1920թ. նոյեմբերի 11-ին Հայաստանի խորհրդարանը նրա նորընտիր ղեկավարի՝ Հովհաննես Քաջազնունու նախագահությամբ, հրավիրում է արտակարգ նիստ, որի ընթացքում ելույթ է ունենում վարչապետ Համո Օհանջանյանը:
«[Թուրք-հայկական] Ռազմական գործողությունները այնպիսի ընթացք ստացան, որ հայկական բանակի հրամանատարությունը ստիպված եղավ տաջիկ հրամանատարությանը զինադադարի առաջարկ անելու. հակառակորդի կողմից այդ առաջարկն ընդունվեց: Ռազմական գործողություններին զուգընթաց կառավարությունը չդադարեց դիմելու նաև դիվանագիտական միջոցների: Նախքան զինադադարի առաջարկ անելը կառավարությունը նոյեմբերի 3-ին հատուկ գրությամբ դիմում ուղարկեց Անգորայի կառավարությանը՝ առաջարկելով բանակցություններ սկսել և վերջնական հաշտություն կնքել Տաջկաստանի [Թուրքիա] և Հայաստանի միջև: Տարօրինակ զուգադիպությամբ, Անգորայի կառավարությունը նոյեմբերի 2-ին դիմել է [Հայաստանին], բայց կառավարությունը այդ գրությունը ուշ է ստացել: Որպեզի միանգամայն պարզվի ձեր առաջ դիվանագիտական բանակցությունների և զինադադարի ընթացքը, ես կկարդամ այն բոլոր գրություններն ու հեռագրերը, որոնք փոխանակվել են Հայաստանի կառավարության և Անգորայի կառավարության ու տաճկական [թուրքական] ուժերի հրամանատարության միջև»:
—
Օհանջանյանը մեկ առ մեկ խորհրդարանին ու նախարարներին կարդալով ներկայացնում է Հայաստանի և քեմալականների միջև փոխանակված գրությունները:
—-
Արտաքին գործերի ժողովրդական կոմիսար Ահմեդ Մուխթարի գրությունը Հայաստանի արտգործնախարարին, 2 նոյեմբեր, 1920թ. Անգորա, 263
Հայկական Հանրապետության արտաքին գործերի նախարարին
Այժմ, երբ լիակատար հաղթությունը գալիս է պսակելու մեր արևելյան բանակի ջանքերը՝ Թուրքիայի Ազգային մեծ ժողովը ուզում է կրկնել հայ ժողովրդին արդեն առաջներում իր արած խաղաղության առաջարկը և նորից հավաստիացնելու, որ նա չի ձգտել անցյալում, ոչնչացնել Հայաստանը, խլել նրանից իր անկախությունը կամ որևէ կերպով վտանգել նրա իրավունքները, սակայն մենք կարծում ենք, որ պարտավոր ենք պահանջել Հայաստանի կառավարությունից, որ նա նույն կերպ վարվի մեզ հետ և դադարի Արևելքում Բրիտանական իմպերիալիզմի խոնարհ գործիքը լինելուց:
Մենք համոզված ենք, որ թուրք և հայ ժողովուրդների՝ միմյանց դեմ վարած երկարատև արյունահեղ կռիվները՝ մինչև 1918 թվականը, գլխավոր պատճառ են ունեցել ցարիզմի հավակնությունները, որը ձգտում էր տարածել իր իշխանությունը Արևելյան Անատոլիայի վրա: Ցարական ռեժիմի տապալումը առաջ բերեց հանգստության շրջան՝ շնորհիվ այն սառնարյունության, որ ռուսական զորքերի հեռանալուց հետո Թուրքիայում կարողացավ պահել հայկական բանդաների կատարած սոսկալի ջարդերի հանդեպ:
Խաղաղությունը, որ մենք այնքան ջանքերով վերականգնեցինք, նորից խախտվեց, երբ իմպերիալիստ Անգլիան հաղթանակելով, կամեցավ պահել Միջագետքը և ձեռք դնել Պարսկաստանի և Բաքվի նավթառատ շրջանի վրա:
Ցարիզմին ծառայելուց հետո Հայաստանը այս անգամ Անգլիայի նպատակներին ծառայեց և մեր դեմ բացեց թշնամության նոր դարաշրջան, որ շարունակվում է դեռևս ի մեծ շահ Լոնդոնի ֆինանսիստների:
Թուրք ժողովուրդը … չէր կարող թույլ տալ հայերին անընդհատ դավադրել նրա կյանքի դեմ և նրա արևելյան գավառների վրա…
Արտաքին գործերի ժողովրդական կոմիսար՝ Ահմեդ Մուխտար
Յառաջ, ՀՅԴ, թիւ 250, Կիրակի, 14 Նոյեմբերի, 1920թ.