Հայաստանի ռազմատուգանքը քեմալական Թուրքիային

1165

Մեր պատմության մեջ կան դրվագներ, որոնք ոչ ոք կամ գրեթե ոչ ոք չի հիշում կամ չի ուզում հիշել: Դրանցից մեկը Ալեքսանդրապոլի գրավումը եւ քեմալական Թուրքիային ռազմատուգանք փոխանցելն էր:

1920 թվականի նոյեմբերի 6-ին թուրքական զորքերը գրեթե առանց դիմադրության գրավեցին Ալեքսանդրապոլը՝ այսօրվա Գյումրին: Երկուսուկես տարիների ընթացքում սա քաղաքի երկրորդ գրավումն էր թուրքերի կողմից:

Առաջինը տեղի ունեցավ 1918 թվականի մայիսի կեսերին, երբ Օսմանյան կայսրության զորքերը գրավեցին քաղաքը եւ այնտեղ մնացին մոտ վեց ամիս: Այսպիսով, երբ մայիսի վերջերին հռչակվեց Հայաստանի Հանրապետությունը, Ալեքսանդրապոլը գրավված էր եւ այդպես մնաց մինչեւ նույն տարվա ուշ աշուն, մինչեւ այն ժամանակ, երբ Օսմանյան կայսրությունն իրեն պարտված ճանաչեց Առաջին աշխարհամարտում եւ զորքերը դուրս բերեց նաեւ գրավյալ հայկական հողից:

1918 թվականի նոյեմբերին Ալեքսանդրապոլը, Ղարաքիլիսան, այսօր՝ Վանաձոր, Արտաշատը, Իգդիրը, Սարդարապատը, անցան Հայաստանի կառավարության տակ: Հայաստանը տասը հազար քառակուսի կիլոմետրից ընդարձակվեց երկուսուկես անգամ:

Թուրքական ուժերի կողմից Ալեքսանդրապոլի երկրորդ գրավումը եւս ձգվեց մոտ վեց ամիս՝ մինչեւ 1921 թվականի ապրիլի վերջերը: Թեեւ Հայաստանն արդեն խորհրդայնացվել էր, Երեւանում հաստատվել էր բոլշեւիկյան իշխանություն, սակայն թուրքերը չէին հեռանում Խորհրդային Հայաստանից՝ ավեր ու կոտորած սփռելով Շիրակի դաշտում:

Երբ 1920 թվականի նոյեմբերին նրանք գրավեցին քաղաքը, քեմալականների Արեւելյան ճակատի հրամանատար Քյազիմ Կարաբեքիր փաշան Հայաստանի կառավարությանը ներկայացրեց նոր վերջնագիր՝ մեկ օրվա ընթացքում մուծել ռազմատուգանք:

Հայաստանը պարտվել էր քեմալական Թուրքիայի դեմ պատերազմում, վեց-յոթ շաբաթների ընթացքում կորցրել Կարսի մարզն ու Սուրմալուն՝ Արարատ սարով ու Անիի ավերակներով, ապա թուրքական զորքերը անցել էին Ախուրյանը եւ գրավել Ալեքսանդրապոլը:

Կարաբեքիրի վերջնագրում ներկայացված էր հետեւյալ ռազմատուգանքը. 2.000 արագահարված հրացան, 20 հատ ծանր ու 40 հատ թեթեւ գնդացիր, երեք մարտկոց թնդանոթ, 4.000 ջորի, 1000 սնդուկ հրացանային ռազմամթերք, 6000 թնդանոթի ռումբ, երկու շոգեմեքենա եւ 50 վագոն: Ռազմատուգանքից բացի՝ Կարաբեքիրի վերջնագրում նշվում էր, թե որքան պետք է նահանջեն եւ որտեղ պետք է կանգնեն հայկական զորքերը:

Հայաստանը ստիպված էր կատարել Կարաբեքիրի պահանջները, իսկ ռազմատուգանքի մի մասը իր հետ առանձին գնացքով Երեւանից Ալեքսանդրապոլ հասցրեց Ալեքսանդր Խատիսյանը նոյեմբերի երրորդ տասնօրյակում, երբ մեկնում էր բանակցելու քեմալականների հետ եւ ստորագրելու Ալեքսանդրապոլի դաշնագիրը, որի հիմքով փաստացի գծվեց թուրք-հայկական սահմանը, եւ որը գործում է մինչեւ այսօր:

Մենք պետք է հիշենք մեր պատմությունը առանց տաբուների եւ կարծրատիպերի, առանց առասպելների: Դա հատկապես կարեւոր է այսօր, երբ Հայաստանը միայնակ պետք է ապահովի իր անվտանգությունն ու սահմանների անխախտելիությունը:

Կարող եմ այստեղ բազմաթիվ մեջբերումներ անել, թե ինչպես էին Հայաստանի Հանրապետության հիմնադիր հայրերը դատապարտում իրենց սխալ քաղաքականությունը: Վերջին վարչապետ Սիմոն Վրացյանի խոսքերը արդիական են նաեւ այսօր.

«Մեր պատմական սխալը եղել է այն, որ մենք մեր չափավոր համեստ ուժերով կամեցել ենք մեծ քաղաքական ծրագրեր իրականացնել, որի հետեւանքով միշտ տուժել ենք եւ ջախջախվել բոլոր ճակատներում: Մեզ հարկավոր է մի շշմեցուցիչ հարված, որ մենք զգաստանանք, եւ այդ հարվածը արդեն հասել է մեզ: Այժմ զգաստանալու ժամանակն է»:

ԱԼԻՔ ՄԵԴԻԱ, 8 նոյեմբեր, 2024

Թաթուլ Հակոբյան

Լրագրող, հրապարակախոս, պատմություն հետազոտող, որն առօրյա փաստերը, դրանց վրա հիմնված դատողություններն ու պատմական փորձառությունը հաջողությամբ միահյուսելով ստանում է ուրույն բովանդակություն։