Թուրքերը, հեռանալով Հայաստանից, ամեն ինչ կողոպտում, թալանում ու հետները տանում են. «Զանգ», 3 նոյեմբեր, 1918թ

3455

Խստիւ բողոքել է պէտք

Երևան, 3 նոյեմբերի, 1918թ

Թուրքիան թողնում է Կովկասը. դա փաստ է:

Վերջին քաղաքական յեղաշրջումը, որ տեղի ունեցաւ Եւրոպայում, վտանգեց նաև Թուրքիոյ դիրքը:

Նա ևս՝ ճնշւած Համաձայնութեան (Դաշնակից) պետութիւնների գերազանց ոյժերի առաջ, ստիպւած է թողնել մեր հողամասերը և քաշւել Փոքր Ասիայի խորքերը:

Այսօր սակայն, Թուրքիան պաշտօնապէս դատարկում է Հայաստանի տերիտորիայի այն երկրամասերը, որոնք Բրեստի դաշնագրի համաձայն մեզ են պատկանում:

Ըստ այդ դաշնագրի, ինչպէս յայտնի է, Թուրքիան իրաւունք չունէր անցնելու Արփաչայի այս ափը: Բայց նա, ինչպէս միշտ, այս անգամ էլ չպահեց իր խոստումը և ներս խուժեց մեր սահմանները:

Այն աւերումները, կոտորածները, թալաններն ու բռնաբարութիւնները, որ այս չորս հինգ ամսում կատարեցին թուրք զօրքերը մեր երկրում, յայտնի են ամենքին:

Հայ ժողովուրդը տարաւ թուրքերի բոլոր բռնութիւնները:

Բայց այսօր, երբ Թուրքիան ստիպւած է ձգել մեր երկիրն ու քաշւել, թոյլ չպիտի տալ, որ մի երկրորդ անգամ ևս թալանի ու աւերածութեան ենթարկւի մեր առանց այն էլ աւեր երկիրը:

Հաստատ աղբիւրներից տեղեկանում ենք, որ թուրքերը հեռանալով մեր տերիտորիայից, ամեն ինչ կողոպտում, թալանում ու հետները տանում են:

Տանում են մեր ժողովրդի արիւն քրտինքով ձեռք բերած ցորենն ու ալիւրը, քշում, տանում են նրա տաւարն ու ոչխարը, թալանում են տան միջի կահ-կարասիքը. անգամ կողոպտում են տների դռներն ու պատուհանի փեղկերը…

Ալէքսանդրապոլի դեպօն, որ Բագւից ու Թիֆլիսից յետոյ Կովկասում երրորդն է իր հարուստ մեքենաներով ու ստանոկով, ամեն տեսակի հարուստ հիմնարկութիւնները նոյնպէս թալանի են ենթարկել: Բերդի հարուստ հիւանդանոցն իր շէնքով այսօր աւերակի է նման. կրել են ամեն ինչ, ամենահասարակներից մինչև ամենաթանկարժէքը:

Պատմում են, որ Ջաջուռի շրջանում մթերքների ու տնային իրերի դէզեր են կանգնած, շրջակայ դաշտերն ու լեռները տաւարի ու ոչխարների հսկայ հօտերով են ծածկւած, բոլորն էլ ժողովել են Լօռւայ, Փամբակի ու Ալէքսանդրապոլի շրջաններից և անդադրում բարձում են գնացքներն ու ճամբում դէպի Սարիղամիշ:

Այդ նպատակին ծառայեցնում են երկու հազարից աւելի հայ գիւղացիների սայլեր:

Կազմակերպւած կողոպուտը առանց զգալի էքսցեսնների կատարւում է թուրքերի կողմից, սակայն ի՞նչ է մտածում այս առթիւ Հայաստանի Հանրապետութիւնը: Կարելի՞ է այս ամենը գիտնալ ու հանգիստ խղճով լռել:

Տիրել մեր երկրին ու վայելել նրա հարստութիւնները, հասկանալի է. բայց հեռանալիս ժողովրդի ողջ ունեցածն ու հարստութիւնը ժողովել ու տանել, դա ոչ թէ պետութեան անուն կրող մէկին վայել բան է, այլ թալանիչներին ու հորդաներին:

Հայաստանի Հանրապետութիւնը խստիւ բողոքելու է կատարւող թալանի դէմ և պահանջելու, որ նման թալաններին ու աւերածութիւններին վերջ տրւեն, այլապէս սովի ու քաղցի մատնւած հայ ժողովուրդը այս ձմրան օրերին դատապարտւած կլինի բնաջնջման:  

ԶԱՆԳ, թիվ 67, կիրակի, 3 նոյեմբեր, 1918

Լուսանկարում՝ Զանգվի՝ Հրազդան գետի կամուրջը

http://tert.nla.am/archive/NLA%20TERT/Zang-1917/1918/1918(67).pdf