվել է 1879թ., Շուշիում, ուսանել է Կիևի պոլիտեխնիկական ինստիտուտում, ավարտել է Ցյուրիխի համալսարանի հասարակական-քաղաքական ֆակուլտետը: 1930-1934 թթ.` ԽՍՀՄ դեսպանը Նորվեգիայում, 1934-1937 թթ.` Հունգարիայում: Մահացել է 1939թ. (Հայկական սովետական հանրագիտարան, հատոր 2, Երևան 1976, էջ 379):

220px-Bekzadianyoung

Իսահակ Դովլաթյանը (Դովլաթով) ծնվել է 1887թ. Շուշիում, Կոմկուսի անդամ 1906-ից, 1920-1923 թթ.` Խորհրդային Հայաստանի ներքգործժողկոմ: Եղել է Ադրբեջանի Կոմկուսի ԿԿ անդամ: Սպանվել է 1938-ին (Հայկական սովետական հանրագիտարան, հատոր 3, Երևան, 1977, էջ 440):

Dovlatyanisahak

Սահակ Տեր-Գաբրիելյանը ծնվել է 1886թ. Շուշիում, ավարտել է տեղի ռեալական ուսումնարանը, 1920-ից` Խորհրդային Հայաստանի լիազոր ներկայացուցիչը Մոսկվայում, 1928-1935թթ.` Խորհրդային Հայաստանի Ժողկոմխորհի նախագահը (վարչապետ), սպանվել է 1937-ին:

arton14555-9ae9f

Ավիս (Ավետիս) Նուրիջանյանը ծնվել է 1896թ. Կապանին կից Վաչագան գյուղում, ավարտել է Շուշիի ռեալական ուսումնարանը, ուսանել Կիևի առևտրական ինստիտուտում: 1917-ին հարել է ձախ դաշնակցականներին, 1918-ին մտել բոլշևիկյան կուսակցության շարքերը: Սպանվել է 1937-ին (Հայկական սովետական հանրագիտարան, հատոր 8, Երևան, 1982, էջ 407):

MINYSTRI.qxd

Պատրաստեց Թաթուլ Հակոբյանը

Այս հրապարակումը առաջին անգամ ԱՆԻ կայքում տեղադրվել է 2017թ նոյեմբերի 29-ին