Արցախի վարչապետի մամուլի խոսնակ Արտակ Բեգլարյանը իր Ֆեյսբուքյան էջում հիշեցրել է, որ 2016 թվականի հուլիսին IPSC սոցիոլոգիական ընկերության կողմից Արցախում կատարված սոցհարցման արդյունքներով բնակչության 99.7 տոկոսը դեմ է նախկին «7 շրջանների» միանգամից զիջմանը՝ նույնիսկ անկախության միջազգային ճանաչման դիմաց, իսկ 99.4 տոկոսը՝ դրանց փուլային զիջմանը:
Ավելին՝ 82 տոկոսը ասել է, որ եթե նույնիսկ միջազգային ճնշման ներքո տարածքներ տալու խնդիր լինի, ապա ժողովուրդը պետք է զենք վերցնի և պաշտպանի այդ հողերը, գրել է Բեգլարյանը:
Հիշեցնենք, որ երեկ Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը իր մեկժամանոց ելույթում անդրադարձել էր ղարաբաղյան կարգավորմանը. «Ղարաբաղի հարցի լուծման այլ տարբերակ, քան փուլայինը, գոյություն չունի։ Այսօր բանակցությունների սեղանին, ըստ էության դրված է կարգավորման փոխզիջումային նույն առաջարկը, ինչ 1997 թվականին, այն է՝ որոշ տարածքների զիջման դիմաց Ղարաբաղին միջազգայնորեն ճանաչված միջանկյալ կարգավիճակ շնորհելու, իսկ վերջնական կարգավիճակի հարցը ապագային թողնելու տարբերակը՝ երաշխավորված ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում խաղաղապահ ուժերի տեղակայմամբ»։
Տեր-Պետրոսյանը անդրադարձել էիր նաև «քաղաքական մտքի օրիգինալությունը բնորոշող հետեւյալ պարադոքսալ սիլլոգիզմի»-ն. 1. Զիջում ես մասը, մյուս մասը կարողանում ես պահպանել. 2. Ոչինչ չես զիջում, կորցնում ես ամեն ինչ. 3. Մասը պահողները հռչակվում են դավաճաններ. Ամեն ինչ կորցնողները կոչվում են հայրենասերներ»։
Ուշագրավ է, որ Տեր-Պետրոսյանի ելույթից ուղիղ մեկ ամիս առաջ՝ նոյեմբերի 17-ին, 7 շրջաններ Ադրբեջանին զիջելու մասին խոսել էր գործող նախագահ Սերժ Սարգսյանը:
«Մենք մի քանի անգամ մոտ էինք փաստաթուղթ ստորագրելուն, որտեղ երեք սկբունքները [ առաջին՝ ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառում, երկրորդ՝ պետությունների տարածքային ամբողջականություն, երրորդ՝ ժողովուրդների հավասարություն և ժողովուրդների ինքնորոշման իրավունք] հստակ արտացոլված էին: Այսինքն, հայկական կողմը, հայկական կողմերը՝ Լեռնային Ղարաբաղը և Հայաստանը, թողնում են այն տարածքները, որոնք այսօր զբաղեցված են որպես անվտանգության գոտի: Այսինքն, այն տարածքները, որոնք ադրբեջանցիները համարում են գրավյալ՝ 7 ադրբեջանական շրջաններ: Մենք թողնում ենք այդ տարածքները և հեռանում»,- ասել էր Սերժ Սարգսյանը:
Տարածքներ զիջելու մասին Սարգսյանը խոսել է մի քանի առիթներով, իսկ 2001-ին, երբ պաշտպանության նախարար էր, մի ելույթում հռետորական հարց տվեց. «Որո՞նք են Արցախի իրական սահմանները: Ընդհանրապես ցանկացած երկրի, այդ թվում և մեր սահմանները անցնում են այն տեղով, որտեղով կարողանում ես անցկացնել այդ սահմանը։ Այո՛, ես համարում եմ, որ Աղդամը մեր հայրենիքը չէ։ Եթե բանակցային պրոցես է գնում, ու դու փորձում ես դիմացինիդ հիմարի տեղ դնել, նրա մոտ միայն հեգնանք է առաջանում»։
2006-ին երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը արտահայտվել էր Ադրբեջանին 6,5 շրջաններ վերադարձնելու մասին, բացառությամբ նախկին ԼՂԻՄ-ի և Լաչինի նեղ միջանցքի:
«Ղարաբաղի վարչական սահմաններից դուրս կան հողեր, որոնք գրավված են հայկական ուժերի կողմից: Բազմիցս ասել ենք, որ բացի Հայաստանի և Ղարաբաղի միջև գտնվող Լաչինի նեղ հողաշերտից, մենք պատրաստ ենք քննարկել տարածքները Ադրբեջանին վերադարձնելու պայմանները»,- ասել էր Քոչարյանը:
Ի դեպ, ինչպես Քոչարյանի, այնպես էլ Լևոն Տեր-Պետրոսյանի և Սերժ Սարգսյանի ժամանակ ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահության ներկայացրած փաստաթղթերում Հայաստանին և Արցախին առաջարկվել է զորքերը դուրս բերել բոլոր 7 շրջաններից, բացի Լաչինի շրջանը կամ միջանցքը: Փաստ է սակայն, որ 1994-ից ի վեր Հայաստանը և Արցախը ու նրանց ղեկավարությունը, տարբեր հանգամանքների բերումով, հող չեն զիջել, բացի 2016-ի Ապրիլյան պատերազմի հետևանքով կորցված 800 հեկտարը Թալիշի և Լելե Թեփեի բարձունքներում:
Թաթուլ Հակոբյան
18 դեկտեմբեր, 2016