Մեկ օր Կիպրոսում

1372

Ռամկավար Ազատական Կուսակցության Կիպրոսի Շրջանային Վարչության հրավերով, նոյեմբերի 1-ին, մեկ օրով այցելեցի Նիկոսիա՝ տեղի հայ համայնքի համար ներկայացնելու Հայաստանում տիրող ներքաղաքական վիճակը, արտաքին մարտահրավերները, բռնի տեղահանումից հետո արցախահայության կացությունը:

Կիպրոս սա իմ երկրորդ այցելությունն էր: Առաջինը 2013 թվականի նոյեմբերին էր, երբ, օգտվելով Բեյրութում գտնվելու հանգամանքից, ինձ Նիկոսիա հրավիրեց Կիպրոսի թեմի այն ժամանակ առաջնորդ Վարուժան արքեպիսկոպոս Հերկելեանը՝ դասախոսություն կարդալու համայնքի համար:

Երևանից Լառնակա թռիչքը շատ հանգիստ էր: Օդանավում հիմնականում օտարազգիներ էին, գերազանցապես՝ սլավոնական արտաքինով: Նույն պատկերն էր նաև վերադարձին: Հավանաբար ռուսները Երևանով են մեկնում Կիպրոս, քանի որ Ուկրաինա ներխուժումից հետո ռուսական ավիաընկերությունների օդանավների մուտքը ԵՄ տարածք արգելված է:

Լառնակայի օդանավակայանում դիմավորելու էր եկել Վիգէն Ասսիլեանը, ով նաև ինձ հրավիրելու, կեցությունը ապահովելու և ձեռնարկ՝ դասախոսական երեկո կազմակերպելու համար, ի թիվս այլ ընկերների, գործադրել էր տևական ջանքեր:

Առավոտյան դառը սուրճը մայրաքաղաք Նիկոսիայի Արմենիա փողոցի սրճարաններից մեկում էր՝ ընկերակցությամբ ռամկավար երկարամյա գործիչ, կուսակցության Կենտրոնական Վարչության փոխատենապետ Ասատուր Դովլաթեանի, Կանադայից Կիպրոս հաստատված Հակոբ Խուրշիդեանի և Վիգէն Ասսիլեանի: Ապա մեզ միացան նաև արևմտահայերենի և մեսրոպյան ուղղագրության գիտակ Եղիա Գայայեանը և Արա Թովմասյանը:

Մեր առաջին տեսակցությունը Կիպրոսի հայ համայնքի պետական ներկայացուցիչ Վարդգէս Մահտեսեանի հետ էր: Կիպրոսի Սահմանադրությունը մշտապես երկրի խորհրդարանում աթոռ է հատկացնում կրոնական երեք խմբերի՝ հայերի, լատինների և մարոնիների համար: Չորրորդ անգամ անընդմեջ խորհրդարանում հայ համայնքը ներկայացնում է գործարար Մահտեսեանը:

Մեր զրույցը հիմնականում Հայաստանի մասին էր: Պարոն Մահտեսեանը պարբերաբար այցելում է Երևան, լավ ճանաչում է տեղի իշխանական էլիտան: Նա իմ վրա թողեց հաճելի, սառը իրապաշտ և խորապես հայաստանամետ սփյուռքահայի տպավորություն, անկախ նրանից, թե ով է Հայաստանում իշխանության ղեկին:

Կեսօրից հետո մենք եղանք Նիկոսիայի Նարեկ հայկական վարժարանում, զրույց ունեցանք տնօրինուհի Վերա Թահմազեանի հետ, ապա հանդիպում երեք ավագ դասարանների աշակերտության հետ: Նարեկ վարժարանը հիմնադրվել է 1972-ին, մասնաճյուղեր ունի Լառնակա և Լիմասոլ քաղաքներում: Ապա մեզ հյուրընկալեց Կիպրոսի թեմի Կաթողիկոսական Փոխանորդ Գերշ. Տ. Կոմիտաս Արք. Օհանեանը:

Երեկոյան Նարեկ վարժարանի հանդիսասրահում տեղի ունեցավ դասախոսական երեկո և հարց-պատասխան: Ինչպես այլ գաղութներում, Կիպրոսի հայության ևս հետաքրքրում և մտահոգում է Հայաստանի ներկա կացությունը, Արցախի հայաթափումը, ռուս-թուրք-ադրբեջանական գործակցությունը: Երեկոյի ավարտին ՌԱԿ փոխատենապետ Ասատուր Դովլաթեանը ինձ հուշանվեր հանձնեց:

Թաթուլ Հակոբյան

Երևան-Լառնակա-Նիկոսիա-Երևան

Լուսանկարում՝ ՌԱԿ ԿՎ փոխատենապետ Ասատուր Դովլաթեանի հետ