Քեմալի և Էնվերի դաշնակից բոլշևիկները ջարդվում են բոլոր ճակատներում․ 1 հոկտեմբեր, 1920

6952

1920 թ․ սեպտեմբերի 29-ին քեմալականները գրավեցին Սարիղամիշն ու Կաղզվանը, հոկտեմբերի 30-ին՝ Կարսը, նոյեմբերի առաջին օրերին՝ Ալեքսանդրապոլը, իսկ դեկտեմբերի 2-ին՝ ռուս-թուրքական հարվածների տակ, ՀՅԴ-ն իշխանությունը խաղաղ ճանապարհով փոխանցեց Բաքվում ձևավորված և նոյեմբերի 29-ին Իջևան մտած Հայհեղկոմին։

Ներկայացնում ենք ՀՅԴ Յառաջ օրաթերթի 1920թ․ հոկտեմբերի 1-ի (թիվ 213, ուրբաթ, 1 հոկտեմբերի, 1920թ․) խմբագրականը։

ԱՆԻ

—-

ԲՈԼՈՐԸ ԴԷՊԻ ՖՐՕՆՏ, ԱՄԵՆ ԻՆՉ ՖՐՕՆՏԻ ՀԱՄԱՐ

Այլևս կասկած չկայ որ տաճիկները [թուրքերը] որոշել են, ինչ գնով էլ լինի, մի վերջին փորձ անել իրագործելու իրենց դժոխային ծրագիրը Հայաստանի նկատմամբ:

Եւ պատահական չէ բնաւ, որ հայ ժողովրդի դահիճ Էնվերը և Խալիլ փաշաները այս պահիս գտնվում են Ադրբէջանում:

Սկսելով յարձակումներ Տաճկաստանի [Օսմանյան կայսրություն, Թուրքիա] կողմից, նրանք անշուշտ տենդային պատրաստութիւններ են տեսնում Հայաստանին հարւածներ հասցնելու նաև Ադրբէջանեան ճակատների կողմից:

Մեր դարևոր թշնամին լարում է իր վերջին ոյժերը մի յուսահատական ճիգով իրագործելու համար իր հրէշաւոր նպատակը, որին նա ձգտել է միշտ,-հայ ժողովրդի բնաջնջումը, կատարեալ ոչնչացումը:

Թուրքը չի կամենում հաշտւել հայի գոյության հետ: Նա չպիտի թողնէ մեզ հանգիստ, մինչև որ չջարդւի, չջաղջախւի վերջնականապէս, մինչև որ չհամոզւի, թէ ինքը անզօր է միանգամայն ոչնչացնելու հայ ժողովուրդը և խորտակելու նրա կառուցած պետական շէնքը:

Իրենց հայաջինջ նպատակին հասնելու համար տաճիկ փաշաները երբէք միջոցների մէջ խտրութիւն չդրին, մտան քաղաքական ամեն տեսակի կօմբինացիաների ու խաղերի մէջ և չվարանեցին նոյնիսկ փոխելու իրենց քաղաքական գոյնը: Դաշն կնքելով բօլշևիկների հետ, նրանք իրենց առջև ուրիշ նպատակ չդրին՝ բացի հայ ժողովրդի ոչնչացումից և Հայաստանի խորտակումից, որով նրանք ճանապարհ պիտի բանան համաթուրանական միութեան համար:

Եւ քանի դեռ բօլշևիկները մեծ ոյժեր ունէին Անդրկովկասում, նրանք էին թելադրողը այդ թուրք-բօլշևիկյան զինակցութեան մէջ: Բայց, երբ բօլշևիկների դրութիւնը վտանգւեց բուն Ռուսաստանում և Հյուսիսային Կովկասում, և նրանք հարկադրւած եղան իրենց զորքերի մեծագոյն մասը փոխադրել դէպի հիւսիս, անխուսափելիօրէն դերերը փոխվեցին և աճեց տաճիկների ազդեցութիւնը և ոյժը Ադրբէջանում: Բօլշեւիկները արդէն հարկադրւած եղան յենւել աւելի մեծ չափերով տեղական թուրք տարերի վրա:

Եւ այս է պատճառը, որ իրենց իշխանութիւնը պահպանելու համար բօլշևիկները անխուսափելի կերպով պիտի ոյժ տան թուրքական ծրագրների իրագործման և պիտի գործիք դառնան նրանց ձեռքում:

Ստեղծւած պայմանների մէջ Ադրբէջանի իրական տէրերը դառնում են Էնվեր և Խալիլ փաշաները, որոնց հետ համախորհուրդ շարժւում է և Մուստաֆա Քեմալը Էրզրումի կողմից:

Եւ եթէ մինչև այժմ դեռ որևէ խօսք կարող էր լինել ռուս բօլշևիկների իրական ազդեցութեան մասին իրերի ընթացքի վրա Անդրկովկասի և Մերձաւոր Արևելքի սահմաններում, այժմ, երբ ռուս բօլշևիկեան ուժերի տեղ բռնում են աստիճանաբար թուրքերը և ղեկավարութիւնը փաստօրէն անցնում է տաճկական փաշաների ձեռքը, այլևս ակներև է, որ թէ Տաճկաստանի և թէ Ադրբէջանի կողմից մեզ սպառնում են գերազանցապէս թուրքական ուժերը, թուրքական ծրագիրներով:

Այդ ուժերը մեզ համար մեծ վտանգ չեն կարող ներկայացնել, որովհետև նրանք քայքայւած են թէ Տաճկաստանում և թէ Ադրբէջանում:

Եւ եթէ մեր զօրքերը թողել են Սարիղամիշը, Կաղզւանը և մի քանի այլ կէտեր, այդ տեղի է ունեցել ոչ թէ այն պատճառով, որ թշնամին շատ ուժեղ է, այլ այն նպատակով, որ հնարաւոր լինի կենտրոնացնել մեր ուժերը եւ մեզ համար աւելի նպաստաւոր դիրքերի մէջ ընդունել կռիւը և վճռական հարւած տալ թշնամուն:

Արհամարհելի չեն անշուշտ թուրքական ոյժերը: Սակայն նրանք երբեք չեն կարող և չպէտք է երկիւղ եւ վստահութիւն ներշնչեն մեզ, եթէ միայն հայ ժողովուրդը, իբրև մի ոգի, մի մարմին իր ամբողջ հասակով ծառանայ թշնամու դէմ, եթէ ամեն մի հայ զինւոր, ամեն մի հայ պաշտօնեայ, ամեն մի հայ քաղաքացի անձնւիրութեամբ կատարէ իր սրբազան պարտականութիւնը հայրենիքի հանդէպ:

Եթէ ամէն մի հայ գիտակցի և ներշնչւի այն գիտակցությամբ, որ տաճիկ փաշաների ներմուծումը մեր երկրի սահմանները ոչ միայն սպառնալիք է նրա ազատութեան և աշխատանքին, այլև մահացու սպառնալիք է նրա կեանքին, կարելի կլինի միանգամայն վստահ լինել, որ հայ ժողովուրդը ամենակարճ ժամանակում ի վիճակի կլինի ոչ միայն յետ մղելու անիծեալ թշնամու գրոհը, այլ և իր հերթին մահացու հարւած հասցնելու նրան:

Իսկ այդպիսի հարվածի համար քաղաքական պայմանները աւելի քան երբ և է նպաստաւոր են մեզ համար:

Միացեալ և Անկախ Հայաստանի գոյութիւնը թէ փաստօրէն և թէ իրաւապէս ճանաչւած է բոլոր մեծ պետութիւնների կողմից: Օգոստոսի 10-ի դաշնագրի ստորագրութեամբ մեր անկախութիւնը ընդունել է ինքը պաշտօնական Թիւրքիան, Սուլթանի կառավարութիւնը: Մուստաֆա Քեմալ փաշաների և Էնվէր փաշաների դաշնակից բօլշեւիկները ջարդւում են բոլոր ճակատներում՝ լեհերի, Վրանգելի, Պարսկաստանի ճակատներում:

Հիւսիսային Կովկասում բռնկւող ապստամբութիւնները քայքայում, ջլատում, կաշկանդում են նրանց ոյժերը, և անկարելի են դարձնում որև է լուրջ օգնութիւն նրանց կողմից թուրքերին:

Փոքր Ասիայում կանգնած Յունական բանակը շարունակում է սպառնալ Մուստաֆա Քեմալին:

Այսպիսի պայմաններում թուրքերի արշաւանքը Հայաստանի վրա ուրիշ բան չէ, բայց եթէ մի պարզ աւանտիւրա, որը երբէք չպիտի հասնի իր նպատակին, եթէ մենք չմատնւենք խուճապի և կուռ շարքերով ու հաղթելու երկաթէ վճռականությամբ դիմագրաւենք թշնամուն:

Ամբողջ հայ ժողովուրդը պիտի ներշնչի այն սրբազան անդրդելի հաւատով, որ մենք կարող ենք և պէտք է յաղթենք ինչ գնով էլ լինի:

Բոլորը դէպի ֆրօնտ, ամեն ինչ ֆրօնտի համար – այս է լինելու մեր նշանաբանը մինչև այն օրը, երբ կջարդւի թշնամին և մեր գոյության սպառնացող վտանգը կվերանայ մի անգամ ընդմիշտ: