Հոկտեմբերի 27-ը շուռ տվեց Հայաստանի պատմության ընթացքը

2007

25 տարի առաջ՝ 1999 թվականի հոկտեմբերի 27-ին, կատարվեց աննախադեպ ոճրագործություն: Դա նաեւ Հայաստանի պատմության ամոթալի էջերից մեկն է:

Ազգային ժողով-Կառավարություն հարցուպատասխանի ընթացքում խորհրդարանի դահլիճ ներխուժեցին Նաիրի եւ Կարեն Հունանյան եղբայրները: Ահաբեկչական խումբը «Կալաշնիկով» ավտոմատներից կրակ բացեց վարչապետ Վազգեն Սարգսյանի եւ առաջին շարքում նստածների ուղղությամբ:

Աննախադեպ ոճիրից հետո ահաբեկիչները խորհրդարանի հատակին պառկեցրին ողջ եւ արնաշաղախ նախարարներին ու պատգամավորներին: Պահպանված կադրերը սահմռկեցուցիչ են. Հունանյանը բարձրանում է Ազգային ժողովի ամբիոն` հայհոյանքներ թափում սպանվածների հասցեին, շարունակում կրակահերթերը:

Հոկտեմբերի 27-ին զոհ գնաց ութ մարդ, այդ թվում երկրի երկրորդ եւ երրորդ դեմքերը՝ Ազգային ժողովի նախագահ Կարեն Դեմիրճյանն ու վարչապետ Վազգեն Սարգսյանը, որոնց «Միասնություն» դաշինքը օրվա նախագահ Ռոբերտ Քոչարյանին վերածել էր «անգլիական թագուհու»:

Դեմիրճյան,Մանուկյան, Քոչարյան

Հայաստանի երկրորդ նախագահը (1998-2008) իշխանության էր եկել հանրապետությունում 1998 թվականի առաջին շաբաթներին իրականացված ռազմապետական անարյուն հեղաշրջումից եւ անցկացված վիճելի ընտրություններից հետո: Հանրային ընկալման մեջ ընտրություններում հաղթել էր Կարեն Դեմիրճյանը:

Ռոբերտ Քոչարյանը Հոկտեմբերի 27-ը որակեց «ահաբեկչության ճանապարհով՝ հեղաշրջման փորձ»:

Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը, որ Հոկտեմբերի 27-ին Ազգային անվտանգության նախարարն էր եւ Ռոբերտ Քոչարյանի հետ ուղղակի պատասխանատվություն էր կրում երկրի անվտանգության ապահովման համար, հրաժարական տվեց, սակայն կարճ ժամանակ անց կրկին վերադարձավ՝ զբաղեցնելով առանցքային այլ պաշտոն Քոչարյանի իշխանական համակարգում:

Հետագայում Սերժ Սարգսյանը երկու անգամ, Մարտի 1-ով ու այլ ընտրակեղծիքներով, պետք է զբաղեցներ Հայաստանի նախագահի (2008-2018) պաշտոնը, ապա ձախողվեր երրորդ փորձի ընթացքում՝ ձգտելով իր իշխանությունը երկարաձգելու որպես վարչապետ:

Մի քանի րոպեների ընթացքում սպանվեցին խարիզմատիկ առաջնորդներ, որոնք տիրում էին իրական իշխանությանը:

Հոկտեմբերի 27-ը շուռ տվեց Հայաստանի պատմության ընթացքը:

ԱԼԻՔ ՄԵԴԻԱ, 27 հոկտեմբեր, 2024

Թաթուլ Հակոբյան

Լրագրող, հրապարակախոս, պատմություն հետազոտող, որն առօրյա փաստերը, դրանց վրա հիմնված դատողություններն ու պատմական փորձառությունը հաջողությամբ միահյուսելով ստանում է ուրույն բովանդակություն։