Ամենայն հայոց Գևորգ Ե կաթողիկոսի կոնդակը․ 2 հոկտեմբեր, 1920թ

3459

1920 թ․ սեպտեմբերի 29-ին քեմալականները գրավեցին Սարիղամիշն ու Կաղզվանը, հոկտեմբերի 30-ին՝ Կարսը, նոյեմբերի առաջին օրերին՝ Ալեքսանդրապոլը, իսկ դեկտեմբերի 2-ին՝ ռուս-թուրքական հարվածների տակ, ՀՅԴ-ն իշխանությունը խաղաղ ճանապարհով փոխանցեց Բաքվում ձևավորված և նոյեմբերի 29-ին Իջևան մտած Հայհեղկոմին։

Հոկտեմբերի 2-ին եղավ Ամենայն հայոց Գևորգ Ե կաթողիկոսի կոնդակը, որը ներկայացնում ենք հատվածաբար։

խմբ․ ԱՆԻ-ի

—–

Հայրենիքի պայծառ հորիզոնը նորից մթնեց, խաղաղ կյանքը նորից խանգարվեց, հայ արյունաքամ ժողովուրդը սահմանների վրա տեղահան, բաց երկնքի տակն է մնացել, մեր սահմանների վրա նորից գոռում են թնդանոթները, դարձյալ երկու տարի առաջվա մղձավանջը տիրել է ամենուրեք և ամենքի բերանից լսվում է «գալիս է թշնամին»։

Այո, հայոց ժողովուրդ, գալիս է թշնամին, անգութ թշնամին, նա արդեն մեր դռան, մեր դեմ կանգնած է և իր վերջին ուժերը հավաքած կռիվ է մղում և ուզում է մեզ բոլորովին տանից-տեղից, հայրենիքից և ազատությունից զրկել․․․

Ի՞նչ ես մտածում դու անել․ կռվել քաջաբար և մեռնել հերոսաբա՞ր, թե՞ հավիտենական ստրուկ դառնալ կամ պարանոցդ թշնամու սրի առաջ պարզել և ոչնչանալ․․․

Եթե քեզ համար թանկ է հայրենիք, եթե դու սիրում ես ազատ ապրել, եթե քեզ համար նվիրական և սուրբ է հայի անունը, պատիվը, հայրերիդ ու պապերիդ արյունով ներկված եկեղեցին, ընտանեկան սրբությունը և օջախը, ապա ժամանակ է, որ զենք ձեռքիդ պաշտպան հանդիսանաս վտանգված հայրենիքիդ։

․․․ Երկու տարվա կյանքը մեզ սովորեցրեց, որ մենք պետք է պաշտպանենք հայրենիքը, օտարը մեզ չօգնեց և չի օգնելու․․․

Գնացեք կռվեցեք քաջաբար և ձեր սրերով մաքրեցեք ձեր ճանապարհը դեպի ձեր մոխրացյալ վաթանը՝ Մուշն ու Սասուն, դեպի Սուրբ Կարապետն ու Աղթամար․․․ թռեք դեպի սահմանագլուխներ, հիշեցեք Սարդարապատը, որտեղ ցույց տվեցիք ձեր քաջությունը, որտեղից թշնամուն հալածական փախցրիք, ելեք ի հանդես, ներքին թշնամիները մաքրեցիր, մաքրիր քաջաբար և արտաքին թշնամուդ, որպեսզի Մասիսի գլխին տնկված հայկական դրոշակը անսաան մնա․․․

Գնա՛, հայ ժողովուրդ, գնա հավատով դեպի մարտի դաշտը, քեզ օգնական Փրկչի Սուրբ խաչը, քեզ պահապան մեր Սուրբ Լուսավորչի հզոր աջը և քեզ ուղեկից հայոց Հայրապետի աղոթքն ու արտասուքը։

Գէորգ Ե․ Կաթողիկոս ամենայն հայոց

2 հոկտեմբերի, 1920

Յառաջ, ՀՅԴ, թիւ 218, Հինգշաբթի, 7 Հոկտեմբեր, 1920