Մեր պատմական սխալը՝ համեստ ուժերով մեծ քաղաքական ծրագրեր իրականացնել. Սիմոն Վրացյան, 24 նոյեմբեր, 1920թ

5525

1920 թվականի աշնանը քեմալական զորքերը Քյազիմ Կարաբեքիրի հրամանատարությամբ, մի քանի շաբաթների ընթացքում գրավեցին Հայաստանի Հանրապետության մաս կազմող Սուրմալուի գավառը, Կարսի մարզը, ապա Ալեքսանդրապոլը՝ ընդհանուր առմամբ շուրջ 30 հազար քառակուսի կիլոմետր տարածք, ու հայկական կողմին պարտադրեցին զինադադար և հաշտության բանակցություններ Ալեքսանդրապոլում: Համո Օհանջանյանի Բյուրո-կառավարությունը հրաժարական տվեց, նոյեմբերի 24-ին վարչապետ դարձավ Սիմոն Վրացյանը:

____________________________________

Վարչապետ Սիմոն Վրացյանի զեկուցումը

Նոյեմբերի 24-ի երեկոյան պառլամետնի դահլիճում տեղի ունեցավ դաշնակցական ներկայացուցիչների խորհրդի նիստ, որի ընթացքում նոր վարչապետ Սիմոն Վրացյանը զեկուցեց ներկա քաղաքական մոմենտի մասին:

Վրացյանը խոսեց մոտավորապես հետևյալը.

Մենք մեծամեծ վնասներ ենք կրել՝ անվերջ կռիվների բեմ դարձնելով մեր երկիրը և միշտ ընդհարվելով մեր հարևանների հետ:

Մեր փորձը պետք է մեզ բերի այն համոզման, որ մենք պետք է ամփոփվենք մեր ուժերի շրջանում և դուրս չգանք որոնելու նոր ազդեցության շրջանակներ, որոնք մեզ համար կարող են լինել նույնքան աղետաբեր, որքան և մինչև այժմ եղածը, որովհետև արտաքին ուժերը միշտ և ամենից առաջ իրենց շահերը նկատի ունեն, նրանք ամեն ժամանակ աշխատում են առնել և ոչ թե՝ տալ: Մենք պետք է ունենանք մեր սեփական կողմնորոշումը, մեր քաղաքական ծրագրերը կազմելիս աչքի առաջ ունենանք մեր սեփական ուժերը, մեր սեփական ռեալ արժևորումները, իհարկե, հարմարվելով ընդհանուր պայմաններին:

Մեր պատմական սխալը եղել է այն, որ մենք մեր չափավոր համեստ ուժերով կամեցել ենք մեծ քաղաքական ծրագրեր իրականացնել, որի հետևանքով և միշտ տուժել ենք և ջախջախվել բոլոր ճակատներում: Մեզ հարկավոր է մի շշմեցուցիչ հարված, որ մենք զգաստանանք և այդ հարվածը արդեն հասել է մեզ: Այժմ զգաստանալու ժամանակն է: Սակայն այդ զգաստացումն էլ չպետք է չափազանց ծայրահեղության հասնի, մի բան, որը դժբախտաբար մեր ժողովրդին հատուկ է:

Եթե Կիլիկիայից մինչև Շուշին շատ շատ էր մեր համեստ ուժերի համար, եթե այդ սահմանների համար մենք շատ քիչ էինք, ապա և Նոր Բայազետի և Երևանի շրջանների մասերից կազմված մի փոքրիկ Հայաստանի համար շատ շատ ենք: Եվ այժմ, քննադատելով մեր անցյալ գործելակերպը, չպետք է ընկնենք չափազանցությունների մեջ և մեր ձգտումները հարմարեցնենք մեր ուժերին:

Մեր օրվա քաղաքականությունը ղեկավարողներից պահանջվում է ունենալ մի այնպիսի քաղաքական գիծ, որ ազատ պահի մեզ արտաքին քաղաքական միջամտություններից, վարել մի քաղաքական գիծ, որի շնորհիվ կարողանանք պահել մեր անկախությունը՝ նվիրելու մեր ժողովրդի ստեղծագործ ուժերը խաղաղ կուլտուրական աշխատանքների համար:

Եվ այդ կլինի այն ժամանակ, երբ մենք կկարողանանք մի ընդհանուր լեզու գտնել մեր հարևան ժողովուրդների հետ:

Եվ ես հույս ունեմ, որ մենք կկարողանանք այդ լեզուն գտնել և կնքել անհրաժեշտ հաշտությունը:

Բայց եթե պատահի, որ մեր հարևանը չհասկանա մեր և իր ընդհանուր շահերը և արբեցած իր պատահական հաղթություններից, կամենա ոտնակոխ անել մեր անկախությունն ու մեր ժողովրդի գոյությունը, այն ժամանակ մենք ուժ և վճռականություն կունենանք պաշտպանելու և օրհասական կռիվ մղելու մեր անկախությունն ու մեր ժողովրդի գոյությունը պահպանելու համար:

Եվ ես հավատացած եմ, որ այդպիսի րոպեին մեր ժողովուրդը սթափված կկարողանա պատվով դուրս գալ ծանր ճգնաժամից:

Այդպիսի րոպեին, ես հավատում եմ, մենք չենք մնա մենակ:

Յառաջ, ՀՅԴ պաշտոնաթերթ, Երևան, 28 նոյեմբեր, թիվ 262