Ինչ է արել Աշոտ Բլեյանը Բաքվում՝ ունենալով հանրապետության նախագահի դրական վերաբերմունքը. «Երկիր», 14 նոյեմբերի, 1992թ., թիվ 221

5631

Պատգամավոր Աշոտ Բլեյանը ուղերձ էր հղել Ադրբեջանի եւ Հայաստանի ղեկավարներին, քաղաքական կազմակերպություններին։ Նոր բան չէ. նա վաղուց է իր դիրքորոշումն արտահայտել, եւ հարկ է արժանին մատուցել նրա համառությանը։ Հետեւելով իր իսկ առաջարկին՝ գնալ Բաքու եւ նստել բանակցությունների, օրերս Աշոտ Բլեյանը իսկապես մեկնել էր Բաքու:

Մեր թղթակից Ոսկան Մամիկոնյանը հանդիպեց նրան։

– Ի՞նչ նպատակ էր հետապնդում ուղերձը։

– Ուղերձի առաջին մասում նպատակը նշված է. փնտրել այս անմխիթար վիճակից դուրս գալու ելքեր։ Այլ նպատակ ուղերձը չունի։ Քաղաքական գործիչները իրավունք չունեն իրենց խնդիրները լուծելու համար ուրիշներին դիմել եւ պետք է պատասխանատվություն կրեն։ Ուրեմն պետք են նախաձեռնություններ, քայլեր։ Ահա իմ նախաձեռնությամբ հնարավոր եղավ այդ անհանգստությունը ձևակերպել փաստաթղթի տեսքով։

– Այսինքն նախաձեռնությունը զուտ անձնական է եւ ոչ կուսակցական կամ պետական։

– Ես շատ կուզեի, որ դա լիներ պետական նախաձեռնություն եւ ես լինեի պետության կողմից լիազորված անձ: Դրանով կմեծանար նախաձեռնության արդյունավետությունը։ Բայց ես իրավասություններ չունեի, կար հանրապետության նախագահի դրական վերաբերմունքը, ՀՀՇ վարչության ոչ բացասական վերաբերմունքը, կար 55 պատգամավորի համաձայնությունը։

– Ինչո՞վ եք բացատրում ուղերձը ստորագրած պատգամավորների ոչ միանշանակ վերաբերմունքը, նրանց մի մասի՝ ուղերձը ստորագրելուց հրաժարվելը։

– Դեռ չեմ հասցրել հանդիպել նրանց, բայց կարող եմ նախնական գնահատական տալ։ Եկել է մի փուլ, երբ ամեն մարդ պետք է ճշտի իր տեսակետը եւ որոշի իր պատասխանատվության չափը։ Ինչ վերաբերում է մոլորեցնելուն, իմ կողմից բացառված է։ Ես վաղուց եւ հստակ արտահայտել եմ իմ տեսակետը եւ ստորագրողները այն գիտեին։ Ուղերձի հայերեն եւ ռուսերեն տեքստերը ստորագրվել են միաժամանակ, հարցեր չեն եղել, իմ ուղեւորությունը Մոսկվա եւ այնտեղից Բաքու՝ չի թաքցվել։

– Դուք Բաքու մեկնեցիք որպես պաշտոնյա՞, թե՞ մասնավոր անձ։

– Մոսկվայում Ադրբեջանի մշտական ներկայացուցիչ Հաջիզադեն բոլոր ջանքերը գործադրեց, որպեսզի պաշտոնական հրավեր ստացվի, բայց այն ժամանակ նախագահ Էլչիբեյը բացակայում էր, տարբեր կուսակցություններ համագումար էին անում։ Նրանք ասացին, որ 10 օրվա ընթացքում բոլոր հարցերը կձեւակերպվեն, եւ շատ հնարավոր է նաեւ պաշտոնական հրավեր լինի։ Ես որոշեցի, որ մեկը մյուսին չի խանգարի, իմ հաշվին տոմս գնեցի ու մեկնեցի Բաքու՝ որպես մասնավոր անձ։ Ուրիշ հարց, որ ադրբեջանցիներն այնքան լուրջ գտնվեցին, որ ինձ ընդունեցին կարգավիճակիս համապատասխան մակարդակով, ինչի համար շատ շնորհակալ եմ։

– Ո՞ւմ հանդիպեցիք Բաքվում եւ ի՞նչ մակարդակով։

– Ինձ զարմացրեց ցուցաբերված ուշադրությունը։ Ըստ իրենց տրամադրած տվյալների` աշխատանքային ծրագիրը կազմեցի ես եւ չորս օրվա ընթացքում՝ հանդիպեցի Ադրբեջանի ԳԽ նախագահի առաջին տեղակալ Թամերլան Կարաեւին, ԳԽ փոխնախագահ Ջալիլովին, ԳԽ նախագահի խորհրդական Ռասիմ Մուսաբեկովին, Միլլի Մեջլիսի մեծ թվով պատգամավորների, հանձնաժողովների նախագահների, Ադրբեջանի պաշտպանության, արտաքին գործերի, բարձրագույն կրթության նախարարներհն։ Այնպես ստացվեց, որ, հանդիպելով այս բոլոր պաշտոնյաներին, հանդիպում էի նաեւ ԱԺճ-ի հետ, քանի որ բոլոր քաղաքական պաշտոնները նրանք են զբաղեցնում։ Եղան նաեւ ուրիշ հանդիպումներ։ Բաքվի թիվ 46 միջնակարգ դպրոցում հանդիպեցի ուսուցչական կոլեկտիվին։ Ի դեպ, այնտեղ հայ ուսուցչուհի էր աշխատում։

– Այդ հանդիպումների ընթացքում ի՞նչ տեսակետներ էր արտահայտում ադրբեջանական կողմը։

– Հիմնականում մեկ-երկու ժամանոց առանձնազրույցներ էին տեղի ունենում։ Ես ինձ համար ճշտեցի. մենք միմյանց վատ ենք ճանաչում, ինչը շատ տխուր է։ Երկրորդ՝ մենք թերագնահատում ենք Ադրբեջանը եւ անկախ պետականություն կառուցելու նրա ձգտումը։ Ձգտումը հզոր է։ Ես տեսա առողջ պետականության ծիլեր, որ պետք է ողջունել. կայուն հարեւանի հետ գործ ունենալը հեշտ է։ Երրորդ՝ չարություն չտեսա։ Փոխարենը տեսա հակամարտությունը կարգավորելու, խզված կապերը վերականգնելու ցանկություն։ Ոչ մի ադրբեջանցի քաղաքական գործիչ չի կասկածում, որ Ղարաբաղը ադրբեջանական տարածք է եւ Հայաստանը ոտնձգություն է կատարել հարեւանի նկատմամբ։ Նրանք պնդում էին, որ հարցի խաղաղ կարգավորումը հնարավոր է, եթե Հայաստանը պատրաստ լինի ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջությունը։ Դրանից հետո կարելի է հաջորդ հարցերը քննարկել։ Հասկանալի է, որ օրակարգում կհայտնվի երկրորդ հարցը` Ղարաբաղի կարգավիճակը։ Այստեղ լուծումների լայն սպեկտր կա. սկսած 88-ի ստատուս քվոն վերականգնելուց մինչեւ Ադրբեջանի քաղաքացիներին տրված իրավունքներից լիիրավ օգտվելը։

– Գիտե՞ք, թե ինչպես է վերաբերվում Ձեր նախաձեռնությանը ՀՀՇ-ն։

– Որպես վարչության անդամ պարտավոր եմ տեղյակ լինել։ Փաստաթուղթն ուղղված է նաեւ քաղաքական կազմակերպություններին, եւ ՀՀՇ-ն պարտավորված է իր վերաբերմունքն արտահայտել: Ուրիշ բան, որ քննարկումից հետո կարող են նպատակահարմար չգտնել արձագանքելը: Ձևերը տարբեր կարող են լինել, բայց փաստաթուղթը չտեսնելու տալ չեն կարող: Կարող եմ հավաստել, որ վարչությունը պատրաստվում է լրջորեն քննարկել փաստաթուղթը, բայց առայժմ հստակ ձևավորված դիրքորոշում չունի (նույնը հավաստեց նաև ՀՀՇ վարչության նախագահ Տեր Հուսիկ Լազարյանը – թղթ.)

– Ինչպե՞ս արձագանքեց Ձեր նախաձեռնությանն ու այցին ադրբեջանական մամուլը։

– Այն, ինչ բերել եմ հետս, չեմ հասցրել կարգի բերել, իսկ այնտեղ եղածս ժամանակ միայն լրատվություն էր տրվում։ Ինձ հետ եղած հարցազրույցները տպագիր վիճակում չհասցրի տեսնել։

– Ասվածին ինչ-որ բան ավելացնել կցանկանայի՞ք։

– Մեր վիճակն այնքան լուրջ է, որ, իմ կարծիքով, ցանկություններից պիտի անցնենք իրագործման մակարդակ։ Որպես պետություն պարտավոր ենք ցույց տալ այն որոշակի ճանապարհը, որը պետք է անցնենք եւ որով դուրս կբերենք պետությունը այս վիճակից։

Ադրբեջանի տնտեսական կյանքը ինձ զարմացրեց այն առումով, որ ես տեսա խաղաղ, բարգավաճ պետության մայրաքաղաք, տեսա սոցիալական որոշակի երաշխիքներով ապրող բնակչություն, տեսա խաղաղ ապրելու վճռական ձգտումով ժողովուրդ, զինվոր, որը չի ուզում հարեւանի հետ այս վեճը իսկական պատերազմի վերածել։ Սրանք այն երաշխիքներն են, որոնք մեզ պիտի ներշնչեն շարունակել սկսածը։

Խմբագրության կողմից. – Ահա այսպես է մտածում Աշոտ Բլեյանը։ «Երկիր» օրաթերթը բազմիցս ընդգծել է, թե Հայաստանի համար ինչ կործանարար հետեւանքներով է հղի նրա եւ համախոհների պարտվողական գաղափարախոսությունը: Համատարած այս քաոսում գաղափարը արդեն սկսում են գործի վերածել: Եվ անում են լավ իմանալով Արցախի իշխանությունների բացասական վերաբերմունքը, անում են կռվող ազատամարտիկների եւ մեռնող արցախցիների թիկունքում: Վերջապես ժամանակն է, որ այս նախաձեռնության նկատմամբ իրենց հստակ դիրքորոշումն արտահայտեն Հայաստանի օրենսդիր ու գործադիր իջխանությունները և Աշոտ Բլեյանին ԳԽ պատգամավորի մանդատ հանձնած ընտրողները: