Վարչապետ Նիկոլ Փաշինյանի համբերության բաժակը լցվել է: Այդ մասին նա հայտարարել է մի քանի օր առաջ՝ ուժայինների հետ հանդիպման ընթացքում: Դրան հետեւեց Փաշինյանի՝ համբերության բաժակի լցվելու իմիջային փոփոխությունը: Նա հրաժարվեց 2018 թվականից ի վեր մնացած միակ ատրիբուտից, որը մարդկանց հիշեցնում էր ոչ բռնի, թավշյա հեղափոխությունը: Վարչապետը սափրվեց ու ներկայացավ նոր դեմքով:
2020-ի աղետալի պարտությունից հետո Փաշինյանը ընտրողներին ներկայանում էր մորուքով եւ մուրճը ձեռքին, իսկ նրա պայքարը երկրորդ եւ երրորդ նախագահների դեմ էր: Իմիջային այս տեսքը՝ մուրճ ու մորուք, լավ աշխատեց զանգվածների վրա: Արհավիրքից ընդամենն ամիսներ անց Հայաստանի քաղաքացիների մի ստվար հատված կրկին վստահության քվե տվեց:
Վարչապետն այժմ պատրաստվում է 2026 թվականի ընտրություններին, այս անգամ՝ առանց մուրճի ու մորուքի:
Մեկնարկը տրվել է տեղական ինքնակառավարման մարմինները ջախջախելու իշխանությունների հրահանգներով: Այն համայնքներում, որտեղ իշխող ուժը պարտություն է կրել, տեղի են ունենում բռնի հեղաշրջումներ: Ալավերդին, Գորիսը, Գյումրին դրա տխուր օրինակներն են: Չպետք է բացառել, որ մինչեւ ընտրություններ բոլոր այն համայնքներում, որտեղ «Քաղաքացիական պայմանագիրը» չի կարողացել հաղթել, կլինեն մինի հեղաշրջումներ կամ ինքնակամ հրաժարականներ ու դեպի իշխանական ճամբար առնետավազք:
Փաշինյանը եւ թիմը կարողանում են նաեւ հմտորեն շահարկել նախկինների վերադարձի թվացյալ կամ իրական վտանգը՝ հանրությանը կանգնեցնելով երկընտրանքի առաջ: Ընտրել արտաքին ճակատներում պարտված Փաշինյանի՞ն, որի համբերության բաժակը լցվել է հեղափոխությունից ավելի քան վեց տարի անց, թե՞ ժողովրդի կողմից մերժված նախկիններին, առանց որոնց ներկայության 2018-ին որեւէ հեղափոխություն չէր կարող լինել Հայաստանում:
Եթե առաջիկայում չձեւավորվի նոր բեւեռ, որը չհիշեցնի մերժված նախկիններին եւ պարտված ներկաներին, ապա ե՛ւ Փաշինյանը, ե՛ւ Քոչարյան-Սերժ-ՀՅԴ ուժերը հաստատապես չեն զբաղեցնի նոր խորհրդարանի աթոռները, ինչպես այսօր է: Այդ նոր բեւեռի ձեւավորումը հավասարապես մտահոգիչ է երկուսի համար էլ, որովհետեւ նրանցից են տարվելու քվեները: Այս իմաստով Փաշինյանն ու խորհրդարանական ընդդիմությունը յուրօրինակ եւ չհայտարարված դաշնակիցներ են:
Իրականում ոչ թե Փաշինյանի, այլ Հայաստանի հանրության մեծագույն հատվածի համբերության բաժակն է լցվել, եւ նրանք ձգտում են փոփոխությունների: Վերջին փողոցային շարժումը Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գլխավորությամբ ցույց տվեց, որ երրորդ ուժի երեւան գալու դեպքում իշխանությունների եւ խորհրդարանական ընդդիմության պարտությունը կարող է երաշխավորված լինել: Այդ շարժումը, սակայն, շատ կարճ ժամանակ անց մարեց թույլ տված սխալների, հռետորաբանության եւ անիրատեսական խոստումների պատճառով: Ինքնին ընտրված ձեւակերպումը՝ «Սրբազան շարժում», չէր կարող ընկալելի լինել, քանի որ քաղաքականությունն այլ բան է, հավատն ու եկեղեցին՝ բոլորովին այլ բան:
Փաշինյանն ու թիմը՝ մի կողմից, Քոչարյան-Սերժ-ՀՅԴ չհայտարարված դաշինքը՝ մյուս կողմից, պատրաստվում են ընտրությունների: Մնում է, որ քաղաքական դաշտի մնացած հատվածը համախմբի եւ ձեւավորի երրորդ ուժ:
Հենց այս երրորդ ուժն է, որ անհրաժեշտ է Հայաստանի հանրությանը, որպեսզի նա ստիպված չլինի ընտրություն կատարել պարտվածների եւ մերժվածների միջեւ:
Հենց այս երրորդ ուժն է, որ կարող է ստանալ համբերության բաժակը լցված Հայաստանի հարյուրհազարավոր քաղաքացիների քվեն:
Հակառակ դեպքում մենք եւս չորս տարի ստիպված ենք լինելու հետեւել մեր ժողովրդին ու հանրապետությանը բազում աղետներ եւ արհավիրքներ բերած ներկաների եւ նախկինների խորհրդարանական թատրոնը:
ԱԼԻՔ ՄԵԴԻԱ, 18 նոյեմբեր, 2024թ
Լրագրող, հրապարակախոս, պատմություն հետազոտող, որն առօրյա փաստերը, դրանց վրա հիմնված դատողություններն ու պատմական փորձառությունը հաջողությամբ միահյուսելով ստանում է ուրույն բովանդակություն։