Սիրելի Յակոբ Յովակիմեան. In Memoriam

1395

Այսօր վաղ առավոտյան տեղեկացա, որ Դամասկոսում կյանքից հեռացել է Յակոբ Յովակիմեանը:

Ես հիմա չեմ հիշում, թե երբ, որտեղ և ինչ պայմաններում եմ ծանոթացել Յակոբի հետ, բայց հիշում եմ և միշտ կհիշեմ մեր ճամփորդությունը Վրաստանում և Արևմտյան Հայաստանում:

2014 թվականի սեպտեմբերն էր: Յակոբն ինձ ասել էր, որ մեծ փափագ ունի այցելելու իր մայրական՝ Կայլու և Վարդաթիլ՝ հայրական գյուղեր, երկուսն էլ Խարբերդի դաշտում՝ Բինգյոլի լեռներից դեպի հյուսիս:

Յակոբի և որդու՝ Րաֆֆի հետ, դժվարություններով հասանք երկու գյուղերը, քանի որ ճանապարհին իմ մեքենան փչացավ, և ստիպված եղանք գտնել թուրք վարորդ: Կարևորը՝ Յակոբի երազանքը, իրականություն դարձավ:

– Իմ հայրը երազում էր տեսնել Վարդաթիլը: Նա միշտ ասում էր, որ ինքը չի տեսնի, բայց ասում էր` դու կգնաս: Կատարեցի հորս փափագը,- ասաց Յակոբը, երբ արդեն հեռանում էինք Վարդաթիլից:

Հաջորդ օրը մենք պետք է լինեինք Վանի Աղթամարում՝ ներկա լինելու Սուրբ Խաչի պատարագին, բայց քանի որ մեքենան անսարք վիճակում էր, որոշեցինք մեկ այլ առիթով լինել կղզում:

Հիշում եմ՝ ճամփորդության ժամանակ գիշերեցինք Կարսում, Վանում և Բինգյոլում:

Յակոբի հետ հանդիպել եմ բազմաթիվ անգամներ: Հիմա հիշեցի, որ երբ հերթական անգամ Բեյրութում էի, Դամասկոսից եկել էր զրուցելու: Մեկ օր անցկացրեցինք միասին: Նրա հետ ճամփորդել եմ նաև Վրաստանում, Ջավախքում, Հայաստանի բազմաթիվ վայրերում:

Առաջիկայում, ԱՆԻ կենտրոնի հրատարակություններից մեկը կձոնեմ Յակոբ Յովակիմեանի հիշատակին:

Սիրելի Յակոբ, միշտ բարությամբ կհիշեմ քեզ, մոմ կվառեմ քո հոգու հանգստության ու խաղաղության համար:

Թաթուլ Հակոբյան 

Ագարակ, Արաքսի ափ, Սյունիք, 14 նոյեմբեր, 2024թ