«Ազատ, Անկախ եւ Միացյալ Հայաստան», Սեւր, Սեւրից հրաժարում, ապա՝ կրկին Սեւր ու հավելյալ՝ «Արցախ, Ջավախք, Նախիջեւան»

705

Հայաստանի Հանրապետությունը հիմնադրվեց ընդամենը 10-12 հազար քառակուսի կիլոմետր տարածության վրա: Կես տարի անց, երբ Օսմանյան կայսրությունը իրեն պարտված ճանաչեց Առաջին աշխարհամարտում և սկսեց զորքերը հետ քաշել մի շարք շրջաններից, այդ թվում՝ հայկական գրավյալ հողերից, Հայաստանը ընդարձակվեց:

Եթե 1918 թվականի ամռանը վարչապետ Հովհաննես Քաջազնունու կոալիցիոն կառավարությունը (ՀՅԴ և Հայ ժողովրդական կուսակցություն) չափազանց զգույշ էր Օսմանյան կայսրության հարցում, իսկ Ավետիս Ահարոնյանը Պոլսում սուլթանին շնորհակալություն էր հայտնում Հայաստանի Հանրապետության հիմնադրության գործում թուրքական բարեհաճության համար, ապա արդեն 1919թ մայիսի 28-ին վարչապետ Խատիսյան միակուսակցական կառավարությունը ընդունում էր Միացյալ Հայաստանի ակտը:

Նույն տարվա աշնանը Երևանում կայացած ՀՅԴ 9-րդ Ընդհանուր ժողովում «Ազատ, անկախ եւ միացյալ Հայաստան» կարգախոսը կուսակցությունն ընդունեց որպես բանաձեւ, իսկ 1920 թվականի օգոստոսի 10-ի Սեւրի դաշնագիրը՝ դիվանագիտական հաղթանակ ու ապագա Հայաստանի սահմանների գծման անփոխարինելի ուղենիշ:

Ամիսներ անց՝ 1920 թվականի վերջերին, երբ թուրք քեմալականներն ու ռուս բոլշեւիկները Բաքվից եկող Հայհեղկոմի անդամների հետ իրականացնում էին Հայաստանը խորհրդայնացնելու ծրագիրը, Հայաստանի Հանրապետության վերջին կառավարությունը՝ վարչապետ Սիմոն Վրացյան, հրաժարվեց Սեւրից:

Ահա այդ տեքստը. «Նկատի առնելով, որ Սևրի դաշնագրով խախտվել են Թուրքիայի կենսական շահերը, որ նրա Ազգային մեծ ժողովի կառավարությունը ճանաչում է Հայաստանի Հանրապետության անկախությունը և հայտարարում է Հայաստանի տնտեսական զարգացման իրական երաշխքիներ տալու պատրաստակամություն՝ ցանկանալով երկու պետությունների փոխհարաբերություններում սկսել նոր դարաշրջան և երկարատև դաշնագրով բարեկամական հարաբերություններ հաստատել, իր կառավարության անունից, պատասխանելով Թուրքիայի գրավոր առաջարկին, հայտարարում է, որ հրաժարվում է Սևրի դաշնագրից»:

ՀՅԴ հաջորդ՝ 10-րդ Ընդհանուր ժողովում, որը կայացավ 1924 թվականի նոյեմբեր 17-ից մինչև 1925-ի հունվարի 17-ը Փարիզում, Սեւրի դաշնագիրը հաստատվեց իբրեւ ծրագրային դրույթ-պահանջ:

1977 թվականին վավերացված ՀՅԴ հաջորդ ծրագիրը պահանջների բաժնում սկսեց հստակ նշել Սեւրի համաձայնագիրը. «Հայաստանը պետք է լինի ընկերվարական-ժողովրդավար անկախ հանրապետություն, որի սահմանների մեջ պետք է մտնեն Սեւրի դաշնագրով նախատեսված հայապատկան հողերը»:

Արցախի, Ջավախքի եւ Նախիջեւանի պահանջը ՀՅԴ ծրագրում ավելացվեց 1982-ին։

1998-ին ընդունված ՀՅԴ ծրագիրը պահանջում է «Ազատ, Անկախ եւ Միացյալ Հայաստանի կերտում: Միացյալ Հայաստանի սահմաններում պետք է մտնեն Սեւրի դաշնագրով նախատեսված հայկական հողերը, ինչպես նաեւ՝ Արցախի, Ջավախքի եւ Նախիջեւանի երկրամասերը»:

Թաթուլ Հակոբյան