Ռուսակա՞ն, թե՞ թուրքական կողմնորոշում. «Յառաջ»-ի խմբագրականը, նոյեմբեր 20, 1920թ

8132
1920 թվականի աշնանը քեմալականները հարձակվեցին Հայաստանի վրա, սեպտեմբերի 29-ին թուրքերը գրավեցին Կարսի մարզի Սարիղամիշ քաղաքը։ Մեկ ամիս անց՝ հոկտեմբերի 30-ին, գրեթե առանց լուրջ կռիվների, ընկավ նաև Կարսը։ Նոյեմբերի սկզբին թուրքերը գրավեցին Ալեքսանդրապոլը, Հայաստանը ստիպված եղավ ծանր պայմաններով զինադադար կնքել Քյազիմ Կարաբեքիրի հետ։ Դեկտեմբերի 2-ին Հայաստանը խորհրդայնացվեց։ Նույն ժամանակահատվածում Հայաստանի վրա արևելքից՝ Խորհրդային Ադրբեջանից, հարձակվել էին բոլշևիկները, ռազմակալել Արցախը, Զանգեզուրը, Նախիջևանը:

Ներկայացնում ենք կառավարական «Յառաջ» օրաթերթի 1920թ. նոյեմբերի 20-ի խմբագրականը:

ԱՆԻ կենտրոն

Հայաստանը մեծ պետություններից իրավապես ճանաչված պետություն է: Եվ այդ ճանաչումն է մեր ժողովրդի գերագույն միջազգային նվաճումը:
Հայ ժողովուրդը, որ իր զավակների միլիոնավոր զոհերով է ձեռք բերել իր անկախությունը, կարող է հաշտվել իր պատմական տարածքի մեծամեծ կրճատումների հետ, կարող է հրաժարվել շատ և շատ բարիքներից, բայց մի բան կա, որի հետ նա երբեք չպետք է հաշտվի, որից երբեք նա չպետք է հրաժարվի: Եվ այդ բանը Հայաստանի, իբրև անկախ պետության, ոչնչացումն է:
Թող լինի Հայաստանը փոքր, նույնիսկ շատ փոքր, բայց անկախ պետություն:
Փոքրությունը երբեք արգելք չէ ապագա զարգացման: Փոքր էր Հունաստանը, երբ ստեղծվեց, և շատ թույլ, բայց այժմ արդեն այնքան մեծ է, որ երկյուղ է ներշնչում նույնիսկ Իտալիայի պես մի զորեղ պետության: Փոքր էր Սերբիան, բայց այժմ արդեն մի պատկառելի պետություն է: Փոքր էր Ռումինիան, բայց այժմ եռապատկել, քառապատկել է տարածքը և ուժը:
Ամենակարևորը պետական անկախության պահպանումն է, որ ամենամեծ գրավականն է ժողովրդի ապագա զարգացման:
Մեր պետության գոյությունը, մեծ պետությունների տեսակետից, այնչափ իմաստ և արժեք ունի, որչափ նա բաժանում է Թուրքիան Ռուսաստանից: Այն օրը, երբ Հայաստանը կորցրեց իր անկախությունը և դարձավ փաստորեն խաղալիք Ռուսաստանի ձեռքին, կվերանա այլև այն միակ ուժող հիմքը, որ ստիպել էր և ստիպում է եվրոպական մեծ պետություններին ընդունել Հայաստանի գոյությունը իբրև պետություն:
Եթե Հայաստանը կամենում է ապրել իբրև պետություն, ամեն կերպ նա պիտի խուսափի լինել իր մեծ հյուսիսային հարևանի՝ Ռուսաստանի խաղալիքը:
Մյուս կողմից, մեր դարավոր թշնամին՝ Թուրքիան, կարող է ի վերջո հաշտվել մեր պետական գոյության հետ միայն այն ժամանակ, երբ մենք մեկ անգամ ընդմիշտ կհրաժարվենք ռուսական կողմնորոշումից:
Ճիշտ է, Մուստաֆա Քեմալի Թուրքիան, որ այսօր պատերազմում է մեզ հետ, հանդես է գալիս իբրև բոլշևիկյան Ռուսաստանի դաշնակիցը: Բայց քաղաքական մեծ իմաստություն պետք չէ ըմբռնելու համար, որ թուրք-ռուսական բարեկամությունը մի ժամանակավոր զինակցություն է օբյեկտիվ, հարատև շահերով միանգամայն հակամարտ երկու ուժերի միջև:
Ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ թուրքերի և ռուսների ներկա բարեկամությունը մի արհեստական կապ է, որ կարող է կտրվել ամեն վայրկյան և անխուսափելիորեն պիտի կտրվի, երբ մեկ կամ մյուս կողմը հասած կլինի իր գլխավոր նպատակին:
Ռուսաստանը Թուրքիայի պատմական թշնամին է, և այս թշնամությունը չի բխել երբեք իշխողների սուբյեկտիվ ցանկություններից, այլ եղել է երկու պետությունների և ժողովուրդների գոյության և զարգացման օբյեկտիվ պայմանների անխուսափելի արդյունք:
Ահա թե ինչու ոչ բոլշևիկները, ոչ էլ քեմալականները կարող են փոխել իրենց պետությունների քաղաքականության հիմնական ուղղությունը: Ճիշտ այնպես, ինչպես Անգլիան վերջին եվրոպական պատերազմի ժամանակ եղավ Ռուսաստանի զինակիցը, որովհետև այդ էր պահանջում Անգլիայի ժամանակավոր շահը, բայց այդ գիտակցությունը բնավ չխանգարեց, որ Անգլիան մնար Ռուսաստանի ամենամեծ և ամենավտանգավոր թշնամին:
Ռուսների հետ լինելով չէ, որ հայ ժողովուրդը կարող է ապահովել իր և իր պետության գոյությունը: Որովհետև ռուսների տիրապետությունը Անդրկովկասում, միջազգային ներկա պայմաններում հարատև չի կարող լինել, և նա վաղ թե ուշ պիտի վերանա անխուսափելիորեն, հենց որ լուծվի ռուսական խնդիրը:
Ռուսաստանը ինքն էլ իր բոլշևիկ իշխանների բերանով բազմիցս հայտնել է, որ պատրաստ է հարգել, ճանաչել Անգլիայի շահերը Անդրկովկասում:
Հայ ժողովուրդը և Հայաստանը չեն կարող կապել իրենց բախտը մի պետության հետ, որը, իր իսկ խոստովանությամբ, պիտի հեռանա Անդրկովկասի սահմաններից, եթե Անգլիան և եվրոպական մյուս մեծ պետությունները կամենան հաշտվել նրա գոյության հետ:
Իր փրկության համար Հայաստանը ունի միայն մի ճանապարհ՝ գտնել անմիջական կերպով մի ընդհանուր լեզու իր հարևանի՝ թուրքի հետ:
Եթե հայ ժողովուրդը կամենում է ապրել և ապահովել իր պետական և ֆիզիկական գոյությունը հարատևորեն, նա պետք է ունենա ոչ թե ռուսական, այլ թուրքական կողմնորոշում:
Եվ եթե հայ ժողովուրդը վերջին համաեվրոպական պատերազմի ժամանակ չունենար ռուսական կողմնորոշում, այլ լիներ թուրքերի հետ առանց վերապահության, ամենայն հավանականությամբ, նա խուսափած կլիներ կոտորածներից և նրա վիճակը վրացիներից էլ լավ կլիներ:
Մեկ անգամ ընդմիշտ մենք պիտի ըմբռնենք, որ օտարի վրա հենվելով չէ, որ մենք կարող ենք իրապես խաղաղություն ձեռք բերել մեր ժողովրդի համար, այլ միմիայն մեր սեփական ուժերին ապավինելով պիտի որոշենք մեր բախտը մեր ուժեղ հարևանների՝ թուրքերի հետ:
Ամեն մի օտար միջամտություն, մանավանդ ռուսների միջամտությունը, կարող է միայն վնասակար լինել հայ և թուրք ժողովուրդների հարատև խաղաղեցման համար:
Որովհետև օտարը, նախ պիտի խտացնի այն փոխադարձ անվստահության մթնոլորտը, որ գոյություն ունի երկու դարավոր հարւանների միջև և անկարելի դարձնի մի հաստատուն համաձայնություն, և, երկրորդ, օտարը պիտի աշխատի մեզ գործիք դարձնել իր սեփական շահերի և նպատակների համար, որոնց տեսակետով հայ-թուրքական հարատև ու անկեղծ հաշտությունը իրապես ցանկալի չէ:
Մինչդեռ հայ ժողովուրդը, ինչպես և թուրք ժողովուրդը, կարոտ է հարատև հաշտության:
Բավական է, ինչքան խաբվեցինք օտարներից:
Դնենք մեր հույսը միայն մեր ուժի վրա և խոսենք մեր թշնամու հետ երես առ երես, առանց “բարերար” միջնորդների: Եվ այն, ինչ որ ձեռք կբերենք այդ ճանապարհով, համենայն դեպս, կլինի ավելի վստահելի, ավելի հաստատուն և ավելի հուսատու մի բան, քան այն, ինչ որ մենք կարող ենք ստանալ միջնորդների ջանքերով:
Յառաջ, Խմբագրական, ՀՅԴ Բյուրոյի պաշտոնաթերթ, Երևան, շաբաթ, 20 նոյեմբեր, թիվ 255