Պետրակովին անգամ շնորհակալություն չասացինք

1119

Հայկական ֆուտբոլը խոր ճգնաժամի մեջ է, և դրա համար միայն ֆեդերացիային ու նրա ղեկավարությանը մեղադրելը կնշանակի զբաղվել ինքնախաբեությամբ: Վերջին հինգ-վեց տարիների համար, անշուշտ, ֆեդերացիայի ղեկավարությունը ունի պատասխանատվության մեծ բաժինը:

Ազգերի լիգայի B դիվիզիոնից C դիվիզոն նահանջից հետո մեր հավաքականը գոհացնող արդյունքներ ցույց չի տալիս: Եվ սա այն դեպքում, երբ մեր հավաքականի հիմնական կազմի մեծամասնությունը հայկական դպրոցի սաներ չեն:

Ֆարերյան կղզիներից վերջին րոպեին միավոր կորզելուց և Հյուսիսային Մակեդոնիային երկու անգամ պարտվելուց հետո ՀՖՖ ղեկավարությունը գլխավոր մարզչի պաշտոնից հեռացրեց Ալեքսանդր Պետրակովին, իսկ նախագահ Արմեն Մելիքբեկյանը երկարաշունչ հայտարարությամբ փորձեց բացատրել, թե ինչու ենք այս վիճակում: Այդ հայտարարությունը առաջին հերթին ուշագրավ էր նրանով, որ պարոն Մելիքբեկյանը ձախորդությունների պատճառները տեսնում էր իր իսկ ղեկավարած ֆեդերացիայի և անգամ՝ Հայաստանի սահմաններից դուրս:

Քավության նոխազ էր պետք, և ֆեդերացիայի ղեկավարությունը գտավ՝ ի դեմս Պետրակովի: Մենք անգամ շնորհակալություն չհայտնեցինք ուկրաինացի մասնագետին: Դա հատուկ արվեց հավանաբար, որպեսզի հնարավոր շատ մարդ մեղադրի Պետրակովին, բայց ոչ ֆեդերացիայի գործող ղեկավարությանը: Երբ դու շնորհակալություն ես հայտնում, անուղղակի նշանակում է, որ գոհ ես եղել նրա աշխատանքից: Բայց ոչ, պետք էր ամենատգեղ ձևով հեռացնել ուկրաինացի մասնագետին, որպեսզի միայն և միայն նրա հասցեին հնչեին մեղադրանքներ:

Իսկ ֆուտբոլիստնե՞րը: Գոնե նրանցից մի քանիսը կարող էին դա անել:

Մեղքը Պետրակովի վրա բարդելը երկրորդ ինքնախաբեությունն է:

Եթե Ազգերի լիգայի վերջին երկու խաղերում մեր ազգային թիմին հաջողվի լավ խաղալ Ֆարերյան կղզիների ու Լատվիայի դեմ, ապա դա կլինի երրորդ ինքնախաբեությունը: Պետրակովը կրկին կմեղադրվի (անշուշտ, Պետրակովը ևս ունի մեղքի իր բաժինը), և մեր ֆուտբոլի աղետալի վիճակի մեջ սլաքները կուղղվեն նրա ուղղությամբ:

Ցանկալի է ու շատ կարևոր է, որ Հայաստանը կարողանա տանը հաղթել հիսուն հազար բնակչություն ունեցող Ֆարերներին և միավոր վաստակի Լատվիայում:

Բայց դրանով որևէ խնդիր չի լուծվի՝ բացի հոգեբանական պահից: Այդ հաջողությունները պետք են նաև ՀՖՖ ղեկավարությանը, որոնք քննադատության թիրախում են, և նրանց վրա կա ճնշում՝ հրաժարականի պահանջ:

Հյուսիսային Մակեդոնիայի դեմ խաղում Հայաստանի ֆուտբոլային կրթություն ստացած միայն երեք ֆուտբոլիստ կար խաղադաշտում՝ Վահան Բիչախչյանը՝ Գյումրիի Շիրակի սան, և արդեն ֆուտբոլային մայրամուտին մոտեցած Վարազդատ Հարոյանն ու Կամո Հովհաննիսյանը՝ 2010-ականների սերնդից:

Այսինքն՝ մեր հավաքականը համալրված էր ոչ հայաստանյան կրթությամբ ֆուտբոլիստներով: Մեր երիտասարդական և ավելի ցածր տարիքի հավաքականների վերջին տարիների ելույթները ցույց են տալիս, որ առաջիկա տարիներին ազգային հավաքականում հազիվ  թե ունենանք վառ անհատականություններ:

Այս պայմաններում Աշխարհի առաջնության 2026 թվականի եզրափակիչ փուլ դուրս գալը կլինի գրեթե անհավանական: Առաջին անգամ միանգամից 48 ազգային հավաքականներ կմասնակցեն Հյուսիսային Ամերիկայում կայանալիք առաջնությանը:

Եթե զուտ չոր թվերով նայենք, ինչը, իհարկե, խիստ վիճելի է, Հայաստանը չի կարողանալու դուրս գալ Աշխարհի առաջնության 2026-ի եզրափակիչ:

Մեր ֆեդերացիայի ղեկավարությունը չի դնում նշաձող, որպեսզի ըստ դրա որոշվի՝ մենք հաջողության հասա՞նք, թե՞ ոչ: Պարոն Մելիքբեկյանի հայտարարությունը առաջին հերթին այն մասին էր նաև, որ ինքը, չնայած հանրային ճնշմանը, հրաժարական չի տալու:

Հեռու եմ այն մտքից, որ պարոն Մելիքբեկյանի հեռանալով հայկական ֆուտբոլը ոսկեդար է ապրելու: Ոչ և ոչ, որովհետև խնդիրները բազմաշերտ են, և դրանք եղել են Մելիքբեկյանից առաջ ու լինելու են նրանից հետո դեռ երկար տարիներ: Կուզենայի նշել դրանցից մի քանիսը. պետությունը ակումբային և մանկապատանեկան ֆուտբոլին գումար չի տրամադրում, բայց հարկում է ֆուտբոլը, մեր տնտեսության մեծությունը թույլ չի տալիս ունենալ հայկական ինդուստրիայով գործող շատ ակումբներ, հետևաբար՝ ազգային ուժեղ առաջնություն, ֆուտբոլով զբաղվողների թիվը սարսափելի քիչ է, չունենք մարզադաշտեր, լավ կրթված մարզիչներ և այլն:

ՀՖՖ այս ղեկավարությունը և մասնավորապես Նիկոլ Փաշինյանի մտերիմներ և նրա հայրենակից Արմեն Մելիքբեկյանը և Արմեն Նիկողոսյանը, որը վարչապետի հետ աշխատել է, երբ վերջինս թերթի խմբագիր էր, կոնֆլիկտային անձնավորություններ են: Ոչ պակաս կոնֆլիկտային էին նաև նրանց բերած երկու մարզիչները՝ Կապառոսն ու Պետրակովը:

Պնդումս հիմնավորեմ: Տարբեր պատճառաբանություններով Հայաստանի հավաքական չեն եկել կամ դուրս են մնացել Հենրիխ Մխիթարյանը, Սարգիս Ադամյանը, Տիգրան Բարսեղյանը: ՀՖՖ ղեկավարությունը պատերազմի մեջ է «Փյունիկի» ղեկավարության ու գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանի և հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանի հետ:

Հակառակ պնդողները կասեն, որ վերը նշված ֆուտբոլիստներն ու մարզիչներն են կոնֆլիկտային: Գուցե այդպես է, բայց ինչպե՞ս է ստացվում, որ նրանք կոնֆլիկտներ չունեն իրենց ակումբներում: Նշանակում է՝ ամեն մեկի դեպքում գտնում են լուծումներ, այլ ոչ թե հանգույցը կացնահարում են՝ մեր հավաքականին զրկելով որակյալ և առաջատար միանգամից երեք ֆուտբոլիստներից:

Մեր ՀՖՖ-ն ու նրա ղեկավարությունը պետք է ավելի հստակ լինեն՝ խնդիր դնո՞ւմ են Աշխարհի առաջնության 2026-ի եզրափակիչ փուլ դուրս գալու, թե՞ ոչ:

Օրերս ՖԻՖԱ-ն հրապարակեց դասակարգման հերթական աղյուսակը, որտեղ Հայաստանը 99-րդ տեղում է: 48 հավաքականներ են դուրս գալու եզրափակիչ փուլ: Անշուշտ, դա չի նշանակում, որ ՖԻՖԱ-ի դասակարգման առաջին 48 թիմերն են դուրս գալու եզրափակիչ փուլ, բայց նաև ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակը ցույց է տալիս ազգային հավաքականների կարողությունը տվյալ պահին: 99-րդ հորիզոնականը մեր հավաքականի վատագույն ցուցանիշերից է, թեև եղել են ժամանակներ, երբ մենք անգամ առաջին հարյուրյակում չենք եղել: Իսկ լավագույն արդյունքն ունեցել ենք 2014 թվականին՝ 30-րդ հորիզոնական:

Խորհրդային տարիներին հայկական ֆուտբոլը զիջում էր Ուկրաինայի, Ռուսաստանի և Վրաստանի ֆուտբոլին: Տեսնենք, թե այսօր որ տեղերում են նախկին ԽՍՀՄ հանրապետությունները. Ուկրաինա՝ 25-րդ, Ռուսաստան՝ 34-րդ, Ուզբեկստան՝ 58-րդ, Վրաստան՝ 67-րդ, Բելառուս՝ 97-րդ, Հայաստան՝ 99-րդ, Ղրղզստան՝ 103-րդ, Տաջիկստան՝ 105-րդ, Ղազախստան՝ 107-րդ, Ադրբեջան՝ 118-րդ, Էստոնիա՝ 124-րդ, Լատվիա՝ 137-րդ, Լիտվա՝ 141-րդ, Թուրքմենստան՝ 144-րդ, Մոլդովա՝ 150-րդ հորիզոնական:

Անմիջական հարևանների համեմատ՝ մենք առավել ենք միայն Ադրբեջանից: ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում Իրանը 19-րդն է, Թուրքիան՝ 26-րդը, Վրաստանը՝ 67-րդը, Ադրբեջանը՝ 118-րդը:

ԱԼԻՔ ՄԵԴԻԱ

Թաթուլ Հակոբյան

Լրագրող, հրապարակախոս, պատմություն հետազոտող, որն առօրյա փաստերը, դրանց վրա հիմնված դատողություններն ու պատմական փորձառությունը հաջողությամբ միահյուսելով ստանում է ուրույն բովանդակություն։