ՀՀ առաջին վարչապետ Հովհաննես Քաջազնունու որդին՝ Աշոտ Քաջազնունին, 1918 թ. մայիսին կռվել է Ղարաքիլիսայի հերոսամարտում, ապա՝ զինվորներով նահանջել են մինչև Լոռվա Չանախչի գյուղ, որտեղ նրանց շրջափակել են թուրքերը և տեղի գյուղացիների դավաճանության արդյունքում կոտորել բոլորին։
ԱՆԻ կենտրոն
Դ գնդի պատերազմի դաշտում ընկած և Չանախչիում սպանված սպաների և զինվորների հիշատակին Ս․ Լուսավորիչ եկեղեցում կայանալու է հոգեհանգիստ կիրակի օրը, [1918 թվականի սեպտեմբեր] ամսի 29-ին, ժամը 11-ին, որի մասին հայտնում են մի խումբ սպաներ և հարգողներ։
ԶԱՆԳ թերթ, ՀՅԴ օրգան, թիվ 56, երեքշաբթի, 24 սեպտեմբեր, 1918թ
—
Աշոտ Քաջազնունին 1918 թ. մայիսին թուրքական զորքերի դեմ կռվել է Ղարաքիլիսայի ճակատում 4-րդ գնդի հետ միասին, ապա՝ զինվորներով՝ գնդի հետ, նահանջել մինչև Լոռվա Չանախչի գյուղ [այսօր այդ հայաբնակ գյուղը գտնվում է Վրաստանի կազմում, սահմանակից է Շամլուղին Լոռու մարզում], որտեղ նրանց շրջափակել են թուրքերը և տեղի գյուղացիների դավաճանության արդյունքում կոտորել բոլորին։
Այժմ այդ վայրում եղբայրական գերեզման կա, որտեղ թաղված են բոլոր քաջորդիները, իսկ նրանց անուններն էլ հրապարակված են ռուսերեն մի գրքում, որի հեղինակը զոհվածների հրամանատարի՝ գնդապետ Վասիլի Հովսեփյանցի թոռն է։
—
4-ՐԴ ԳՆԴԻ ԸՆԿԱԾ ՀԵՐՈՍՆԵՐԻՆ
[1918 թ] Մայիս 27-ին առաջին հայկական դիվիզիան, հավաքելով իր վերջին ուժերն ու ճիգը, մի նոր թափով սկսեց Փամբակի Ղարաքիլիսայի այնքան վեհ ու արյունաշատ ճակատամարտը:
Կռիվն սկզբում հաջող էր, ոգևորությունը՝ մեծ, սակայն երբ թշնամին գրավեց Վարթանլու գյուղի մոտ բարձրացող Մայմեխ լեռը, դրությունը փոխվեց՝ ձախ թևը արդեն շրջապատված էր, և սկսվեց նահանջը:
Բայց ո՞ւր նահանջել, քանի որ միակ նահանջի ճանապարհը՝ Դիլիջանի շոսսեն [խճուղի]ռմբակոծվում էր և կտրված էր թշնամով:
Օտրյադից [ջոկատ] ոմանք վճռեցին մնալ Ղարաքիլիսայում և մնացին, ոմանք Դիլիջանի շօսսեից ձախ վերցնելով լեռներով անցան Դիլիջան, ոմանք էլ բռնեցին Սանահինի ուղին:
Այդ չարաբախտ ճանապարհով գնաց նաև 4-րդ գնդի սպայության մի մասը՝ գնդապետ Հովսեփյան, փոխգնդապետ Ղարագյոզյան, պորուչիկ Տեր-Իսահակյան, Սամսոն, Քուրդ-Արսեն, Կեաուլյան, Քալանթարյան, Մելիքյան, Անանյան Քաջազնունի, Նոհրատյան, Փաշյան, Օհանյան, Հակոբյան և ուրիշներ:
Սանահինում հավաքվում են ուրիշ գնդերից ևս զինվորներ ու սպաներ և բոլորը միասին խորհրդակցում դեպի ուր գնալու մասին:
Բաժանվում են երկու գրուպայի [խմբի], մեկը՝ գնդապետ Կորգանովի հետ անցնում է լեռներով դեպի Դիլիջան, իսկ մյուսը, կարծելով, թէ Դիլիջանն արդեն գրավված է թուրքերով, վճռում է անցնել դեպի Թիֆլիս, գնդապետ Հովսեփյանի հետ:
Չցանկանալով դճվար րոպեին մենակ թողնել ծերունի գնդապետին՝ 4-րդ գնդի սպաները մնում են նրա հետ:
Այդ խմբակը գալիս հասնում է Աղքյորփի գյուղը:
Բոլորը տեղավորվում են մի սեենյակում, բացի Նոհրատյանից, Փաշյանից և Օհանյանից, որոնց մի պոդպրապորշչիկ խոստանում է տանել իր ծանոթի մոտ և լավ հյուրասիրել: Նրանք համաձայնվում են և քայլերն ուղղում դեպի ծանոթի տունը, սակայն դեռ չհասած, լսվում են աղաղակներ՝ “տղե՛րք, փախե՛ք, թուրքական զորքն եկավ”:
Այդ չորս հոգին նետվում են մոտակա ձորը, նկատված ասկյարներից, սակայն երկար որոնումներից, լեռներում սոված-ծարավ ապրելուց հետո դուրս են գալիս Թիֆլիս: Թուրք ասկյարները շրջապատում են այն տունը, ուր գտնվում է գնդապետ Հովսեփյանն իր սպաներով և բռնելով բոլորին, տանում են Չանչախի գյուղը:
Այդ խմբից, 4-րդ գնդի երկու գնդապետներին՝ Հովսեփյանին և Ղարագյոզյանին, երկու ուրիշ գնդապետների հետ փաշան հրավիրում է իր սենյակը և հյուրասիրում թեյով, իսկ մնացածներին փակում են մի սենյակում:
Երեկոյան ժամը 9-ին դահիճներն սկսում են գործել:
Երեք-երեք կանչվում են առաջ ղարաբաղցիներին, իբր թե վկայական տալու և ուղարկելու հայրենիք, հետո երևանցիներին, նախիջևանցիներին և թիֆլիսցիներին և սյուների հարվածներով մինչև գիշերվա ժամը 2-ը հարյուր ու մեկ քաջամարտ հերոսների ազնիվ արյունը թափում են:
Վերջացնելով ցածրաստիճան սպաների և զինվորների հետ, զեկուցում են փաշային, որը, լսելով պահանջում է իր ձին և հրամայելով գնդապետներին ձի տալ և ճանապարհ գցել, հեռանում է Չանախչիից:
Հրամանը կատարվում է 4 գնդապետների գլխատումով, որից հետո ասկյարները, հավաքելով բոլոր դիակները մի հին տուն, կիրակ են տալիս ու հեռանում:
Թուրքերի գնալուց հետո գյուղացիները հանգցնում են այրվող տունը և դիակները սայլերի մեջ լցնելով բերում, թափում են մի հոր ու ծածկում հողով:
Այժմ հերոսների այդ մահվան հորը շրջապատված է տախտակներով ու մեջ տեղը տնկած է մի խաչ:
Դեռ ոչ մի մոր, հարազատի արցունքներ չեն թրջել անշուք այդ 101-ի շիրիմը:
Հանգիստ ձեր եղբայրական շիրիմին ու աճյունին, բազմաչարչար ընկերներ: Ով ձեզ ճանաչել է, նրա հոգու վրա մերթ ընդ մերթ մի դառն վշտալի թախիծ է իջնում մառախուղի պես ու ճնշում հոգին, և նա տանջվում է:
Այդ ձեր ուրվականներն են տանջում ձեր ընկերներին…:
Արամ Օհանյան
Սեպտեմբերի 29-ի սգահանդեսին արտասանված
Ժողովուրդ, թիվ 19, չորեքշաբթի, հոկտեմբերի 16, 1918
Լուսանկարում՝ Քաջազնունու չորս որդիներից երեքը