Ահաբեկչության տարին. 1999-ի Հոկտեմբերի 27-ը, Մեղրին և Արցախյան հակամարտության գործընթացը

5391

1999թ. գարնանը Երևանի պետհամալսարանում ուսանողներից մեկի հարցին, թե որքանո՞վ է պաշտպանված պաշտպանության նախարարը, Վազգեն Սարգսյանը պատասխանել էր. ՙԵթե պաշտպանության նախարարն էլ իր պաշտպանության մասին պիտի մտածի, էլ ո՞ւմ է պետք այդպիսի նախարարը: Ոչ մի բանից չեմ վախենում, ինձ ոչ մի բան չի սպառնում: Ես ներքին թշնամիներ չունեմ, ինձ համար կա միայն արտաքին թշնամի՚:

Կոմունիստ պատգամավոր Ֆրունզե Խառատյանն Ազգային ժողով-կառավարություն հարցուպատասխանի օրը ֆինանսների նախարար Լևոն Բարխուդարյանից փորձում էր ճշտել ՙ250 միլիոն դոլար վարկի՚ ճակատագիրը: Վարչապետ Վազգեն Սարգսյանը տեղից ծիծաղով միջամտում է, իսկ Բարխուդարյանը ճշտում` խոսքը 250 հազար դոլար դրամաշնորհի մասին է: Ահա այս պահին` 1999թ. հոկտեմբերի 27-ին ժամը 17.15-ի սահմաններում, բաց գորշավուն երկար անձրևանոցով խորհրդարանի դահլիճ է ներխուժում Նաիրի Հունանյանը և մյուս ահաբեկիչների հետ ՙԿալաշնիկով՚ ավտոմատներից կրակ բացում վարչապետ Սարգսյանի և առաջին շարքում նստածների ուղղությամբ: Աննախադեպ սպանդից հետո ահաբեկիչները խորհրդարանի հատակին պառկեցնում են ողջ և  արնաշաղախ նախարարներին ու պատգամավորներին: Ապա Հունանյանը բարձրանում է Ազգային ժողովի ամբիոն` ստորագույն հայհոյանքներ թափում սպանվածների հասցեին, շարունակում կրակահերթերը:

Հոկտեմբերի 29-ից 31-ը համազգային սգո օրեր էին, երկրում և դրսում` դիվանագիտական ներկայացուցչություններում, խոնարհվել էին պետական դրոշները: Վայրկյանների ընթացքում Հայաստանի ներքաղաքական դաշտն ամայացավ: Նաիրի և Կարեն Հունանյան եղբայրները գլխատեցին կառավարության և Ազգային ժողովի ղեկավարությանը. սպանվում են Ազգային ժողովի նախագահ Կարեն Դեմիրճյանը, վարչապետ Վազգեն Սարգսյանը, Ազգային ժողովի փոխնախագահներ Յուրի Բախշյանը և Ռուբեն Միրոյանը, նախարար Լեոնարդ Պետրոսյանը, պատգամավորներ Հենրիկ Աբրահամյանը, Արմենակ Արմենակյանը, Միքայել Քոթանյանը:

Նախագահ Քոչարյանը, ով հոկտեմբերի 27-ին և հաջորդող մի քանի ամիսներին պետք է տաներ նախագահության տասնամյա շրջանի ամենադժվար օրերը, հայտարարում է. ՙՀայաստանի Ազգային ժողովի շենքում տեղի ունեցած իրադարձությունները մեզ ստիպում են համախմբվել` հաղթահարելու ողջ ժողովրդի համար այս ծանր փորձությունը: Ես խորապես ցավակցում եմ զոհվածների` իմ զինակիցների, գործընկերների, ընկերների ընտանիքներին և մերձավորներին: Վստահեցնում եմ, որ իշխանությունները վերահսկում են իրադրությունը՚: Ավելի ուշ` դեկտեմբերի 21-ին, նախագահ Քոչարյանը տալիս է ողբերգության իր գնահատականը. ՙԸստ էության, կատարվել է ահաբեկչության ճանապարհով հեղաշրջման փորձ՚:

Աննախադեպ ոճիրի հաջորդ օրը մեկուկես տարվա լռությունը խախտում է Հայաստանի առաջին նախագահը: Տեր-Պետրոսյանի գրավոր հայտարարությունում ասվում էր. ՙԿիսելով տեղի ունեցած ողբերգության առթիվ մեր ժողովրդի ապրած խոր ցավն ու արդարացի վրդովմունքը` ես կուզեի բայցևայնպես շեշտել ներկա իրավիճակի վերահսկելիության կարևորությունը՚: ՙՉեմ կասկածում, որ իշխանություններն անում են հնարավոր ամեն ինչ` հանրապետությունում լիակատար կարգուկանոն և  հասարակական անդորր ապահովելու ուղղությամբ: Չեմ կասկածում նաև, որ հասարակության բոլոր շերտերը, մտավորականությունը, քաղաքական գործիչներն ու լրագրողները գիտակցում են, որ այսօր պահը չէ հապշտապ մեկնաբանությունների ու ավելորդ գնահատականների: Դրությունը հասարակական բոլոր ուժերից և կառավարման բոլոր մարմիններից պահանջում է մեկ մարդու նման համախմբվել հանրապետության նախագահի շուրջ և կատարյալ համերաշխությամբ ու արժանապատվությամբ դիմագրավել մեր պետությանը նետված մարտահրավերը՚:

2007թ. հոկտեմբերին Ազատության հրապարակում հավաքված հազարավոր քաղաքացիներին առաջին նախագահը բացատրում էր, թե ինչո՞ւ է ոճրագործության հաջորդ օրը հրապարակավ իր աջակցությունը հայտնել գործող նախագահին. ՙՔոչարյանը զանգահարեց ինձ և շնորհակալություն հայտնեց: Դա իշխանափոխությունից հետո իմ և Քոչարյանի առաջին ու վերջին խոսակցությունն էր: Իմ մտահոգությունն այդ պահին ոչ թե նախագահի դիրքի ամրապնդումն էր, այլ քաոսից խուսափելու և  Ադրբեջանի հնարավոր ագրեսիվ նկրտումները կանխելու անհրաժեշտությունը՚:

Տեր-Պետրոսյանն իր ելույթում հայ ժողովրդի շուրջ երեքհազարամյա պատմության մեջ հոկտեմբերի 27-ը հիշեցնող երեք նախադեպ հիշատակեց: ՙ705թ. Նախճավան քաղաքի եւ մոտակա Խրամ ավանի եկեղեցիներում արաբները ողջակիզեցին հայ նախարարների ողջ ավագանուն: 1915թ. ապրիլի 24-ին երիտթուրքերը գլխատեցին արեւմտահայ քաղաքական և մտավորական ընտրանուն: 1930-ական թթ. Ստալինը ոչնչացրեց Հայաստանի ղեկավարության և մտավորականության ամենակարկառուն դեմքերին: Հոկտեմբերի 27-ի սպանդը վերոհիշյալ եղեռնագործություններից արմատապես տարբերվում է նրանով, որ իրականացվել է ոչ թե օտարների, այլ հայերի իսկ ձեռքով՚:

Ահաբեկչությունից մեկ շաբաթ անց Վազգեն Սարգսյանի եղբայրը` Արամ Սարգսյանը, նշանակվեց վարչապետ, ինչն իրավիճակային, բայց ճշգրիտ նշանակում էր:

Ովքե՞ր էին օժանդակել ոճիրի իրականացմանը: Խոսվում էր ինչպես արտաքին, այնպես էլ` ներքին ուժերի հնարավոր ներգրավվածությունից, շրջանառվում էին բազմաթիվ վարկածներ: Դատավարությունը չկարողացավ պարզել, թե ովքեր են կանգնած ահաբեկիչների թիկունքում:

Վարկածներից մեկը կապվում էր ղարաբաղյան կարգավորման, մասնավորապես տարածքների փոխանակման ՙՄեղրիի տարբերակի՚ հետ: Ընդ որում, մամուլում և դիվանագիտական շրջանակներում տեսակետ կար, թե այդ տարբերակին դեմ էին ոճրագործությանը զոհ գնացած Սարգսյանն ու Դեմիրճյանը: Նրանց հարազատները ևս այդ կարծիքին են:

Սարգսյան-Դեմիրճյան դաշինքը

1999թ. մարտի 30-ին Ժողովրդական և Հանրապետական կուսակցությունների միջև ձևավորվել էր  ՙՄիասնություն՚ դաշինքը: Սարգսյանն ուժի և անպարտելիության մարմնավորումն էր, Դեմիրճյանը` իմաստության, փորձառության և խորհրդային լավ, բարի ժամանակների: Պաշտպանության նախարարը, ով մեկ տարի առաջ վճռական դերակատարություն էր ունեցել Տեր-Պետրոսյանին պաշտոնանկ անելու գործում, իսկ նախագահական արտահերթ ընտրություններում պաշտպանել Քոչարյանին ընդդեմ Դեմիրճյանի, վերջինիս հետ ստեղծեց ուժեղ դաշինք:

Սարգսյանը հանիրավի ուռճացված էր որակում քաղաքական գործընթացներում իրեն վերագրվող դերակատարությունը. ՙՈ’չ Տեր-Պետրոսյանի օրոք, ո’չ Քոչարյանի օրոք ես չեմ մասնակցել տնտեսական քաղաքականությանը: Ես չեմ մասնակցել կադրային քաղաքականությանը, եթե ինձ մասնակից չեն դարձրել դրան: Ես աշխատել եմ 7 վարչապետերի հետ և ոչ մեկի հետ անձնական կոնֆլիկտ չեմ ունեցել՚:

Քոչարյանի և իր հարաբերությունների մասին Սարգսյանն ասում էր. ՙՄենք մտերիմ ընկերներ ենք, մենք մարտական ընկերներ ենք, կապված ենք նաև ճակատագրով: Ես երբեք Քոչարյանի դեմ դուրս չեմ գալու, հույսներդ կտրեք: Մենք նաև ապացուցելու բան ունենք: Տեր-Պետրոսյանը հեռանալով մեզ վրա մեծ պատասխանատվություն է թողել: Մենք համոզված ենք, որ ճիշտը մենք էինք, բայց դեռ ձեզ և  ժողովրդին էլ պիտի ապացուցենք, որ ճիշտը մենք ենք՚:

Տեր-Պետրոսյանի և իր հարաբերությունների մասին` ՙՀարգել, գնահատել և հարգում եմ Տեր-Պետրոսյանին: Իմաստուն և բարոյական մարդ ու գործիչ է: Տեր-Պետրոսյանը հեռացավ` իր հետ տանելով իր համոզմունքները` թողնելով դաշտը մեզ: Եթե Տեր-Պետրոսյանն ինքը որոշեր չհեռանալ, ոչ ոք նրան չէր կարող հեռացնել: Եթե ինքն ինձ հեռացներ, ես հեռանալու էի: Բայց այդ դեպքում պատասխանատվությունն իր վրա կմնար: Հիմա ինքը հեռացավ, պատասխանատվությունը թողել է մեզ վրա: Այստեղ պատասխանատվության խնդիր կա, ոչ թե մեկս մյուսին հեռացնելու: Ես Տեր-Պետրոսյանի դեմ դուրս չեմ եկել, ես գաղափարն եմ պաշտպանել: Մեր հակասությունը եղել է Արցախի խնդրի շուրջ: Ես չեմ ուզում դառնալ նախագահ: Ես չեմ ուզում դառնալ Ազգային ժողովի նախագահ: Ես չեմ ուզում դառնալ վարչապետ: Ես ուզում եմ մնալ պաշտպանության նախարար՚:

1999թ. մայիսի 30-ին կայացած խորհրդարանական ընտրություններում հաղթեց ՙՄիասնությունը՚` ստանալով քվեների մոտ 42 տոկոսը: Հունիսի 10-ին Ազգային ժողովի նախագահ ընտրվեց Դեմիրճյանը, մեկ օր անց վարչապետ նշանակվեց Վ. Սարգսյանը: Ձևավորվեց ուժեղ խորհրդարան, որտեղ ՙՄիասնությունն՚ ուներ որակական մեծամասնություն, իսկ կառավարությունը գլխավորում էր երկրի ամենաազդեցիկ անձնավորությունը` Վ. Սարգսյանը:

Մեղրիի տարբերակը

Ղարաբաղյան կարգավորման գործընթացում 1999-ի ապրիլ-դեկտեմբեր ամիսներն ամենաակտիվ շրջաններից էին: Ապրիլի 1-ին ԱՊՀ մոսկովյան գագաթաժողովում տեղի էր ունեցել Քոչարյանի և Ալիևի երկուսուկես ժամանոց զրույցը: Վաշինգտոնում ՆԱՏՕ-ի 50-ամյա տոնակատարությունների շրջանակներում, ԱՄՆ-ի նախաձեռնությամբ ապրիլի 26-ին կայացավ Քոչարյան-Ալիեւ նոր հանդիպում: Սկիզբ դրվեց երկկողմ` Հայաստանի և Ադրբեջանի նախագահների մակարդակով բանակցություններին, որոնք շարունակվում են մինչ այսօր:

Հենց 1999-ին կրկին շրջանառության մեջ դրվեց տարածքների փոխանակման տարբերակով ղարաբաղյան հակամարտությունը կարգավորելու հնարավորությունը: Ռոբերտ Քոչարյանը պարզաբանում է. ՙԿա փակուղի, և փակուղուց դուրս գալու միակ ճանապարհը բոլոր հնարավոր տարբերակների քննարկումն է: Եվ այդ կոնտեքստում, այո, կար գաղափար տարածքների փոխանակման վերաբերյալ: Գաղափարը բավական տարբերվում է նրանից, որը տպագրվեց մեր մամուլում, բայց, այնուամենայնիվ, այդ տարբերակն իմ կողմից չի ընդունվել, և ներկա թեժ քննարկումներն ուղղակի անիմաստ են: Պետք է ասեմ, տարբերակն ուներ իր տրամաբանությունը. ենթադրվումէր, որ այն կբերի տարածաշրջանի երկարատեւ խաղաղության՚:

Ավելի ուշ` 2008թ. փետրվարին, ի պատասխան Տեր-Պետրոսյանի քննադատության, Քոչարյանն ասել է. ՙՄեղրին հանձնելու տարբերակը Պոլ Գոբլի առաջարկն է, որը շրջանառության մեջ է դրվում պարբերաբար: ՙՏարածքների փոխանակման սկզբունքներ՚ կոչվող տարբերակն ընդամենը մեկ անգամ քննարկվել է համանախագահող երկրներից մեկի ներկայացուցչի հետ: Եթե պատասխանը դրական լիներ, ապա այն հետագայում կմշակվեր ու կդառնար Մինսկի խմբի առաջարկ: Այդ տարբերակը մերժել է և’ հայկական, և’ ադրբեջանական կողմը: Մեր իշխանավարման ընթացքում տարածքների փոխանակման սկզբունքները մերժել ենք` պատճառաբանելով, որ չենք կարող կորցնել Իրանի հետ սահմանը: Այն թուղթը, որ թափահարում է Տեր-Պետրոսյանը, ես երբևէ չեմ տեսել՚:

2008թ. փետրվարին Տեր-Պետրոսյանն Ազատության հրապարակում հավաքված տասնյակ հազարավոր քաղաքացիների համար մեջբերումներ էր անում ՙտասը տարի թաքցված՚ փաստաթղթից` այն որակելով ՙմեծագույն դավադրություն Հայաստանի հանդեպ՚: Տեր-Պետրոսյանը Մեղրիի և  Ղարաբաղի փոխանակման փաստաթղթից ընթերցեց երկու հոդված: ՙՆախկին ԼՂԻՄ տարածքը, Շուշիի և Լաչինի շրջանները փոխանցվում են Հայաստանին, Մեղրիի շրջանը 1988թ. սահմաններով փոխանցվում է Ադրբեջանին: Համաձայնագիրն ուժի մեջ մտնելուց անմիջապես հետո սկսվում է Մեղրիի շրջանի բնակչության և ներկայումս Աղդամի, Ֆիզուլու, Ջեբրայիլի, Ղուբաթլիի, Զանգելանի, Քելբաջարի շրջաններում բնակվող հայերի անվտանգ և կամավոր տեղափոխումը Հայաստանի տարածք՚: Ապա Տեր-Պետրոսյանը շարունակեց. ՙՀայաստանում այս դավադրությունը խափանվեց երկու մարդու շնորհիվ: Դա Կարեն Դեմիրճյանն էր և Վազգեն Սարգսյանը, որոնք խափանեցին այդ ծրագիրը, և դրա գինը նրանց կյանքն էր՚:

Տարածքների փոխանակման գաղափարը 1992թ. առաջ էր քաշել ԱՄՆ պետքարտուղարության նախկին աշխատակից Գոբլը: Ըստ էության, 2001թ. ապրիլին, երբ ԱՄՆ-ի ակտիվ աջակցությամբ Ֆլորիդայի Քի Վեսթ քաղաքում տեղի էին ունենում բանակցություններ, կարգավորման հիմքում ևսդրված էր Գոբլի գաղափարը, ճիշտ է` ակնհայտ փոփոխություններով եւ նորամուծություններով: Ամերիկացի դիվանագետը նշում էր ղարաբաղյան կարգավորման երեք տարբերակ: Առաջին` Ղարաբաղի հայերի ոչնչացում կամ արտագաղթ, ինչը հնարավոր չէ բարոյական տեսանկյունից, երկրորդ` Ղարաբաղի հանձնում Հայաստանի իրավասությանը, ինչը հնարավոր չէ քաղաքական տեսանկյունից, քանի որ Ադրբեջանը կզրկվի ինչպես տարածքներից, այնպես էլ` ջրային պաշարներից, երրորդ` խոշոր ուժեր մտցնել հակամարտող կողմերին իրարից անջատելու համար, ինչը հնարավոր չէ ֆիզիկապես: Գոբլը փակուղին հաղթահարելու ճանապարհ էր նկատում տարածքների փոխանակման հնարավորությունը. ՙՂարաբաղի մի մասի հանձնում Հայաստանին: Բաքվին ջուր սնուցող գետերի ակունքներ ընդգրկող տարածքը պետք է հանձնել Ադրբեջանին` ադրբեջանաբնակ բնակավայրերի հետ միասին: Հայաստանի վերահսկողության տակ գտնվող եւ Նախիջևանն ու Ադրբեջանն իրարից անջատող տարածքների մի մասի հանձնում Ադրբեջանի իրավասությանը՚:

Հետագայում` 2000թ. հունիսին, Գոբլն ընդունեց, որ երկու սխալ է թույլ տվել, առաջինը` ԼՂ-ից Ադրբեջան ջրի հոսքն է, որն այնքան էլ մեծ կարևորություն չունի, երկրորդ` ավելի նշանակալի սխալն Իրանի հետ սահման ունենալու կարևորությունն է հայերի և Հայաստանի համար: ՙ1992թ. շատ քիչ առեւտուր կար այդ ճանապարհով, և ես կարևորում էի, որ հայերը կզոհաբերեն այդ (սահմանը) հանուն խաղաղության: Այժմ ես հասկանում եմ դրա հոգեբանական իմաստը, դա կարևոր է ոչ միայն առևտրի հետագա զարգացման համար, այլ մանավանդ որպես ելք դեպի աշխարհի ոչ թուրքական մասը: Ես այն ժամանակ թերագնահատել էի այդ հանգամանքը: Եթե վերանայեմ այդ ծրագիրն այժմ, պիտի առաջարկեի, որ Ադրբեջանը նախ զիջեր Արեւմտյան Նախիջևանի մի փոքր մասը, որպեսզի Հայաստանը սահման ունենար Իրանի հետ, և ապա Թուրքիան բացեր իր սահմանները Հայաստանի հետ՚:

2008թ. փետրվարի 12-ին Օսկանյանը Մեղրին Ղարաբաղի հետ փոխանակելու Տեր-Պետրոսյանի հայտարարություններն ընդամենը որակեց Գոբլի ծրագիր, որը շրջանառության մեջ է դրվել 90-ական թթ. սկզբներին և 2000թ. կտրականապես ու վերջնականապես մերժվել: Օսկանյանն ընդգծեց, որ Մինսկի խումբը նման առաջարկ երբևէ չի ներկայացրել: Նա պնդեց նաև, որ դեռ 1994թ. Հայաստանի ղեկավարությունը նեղ շրջանակում քննարկել է Գոբլի ծրագիրը, և Տեր-Պետրոսյանը կարծիք է հայտնել, որ եթե Նախիջևանի հյուսիսային` Հայաստանի անմիջական հարակից մասը, մինչև Իրանի սահմանը, տրվեր Հայաստանին, ապա դա ընդունելի տարբերակ կլիներ:

Ավելի վաղ` տարածքների փոխանակման ճանապարհով ղարաբաղյան հարցի լուծումն առաջ էր քաշել Նոբելյան դափնեկիր Անդրեյ Սախարովը դեռ 1988թ.: Բաքվում լրատվամիջոցների հետ հանդիպման ժամանակ 2002թ. Ալիևն ասում էր. ՙԵրբ Սախարովը եկավ այստեղ, խոսակցություն գնաց Մեղրին Ադրբեջանին փոխանցելու, իսկ Լաչինից Հայաստանի համար միջանցք բացելու մասին, որպեսզի այդ հարցը լուծվի: Ադրբեջանը դրա հետ չհամաձայնեց: Այդ մասին ինձ Թուրքիայում ասել են հանգուցյալ Օզալը, հետագայում Դեմիրելը: Չեմ կարող ասել, որ ի վերջո հայերը կհամաձայնեին, բայց ամեն դեպքում նման տրամադրություններ կային: Սակայն ադրբեջանական կողմը լիովին դեմ եղավ՚:

Թուրքիայում հայտնի քաղաքական մեկնաբան, նախագահ Օզալի խորհրդական Ջենգիզ Չանդարը հիշում է. ՙ1991թ. Օզալն ինձ ուղարկեց Բաքու մի առաջարկությամբ, որով փորձում էր Ղարաբաղի հարցում ճշտել Մութալիբովի ճկունությունը: Այդ առաջարկության էությունը տարածքների փոխանակումն էր: Պատերազմը նոր էր սկսվել: Ըստ այդ առաջարկության` Ադրբեջանը Հայաստանին զիջում է Լաչինը և Ղարաբաղի մի մասը, իսկ Ղարաբաղի մյուս մասը Շուշիով, ինչպես նաև Մեղրին տրվում է Ադրբեջանին: Մութալիբովն ասաց, որ չի կարող ընդունել այդ առաջարկությունը: Ես մտածեցի, թե նա հաշվի է առնում Իրանի գործոնը: Մութալիբովի բացատրությունն այլ էր: Նա ասաց, որ Զանգեզուրը եղել է ադրբեջանական հող, և Ստալինն է տվել հայերին: Ինչո՞ւ մենք պետք է ադրբեջանական Լաչինը փոխանակենք ադրբեջանական Զանգեզուրի հետ՚:

Տարածքների փոխանակման կամ դրանից ածանցյալ առաջարկները թեև անընդունելի են եղել ինչպես հայկական, այնպես էլ ադրբեջանական կողմերի համար, սակայն դրանք քննարկվել են բանակցությունների տարբեր փուլերում: Ադրբեջանը ձգտում էր ցամաքային անմիջական կապ հաստատել Նախիջևանի հետ, սակայն դրա դիմաց, ակնհայտորեն, պատրաստ չէր զիջումների գնալ ԼՂ և Լաչինի հարցերում: Մյուս կողմից, Երևանը ձգտում էր տեսնել ԼՂ-ը և Լաչինի միջանցքը Հայաստանի կազմում, սակայն անվտանգության և այլ պատճառներով պատրաստ չէր զրկվել Իրանի հետ ընդհանուր սահմանից:

Ստամբուլ

Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների միջևսկսված բանակցությունները շարունակվեցին այլ քաղաքներում: 1999թ. հուլիսի 16-ին Ժնևում Քոչարյան-Ալիեւ հանդիպումն ուշադրության էր արժանի նրանով, որ տեղի ունեցավ երկու նախագահների նախաձեռնությամբ: Օգոստոսի 22-ին Ժնևում տեղի ունեցավ Քոչարյանի և Ալիևի նոր հանդիպում: Սեպտեմբերի11-ին Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները բանակցեցին Յալթայում, իսկ հոկտեմբերի 11-ին` Հայաստան-Նախիջևան սահմանագլխին:

Սադարակյան հանդիպման հաջորդ օրը ԱՄՆ փոխնախագահ Ալբերտ Գորը Քոչարյանին և Ալիևին հղած ուղերձում քաջալերում և հույս էր հայտնում, որ եթե նախագահներն իրենց աշխատանքի այս փուլը կարողանան ավարտել մինչև նոյեմբեր կայանալիք ԵԱՀԿ գագաթաժողովը, ապա ՙՍտամբուլում ԵԱՀԿ ողջ ընկերակցությունն իր աջակցությունը կհայտնի ձեռք բերած առաջընթացին՚:

Քոչարյանի խոսքերով` ՙԽոսքն ընդամենն այն մասին է, թե արդյոք հնարավոր կլինի՞ Ստամբուլում հայտարարել, որ մենք ինչ-որ գործընթաց ենք սկսում կամ ինչ-որ արդյունքների հասել ենք: Ես կողմնակից չեմ, որ մենք այդ գործընթացը պայմանավորենք Ստամբուլի գագաթաժողովով: Եվ հատկապես աշխարհագրական տեսակետից տեղը հայերի համար այնքան էլ հարմար չէ: Այդ առումով ես կնախընտրեի, որ դա լիներ մի քիչ նույնիսկ ավելի շուտ կամ ավելի ուշ, բայց ոչ Ստամբուլում՚:

Արդեն Ստամբուլում Քոչարյանը հերքում է լուրերը, թե գագաթաժողովում պետք է հաշտության պայմանագիր կնքվեր, և ինչին իբր խոչընդոտել է Հայաստանի խորհրդարանում տեղի ունեցած ողբերգությունը. ՙՀարցն այդքան հասունացած չէ, և չէր էլ նախատեսվում, որ կարգավորմանը վերաբերող որևէ փաստաթուղթ պետք է ստորագրվեր այստեղ՚:

1999թ. հոկտեմբերի 19-ին Բաքվում Դեմիրելն ասել էր, թե ՙմոտ օրերս կիրականանա հայ-ադրբեջանական հաշտությունը՚, միայն թե ՙառանց Ռուսաստանի բարերար դերի այն հնարավոր չէ ապահովել՚: ՙԿովկասում հնարավոր չէ հաշտության մասին խոսել` առանց նկատի առնելու Ռուսաստանը: Եթե լուծում իրականացնելու ձեռնարկի առիթով նկատի չառնվի Ռուսաստանը, ապա ձեռնարկը կձախողվի, որովհետև Ռուսաստանը տակավին պահում է իր մեծ պետություն լինելու ներուժը՚:

Հոկտեմբերի 20-ին ԱՄՆ պետքարտուղարի խորհրդական Սթիվեն Սեստանովիչը և Մինսկի խմբի ամերիկացի եռանախագահ Քերի Քավանոն Երևանում հանդիպում են Քոչարյանի, Վ. Սարգսյանի, Օսկանյանի և Ս. Սարգսյանի հետ: Հաջորդ օրը Սեստանովիչը և Քավանոն Բաքվում ղարաբաղյան բանակցությունները շարունակում են Ալիեւի, Զուլֆուգարովի, Աբիևի հետ: Այս հանդիպումից երեք օր անց հրաժարական են տալիս արտգործնախարար Զուլֆուգարովը և Ալիևի աշխատակազմի կարևոր դեմքերից Էլդար Նամազովը: Ավելի վաղ հրաժարական էր տվել Գուլուզադեն: Հետագայում Զուլֆուգարովը և Նամազովը հաստատել են, որ Ստամբուլի գագաթաժողովի նախօրեին կողմերը լրջորեն քննարկել են տարածքների փոխանակման տարբերակը: Երկուսն էլ պնդել են, որ հրաժարական են տվել` իրենց անհամաձայնությունն արտահայտելով տարածքների փոխանակման առաջարկին: ՙՍտամբուլի գագաթաժողովի նախօրեին համաձայնություն էր ձեռք բերվել, որը, իմ կարծիքով, չէր համապատասխանում Ադրբեջանի շահերին: Այդ պատճառով, որոշեցի իմ մի քանի գործընկերների հետ հրաժարական տալ: Այդ համաձայնագիրը հավասարազոր էր ԼՂ-ին անկախություն տալուն, անշուշտ` ոչ դե-յուրե, այլ դե-ֆակտո՚,- ասել է Նամազովը:

Ալիևն իր հրապարակային ելույթներում ընդունել է, որ 1999թ. ընթացքում քննարկվել են տարբերակներ, որոնք հակասել են Ադրբեջանի շահերին, մյուս կողմից պնդել, թե Հայաստանն է հետ կանգնել ձեռք բերված պայմանավորվածություններից. ՙՄենք մի քանի անգամ հանդիպեցինք (Քոչարյանի հետ), երկու անգամ մեկնեցի Ժնև, հանդիպեցինք (Հայաստան-Նախիջևան ) սահմանին: Կարող եմ ասել` դիրքորոշումները հնարավոր եղավ շատ մոտեցնել 1999թ. հոկտեմբերին: Բայց Հայաստանի խորհրդարանում կատարված ահաբեկչությունից հետո Հայաստանը հրաժարվեց փոքր առաջընթացից, որին հասել էինք՚:

Դժվար է միանշանակ պնդել, թե գագաթաժողովի նախօրեին ո՞ր կողմն է նախնական համաձայնությունից հրաժարվել: Հստակ չէ, թե որքանո՞վ են մոտ եղել համաձայնությանը: Հակասական են նաև տեղեկությունները, թե ի՞նչ կապ կարող էր լինել Հայաստանի խորհրդարանի ոճրագործության եւ կարգավորման միջեւ:

Հոկտեմբերի 18-21-ը կայացավ Հայաստանի Ազգային ժողովի պատվիրակության այցը Մոսկվա, որը գլխավորում էր խորհրդարանի նախագահ Կարեն Դեմիրճյանը։

Հոկտեմբերի 26-ին Ալիևն ընդունեց պետքարտուղարի տեղակալ Սթրոբ Թելբոթին, Սեստանովիչին, Քավանոյին: Հոկտեմբերի 27-ի առավոտյան Քոչարյանը հեռախոսով զրուցում է Ելցինի հետ: Նույն օրը Երևանում Բաքվից ժամանած ամերիկյան պատվիրակությանն ընդունում է Հայաստանի նախագահը: Բանակցությունները, որին մասնակցում էին նաև վարչապետ Վազգեն Սարգսյանն ու արտգործնախարար Վարդան Օսկանյանը, շարունակվում է ավելի քան հինգ ժամ: Այդ հանդիպումից անմիջապես հետո վարչապետ Վ. Սարգսյանը շտապում է Ազգային ժողով, իսկ Օսկանյանը ամերիկյան պատվիրակությանը ուղեկցում է օդանավակայան: Կարճ ժամանակ անց, երբ Երևանից Մոսկվայով ամերիկյան պատվիրակությունն ուղևորվում էր Անկարա` թուրքական իշխանությունների հետ շարունակելու ղարաբաղյան քննարկումները, Հայաստանի ազգային ժողովում լսվում են կրակոցներ:

Ահա այս համընկնումն է պատճառ դարձել պնդելու, որ ահաբեկչությունը կապված էր ղարաբաղյան կարգավորման հետ: Ավելին` շրջանառվում էին տեսակետներ, թե կարգավորման տարբերակին, որը ենթադրում էր տարածքային փոխանակումներ, առաջին հերթին դեմ էին Վ. Սարգսյանն ու Դեմիրճյանը: ՙԴեպքից մի քանի օր առաջ Կարենը երկու անգամ այդ մասին կիսվել է իմ և որդուս հետ: Նա ինձ և Ստեփանին ասաց, որ որոշված է Մեղրիով ճանապարհ թողնել: Նա ասաց, որ բոլորը համաձայն են, նույնիսկ ուրախացած են, որովհետև խոստացել են մեծ փողեր, մտածում էին այդ գումարներով Հայաստանը կարգի բերել: Շատ շուտ Վազգենն անցավ Կարենի կողմը, համոզվեց, որ չի կարելի տալ Մեղրին: Նա ասում էր, որ իրեն համոզել չեն կարող, որովհետև Մեղրին տալը Հայաստանի վերջն է՚,- ասում է Ռիմա Դեմիրճյանը:

Վաղարշակ Հարությունյանը ևս հաստատել է, որ տարածքների փոխանակման տարբերակը քննարկվել է բավական լրջորեն. ՙԵս` որպես պաշտպանության նախարար, այդ փաստաթղթի քննարկումներին մասնակցել եմ: Առաջին անգամ Մեղրիի տարբերակի մասին ինձ ասել է Վ.  Սարգսյանը: Դրանից հետո Սադարակում Քոչարյան-Ալիեւ և Աբիևի ու իմ հանդիպման ժամանակ այդ մասին խոսել է Ադրբեջանի պաշտպանության նախարարը: Այնուհետեւ Քոչարյանն է այդ տարբերակն ինձ ներկայացրել և ասել, որ լավ լուծում է: Դրանից հետո ես հանդիպել եմ Մինսկի խմբի համանախագահներին, այս հարցի շուրջ համանախագահների հետ հանդիպում է ունեցել նաև Արամ Սարգսյանը՚:

Ամերիկացի պաշտոնաթող դիվանագետ Փիթեր Ռոզենբլաթը, ով 1999թ. ընթացքում մի քանի անգամ այցելել է տարածաշրջան, պնդել է. ՙՀոկտեմբերի 27-ի սոսկալի սպանդի նախօրեին վարչապետ Սարգսյանը նախագահի հետ ամբողջովին համաձայն է եղել: Ես այդպես եմ տեղեկացված: Սարգսյանին հանդիպել եմ սպանությունից մի քանի օր առաջ և տպավորություն ստացա, որ նա լիովին չի արտահայտվում բանակցությունների մասին, սակայն նրանք, ովքեր Սարգսյանի հետ են եղել կյանքի վերջին մի քանի օրերին, ինձ ասում են, թե լիովին համաձայն է եղել Քոչարյանի հետ՚:

Ստամբուլի գագաթաժողովին նախորդող և հաջորդող ամիսներին հայկական, ադրբեջանական և  միջազգային մամուլում եղան բազմաթիվ հրապարակումներ, որ բանակցություններում քննարկվել է Մեղրին Լաչինի հետ փոխանակելու հնարավորությունը. Մեղրին տրվում է Ադրբեջանին, Լաչինը Ղարաբաղի հետ` Հայաստանին, Մեղրիով Հայաստանին տրվում է սուվերեն ճանապարհ, որով Հայաստանը կարող է սուվերեն հաղորդակցության մեջ մտնել Իրանի հետ, այսինքն` առանց հատելու Ադրբեջանի սահմանագիծը:

Հոկտեմբերի 27-ի ահաբեկչությունը և Թալբոթի այցի համընկնումը Թոմաս դե Վաալը որակելով ՙշատ ապշեցուցիչ՚, մեջբերում է ամերիկացի բարձրաստիճան դիվանագետի խոսքերը, թե կողմերը ՙշատ, շատ մոտ էին՚ համաձայնության հասնելուն, և որ տեղի ունեցած սպանդը ՙմարդկային, քաղաքական և աշխարհաքաղաքական աղետ էր՚: Խոսակցություններ էին շրջանառվում, թե ահաբեկիչներին հանձնարարվել էր կանխել վերահաս ճեղքումը ԼՂ հարցում` ազատվելով Սարգսյանից, ով պատրաստ էր պաշտպանել խաղաղ համաձայնագիրը: Այդուհանդերձ, որոշ այլ հանգամանքներ ենթադրում են, որ հարձակման ժամկետը պարզապես համընկել էր բանակցությունների հետ, իսկ ահաբեկչությունը հավանաբար ուներ ներքաղաքական դրդապատճառ. սպանդի գիշերը խորհրդարանում Հունանյան եղբայրները չէին հիշատակել Ղարաբաղը: Եթե ծրագրված էր խափանել խաղաղ գործընթացը, ապա Սարգսյանը չպիտի լիներ ակնհայտ թիվ մեկ թիրախը, քանի որ այդ պահին դեռ ակնհայտ չէր, որ նա պաշտպանում է խաղաղ համաձայնագիրը:

Հոկտեմբերի 27-ի ահաբեկչությունը, դրա արդյունքում` Հայաստանում ստեղծված ճգնաժամային վիճակը, ինչպես նաև հրաժարականների շարքն Ադրբեջանում չէին կարող չխոչընդոտել սպասվող առաջընթացը Ստամբուլի գագաթաժողովում: Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունում հույս էր հայտնվում, որ Հայաստանի խորհրդարանում տեղի ունեցած ողբերգությունը և Ադրբեջանի մի շարք պաշտոնյաների պաշտոնաթողությունը չեն ազդի վերջնական կարգավորման գործընթացի և դրա ժամկետների վրա. ՙՔոչարյանը և Ալիեւը, ընթացիկ տարում անցկացնելով վեց հանդիպում, լուրջ հոգեբանական ճեղքում կատարեցին՚:

Հատված Թաթուլ Հակոբյանի ԿԱՆԱՉ ու ՍԵՒ գրքից