Հայ Ժողովրդական կուսակցության կոչը՝ Թուրքիայի հարձակման առիթով. 2 հոկտեմբեր, 1920թ

1594

Հայ ժողովուրդ,

Այն մոմենտին, երբ համաշխարհային կենտրոնը երկարատև ու արիւնահեղ պատերազմի վայրիվերումներից յետոյ նորմալ հունի մէջ է մտնում, երբ բոլշևիզմը մահւան գալարումների մէջ վերջին փորձերն է անում ազատւելու հակաբոլշևիկյան ուժերի իրան սեղմող օղակից, երբ մեր դարաւոր քաղաքական իղձը կեանքի մէջ լիովին իրագործւելու վրայ է –

Այդ րոպէին քեմալական Թիւրքիան, լաւ գիտակցելով իր մօտալուտ ու անփառունակ վախճանը, մի նոր յանդուգն դաւ է կազմակերպել հայ ժողովրդի դէմ:

Թիւրքական կանոնաւոր զօրամասեր և հորոսակախմբեր ներս են խուժել մեր պետութեան խորքերը և սպառնում են Արևելյան Հայաստանի բանալի՝ Կարսին:

Ի՞նչ նպատակներ է հետապնդում այս անգամ Քեմալական անունով հանդես եկած մեր դարաւոր և արիւնարբու թշնամին.

Նա ցանկանում է հայկական շրջաններից տանել մեծաքանակ պարէն և ռազմամթերք սովամահ և վերջնականապէս քայքայւած իր հայրենիքի համար:

Նա ցանկանում է նոր ծանր հարւած հասցնել հայի վերականգնող տնտեսութեան և նորից նրա ձեռքը տալ գաղթականի գաւազանը:

Նա ձգտում է ապացուցանել, որ հայ ժողովուրդը ոչ միայն չի կարող տիրանալ Արևմտյան Հայաստանին, այլ և անկարող է իր ձեռքում պահել Արևելյան Հայաստանը: Այսպիսով ցանկանում է վարկաբեկել աշխարհի առաջ Միացեալ և Անկախ Հայաստանի գաղափարը և խանգարել հայութեան հաւաքման գործին արևելքում ու արևմուտքում:

Եւ, վերջապէս, նա ձգտում է, եթէ հանգամանքները թոյլ տան, իսպառ բնաջինջ անել հայ ժողովուրդը յանուն իր փայփայած համաթիւրքական գաղափարի:

Բայց որքան սա պիտի յաջողւի: Քեմալական շարժումը՝ դա մեռնող բռնակալ Թիւքիայի վերջին աւանտիրան է: Նա աւանտիւրա է, որուհետև ձգտում է արդէն փաստօրէն և իրաւապէս անդամահատւած Օսմանեան նախկին կայսրութիւնը փրկել կորստից և ուրեմն դէմ գնալ յաղթական դաշնակիցների պարզ ու որոշ արտայայտւած կամքին, որին արդէն ենթարկւել է պաշտօնական Թիւրքիան:

Ահա գլուխ կորցրած այդ թիւրք աւանտիւրիստների վոհմակներն են, որ անցել են մեր սահմանները:

Իր գոյութեանն ու անկախութեան սպառնացող այս նոր վտանգի հանդէպ հայ ժողովուրդը պիտի հանդէս բերի իր վաղեմի կամքը, կորովն ու անվեհութիւնը:

Հայ ժողովուրդը կարողացել է ոչ միայն կասեցնել, այլ և յաղթականներ տանել 1918 դեռ հզոր թիւրքական բանակների վրայ, և այժմեան մի քանի հազար թափթփուկները չեն, որ պիտի կործանեն մեր ժողովուրդն ու պետութիւնը:

Չմոռանաք, որ հայ ժողովուրդը այժմ ունի իր պետութիւնն ու բոլոր տւեալները յաջող կռիւներ մղելու և յաղթելու համար ամբարտաւան թշնամուն:

Ուստի, նորից ցուցադրենք ապրելու եւ յաղթելու մեր կամքը:

Սեղմենք մեր շարքերը, կազմենք մի համազգային ճակատ, ինչպէս սովոր ենք անել մեր ժողովրդի և պետութեան համար վտանգաւոր մօմենտներում:

Հաւատալով և անւրդով շարունակենք մեր պայքարը թշնամու դէմ, և ոչ մի հայ չպիտի պարտազանց լինի:

Ամեն ինչ պիտի զոհաբերել յանուն յաղթանակի, յանուն մեր ժողովրդի փրկութեան եւ Միացեալ ու անկախ Հայաստանի

Կեցցէ հայ ժողովուրդը,

Կեցցէ հայ քաջարի զօրքը,

Կեցցէ Միացեալ և անկախ Հայաստանը,

Կորչեն նրանց բոլոր ներքին ու արտաքին թշնամիները:

Հայ Ժողովրդական կուսակցութեան Հայաստանի կենտրոնական Կոմիտէ 

Երևան,

2 հոկտեմբերի 

Ժամանակ, թիվ 166, կիրակի, 3 հոկտեմբեր, 1920թ

http://tert.nla.am/archive/NLA%20TERT/JoxovurdYerevan/1920/1920%28166%29.pdf